Մի քիչ էլ մտածենք մեր հարեւանների մասին... - Mediamax.am

Մի քիչ էլ մտածենք մեր հարեւանների մասին...
14035 դիտում

Մի քիչ էլ մտածենք մեր հարեւանների մասին...


Բավականին հետաքրքիր հարց է, թե Հայաստանում որքան մասնագետ կա, ով գիտի, թե ի՞նչ է իրենից ներկայացնում ժամանակակից Ադրբեջանը եւ նրա տնտեսությունը։ Կամ հասարակությունը։ Կամ հանրային սեկտորը։ Ի՞նչ վիճակում են Ադրբեջանի շրջանները եւ մանավանդ դրանց այն մասը, որը սահմանակից է Լեռնային Ղարաբաղին ու Հայաստանի Հանրապետությանը։ Ի՞նչպիսին է սոցիալ-տնտեսական իրավիճակը, ասենք, Նախիջեւանում։

Ես նման մասնագետների կոնկրետ քանակը չգիտեմ։ Ավելին, կասեմ, որ որեւէ մեկին չեմ ճանաչում։ Սա, իհարկե, չի նշանակում, թե նման մասնագետներ չկան։ Հնարավոր է, որ ուղղակի տեղյակ չեմ նրանց առկայության մասին։

Սակայն ճանաչում եմ տասնյակ մասնագետների, ովքեր ձեզ եւ ինձ կբացատրեն, թե ինչպես է ձեւավորվել ադրբեջանական պետությունը եւ ինչպես ու կոնկրետ որ Ճանապարհով են թյուրքական ցեղերն առաջին անգամ ներխուժել Հարավային Կովկաս։

Սա, իհարկե, շատ կարեւոր տեղեկություն է, որը, սակայն, կիրառական տեսանկյունից ունի 2 շատ թույլ կողմ. 1) ամեն ինչ վաղուց գրված եւ ապացուցված է, 2) այս ամենը շատ քիչ առնչություն ունի մեր այսօրվա խնդիրների հետ։ Կարելի է մտածել, որ մենք հակամարտության մեջ ենք ոչ թե ժամանակակից պետության, այլ պատմության կամ թյուրքական ցեղախմբերի հետ։ Տպավորություն է ստեղծվում, որ եթե մենք ցույց տանք ադրբեջանցիներին, որ նրանց նախնիները եկվոր են, իսկ Նիզամին՝ պարսիկ, ապա Բաքուն անմիջապես կգնա կապիտուլյացիայի, իսկ ադրբեջանական պետությունը կքայքայվի ու կանհետանա աշխարհի երեսից։

Ադրբեջանը բերեցի զուտ որպես օրինակ։ Նույնը կարելի է ասել մեր մնացած հարեւանների մասին։ Նույն Վրաստանի, օրինակ։ Կան արդյ՞ոք մասնագետներ, որոնք կարող են հիմնարար հետազոտություն ներկայացնել Վրաստանի տարածքով դեպի Հայաստան բեռնափոխադրության դյուրացման եղանակների վերաբերյալ։ Իհարկե, շատ կարեւոր է իմանալ, թե ինչ ավանդ են ունեցել հայերը Թիֆլիսի կյանքում, բայց սա զուտ հայագիտական խնդիր է, որը ոչ մի կերպ չի անդրադառնում հայ-վրացական արդի հարաբերությունների վրա։ Այնպես, ինչպես հայերի ավանդը Թիֆլիսում չի անդրադարձել (չնայած՝ միգուցե եւ անդրադարձել է, բայց բացասական իմաստով) նույն այդ Թիֆլիսի հայաթափման գործընթացի վրա։

Տպավորություն ունեմ, որ հայաստանյան հասարակագիտությունը մեծամասամբ կտրվել է արդիականությունից եւ գոյատեւում է սեփական ուղենիշներով եւ գաղափարներով. որպես կանոն՝ փակ եւ անհասկանալի։

Ի՞նչու եմ գրում այս ամենը։ Հավանաբար այն պատճառով, որ ցանկանում եմ հիշեցնել, որ հումանիտար գիտությունները լինում են ոչ միայն տեսական, այլ նաեւ կիրառական։ Իհարկե, տեսականը կիրառականից ցածր դնելն անընդունելի է, սակայն հակառակն անելը պարզապես հանցագործություն է։ Մանավանդ մի պետության համար, որը գտնվում է շրջափակման մեջ. ոչ թե տեսական, այլ իրական։

Սեւակ Սարուխանյանը քաղաքագիտության թեկնածու է:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին