Ուղղությունը դեպի 2018 թվական - Mediamax.am

Ուղղությունը դեպի 2018 թվական
13534 դիտում

Ուղղությունը դեպի 2018 թվական


Երբ գրում էի «Կորուսյալ սերունդ ենք, թե՞ դեռ շանս ունենք» սյունակը, չէի սպասում, որ այն լայն արձագանք կստանա ու կքննարկվի հասակակիցներիս շրջանում: Չէի սպասում, սակայն, իհարկե, ցանկանում էի, որ հենց այդպես լինի:

Այդ սյունակի վերջում գրել էի, որ, ըստ էության, կա երկու տարբերակ` կամ դառնում ենք ավելի վճռական, կամ էլ արտագաղթում ենք: Շատ եմ մտածել ավելի վճռական դառնալու բանաձեւի ու մեխանիզմների մասին եւ, իհարկե, հեծանիվ չեմ հորինել:

Հասկացել եմ միայն, որ այն քաղաքական համակարգը, որն ունենք այսօր եւ որից դժգոհ ենք, դժվար է քանդել «դրսից»: Խոսքս հեղափոխությունների մասին չէ, որոնք ի զորու են քանդել ամեն ինչ, այլ այնպիսի մի տրանսֆորմացիայի, որը կարող է Հայաստանը դարձնել ավելի լավ երկիր` առանց նրա բնակիչներին նոր զրկանքների ու տառապանքների ենթարկելու: Չեմ հավատում, որ նման տրանսֆորմացիա կարող են իրագործել առաջնորդներ, որոնք գտնվում են այդ համակարգից դուրս: Ուրեմն ի՞նչ անել: Համակերպվե՞լ ու սկսե՞լ մտածել արտագաղթի մասին:

Կարծում եմ, որ «մենք» պետք է ուղղությունը վերցնենք դեպի 2018 թվական: Ինչո՞ւ: Ակնհայտ է, որ 2013թ. նախագահական ընտրությունները Հայաստանում շատ բան չեն փոխի: Կարծում եմ, բոլորս հասկանում ենք, որ հաջորդ տարի միայն երկու հոգի կարող են իսկապես հավակնել Հայաստանի նախագահի պաշտոնին` Սերժ Սարգսյանը եւ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Ու անգամ եթե ենթադրենք, որ ընտրություններում կարող է հաղթել Լեւոն Տեր-Պետրոսյանը, դա ամենեւին չի նշանակի, որ կապրենք «մեր ուզած» Հայաստանում: Իհարկե, որոշակի փոփոխություններ կլինեն, սակայն հայեցակարգային առումով իշխանության վերաբերմունքը մարդու նկատմամբ չի փոխվի: Օրինակ, այսօր շատ են խոսում իր պաշտոնում վերջին օրերը անցկացնող Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի մասին: Սակայն ոչ ոք չի հիշում 90-ականների Գյումրիի քաղաքապետ Միքայել Վարդանյանին, որը քաղաքը պահում էր ոչ պակաս ահուսարսափի մեջ, անձամբ ծեծում էր քաղաք ժամանած ընդդիմադիր պատգամավորներին եւ այլն: Դուք հավատո՞ւմ եք, որ նման քաղաքապետին հանդուրժած առաջնորդը կարող է փոխվել:

2013թ. ընտրությունների ամենահավանական արդյունքի` Սերժ Սարգսյանի հաղթանակի դեպքում, եւս մեծ փոփոխություններ չեմ ակնկալում: Փորձը ցույց է տալիս, որ ցանկացած նախագահ իր պաշտոնավարման երկրորդ ժամկետում շատ ավելի քիչ մոտիվացված է լինում, քան առաջինում: Ու եթե պաշտոնավարման 5 տարիների ընթացքում չստացվեց ամենայն խստությամբ պատժել «ատկատ» վերցնողներին, կամ էլ զինաթափել ու կարգի հրավիրել հաստավիզ «ախրաննիկներին», դժվար թե դա հաջողվի անել հաջորդ հնգամյակում:

Այնպես որ, որքան էլ ցավալի է, պետք է համակերպվենք այն մտքի հետ, որ 2013 թ-ին մեր կյանքում շատ բան չի փոխվի: Այդ պատճառով էլ կարծում եմ, որ այսօրվանից սկսած պետք է «ուղղություն վերցնենք» դեպի 2018 թվականը ու փորձենք նոր առաջնորդներ կերտել մեզ համար:

Ի՞նչ է դա նշանակում եւ ի՞նչ կարող է տեղի ունենալ 2018 թվականին: Այսօր իշխանության ներսում ունենք շատ հասակակիցներ: Նրանցից մի քանիսը հասել են իշխանական մեծ բարձունքների, մնացածը աշխատում են միջին օղակներում: Նրանք մեր նման 30-40 տարեկան են ու, ըստ էության, շատ բանով մեզանից չեն տարբերվում: Բնականաբար, խոսքս այն երիտասարդների մասին չէ, որոնք կրկնօրինակել եւ կատարելագործել են իրենց ավագ գործընկերների քաղաքական եւ այլ կարգի այլանդակությունները: Խոսքս այն երիտասարդ գործիչների մասին է, որոնք շատ հարցերում մտածում են այնպես, ինչպես մենք, սակայն կաշկանդված են պաշտոններով, վերադասի հետ հարաբերություններով եւ այլն:

Կոնկրետ անուններ չեմ տալիս, որպեսզի տարբեր ճամբարների «դավադրության տեսության» ջատագովները չսկսեն բարձրաձայնել «դավադրության» մեկնարկի մասին:

Երիտասարդ գործիչներին ամենեւին կոչ չեմ անում «փոս փորել» այսօրվա իշխանությունների եւ իրենց անմիջական վերադասների համար: Սակայն, կարծում եմ, եկել է ժամանակը հասկանալու, որ իրենք պետք է իրենց վրա վերցնեն ոչ միայն որոշումներն ի կատար ածելու, այլեւ դրանք կայացնելու պատասխանատվությունը: Ինչպես նաեւ վերադասներին այս կամ այն թերության մասին մատնացույց անելու պատասխանատվությունը` առանց վախենալու, որ հաջորդ պահին կկորցնեն պաշտոնը:

Շատերը կասեն, որ իդեալիստ եմ ու չեմ հասկանում, որ իշխանության ներսում գտնվող մեր հասակակիցները նույնքան պատասխանատու են բազմաթիվ չարիքների համար, ինչպես առաջին դեմքերը: Միգուցե, այդպես է: Սակայն այդ դեպքում չմոռանանք նաեւ մեր մասին. բոլորս ենք պատասխանատու, որովհետեւ բոլորս ենք ժամանակ առ ժամանակ մանր, միջին, երբեմն էլ մեծ գործարքներ կնքում սեփական խղճի, իշխանության, ընդդիմության, գործարարների հետ: Ոչ մեկս սուրբ չենք: Սակայն եկել է ժամանակը, երբ պետք է ոչ թե սրբեր փնտրենք, այլ գործի անցնենք, նոր առաջնորդների հասարակական պահանջ ձեւավորենք, որպեսզի այդ հավանական առաջնորդներն ավելի համարձակ դառնան:

Իհարկե, իշխանության ներսում գտնվող մեր հասակակիցները միատարր զանգված չեն ու չեն կարող, պայմանական ասած, կուսակցություն ստեղծել ու մտնել քաղաքական պայքարի մեջ: Սակայն ցանկանում եմ, որ նրանցից գոնե մի քանիսը, կարդալով այս տողերը, իսկապես հասկանան, որ իրենց գործի անցնելը, թերեւս, վերջին հնարավորություններից մեկն է ինչ-որ բան փոխել Հայաստանում:

Ի վերջո, նրանք պետք է մտածեն այդ մասին նաեւ ինքնապահպանման բնազդից ելնելով: Չէ՞ որ 2018 թվականի մասին մտածում են նաեւ ՀՀԿ-ի կամ ԲՀԿ-ի հետ սերտաճած մեծ ու միջին օլիգարխները: Չեն մտածում, այլ երազում են: Ուժեր են կուտակում, կարողություններ, զավակներին իրար հետ են ամուսնացնում` կապերը էլ ավելի ամրապնդելու համար: Ու եթե մենք չսթափվենք ու իշխանության ներսում եղած մեր տեսակի մարդկանցից առաջնորդներ չընտրենք, ապա 2018 թվականին Հայաստանում կձեւավորվի այնպիսի իշխանություն, որի համեմատ ներկա ու նախորդ բոլոր իշխանությունները փառք կթվան: Եթե թողնենք ամեն ինչ այնպես, ինչպես որ կա, ապա 2018 իշխանության կգա մի զանգված, որի համար մեր տեսակը հասկանալի ու ընդունելի չէ:

Գրում եմ այս տողերը ու գիտակցում, որ եթե ես կամ ընթերցողները տանք այս կամ այն մարդու անունը ու բարձրաձայն ասենք, որ նրան ենք տեսնում որպես մի առաջնորդ, ում կողքին կկանգնենք եւ ում հետ կգնանք, դրանով քաղաքական «մահապատժի» կենթարկենք նրան: Մնում է հուսալ, որ ներկայիս իշխանությունը կհասկանա, որ այդ նոր առաջնորդները, ըստ էության, իր հակառակորդները չեն: Ասեմ ավելին, բացառված չէ, որ հենց այդ նոր առաջնորդները 2018 թվականին կարող են դառնալ այսօրվա իշխանավորների անվտանգության միակ երաշխավորները:

Արա Թադեւոսյանը Մեդիամաքսի տնօրենն է:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին