Դեդ Հասանի վրացական երկընտրանքը - Mediamax.am

Դեդ Հասանի վրացական երկընտրանքը
10870 դիտում

Դեդ Հասանի վրացական երկընտրանքը


Մոսկվայում Ասլան Ուսոյանի՝ Դեդ Հասանի սպանության հանգամանքների մասին տեղեկատվական ալիքը հասավ Թբիլիսի: Լրագրողները պարզում են, թե որտե՞ղ եւ ի՞նչ միջավայրում են թաղելու ծագումով վրաստանցուն, որը դարձել էր նախկին Խորհրդային Միության հանցավոր աշխարհի գլխավոր հեղինակությունը:

Նանա Կակաբաձեի խոսքերով, որը ղեկավարում է «Քաղբանտարկյալների իրավունքների համար» իրավապաշտպան կազմակերպությունը, իշխանությունները չեն կարող մերժել Ուսոյանին հայրենիքում թաղելու հարազատների ցանկությունը: «Օրենքը ոչ մի պարագայում դա չի արգելում,- ասել է նա: - Ընտանիքին թույլ չտալ թաղում կազմակերպել՝ նշանակում է անմարդկային վերաբերմունք դրսեւորել»: Նա նաեւ հայտնել է, որ եթե թաղմանը ժամանեն այլ «հեղինակություններ», ապա նրանց կարելի է ձերբակալել միայն այն դեպքում, եթե նրանք տվյալ պահին գտնվեն հետախուզման մեջ:     

Պաշտոնական կառույցները ժլատ են մեկնաբանությունների հարցում: Դեռեւս հստակ տվյալներ չկան կոնկրետ թաղման մասին, իրավապաշտպան մարմինների ներկայացուցիչների հայտարարությունները գրեթե նույնն են. «ուղեկցողների» ձերբակալություն հնարավոր է միայն այն դեպքում, եթե նրանք հետապնդվում են օրենքի կողմից:

Այս գործում, անկասկած, նաեւ քաղաքական բաղադրիչ կլինի: Բանն այն է, որ երկրի նախկին իշխանություններն իրենց վաստակն են համարում «օրենքով գողերի» դուրս մղումը Վրաստանից: Ոչ ոք չի վիճարկում. օրինապաշտ քաղաքացու համար իսկապես լավ է, որ Վրաստանն այլեւս նախկին ԽՍՀՄ հանցավոր աշխարհի մայրաքաղաքը չէ: Վրաստանի քաղաքացիների համար մասնակցությունը «գողական աշխարհին» պատժվում է օրենքով: Այդ պատճառով կասկածից դուրս է, որ եթե Ուսոյանին թաղեն հայրենիքում, Միխայիլ Սաակաշվիլին «Վրացական երազանքին» անհապաղ կմեղադրի այն բանում, որ վերջինս երկիր է վերադարձրել քրեական անցյալը: Առավել եւս, որ Վրաստանում նախապատրաստվում է զանգվածային համաներում: 

Այս շաբաթ Քութաիսիում ելույթ ունենալով ուսանողների առջեւ՝ նախագահը խոսում էր այն մասին, որ իր «Միացյալ ազգային շարժումը» հաղթել է հանցավորությունը, եւ կյանքն ավելի հանգիստ է դարձել: Ի դեպ, նախորդ տարվա IV եռամսյակի ընթացքում, այսինքն, ընտրություններում «Վրացական երազանքի» հաղթանակից հետո, ինքը Սաակաշվիլին հրամանագրեր ստորագրեց 1544 բանտարկյալների ներման մասին, որոնցից 532-ը ազատազրկվել էին հատկապես ծանր, իսկ 723-ը՝ ծանր հանցագործությունների համար: Ներման արժանացածների թվում էին 2 մարդասպաններ: Փորձագետներն ասում են, որ մեծ հավանականություն կա, որ ազատ արձակվածները, որոնց թվում կան այդքան վտանգավոր հանցագործներ, նորից օրենք կխախտեն:

Այսպիսով, Դեդ Հասանի հարցում նոր իշխանությունները կանգնեցին երկընտրանքի առջեւ: Նրան Թբիլիսիում փառահեղ հրաժեշտ տալը կարող է հզոր քննադատություն առաջացնել Սաակաշվիլիի կողմից, ինչպես նաեւ` հասարակության: Թաղումն առհասարակ չթույլատրելու դեպքում կմեղադրեն անմարդկայնության մեջ: Ահա այսպիսին է Ուսոյանի երկընտրանքը:

Միխայիլ Վիգնանսկին լրագրող է: Ապրում եւ աշխատում է Թբիլիսիում:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին