Մի անգամ ռուս գեներալը… - Mediamax.am

Մի անգամ ռուս գեներալը…
21948 դիտում

Մի անգամ ռուս գեներալը…


2000 թվականին 67 տարեկան հասակում կյանքից հեռացավ ԼՂՀ Պաշտպանության բանակի շտաբի նախկին պետ Անատոլի Զինեւիչը:

Հեռավոր 1996 թվականի օգոստոսին, փորձել էի պատրաստել Զինեւիչի «դիմանկարը» «Время» թերթում տպագրված «Մի անգամ ռուս գեներալը» հոդվածում:

***

Մինչ Զինեւիչի հետ հանդիպումը բազմաթիվ հակասական կարծիքներ էի լսել նրա մասին: Մի քանիսը նրան համարում էին ռուսական ГРУ գործակալ ղարաբաղյան բանակում, մյուսները՝ սովորական վարձկան, երրորդները՝  անշահախնդիր մարդ, ով մնացել է կռվելու օտար հողում:

Ղարաբաղ կատարած այդ ուղեւորության ընթացքում մեզ հետ էին Հոլանդիայից եկած լրագրող Սաշա Մալկոն եւ լուսանկարիչ Լեո Էրկենը, ովքեր ունեին թեժ կետերում աշխատելու հարուստ փորձ՝ Աբխազիայից մինչեւ Բոսնիա: Հայկական հողում պատերազմ մղող ռուս գեներալի հետ հանդիպումը, բնականաբար, նրանց ավելի շատ էի հետաքրքրում, քան ինձ: Թեպետ, ինչպես եւ ակնկալվում էր, վերադարձին մեր կարծիքները միանման չէին:

Անատոլի Զինեւիչը մեզ ընդունեց թեթեւ քմծիծաղով ու նկատելի թերահավատությամբ:

Անատոլի Վլադիմիրովիչ Զինեւիչը ծնվել է 1932 թվականին Ուկրաինայում: 1950 թվականին ավարտել է Հեռավոր Արեւելքի տանկային ուսումնարանը, ապա՝ Ֆրունզեի անվան Ռազմական Ակադեմիան եւ ԽՍՀՄ ԶՈՒ բարձրագույն ղեկավար անձնակազմի ակադեմիական դասընթացները: 1976-77թթ. եղել է Սոմալիի հյուսիսային շրջանի հրամանատարի խորհրդական, մյուս կես տարին՝ կրկին խորհրդական, բայց արդեն Եթովպիայում: Հինգ տարի մասնակցել է Աֆղանստանի պատերազմին: Գնդապետի կոչումով 1983-1986թթ. զբաղեցրել է 40-րդ բանակի օպերատիվ բաժնի պետի պաշտոնը: 

Աֆղանստանում Զինեւիչը որդու հետ էր. վերջինս այնտեղ լուրջ վիրավորվեց: Վերքերից, թեեւ ոչ շատ լուրջ, չէր խուսափում նաեւ ինքը` Անատոլի Վլադիմիրովիչը. մի անգամ ականի բեկորներից վիրավորվել էին ոտքերը: Թշնամիները երեք անգամ գնդակոծել են ուղղաթիռը, որում Զինեւիչն էր: Ծիծաղում է. «Իմ ազգանվան առաջին վանկը տարօրինակ կերպով համընկնում է այն բառերի ու վայրերի հետ, որտեղ ես կռվել եմ: Աֆղանստանում մեր ուղղաթիռը գնդակոծեցին Զինյա անունը կրող գյուղի մոտակայքում: Իսկ Ղարաբաղում ասում են, որ «զին», «զենք» բառերը շատ են համապատասխանում իմ ազգանվանը»:

Զինեւիչը դժկամորեն է պատասխանում այն հարցին, թե ինչպես է հայտնվել Ղարաբաղում: Ավելի ճիշտ, նա այդպես է արձագանքում այն պաթոսին, որը կամա-ակամա պարունակվում է հարցի մեջ:

- Ես ծառայել եմ Երեւանում. 1992թ. կեսերին պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանն ինձ հրավիրեց Հայաստան որպես ռազմական հարցերով խորհրդական: Սարգսյանի հետ Ղարաբաղ եկա, երբ այստեղ ռմբակոծություններ էին, Մարտակերտից եկող փախստակաների խմբեր: 

Գեներալի սրտով չէ հերոսի այն լուսապսակը, որը փորձում են իրեն վերագրել: Այն, որ նա եկել էր երեք օրով, որոնք ձգվում են արդեն չորրորդ տարին, իր համար բնական է:

- Դուք պարզապես չեք տեսել այդ փախստականների դեմքերը. սարսափելի ժամանակներ էին: Սակայն խուճապ չկար. միայն հուսահատության փոխակերպվող շփոթմունք: Ադրբեջանական բանակը հասնում էր Սարսանգի ջրամբարի սահմանին, Լաչինի միջանցքը վտանգված էր: Դե, ես էլ Վազգենից երեք օր խնդրեցի գլուխ հանելու համար… Հետո մեջս ինչ-որ բան շարժվեց, անհասկանալի բան տեղի ունեցավ:

Զինեւիչը Վազգեն Սարգսյանի մասին խոսում է մեծ սիրով, գրեթե հայրաբար: Երբ իմացավ, որ Սարգսյանը ավտովթարի է ենթարկվել, սկզբում անհանգստացավ, ապա վստահորեն ասաց. «Ոչինչ, այդ հաղթանդամ երիտասարդն ամեն ինչ կհաղթահարի»:

Սկզբում Զինեւիչին վերաբերվում էին որպես օտարի: Բայց հասկանալով, որ գործ ունեն մասնագետի հետ, սկսեցին ընդունել որպես յուրայինի: Այսօր ղարաբաղյան բանակում Զինեւիչին անվանում են ոչ այլ կերպ, քան «Дед»:

Ղարաբաղ մեկնելու օրը Սաշա Մալկոն, որը հայերից բազմիցս լսել էր ղարաբաղյան բանակի հաջողությունների մասին, ասաց, որ վատ չէր լինի այդ բանակի մասին խոսել ռուս զինվորականի հետ…

- Բայց ես Հայաստանին ամենանվիրված հայն եմ,- ծիծաղում է Զինեւիչը: - Իսկ ինչու՞ եք ցանկանում իմանալ մեր բանակի թվաքանակը: Լավ, կարող եմ ասել՝ այն ունի քսան հազարից ավել զինվոր: Բանակը մարտունակ է եւ որ ամենակարեւորն է՝ կառավարելի: Այնուամենայնիվ, նա պետք է սովորի, մարսի նախկին հաղթանակներն ու անհաջողությունները, ստեղծի իր ռազմական քաղաքականությունը: Լրացուցիչ խնդիրներ է առաջացնում սեփական ռազմական կադրերի սակավությունը: 

Զինեւիչը ԼՂՀ բանակի մասին խոսում է զուսպ, երբեմն, տարօրինակ կերպով, թերահավատորեն: Սակայն շուտով հասկանալի է դառնում, որ այստեղ գալով պատերազմի ամենաթեժ պահին՝ նա ապշած է եղել այս մարդկանց ոգով ու տոկունությամբ: Իսկ այսօր արդեն նա չի կարող իրեն թույլ տալ էյֆորիայի մեջ ընկնել:

- Չեմ դադարում զարմանալ այս մարդկանց խիզախության վրա: Հուսալի բանակ է. երբեմն այն լուծել է այնպիսի խնդիրներ, որոնք ոչ մի վերլուծական հաշվարկի չեն ենթարկվում: Ես՝ մի մարդ, ով իր կյանքում շատ պատերազմներ է տեսել, երբեմն զարմանում էի, որ այդպես առհասարակ կարելի է մարտնչել: Իհարկե, չի կարելի հաշվի չառնել նաեւ հակառակորդի անպատրաստության գործոնը, մարտ վարելու նրա անընդունակությունը, ինչը եւս մի շարք դեպքերում բարձրացնում էր մեր զինվորների ոգին եւ նրանց վստահությունը սեփական ուժերի նկատմամբ: Հազվադեպ բանակներ են կայացել այդ ճանապարհով: 

Զինեւիչը, որը բարեհոգի ու հանգիստ մարդու տպավորություն է թողնում, երբեմն կտրուկ է ու ռազմականորեն դաժան է դառնում: Մի օր մեկնեցինք առաջին գիծ՝ այնտեղ, ուր կողմերի միջեւ հեռավորությունը մեկ կիլոմետրից պակաս է: Նույն օրը երեկոյան իմացանք, որ մեր հեռանալուց մի քանի ժամ անց այդ դիրքում ադրբեջանական դիպուկահարը սպանել է մեր զինվորի: Պատերազմը շարունակվում է, այս անգամ՝ քողարկված: Ղարաբաղում մեր անցկացրած մի քանի օրվա ընթացքում շուրջ տասը մարդ զոհվեց ականներից եւ դիպուկահարների գնդակներից: Իմանալով կատարվածի մասին՝ Զինեւիչը մի պահ խոժոռվեց, ապա ասաց. «Վաղը այդ հատված կուղարկեմ մեր դիպուկահարներին, թող աշխատեն»: Այնպես սովորական ասաց, ասես ինչ-որ մեկին ուղարկում էր խանութ լուցկի գնելու: Զինեւիչն ատում է նաեւ ցանկացած զուգահեռ Չեչնիայի հետ. Ղարաբաղ այցելող յուրաքանչյուր լրագրող խնդրում է իրենց ծանոթացնել «դաշտային հրամանատարների» հետ՝ ստանալով հետեւյալ սառը պատասխանը. «Մենք ունենք կանոնավոր բանակ, որը ղեկավարում է Սամվել Բաբայանը, եւ նրան լիովին ենթարկվում են պաշտպանական շրջանների հրամանատարները»: Իսկ երբ մենք վերադառնում էինք ավերված Աղդամից, Սաշա Մալկոն անզգուշորեն ինչ-որ բան ասաց բարբարոսության մասին: Զինեւիչը կտրուկ շրջվեց. «Սա պատերազմ է: Ինչ ցանես, այն էլ կհնձես: Պետք չէ տրտնջալ»…

Ղարաբաղյան բոլոր հրամանատարների սենյակներում կախված է Մոնթե Մելքոնյանի նկարը: Զինեւիչի մոտ այդ նկարին շատ ներդաշնակ հարեւանում է մարշալ Ժուկովի կիսանդրին:

Ստեփանակերտում մենք հյուրընկալվեցինք Միշա Դադամյանին՝ ԽՍՀՄ Գերագույն Խորհրդի նախկինում հայտնի պատգամավոր Բորիս Դադամյանի որդուն: Միշան չափազանց կիրթ մարդ է, երեք երեխաների հայր, այնքան հեռու է թվում զենքից ու պատերազմից, որ դժվարությամբ ես հավատում. երբ նահանջելու տեղ չի եղել, նա մեկնել է պատերազմելու: Ինչպես խոստովանում է նրա հրամանատարը, նա դա արել է շատ լավ: Զինեւիչը բարեհոգի կատակում է Միշայի մասին. «Ահա, հայրը քանդեց Միությունը, իսկ հիմա ինձ մոտ պոմիդոր է թթու դնում»: Պարզվում է, Բորիս Դադամյանը տնօրինում է պահածոների գործարանը, որը հիմնականում աշխատում է բանակի կարիքների համար: Զինեւիչը կարոտում է Միությունը՝ մեկընդմիշտ կորսված միասնությունը: Պատասխանելով հոլանդացու հարցին՝ Անատոլի Վլադիմիրովիչն ասում է.

- Այստեղ եկած բոլոր ռուսաստանյան քաղաքական գործիչներն իրենց այնպես են դրսեւորում, ասես եկել են շրջագայության: Մինչդեռ Ղարաբաղում լավ ռուսամետ տրամադրվածություն է, ի դեմս ռուսների այստեղ տեսնում են ուժեղ երաշխավորի: Ես ինքս Ղարաբաղը համարում եմ Ռուսաստանի ամենահարավարեւելյան կետը: Որպես տարիքով մարդ կարող եմ ասել, որ Ղարաբաղի շուրջ խաղերը կանոնների խախտման եզրին են եւ վաղ թե ուշ կհանգեցնեն անախորժությունների: Ինչ վերաբերում է տարածքների խնդրին, թող դրանց շուրջ պայմանավորվեն քաղաքական գործիչները: Թեեւ նրանք, ովքեր նստած են Մոսկվայում կամ Նյու-Յուրքում, չեն պատկերացնում, թե ինչ է նշանակում Շուշին կամ Լաչինը Ղարաբաղի համար, սակայն բուռն բանավիճում են: Իսկ ով այստեղ կգա հարավսլավական տարբերակով, այստեղ էլ կմնա. այս ազգը տարբեր է իր բնույթով: Կամ վիճել, թե ինչը կարելի է տալ Ղարաբաղին, ինչը չի կարելի: Այդպիսի հարցադրումն անհասկանալի է. պետք չէ տալ, գնացքն արդեն մեկնել է, այստեղ արդեն վերցրել են: Ամեն դեպքում, որպես ռուսաստանցի՝ կարող եմ ասել, որ առաջիկա 200 տարիների ընթացքում այս երկու ազգերն այստեղ միմյանց հետ չեն ապրելու: Չափազանց շատ արյուն է թափվել:
 
Զինեւիչը ոչ մի անգամ արհամարհանքով չարտահայտվեց ադրբեջանական բանակի իր «գործընկերների» մասին: Փոխարենը աֆղանական ու չեչեն վարձկանների մասին խոսում է գրեթե նողկանքով.

 - Աֆղաններին հանդիպել եմ Ֆիզուլիի շրջանում 94 թվականի մարտ-ապրիլ ամիսներին: Նրանք Հյուսիսային Աֆղանստանից էին եւ ռազմական առումով իրենցից ոչինչ չէին ներկայացնում: Մարտիկներ կային Աֆղանստանում, Կանդագարում: Իսկ սրանք պարզապես ավազակներ էին, կրակում էին միայն անկյուն մտած… Շամիլ Բասաեւը մեր դեմ կռվում էր Աղդամում: Եթե իմանայինք, որ հետո նա այդպիսի ողբերգական դեր կունենա Ռուսաստանի համար, մենք կփակեինք բոլոր միջանցքներն ու կվերցնեինք նրանց: Նա իր խմբավորման հետ փախավ մեր քթի տակից, մենք ունեինք նրա բանակցությունները լսող ռադիոընկալուչներ. ռադիոկապով բառացիորեն աղաչում էր օգնություն ուղարկել: Հետո խոստովանեց, որ Ղարաբաղում պատերազմելն աննպատակահարմար է. ադրբեջանցիները չեն կարողանում, իսկ հայերին չես հաղթի:

Իսկ պատերազմը Ղարաբաղում իսկապես չի ավարտվել, համենայն դեպս, մարդկանց գիտակցության մեջ: Երբ գնացինք հրաժեշտ տալու Զինեւիչին, նա հուզված էր երեւում: Պարզվեց, քաղաքի վրա կուտակված ամպերն ուժեղ որոտացել են, իսկ Զինեւիչը կարծել է, թե ռազմական ինքնաթիռ է: «Մտքովս միանգամից անցավ՝ ինչպե՞ս կարող էր ՀՕՊ-ը դա թույլ տալ: Դուրս վազեցի հերթապահի մոտ, իսկ նա չկա: Մտածեցի՝ վերջ… Պարզվեց՝ ամպրոպ էր»: Այո, այստեղ ամեն րոպե, ամեն ժամ սպասում են պատերազմի:

Զգացվում է, որ Զինեւիչը տարիների ընթացքում հոգնել է՝ թե հոգեպես, թե ֆիզիկապես: Այնուամենայնիվ, չի հեռանում…

- Արդյո՞ք գոհ եմ: Իհարկե՝ ոչ: Եթե գոհ լինեի, վաղուց կգնայի, բայց չէ՞ որ յուրաքանչյուր մարդ, բացի ինքնասիրությունից ու հպարտությունից, ունի նաեւ պարտք ինքն իր նկատմամբ: Գիտեք, այս չորս տարիների ընթացքում դեռեւս ոչ մի դեպք չի եղել, որ ես գոնե մի քանի ժամով մենակ մնամ ինքս ինձ հետ: Կցանկանայի, իհարկե, վերցնել կարթը, գնալ Սարսանգ ու լիցքաթափվել: Բայց հիմա դրա ժամանակը չէ:

Միշա Դադամյանի մոտ շատ երկար նստեցինք: Խմում էին բոլորը, բացի Զինեւիչից: «Մեր հացը, մեր երեխաները, մեր հողը»,- ասում էր գեներալը, իսկ աչքերում արցունքներ էին: «Дед»-ը կարոտում էր Ռուսաստանին, ընտանիքին, որին տարիներով չէր տեսնում: Սակայն Ղարաբաղը նրա համար դարձել էր ոչ թե հայրենիքի փոխարինող, այլ՝ երկրորդ հայրենիք: Յուրաքանչյուրն իրավասու է Զինեւիչին ընկալել յուրովի: Սաշա Մալկոն՝ Հոլանդիայից ժամանած լրագրողը, ասում է, որ գեներալն արհեստավարժորեն խաղում է: Շատերը Երեւանում նրան համարում են սովորական վարձկան: Բայց մենք բոլորս, որ դատում ենք այս կամ այն կերպ, գնում ենք Ղարաբաղ ու վերադառնում, իսկ Զինեւիչը մնում է, ինչպես ինքն է արտահայտվում, օտար ազգին «շան հավատարմությամբ», որը դարձել է իրենը: Վեր ենք կենում սեղանից: Զինեւիչին ասում եմ.  «Դուք մերն եք, հասկանու՞մ եք ինչ եմ ուզում ասել»: «Дед»-ը թախծոտ ժպտում է եւ ասում. «Շնորհակալություն, տղա ջան»: Ապա կրկին դառնում է նույն զուսպ Զինեւիչն ու խփում ուսիս՝ կարծես ասելով՝ ամեն ինչ կարգին է…

Արա Թադեւոսյանը Մեդիամաքսի տնօրենն է:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին