Իմ հերոսը` Ալվարդ Բարխուդարյանը - Mediamax.am

Իմ հերոսը` Ալվարդ Բարխուդարյանը
12971 դիտում

Իմ հերոսը` Ալվարդ Բարխուդարյանը


1992թ. մայիսի 9-ի առավոտյան սովորականի պես գնացի թերթի կրպակ, հերթ կանգնեցի ու թերթեր գնեցի: Տուն բարձրանալիս առաջին էջերում կարդացի, որ մերոնք ազատագրել են Շուշին: Անկեղծ լինեմ, հասկացա, որ կարեւոր բան է կատարվել, բայց ողջ կարեւորությունը այդ պահին չընկալեցի: Մտա տուն ու ծնողներիս հայտնեցի լուրը: Նկատեցի, որ պապայի դեմքը միանգամից փոխվեց ու մի տեսակ հանգստացավ: Մի փոքր լռեց, հետո շատ վստահ ասաց.

- Արդեն հասկանալի է, որ այս կռիվը մենք կհաղթենք:
 
Հենց այդ պահին հասկացա, որ կատարվածը ոչ թե կարեւոր, այլ ճակատագրական` նաեւ հոգեբանական առումով:

Այսօր, երբ հիշում ենք բոլոր հերոսներին, որոնց շնորհիվ ունեցանք այդ հաղթանակը, հիշենք նաեւ այն մարդկանց, որոնք պատերազմի տարիներին ոչ պակաս կարեւոր գործ էին անում` ռազմական թղթակիցներին:

Ես ունեմ իմ հերոսը` Ալվարդ Բարխուդարյանին, ով պատերազմի տարիներին «Հայք» թերթի թղթակիցն էր ու աշխատում էր Արցախում` տասնյակ հոդվածներ ուղարկելով ամենաթեժ կետերից: 1992-1993թթ. չկային բոլոր այն կապի միջոցները, որ մենք ունենք այսօր: Ինչո՞ւ միայն կապի` իհարկե, լրագրողները նաեւ նոութբուքներ չունեին, լավագույն դեպքում` թուղթ ու գրիչ: Այսօր դժվար է պատկերացնել, թե ինչպես կարելի էր զինվորների հետ կողք կողքի հետեւել մարտին, գյուղի ազատագրմանը, մահ ու արյուն տեսնել, հետո մի անկյուն գտնել, որպեսզի այդ ամենը հանձնել թղթին, փորձել գտնել աշխատող հեռախոս ու գրվածը թելադրել Երեւան… Իսկ Ալվարդը դա անում էր: Նա շարունակ գնում էր Արցախ`Երեւանում թողնելով իր երեխաներին:

Ալվարդի հետ ծանոթացա պատերազմի ավարտից հետո` 1996 թվականին: Ստեղծվել էր Տեղեկատվության նախարարություն, որի ղեկավարն էր Հրաչյա Թամրազյանը: Մի օր թերթերից մեկում կարդացի, որ նախարարությունում կա Տեղեկատվական-վերլուծական կենտրոն ու այնտեղ աշխատելու մեծ ցանկություն ունեցա: Ի վերջո` ստացվեց: Ալվարդ Բարխուդարյանը կենտրոնի ղեկավարն էր, այնտեղ էին աշխատում նաեւ Անահիտ Ադամյանը ու Լաուրա Բաղդասարյանը, որոնց եւս շատ մեծ ջերմությամբ եմ հիշում:

Ալվարդի հետ բավական արագ մտերմացանք: Ես սկսնակ լրագրող էի, իսկ նա` փորձառու: Բացի նրանից, որ լուսաբանել էր պատերազմը, շատ էր գրել նաեւ այլ թեմաներով ու անձամբ ճանաչում էր պետության առաջին դեմքերին: Բերանս բաց լսում էի, երբ Ալվարդը պատմում էր Լեւոն Տեր-Պետրոսյանի, Բաբկեն Արարքցյանի, Վազգեն Սարգսյանի, Վանո Սիրադեղյանի եւ այլոց մասին:

Երբեմն, մեզ մոտ էր գալիս Էդիկ Բաղդասարյանը` Լաուրայի ամուսինը: Էդիկը Արցախի պատերազմի մասնակից էր ու դրա վավերագիրը ու երբ Ալվարդի հետ որեւէ մի դրվագ էին սկսում հիշել, անչափ հետաքրքիր էր լսել:

1996 թվականին Հոլանդիայից երկու լրագրող էին ժամանել Հայաստան` Սաշա Մալկոն ու Լեո Էրկենը: Երեւանում նրանց ես էի «տիրություն անում», իսկ երբ Ղարաբաղ գնալու ցանկություն հայտնեցին, խնդրեցի Ալվարդին, որպեսզի ուղեկցի մեզ: Երբ եկանք Արցախ, հասկացա, թե ինչ հարգանք ու պատիվ է վայելում Ալվարդն այնտեղ: Մեզ համար փակ դռներ չկային` իմանալով, որ Ալվարդը մեզ հետ է, բոլորը, անգամ լրագրողներին սովորաբար խուսափող զինվորականները, միանգամից ավելի պատրաստակամ էին դառնում:

Սաշան ու Լեոն Երեւան վերադարձան մեկ օր շուտ, իսկ եւ ու Ալվարդը հաջորդ օրը` «Կամազ»-ով: Ստեփանակերտից բավական ուշ դուրս եկանք, ու գալիս էինք գրեթե ողջ գիշեր: Ճանապարհին Ալվարդը ու վարորդը խոսում էին պատերազմի տարբեր դրվագների մասին, հիշում էին ընդհանուր ծանոթներին: Երիտասարդ լրագրողի համար այդ գիշերային զրույցը մի գանձ էր, իրական կյանքի մի անհավատալի խտացում:

Այնպես է ստացվել, որ Ալվարդին վաղուց չեմ տեսել, հեռախոսով էլ խոսել ենք շատ վաղուց: Սակայն նա միշտ տեղ ունի իմ սրտում: Քիչ եմ հանդիպել մարդկանց, որոնց մեջ միաժամանակ կա խիզախություն, նվիրում, համեստություն ու բարություն: Ալվարդ Բարխուդարյանը հենց այդպիսին է: Ու եթե ձեզ տանջում է «ով է իսկական մտավորականը» հարցը, ասեմ` դա Ալվարդն է:

Այսօր ոչ միայն մեր հերոս ազատամարտիկների, այլեւ Ալվարդի տոնն է: Եկեք շնորհավորենք ու շնորհակալություն հայտնենք այդ խիզախ կնոջը: Երբ մենք երեկոյան հանգիստ պառկում էինք քնելու, որ առավոտյան իջնենք կրպակ ու թերթ գնենք, նա գրում իր հերթական հոդվածը, որպեսզի այն հայտնվի այդ թերթում:

Այսօր հիշենք նաեւ բոլոր այն մարդկանց, ովքեր պատերազմի տարիներին աշխատեցին որպես ռազմական թղթակիցներ: Նրանցից ոմանք զոհվեցին, ոմանք` վիրավորվեցին: Հիշենք նրանց բոլորին` նրանք անում էին այն, ինչ մենք չէինք համարձակվում անել:

Արա Թադեւոսյանը Մեդիամաքսի տնօրենն է:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին