Դեռ ոչ նախագահ, արդեն ոչ փոխվարչապետ - Mediamax.am

Դեռ ոչ նախագահ, արդեն ոչ փոխվարչապետ
15692 դիտում

Դեռ ոչ նախագահ, արդեն ոչ փոխվարչապետ


«Վրացական երազանքի» կառավարության երեք ամիսը լրանալուց երեք օր առաջ Վրաստանի նախարարների կաբինետն առաջին անգամ հայտնվեց կադրային սկանդալի կիզակետում: Վարչապետ Բիձինա Իվանիշվիլին ցույց տվեց, որ կարող է «պատժել» նույնիսկ «սիրելիներին», որոնց թվում է 39-ամյա Իրակլի Ալասանիան: Այսուհետ պաշտպանության նախարարն այլեւս կառավարության ղեկավարի առաջին տեղակալը չէ:

Ո՞րն էր տարաձայնությունների պատճառը, եւ ինչո՞վ է դա հղի Վրաստանի քաղաքականության համար:

Առաջին տպավորությունները զգացմունքային մակարդակում հետեւյալն են. միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին իրեն պահեց որպես խոշոր կորպորացիայի ղեկավար` որոշելով Իրակլի Ալասանիայի օրինակով մյուս աշխատակիցներին հետ պահել անդրկուլիսյան ինտրիգների ցանկացած փորձից: Կոալիցիայում ընդգրկված են 6 կուսակցություններ՝ բավականին հավակնոտ եւ միմյանց տեսակետերն ամենեւին չկիսող այնպիսի արմատական հարցերում, ինչպես, օրինակ, Վրաստանի կառավարման ձեւը` նախագահակա՞ն, թե՞ պառլամենտական:
 
Կոալիցիայի ակնհայտ առաջատարներն են Ալասանիայի «Ազատ դեմոկրատները» եւ Հանրապետական կուսակցությունը: Առաջինները կողմ են ուժեղ նախագահական ինստիտուտին, հանրապետականները՝ բացառապես խորհրդարանային համակարգին: «Կորպորացիայի» ներսում ծավալվող քաղաքական բանավեճերում ոչ մի վատ բան չկա, ընդհակառակը, վատ է քննարկումների բացակայությունը:

Այլ խնդիր է, որ Իվանիշվիլին, ըստ երեւույթին, չի հանդուրժում, երբ ներքին քննարկումները դառնում են լայն հասարակության սեփականությունը կամ անհամաձայնեցված են հնչեցվում մինչեւ այն պահը, երբ կոալիցիան ընդհանուր հայտարարի կգա: Պատմում են, որ նախկինում, երբ Իվանիշվիլին միայն գործարար էր, նա չէր ներում նույնիսկ ամենամոտ մարդկանց «անհավատարմությունը»:

Ալասանիան խոստովանել է, որ մի քանի օր առաջ Իվանիշվիլիի հետ «ծանր խոսակցություն» է ունեցել: Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ «Ազատ դեմոկրատները» սկսել են բացեիբաց քննարկել նրա թեկնածությունը հոկտեմբերին կայանալիք նախագահական ընտրություններում: Ինքը Իվանիշվիլին ավելի վաղ ասում էր, որ կնախընտրեր այդ պաշտոնում տեսնել հանրապետական Վախթանգ Խմալաձեին: Վերջինս, ի դեպ, նույնպես օրերս ասել էր, որ գաղափարի մակարդակով քննարկվում է նախագահի ընտրության հարցը ոչ թե համընդհանուր քվեարկությամբ, այլ խորհրդարանի միջոցով: 

Այսպիսով, ներքին մրցակցությունը լավ է, բայց դրա դուրս հանումը «կորպորացիայի» սահմաններից առանց Գլխավոր Կառավարչի հետ համաձայնեցնելու՝ վատ: Այդպիսի հրահանգ է տվել Իվանիշվիլին, եւ Ալասանիան խոստովանել է, որ իրավացի չէր: Դա, ի դեպ, նույնպես լավ է. դուք հաճա՞խ եք հանդիպել քաղաքական գործիչների, որոնք պատրաստ են եղել խոստովանել իրենց սխալը: Ճանաչելով Ալասանիային՝ ենթադրում եմ, որ նա անկեղծ է:

Պաշտոնապես պատմությունը բոլոր մասնակիցների կողմից ներկայացվում է որպես համաձայնեցված որոշում: Իվանիշվիլին կնշանակի նոր տեղակալ, Ալասանիան ավելի խորը կզբաղվի բանակով, քանի որ մտադիր է 4 տարի անց այն ամբողջովին արհեստավարժ դարձնել: Այնուամենայնիվ, կասկածները մնում են: Կամ եթե ոչ կասկածները, այլ՝ տհաճ «hետնահամը»: Այսպես, Վրաստանի դիվանագիտական ակադեմիայի ռեկտոր Սոսո Ցինցաձեն Ալասանիային պաշտոնից զրկելն անվանել է «Բիձինա Իվանիշվիլիի կառավարության 100 օրվա առաջին ծիծեռնակը»: Նրա խոսքերով, փոխվարչապետի պաշտոնը «նշանակում է մտերմություն կառավարության ղեկավարի հետ»: Այնպես որ, ինչպես կարծում է Ցինցաձեն, պատահածի շուրջ բացատրություններն «անկեղծ չեն»:
             
Միխայիլ Սաակաշվիլիի կառավարման ընթացքում կառավարությունում փոխվել են բազմաթիվ նախարարներ, նրանցից ոմանք աշխատել են ամենատարբեր պաշտոններում: Օքրուաշվիլին եղել է Գլխավոր դատախազ, ՆԳՆ ղեկավար, պաշտպանության նախարար, հետո հանկարծ՝ էկոնոմիկայի նախարար: Բեժուաշվիլին՝ պաշտպանության եւ արտաքին գործերի նախարար, անվտանգության խորհրդի քարտուղար, իսկ այժմ նա արտաքին հետախուզության պետն է: Բարամիձեն՝ ՆԳՆ, ՊՆ նախարար, եվրոպական ինտեգրման պետնախարար: Ցուցակը կարելի է անվերջ շարունակել, քանի որ «կարուսելը» գրեթե կանգ չէր առնում: Դա չէր կարող չվնասել հիմնական ուղղություններին: Բայց դա ամենեւին չի նշանակում, որ «Վրացական երազանքը» պետք է կրկնի նախորդների սխալները: Ի վերջո, նրան դրա համար չեն ընտրել: Միգուցե, հենց այդ պատճառով է Իվանիշվիլին որոշել «սաստել» կորպորացիան:

Միխայիլ Վիգնանսկին լրագրող է: Ապրում եւ աշխատում է Թբիլիսիում:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին