Ո՞վքեր են նրանք՝ Իրանի «տարվա մարդիկ» - Mediamax.am

Ո՞վքեր են նրանք՝ Իրանի «տարվա մարդիկ»
3673 դիտում

Ո՞վքեր են նրանք՝ Իրանի «տարվա մարդիկ»


Իրանը բազմազան երկիր է եւ դրանով էլ հմայիչ է։ Հենց այս հանգամանքի գիտակցման բացակայությունն է թե՛ Արեւմուտքում, թե՛ Ռուսաստանում Իսլամական հանրապետության բնույթի թերըմբռնման պատճառը։ Կրոնական պետություն, ավտորիտար համակարգ, ազատությունների բացակայություն՝ սրանք են այն եզրերը, որոնցով Իրանը նկարագրվում է ոչ միայն լրատվամիջոցների, այլեւ քաղաքական գործիչների եւ շատ վերլուծաբանների կողմից։

Իրանը բազմազան է ոչ միայն բնությամբ, էթնիկ խմբերով, մշակութային եւ ենթամշակութային դաշտերով, կրոնական խմբերով, այլեւ քաղաքական եւ հասարակական կյանքով։ Խոսքս ոչ թե «վատ իշխանություն/լավ ընդդիմություն», «կրթված առաջադեմ երիտասարդություն/հետադիմական կղերականություն» ծեծված եզրերի մասին է, այլ համակարգի՝ քաղաքական եւ հասարակական։ Այն ընդգրկում է տարբեր դիրքորոշումներ ունեցող մարդկանց, տարբեր կրթությամբ եւ աշխատաոճով. Ռուհանիի կառավարությունում, օրինակ, կա Միչիգանի տեխնոլոգիական համալսարանի շրջանավարտ-նախարար, բայց կա նաեւ նախարար, որը զուտ կրոնական կրթություն ունի։ Պարզ է, որ նրանք իրենց հայացքներով եւ աշխատաոճով տարբեր են, սակայն նրանցից յուրաքանչյուրը, առնվազն, իր տեղում է։

Իսկ այժմ անցում կատարեմ մի հասարակական հարցման, որը բավականին խոսուն է։ Իրանական KhabarOnline կայքը, ինչպես անցած, այս տարի նույնպես (մարտի 7-14-ը) անցկացրել է «Տարվա մարդ» օնլայն հարցումը, որի արդյունքում տարվա մարդ է ճանաչվել գեներալ Քասեմ Սոլեյմանին՝ Իսլամական հեղափոխություն պահապանների կորպուսի Քուդս ստորաբաժանման ղեկավարը՝ ստանալով մոտավորապես 500 000 քվեարկածների ձայների 37%-ը։ Երկրորդ տեղն է զբաղեցրել արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը՝ ստանալով ձայների 28%-ը։ Անցած տարվա հաղթողները նույն մարդիկ են՝ սակայն այն ժամանակ առաջին տեղում էր գտնվում ԱԳ նախարարը, իսկ Սոլեյմանին՝ 2-րդ։

Նմանատիպ հարցում է իրականացրել նաեւ Tabnak գործակալությունը, որի արդյունքում Զարիֆն առաջինն է, Սոլեյմանին՝ երկրորդը։

Երկու հարցումների դեպքում էլ Սոլեյմանիին եւ Զարիֆին միասին բաժին են հասել ձայների 75%-ը եւ 80%-ը՝ մնացած գործիչներին թողնելով, համապատասխանաբար, 25% եւ 20% ձայներ։

Իմ կարծիքով՝ այս հարցումներն Իրանի հասարակական եւ քաղաքական բազմազանության լավագույն դրսեւորումներից են․ ձայների մեծամասնությունը ստացել են մարդիկ, որոնք, եթե նրանց դիտարկել Իրանի պետական համակարգից դուրս, միմյանց հետ որեւէ առնչություն չունեն։ Մոհամադ Ջավադ Զարիֆն ամերիկյան կրթություն ունեցող անձնավորություն է, երկար տարիներ բնակվել է Միացյալ Նահանգներում որպես ուսանող, իսկ հետո նաեւ՝ որպես Իրանի ներկայացուցիչ ՄԱԿ-ում։ Քասեմ Սոլեյմանին զինվորական է, իրանա-իրաքյան պատերազմի ակտիվ մասնակից եւ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատարներից։ Նրանք, ամենայն հավանականությամբ, անցած բոլոր նախագահական ընտրություններին քվեարկել են տարբեր թեկնածուների օգտին, տարբեր ձեւով են մոտեցել 2009թ. ընտրություններից հետո բռնկված ընդվզումներին, նրանք, ամենայն հավանականությամբ, տարբեր գրքեր են կարդում եւ իրենց երեխաներին տարբեր դաստիարակություն տալիս։

Սակայն Իրանի պետական համակարգը այս 2 տարբեր մարդկանց միավորել է մեկ տեղում եւ նրանք լուծում են մեկ կարեւոր խնդիր՝ Իրանի վերածնումը որպես տարածաշրջանային գերտերություն։ Մոհամադ Ջավադ Զարիֆը դրել է իրանա-ամերիկյան դիվանագիտական համագործակցության հիմքերը միջազգային ասպարեզում, Սոլեյմանին՝ ռազմական դաշտում։ Զարիֆը Արեւմուտքի հետ բանակցում է Իրաքի ապագայի շուրջ, իսկ Սոլեյմանին փաստացիորեն ղեկավարում է Իսլամական պետության դեմ պատերազմն Իրաքում՝ համակարգելով ոչ միայն շիական ուժերի գործողությունները, այլեւ իրաքյան բանակի եւ, ինչ-որ չափով, քրդերի։ Մեկը դիվանագիտական թատերաբեմում է ամրագրում Իրանի աճող հավակնությունները, մյուսը՝ ռազմական դաշտում։ Երկուսն էլ, ի դեպ, աշխատում են Թեհրանի համար բավականին ծանր տնտեսական պայմաններում՝ ստեղծված թե՛ պատժամիջոցների, թե՛ նավթի գների անկման պատճառով։

Երկու գործիչներն էլ գրեթե նույն հակակրանքն են առաջացնում Իրանի աճող ազդեցությունից մտահոգված պետություններում՝ Սաուդյան Արաբիայում, Կատարում եւ Իսրայելում։

Հավատացեք, այս անհատական հակասությունների համադրումը մի համակարգում այդ համակարգի, իսկ նրանց նկատմամբ առկա հասարակական աջակցությունը՝ հասարակության կենսունակության գրավականն է։ Հասարակության, որին թե՛ մենք, թե՛ Արեւմուտքը եւ թե՛ Ռուսաստանը հակված են դիտարկել որպես պարզ, թերզարգացած եւ միատարր։

Սեւակ Սարուխանյանը Ջորջթաունի համալսարանի Ֆուլբրայթ հրավիրված գիտաշխատող է։

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին