Ինչո՞ւ է ISIS-ը անպարտելի - Mediamax.am

Ինչո՞ւ է ISIS-ը անպարտելի
35671 դիտում

Ինչո՞ւ է ISIS-ը անպարտելի


«Իսլամական պետության» դեմ Ռուսաստանի ռազմական գործողությունները Սիրիայում բուռն քննադատության ու հավանության արժանացան ինչպես ռուսաստանյան, այնպես էլ միջազգային հանրության շրջանում: Ոմանք կարծում են, որ դա «Իսլամական պետության» վախճանի սկիզբն է, իսկ ոմանք էլ այն համարում են անկայունության նոր շրջանի սկիզբ: Սակայն դժվար թե որեւէ մեկն առարկի, որ «Իսլամական պետությունը» չարիք է, որից պետք է ազատվել:

Սակայն արդյո՞ք դա այդպես է: Իմ պատասխանը միանշանակ բացասական է:

Ես «ISIS»-ի անվանումը չակերտների մեջ եմ դնում՝ անկախ նրանից, թե դուք ինչպես կբնորոշեք այն՝ պետություն, կազմակերպություն, թե խմբավորում, քանի որ այն ավելի շուտ գործընթաց է, որի վրա լավագույն դեպքում կարելի է ազդել, սահմանափակել ժամանակի կամ տարածության մեջ, սակայն վերացնել հնարավոր չէ:

Այդ գործընթացը կարելի է անվանել հետգաղութային Մերձավոր Արեւելքի ավարտ, որի սահմանները, հաշվի չառնելով որոշ բացառություններ, արհեստականորեն նկարված են եվրոպական երկրների կողմից: Օսմանյան Կայսրության փլուզումից հետո վերջիններս սկսեցին տիրել տարածաշրջանում, եւ լքելով այն՝ որպես ժառանգություն թողեցին երկրների սահմանները, որոնք, որպես կանոն, համընկնում էին գաղութների սահմաններին, ինչպես նաեւ դրանցում ի հայտ եկած ռեժիմները:

Վերջիններս, լինելով պոպուլիստական, սոցիալիստական կամ ժողովրդավարական, կրկնօրինակում էին եւ շարունակում են կրկնօրինակել գաղութային ինստիտուտները, որոնց գլխավոր հատկանիշներն էին փոքրամասնության իշխանությունը մեծամասնության հանդեպ, պետական ինստիտուտների աշխարհիկ բնույթը եւ ուժի՝ ազգային զինված ուժերի վրա հենված իշխանությունը:

Անկախությունից ի վեր տարածաշրջանի հասարակությունների կյանքում եւս շատ բան չփոխվեց, արդեն իսկ ազգային իշխանությունների բնույթը նույնպես մեծ փոփոխություններ չկրեց: 20-րդ դարի բրիտանական մեծագույն լրագրողներից մեկը՝ Թոմաս Մալքոլմ Մագերիջը, իր «Կորսված ժամանակի տարեգրություններում» նկարագրում է գրեթե նույնատիպ իրավիճակը Հնդկաստանում.

«Եվ, այնուամենայնիվ, աբսուրդ է համարել, որ արտասահմանյան կառավարությունը ազգայինով փոխարինելն ի սկզբանե բարի է եւ բարոյական տեսակետից ավելի արդարացված, երբ գաղութային գլխարկավոր ու գրիչավոր գոռոզ նահանգապետի փոխարեն սկսում է իշխել ոչ պակաս գոռոզ հովհարավոր Ժոմո Կենյատան: Կամ երբ սպիտակ ավազակների փոխարեն իշխանության են գալիս սեւ ավազակները»:

Ես ոչ մի կերպ չեմ որակավորում տիրող ռեժիմները որպես ավազակային: Դրանց մի մասը եվրոպական լուսավորչական արժեքների ու տերմինների տեսանկյունից բավական առաջադեմ են՝ աշխարհիկ են, բուրժուական ու բյուրոկրատացված:

Սակայն որքանո՞վ են դրանք «բնական» տեղի բնակչության համար, որը դարերով ապրել է խալիֆայությունում, եղել եւ մնում է կրոնասեր եւ սովոր է խնդիրները լուծել ոչ թե չինովնիկների գրասենյակներում, այլ ավանդական խմիչքի շուրջ կամ մոլլայի  օգնությամբ, որին հրավիրում են «արդար դատելու»: Որքան էլ խոսենք զանգվածների կառավարման մասին, այդուհանդերձ, Լիբիայի, Եգիպտոսի, Սիրիայի ռեժիմների դեմ մարդկանց ապստամբությունները չափազանց արագ ու ինքնաբուխ էին, եւ դրանց պատճառները պետք է փնտրել գործընթացների «բնականության», ոչ թե ինչ-որ ուժային կենտրոնների ուղղորդման մեջ:

Դրա համար էլ Ռուսաստանի կամ ԱՄՆ-ի կողմից «ISIS»-ի դեմ տարվող պայքարի աբսուրդը, կամ եթե կուզեք՝ անարդյունավետությունը, այն է, որ իսլամիստները Մերձավոր Արեւելքի հասարակություններին առաջարկում են կառավարման ավելի «բնական» մոդել, քան այն ռեժիմները, որոնց փորձում են փրկել Ռուսաստանն ու ԱՄՆ-ն: Իհարկե, կարելի է վերացնել «Իսլամական պետության» բանակը, ռմբակոծել ահաբեկիչներին, սակայն դա միայն կարճաժամկետ, լավագույն դեպքում՝ միջնաժամկետ լուծում կլինի: Իսկ իրական պատմական հեռանկարը տվյալ տարածաշրջանի համար հետեւյալն է՝ զինվորական աշխարհիկ ռեժիմների վերացում, քաոս եւ իսլամի ու ավանդական մոդելի վրա հիմնված կարգի ձեւավորում:

Այդ գործընթացը, ըստ իս, սկսել է ձեւավորվել «Իսլամական պետության» ստեղծմանը զուգահեռ, սակայն չի ավարտվելու դրա ոչնչացման հետ: Այն լինելու է երկար եւ արյունալի: Եվ այդ գործընթացում, միանշանակ, չեն լինելու ռուս կամ ամերիկացի հաղթողներ:

Սեւակ Սարուխանյանը «Հասարակության հետազոտությունների հայկական կենտրոն» հիմնադրամի տնօրենն է:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:





Ինչո՞ւ է ISIS-ը անպարտելի
Մեր ընտրանին