Մանրադրամի ու պահպանակների մասին - Mediamax.am

Մանրադրամի ու պահպանակների մասին
13689 դիտում

Մանրադրամի ու պահպանակների մասին


Քաղաքական լարված տարվա վերջում, որի ընթացքում Վրաստանում իշխանափոխություն տեղի ունեցավ, ցանկանում ես լիցքաթափվել: Շնորհակալություն քաղաքական գործիչներին. նրանք թույլ չեն տա կարոտել հուզառատ իրադարձություններին: 

Նոր ժամանակը ծնում է նոր ավանդույթներ: Նախագահի ներկայումս ընդդիմադիր կուսակցության՝ «Միացյալ ազգային շարժման» պատգամավոր, շրջակա միջավայրի պահպանության նախկին նախարար Գեորգի Խաչիձեն առաջարկել է վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի՝ ամենահարուստ վրացու («Ֆորբս» ամսագրի գնահատմամբ՝ նա ունի $6,4 մլրդի կարողություն) նստավայրի մոտ, որը գտնվում է Թբիլիսիի վերնամասում՝ Մթածմինդա լեռան վրա, մանրադրամներ նետել: «Այդպիսի ավանդույթ կա,- ասում է պատգամավորը: - Այդ պահին պետք է երազանք պահել միլիարդատեր դառնալու մասին»: Հիմա վարորդները, անցնելով այդ վայրի կողքով, սկսել են ակտիվ կերպով «զոհաբերել» մի քանի թեթրի: Նախկինում դա արվում էր Իգոեթի վայրում՝ Թբիլիսիի արեւմտյան մայրուղու մոտ, որտեղ միջնադարում գտնվում էր մաքսատունը, որով ապրանքները մտնում էին Վրաստանի մայրաքաղաք:

Նախատոնական մյուս պատմությունների «հերոսները» պահպանակներն են:

Ի թիվս այնպիսի կարեւոր օրենքների, ինչպիսիք են համաներման, 2013թ. պետբյուջեի կամ երկրում քաղբանտարկյալների ճանաչման մասին օրենքները, պատգամավորները չգիտես ինչու սկսել են ակտիվորեն զբաղվել սեքսուալ բնույթի ապրանքների գովազդի կարգավորման քննարկմամբ:

Զուրաբ Ջափարիձեն նախագահական կուսակցությունից առաջարկել է ձեւավորել բարոյականության ոստիկանություն եւ հանձնարարել վերջինիս, օրինակ, պարզել՝ արդյո՞ք բանանը հանդիսանում է սեքսուալ բնույթի ապրանք: Բանավեճում զգալի ավանդ են ներդրել նաեւ «Վրացական երազանք»-ի պատգամավորները: ԶԼՄ-ներում հայտնվել են կադրեր, թե ինչպես են հանձնաժողովի լսումներում Լեւան Բերձենիշվիլին ու Կոբա Դավիթաշվիլին քննարկում, որ «պահպանակը ոչ միայն պաշտպանվելու միջոց է, այլ նաեւ հաճույք ստանալու, եթե այն համալրված է որոշակի տեխնիկական բարելավումներով»: Կախված այն հանգամանքից, թե որ պահպանակի մասին է խոսքը, պետք է սահմանվի այն վայրի հեռավորությունը ուսումնական հաստատություններից, որտեղ դա վաճառվելու է: Հակառակ դեպքում իրացնողը կտուգանվի 50 լարիով (30 դոլար): Երբ Կոբա Դավիթաշվիլիին խնդրեցին մանրամասն խոսել այդ թեմայով, պատգամավորը հարցը հասցեագրեց նախագահին (նրան Վրաստանում ընդունված է համարել գեղեցիկ սեռի մեծ երկրպագու). «Միխայիլ Սաակաշվիլին այդ հարցում միջազգային կարգի փորձագետ է»:

Նախաամանորյա լիցքաթափման գործում իր լուման է ներդրել նաեւ 2012 քաղաքական տարվա գլխավոր հերոս Բիձինա Իվանիշվիլին: Նա Թբիլիսիում կայացած Կանանց իրավունքների միջազգային համաժողովում խոստովանել է, թե ո՞ր բառն է ամենաերկարը սովորել, երբ նախորդ տարվա աշնանը որոշում է կայացրել քաղաքականությամբ զբաղվել: «Առաջին հերթին սովորեցի «գենդերային» բառը,- պատմում է 56-ամյա վարչապետը՝ 4 երեխաների հայրը, որոնցից միայն մեկն է աղջիկ: - Մի քանի օր սովորում էի այն: Ցավոք, այսօր եւս գենդերային իրավահավասարությունը «անդրծովյան միրգ» է մեր հասարակության համար, եւ դա պետք է շտկել»:

Ի դեպ, նրա ղեկավարած կառավարության 19 անդամներից միայն երեքն են կանայք, բայց այնպիսի կարեւոր ու առանցքային պաշտոններում, ինչպիսիք են արտաքին գործերի, արդարադատության եւ բնապահպանության նախարարի պաշտոնները:

Այդ ամենը հավաստում է. քաղաքանության մեջ մանրուքներ չեն լինում: Այդ թվում նաեւ հայտնի ռեզինե ապրանքների հարցում:

Միխայիլ Վիգնանսկին լրագրող է: Ապրում եւ աշխատում է Թբիլիսիում:


Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին