Լրտեսական հարցը - Mediamax.am

Լրտեսական հարցը
15181 դիտում

Լրտեսական հարցը


Վրաստանի իրավապաշտպաններն առաջարկել են հունվարի 13-ը հայտարարել Քաղբանտարկյալի օր: Այդ օրը Վրաստանի նոր իշխանություններն ազատ արձակեցին խղճի 190 գերիների: Ինչպես ասում են «Վրացական երազանք»-ում, պսակազերծված է Սաակաշվիլիի ժողովրդավարության մասին առասպելը: Շուրջ երկու հարյուր քաղբանտարկյալ՝ ի՞նչ ժողովրդավարության մասին է խոսքը: Նախագահը հրաժարվեց ստորագրել համապատասխան օրենքը, նախ եւ առաջ այն պատճառով, որ համաներման ցուցակում կային 12 անձինք, ովքեր դատապարտվել էին Ռուսաստանի օգտին լրտեսություն անելու համար:
 
Արդյոք այդ մարդիկ լրտե՞ս են, թե՞ ոչ: Դա պետք է հաստատի կամ հերքի նոր հետաքննությունը: Ամեն դեպքում, այդ են պնդում բոլոր քաղբանտարկյալները, իսկ դրա համար անհրաժեշտ է նրանց գործերից հանել «հույժ գաղտնիության» կնիքը: Կարծում եմ, դա եւս խնդիր չէ:

Դեռ համաներումից առաջ ինձ զարմացրեց Ռուսաստանի օգտին լրտեսության համար մեղադրված եւս մեկ նախկին դատապարտյալի անկեղծությունը: Նա ընդունել էր իր մեղքը, համագործակցել հետաքննության հետ, այդ պատճառով նրան չէին ազատազրկել: Իսկ երբ իշխանությունները փոխվեցին, նա վրացական հեռուստաալիքներից մեկին անկեղծորեն պատմեց, թե ինչ է եղել իր հետ իրականում: Ես լսում էի նրան ու մտածում. ահա ձեզ նոր «Մեր մարդը Հավանայում»:

Խոսքը նախկին ռազմական օդաչու Գաբրիել Ուստալիշվիլիի մասին է: Նա ասել էր, թե ինքը զրպարտել է իրեն՝ «վախենալով հոգեբանական ճնշումից»: Ուստալիշվիլին հայտնել է, որ քննիչներն առաջարկել էին նրան ինքնուրույն հնարել Ռուսաստանի օգտին աշխատելու մանրամասները: Մասնավորապես, նա պետք է հաստատեր, որ 2008 թվականի օգոստոսյան պատերազմի ընթացքում տեղեկություններ է տրամադրել այն մասին, թե անտառի որ հատվածում է թաքնված վրացական տեխնիկան, որը հետագայում ռմբակոծվեց ռուսաստանյան օդուժի կողմից: «Ես հիշեցի լրտեսների մասին գրքերն ու ֆիլմերը եւ օգտագործեցի դա իմ ցուցմունքներում: Գաղտնաբառ մտածեցի ռազմական առաջադրանքների թռչող վրացական ուղղաթիռների համար եւ դրանք անվանեցի «թութակներ»»,- պատմում է նա:

Այդ ամենը ոչ թե ծիծաղելի է, այլ ցավալի: Միամտություն է կարծել, թե Ռուսաստանը Վրաստանում գործակալներ չունի: Ի վերջո, պատերազմ է եղել, իսկ դիվանագիտական հարաբերություններ չկան մինչ օրս: Եվ դրանց վերականգնում չի նախատեսվում: Խնդրի էությունն այն է, որ անհրաժեշտ է ձերբակալել իրական լրտեսներին, այլ ոչ թե նրանց, ում հետո կարող են ճանաչել քաղաքական բանտարկյալներ: 12 լրտեսներից 11-ին ձերբակալել են «Ռուսթավի-2»-ի տեսախցիկների առջեւ, որպեսզի հետո նկարեն «Էնվեր» ֆիլմը՝ «ներդրված գործակալի» մականունով: Ֆիլմը ստացվել է գեղարվեստական, քանի որ, ինչպես պարզվում է, այնտեղ շատ քիչ բան է փաստագրական եղել: Կամ առհասարակ ոչինչ չի եղել:

Ի դեպ, 2008 թվականի պատերազմից հետո Ռուսաստանը ձերբակալել էր 9 վրաստանյան լրտեսների: Նրանց թվում՝ Վրաստանի մեկ քաղաքացի, մնացածները՝ ռուսաստանցիներ, էթնիկ վրացիներ: Հետաքրքիր է, նրանք իրո՞ք լրտեսներ են, թե՞ դա եւս ներկայացում էր: Չարժե՞ արդյոք նկարահանել եւս մեկ ֆիլմ, այս անգամ Ռուսաստանում, հետո բաց թողնել նաեւ նրանց: Կամ փոխանակում կատարել: Այդպես, ամեն դեպքում, արդար կլինի: 

Հետո լրտեսական պատերազմը սկսել մաքուր էջից…

Քաղբանտարկյալների թվում էր նաեւ Գեորգի Դեմետրաձեն՝ Վրաստանի հավաքականի նախկին հարձակվող, 1999թ. Ռուսաստանի ֆուտբոլի առաջնության եւ 2004թ. Ուկրաինայի առաջնության լավագույն ռմբարկուն: Դուրս է եկել բանտից՝ այնտեղ անցկացնելով 2 տարի 7 ամիս՝ նախատեսված 6 տարվա փոխարեն: Նախկին իշխանությունների օրոք Դեմետրաձեին մեղադրել էին հանցագործ հեղինակությունների հետ կապերի եւ ընդհատակյա շահումով խաղերի կազմակերպման համար: Ֆուտբոլիստը դա կտրականապես հերքել էր: Նա կարիերան պետք է ավարտեր խաղադաշտում, փոխարենը ավարտեց բանտում՝ նախկին գործընկերների դեմ ընկերական խաղով, որոնք հատուկ թույլտվություն էին ստացել գաղութում այդ խաղն անցկացնելու համար: Դեմետրաձեի եւ մյուս բանտարկյալների համար դա պատվի խաղ էր, եւ նրանք հաղթեցին 8-7 հաշվով: Նա անձամբ խփեց գոլերի կեսը: Սակայն նրան ծափահարում էին ոչ թե մարզադաշտի լեցուն տրիբունաները, ինչին նա սովոր էր, այլ իր նման բանտարկյալները: Թեեւ վերջիններիս ծափահարությանն արժանանալը, հավանաբար, ավելի դժվար է: 

Դեմետրաձեի կարիերան կոտրեցին, ձերբակալությունից առաջ նրան առաջարկել էին 3 տարվա պայմանագրեր Ուկրաինայում կամ Կիպրոսում: Նա դեռ դուրս կգա խաղադաշտ: Հավաքականի նախկին անդամ, ներկայումս Վրաստանի էներգետիկայի նախարար Կախա Կալաձեի հետ, որպեսզի մասնակցի վերջինիս հրաժեշտի հանդիպմանը «Միլանի» դեմ: Խնդիրն այն է, թե ո՞վ պետք է պատասխան տա, եթե Դեմետրաձեն ու խղճի մյուս 189 բանտարկյալներն անմեղ են:

Միխայիլ Վիգնանսկին լրագրող է: Ապրում եւ աշխատում է Թբիլիսիում:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին