Ինչի՞ց է սկսվում «երազանքը» - Mediamax.am

Ինչի՞ց է սկսվում «երազանքը»
12877 դիտում

Ինչի՞ց է սկսվում «երազանքը»


Մենք բոլորս անհամբեր ենք: Սովորաբար նոր կառավարությանը տալիս են հարյուր օր, ապա սկսում են պահանջել նախընտրական խոստումների կատարում: «Վրացական երազանքի» դեպքում այդ ժամկետի նույնիսկ կեսը չի անցել: Բայց արդեն արդիական են հարցերը կենսաթոշակների բարձրացման կամ էներգակիրների սակագների իջեցման մասին: Կամ վարչապետի՝ գյուղատնտեսության զարգացման միլիարդանոց ֆոնդի մասին: Կամ համատարած ապահովագրության մասին: «Ե՞րբ: Դե վերջապես ե՞րբ»…

Խորհրդարանի նախկին նախագահ Նինո Բուրջանաձեն՝ 2003 թվականի «վարդերի հեղափոխության» հերոսուհին, որը ավելի ուշ ընդդիմադիր դարձավ, հայտարարել է «Վրացական երազանքի» քննադատության եռամսյա մորատորիում:  Ընդ որում, նա համարում է, որ դա լավ է, երբ հասարակությունը նոր կառավարության նկատմամբ պահանջկոտ է հենց սկզբից: Նա զուգահեռներ է անցկացնում 9-ամյա վաղեմության իրադարձությունների հետ եւ ասում, որ այն ժամանակ հեղափոխական կառավարությունից անմիջապես չէին հայցում խոստումների ի կատար ածում: Այսինքն, քարտ-բլանշ էին տվել քաղաքական թվացյալ «ոսկե երիտասարդությանը», որը փոխարինել էր Էդուարդ Շեւարդնաձեին: Այդ ժամանակ «Միացյալ ազգային շարժումը» հասարակական վստահության շատ ավելի մեծ մանդատ էր ստացել, քան այժմ «Վրացական երազանքը»: Ճշմարիտ է, որ վստահությունն անսահման չի լինում: Ոսկին, եթե այն ոսկի էր, արագ խամրեց: Այդ պատճառով ոչ ոք նոր կառավարությանը հնարավորություն չի տա «փրկվել» լոկ խոստումներով՝ առանց դրանք իրական, համակարգային փոփոխությունների վերածելու:

Կողքից կարող է թվալ, որ նոր իշխանությունները հիմնականում զբաղված են նախկինների հետապնդմամբ: Սկզբունքային հարցը՝ հետապնդում ինչ-որ արարքի համար, թե ոչ, չգիտես ինչու կողմնակի դիտորդների կողմից անտեսվում է: Ակնհայտ է նաեւ, որ ներկայիս իշխանությունները զիջում են նախորդներին PR-պատրաստվածության մասով: Առողջապահության ներկայիս նախարարը բերում է 2013 թվականին կենսաթոշակների աճի եւ բնակչության ապահովագրության կարգի կոնկրետ թվեր ու տվյալներ: Նախկինում դա կլիներ թոփ-նորություն ազգային բոլոր հեռուստաալիքներով, փորձագետները միայն դա կքննարկեին: Ես էլ մտածում եմ՝ միգուցե այսպես ավելի լա՞վ է, երբ պետական կյանքը դառնում է առօրեական: Միգուցե՝ այդպես էլ պե՞տք է լիներ: 

Ինչ վերաբերվում է ձերբակալություններին: Գլխավոր դատախազը նշում է փոքր երկրի համար անհավանական թվեր: Մեկուկես ամսվա աշխատանքի ընթացքում դատախազությունը ստացել է 7 000 (!) հայտ՝ հետաքննություն վարելու եւ վերջին տարիներին անարգված արդարությունը վերականգնելու խնդրանքով: Կան մեծ, այսպես կոչված, ռեզոնանսային գործեր, դրանք հայտնի են բոլորին: Դա նախկին վարչապետ Զուրաբ Ժվանիայի մահն է, ինչպես նաեւ բողոքի ցույցերի արյունալի ցրումը: Բայց կա նաեւ պարզապես հասարակ մարդու վիշտը, ում փոքրիկ ռեստորանը գտնվում էր քաղաքի կենտրոնում եւ դուր էր եկել VIP-անձնավորություններից ինչ-որ մեկին:

Կանցնի այդ «ծիսական» 100 օրը, եւ այս տողերի հեղինակը եւս կսկսի քննադատել, վերլուծել, անվստահության պրիզմայով անցկացնել եւ այլն: Իսկ առայժմ ես փորձում եմ հասկանալ, թե հատկապես ինչ է փոխվել հետընտրական ժամանակահատվածում: Հարցնում եմ ինքս ինձ, հարազատներիս, հարեւաններիս, գործընկերներիս: Գրեթե բոլորն ասում են կողքից անորոշ թվացող մի բան, բայց այդ զգացողությունը տարողունակ եւ հասկանալի է Վրաստանի յուրաքանչյուր բնակչի համար: Այդ եզրույթն արտահայտվում է «շունչ քաշեցինք» բառով: Այն այսօր ամենատարածվածն է: Բայց շատ շուտով անհատի անհամբերությունը կարող է վերածվել ողջ հանրության պահանջկոտության: Դա բնական է եւ, հավանաբար, լավ է: 

Միխայիլ Վիգնանսկին լրագրող է: Ապրում եւ աշխատում է Թբիլիսիում:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին