Ավելին քան աթոռ` գլխավոր սեղանի շուրջ - Mediamax.am

Ավելին քան աթոռ` գլխավոր սեղանի շուրջ
4956 դիտում

Ավելին քան աթոռ` գլխավոր սեղանի շուրջ


2012թ. հունվարի 1-ից Ադրբեջանը երկու տարով ստանձնելու է ՄԱԿ Անվտանգության խորհրդում ոչ մշտական անդամի դերը եւ պարտականությունները: Ստանալու է նաեւ լայն հնարավորություններ` անմիջականորեն մասնակցելու միջազգային խաղաղության եւ անվտանգության վերաբերյալ քննարկումներում` աշխարհի գլխավոր սեղանի շուրջ: Այս նորությունը, կարծես թե, դեռ պատշաճ քննարկված չէ Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի փորձագիտական եւ քաղաքագիտական շրջանակներում, թեեւ հարցի հրատապությունը ակներեւ է:

Վերջ ի վերջո` պետք է ընդունել, որ սա Ադրբեջանի դիվանագետների լավ աշխատանքի արդյունքն է` մի կողմ դնելով նավթը եւ գազը, որպես խնդիրը ամենահեշտ բացատրելու միջոց: Մասնավորապես, այս տարի Ադրբեջանը անդամակցեց Չմիավորման շարժմանը, որտեղից ստացավ հաղթական ձայների մեծամասնությունը: Ի դեպ, դեռ քչերս ենք ուշադրություն դարձրել, որ Չմիավորման շարժման անդամ-պետությունները կանոնադրական պարտավորություն ունեն “…լիարժեքորեն պաշտպանելու [իրենց] տարածքում գտնվող ազգային-ազատագրական շարժումները”:

Ընդհանրապես, հարցի շուրջ կա երկու հավասարապես չվերլուծված եւ հակադիր կարծիք. (1) Ադրբեջանը ՄԱԿ ԱԽ օրակարգ է փոխանցելու ԼՂ վերաբերյալ հարցը եւ այդպիսով ստեղծելու է բանակցային նոր իրականություն (ոչ թե ֆորմատ); եւ (2) այդ անդամակցությունը արժանի չէ մեծ արձագանքի:

Երկրորդ պնդումը տրամաբանական հակասության մեջ է մտնում ՄԱԿ Խարտիայի 24-րդ հոդվածի հետ, որով ՄԱԿ ԱԽ “առաջնային պատասխանատվություն է կրում միջազգային խաղաղության եւ անվտանգության պահպանման համար”, թեեւ Գլխավոր Ասամբլեան հատուկ դեպքերում նույնպես որոշումներ է ընդունում 1950թ. ընդունված “Համախմբվելով խաղաղության համար” բանաձեւի վկայակոչմամբ: Ինչպես պատմությունն է ցույց տալիս, առանձնակի հույսեր չունենալով ԳԱ 193 երկրների մեջ որեւէ մեծամասնություն համախմբելու հարցում, Հայաստանի դիվանագիտական ամբողջ ներուժը ու եռանդը պետք է ծառայեցվի ԱԽ եւ Մարդու իրավունքների խորհրդի անդամ-երկրների հետ աշխատելու ուղղությամբ:

Կասկածից վեր է, որ նոր կարգավիճակում Ադրբեջանը շարունակելու է ՄԱԿ ԱԽ 1993թ. ապրիլ-նոյեմբեր ամիսներին ընդունված չորս հայտնի բանաձեւերի քարոզչական մեկնաբանությամբ թյուրիմացության մեջ պահել  միջազգային հանրությանը: Ընդ որում, 2012-13թթ. ԱԽ-ում Հայաստանն արդեն իսկ ունի երկու “դեմ” ձայն, ներառյալ Պակիստանը` հայտնի պատճառով:

Իրականության մեջ` Հայաստանը մեկ անգամ արդեն պատվով է դուրս եկել ՄԱԿ ԱԽ օրակարգում ԼՂ հարցի քննարկումներից:

Պետք չէ մոռանալ, որ ակտիվ ռազմական գործողությունների տարիներին հենց Հայաստանն է ՄԱԿ ԱԽ օրակարգում ղարաբաղյան խնդրի շուրջ քննարկումների ջատագով հանդես եկել (օրինակ, նախագահ Տեր-Պետրոսյանի նամակը ՄԱԿ ԱԽ նախագահողին առ 11 մայիսի, 1992, S/23896)` օգտվելով ՄԱԿ խարտիայի 35(1) հոդվածի դրույթներից եւ անդամ-երկրների ուշադրությունը հրավիրելով Հայաստանի եւ ԼՂՀ “անօրինական տնտեսական շրջափակման” վրա:

Հայաստանի դիվանագիտության ամենակարեւոր ձեռքբերումը, որն այսօր հրապարակային տիրույթում չի բարձրաձայնվում, այն է, որ, ստանալով չորս ոչ-բարեկամական բանաձեւ, հայ դիվանագիտները եւ ռազմադաշտի հրամանատարները ապահովել են, որպեսզի Ադրբեջանը առաջինը հանդես գա ապակառուցողական դիրքերից` խախտելով բոլոր միջանկյալ հրադադարները (հետեւաբար նաեւ բանաձեւերը) եւ մերժելով բանաձեւերում ամրագրված ԵԱՀԽ Մինսկի խմբի առաջարկած բոլոր կարգավորման ծրագրերը: Այս ամենը, իհարկե, փաստագրված է ՄԱԿ ԱԽ արխիվներում:

Օրինակ. Հայաստանը իր գոհունակությունն է արտահայտել (S/26761, նոյեմբեր 17, 1993) ՄԱԿ ԱԽ ընդունած 884 բանաձեւի (S/Res/884) հետ կապված, եւ ընդգծել է, որ չի կարող ընդունել բանաձեւում առկա միայն այն որակումները, որոնք ի զորու են կանխորոշելու Մինսկի խորհրդաժողովի արդյունքները:

Ավելին` հատկապես հետաքրքրական է ԱԳ նախարար Ալ.Արզումանյանի նոյեմբերի 30-ի նամակը (S/26819), որը, ըստ էության, ՄԱԿ ԱԽ կողմից ԼՂ վերաբերյալ ընդունված վերջին բանաձեւի վերաբերյալ ՀՀ պաշտոնական, գրավոր արձագանքն է: Նամակում նախարարը տեղեկացնում է ՄԱԿ ԱԽ նախագահողին եւ անդամ-երկրներին, որ 884 բանաձեւում առկա պահանջը (կետ 3)` ընդունել Մինսկի խմբի կողմից հրադադարի հաստատման եւ կոնֆլիկտի կարգավորման ժամանակացույցի առաջարկվող ծրագիրը, պաշտոնապես մերժվել է Ադրբեջանի կողմից, ինչով անդառնալի վնաս է հասցվել այդ բանաձեւի տառին եւ ոգուն:

Հարկ է նշել, որ այդ վերջին ծրագիրը (ինչպես եւ նախորդները) ընդունվել էր Հայաստանի կողմից, իսկ նախագահ Տեր-Պետրոսյանի ջանքերի շնորհիվ առաջարկը ընդունել էր նաեւ ԼՂՀ ղեկավարությունը` թեեւ ԱԳ նախարար Արզումանյանի հավաստմամբ “այդ ծրագիրը ռիսկեր է[ր] ներկայացնում նրա ժողովրդի անվտանգության համար” (S/26819):

Այդպիսով, զորօրինակ ՄԱԿ ԱԽ 884 բանաձեւի տապալման ամբողջ պատասխանատվությունը, ինչպես փաստագրված է, ընկնում է Ադրբեջանի վրա, որն այսօր հայտարարում է, թե իբր “բոլոր 4 բանաձեւերը չեն կատարվում Հայաստանի կողմից”:

Ավելին` հենց ՄԱԿ ԱԽ-ն է ղարաբաղյան կոնֆլիկտի խաղաղ կարգավորման շուրջ միջնորդական առաքելություն իրականացնելու մանդատ տվել ԵԱՀԽ/ԵԱՀԿ Մինսկի խմբին (իսկ ԵԱՀԿ-ն` Մինսկի խմբի համանախագահությանը) եւ նույն հարցը ԱԽ վերադարձնելու համար առնվազն հարկավոր է նոր բանաձեւ, որի ընդունման համար անհրաժեշտ է, ի թիվս այլոց, մշտական անդամներ Ֆրանսիայի, ՌԴ եւ ԱՄՆ կողմ քվեները:

Նոր կարգավիճակում Ադրբեջանի հնարավորությունները գերագնահատել նույնպես պետք չէ:

Երկու օրինակ.

1. Ս.թ. դեկտեմբերի 31-ին ավարտվում է աֆրիկյան Գաբոն պետության անդամության ժամկետը: Այդ պետությունը արդեն երկար տարիներ` 1972-ից ի վեր սահմանային կոնֆլիկտ ունի Հասարակածային Գվինեայի հետ (կոնֆլիկտը ՄԱԿ միջնորդության շրջանակներում է), բայց իր անդամության 2 տարիների ընթացքում նույնիսկ հայտարարություն չի արել այդ մասին: Գաբոնը եւ Հասարակածային Գվիենան` նույնպես նավթի խոշոր արդյունահանողներ են:

2. Թուրքիան ԱԽ ոչ-մշտական անդամ էր 2009-10թթ., ինչը չխանգարեց Գլխավոր քարտուղարին, օրինակ, 2010թ. նոյեմբերի 26-ին հանդես գալ Կիպրոսի վերաբերյալ հերթական զեկույցով (S/2010/605), որը Թուրքիային մեղավոր էր ճանաչում ռազմական ստատուս քվոյի խախտումների մեջ:

Այսպիսով, Հայաստանն արդեն մեկ անգամ հաղթահարել է ՄԱԿ ԱԽ ճնշումները, իսկ այժմ` “հանգիստ ու  հավասարակշիռ քաղաքականությամբ”, բայց պրոակտիվ աշխատանքով եւ ուժերի լարումով պետք է նոր ճգնաժամը վերածել հնարավորության:

Ի՞նչից պետք է սկսել. նախ պետք է վերարժեւորել ներքին ռեսուրսները ու վերջ դնել այդ չորս բանաձեւերի հետ կապված թյուրընկալումներին` ներառյալ Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղում:

Հ.Գ. Թերեւս հասկանալով ԼՂ հարցում ՄԱԿ ԱԽ ֆորմատի չափազանց սահմանափակ օգտակարությունը, այս օրերին Ադրբեջանը ակտիվացնում է մեկ այլ, “հասարակական” հարթությունը եւ փորձ է անում վերագործարկել “միջհամայնքային” երկխոսության տրամաբանությունը:  Բեռլինում օրերս ձախողվեց “միջհամայնքային” ֆորմատով քննարկման փորձը (ինչը բոյկոտեցին թե Ղարաբաղից, թե Հայաստանից), բայց նոր քննարկումներ են նախապատրաստվում Մոսկվայում, Լոնդոնում, Փարիզում եւ Վաշինգթոնում: Հիրավի ոչ բոլոր կոնֆլիկտաբաններն ու դիվանագետներն են քաջատեղյակ այս հակամարտության նրբություններին ու նրանք կարող են գայթակղվել այս “երկխոսության” ֆորմատով: Այդ բոլոր մայրաքաղաքներում գործում են ԼՂՀ մշտական դիվանագիտական ներկայացուցչություններ, եւ նրանք բոլորը վերջապես պետք է ակտիվանան:

Հովհաննես Նիկողոսյանը Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի Քաղաքական գործընթացների եւ տեխնոլոգիաների ամբիոնի վարիչն է:


Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին