Անհավասարակշիռ արդարություն - Mediamax.am

Անհավասարակշիռ արդարություն
6981 դիտում

Անհավասարակշիռ արդարություն


Արդարությունը սոցիալական ինստիտուտի
առաջնային առաքինություն է:


Ջոն Ռոուլս

Երեւի թե, այս պարզագույն սկզբունքն է երկարաժամկետ առումով խախտվել գոյություն ունեցող հասարակություններում, եւ այդ իսկ պատճառով մենք ականատեսը եղանք “Արաբական գարունի”, Լոնդոնի անկարգությունների, “Գրավիր Ուոլ-Սթրիթը” շարժմանը եւ այլ նմանատիպ ճգնաժամերի:

Հարց է ծագում, թե ինչպե՞ս է անարդարության չափը հասել այն աստիճանի, որ ճգնաժամերի հիմք է հանդիսացել: Արաբական աշխարհի դեպքում իշխող վարչակարգը իր ձեռքում է կուտակել հարստության ահռելի մասը`ստեղծելով անհավասարություններ ու անարդարություններ: Հասարակության մեծ մասը չուներ տնտեսական ռեսուրսներից օգտվելու հնարավորություն. այնինչ, հասարակության փոքր մասը միլիարդների հասնող հարստություն ու հնարավորություններ էր կուտակել իր ձեռքերում:

Թվում է, թե ժողովրդավարական կառավարման ձեւ ունեցող երկրները կարող են խուսափել խորը հասարակական ճգնաժամերից: Սակայն, փորձը ցույց տվեց, որ արդարության խախտումը ցանկացած հասարակությունում տանում է ճգնաժամի:

Արեւմտյան ժողովրդավարական հասարակություններում հասունացող անհավասարությունները ստեղծել են մի իրավիճակ, երբ հարստությունը կենտրոնացել է քիչ թվով մարդկանց մոտ: Օրինակ` ԱՄՆ-ում երկրի հարստության 35%-ից ավելին կենտրոնացած է բնակչության 1%-ի մոտ: Անհավասարությունների առաջացման պատճառներից մեկը եղել է տնտեսության մեջ նոր մոնոպոլիաների ստեղծումը ու հարկային քաղաքականությունը, ըստ որի, Ուորեն Բաֆեթի քարտուղարուհին ավելի շատ հարկեր էր վճարում իր եկամուտներին համամասնությամբ, քան` Բաֆեթը:

Եվ հենց այդ անհավասարությունների պատճառով է, որ հիմք դրվեց «Գրավիր Ուոլ-Սթրիթը» շարժմանը: Ի դեպ, Վաշինգտոնում շարժման վերջին ամենամեծ ակցիան տեղի է ունեցել Սպիտակ տան առաջ, որը բնապահպանական բնույթ ուներ: Մոտ 12.000 մարդ պահանջում էր չկառուցել Կանադայից Մեքսիկական ծոց նախատեսված նավթամուղը: Կարգախոսներից մեկ հետեւյալն էր. “Գրավիր աշխարհը”:

Կարծես թե հենց այդ գործընթացն էլ տեղի է ունենում: Աշխարհի տարբեր քաղաքներում մարդիկ դուրս են գալիս փողոց` անարդարությունը շտկելու հույսով: Հայաստանում եւս տեղի են ունենում նման գործընթացներ, քանի որ արդարությունը խախտված է: Տարբեր հարցերով հասարակական նախաձեռնություններ են սկսվել: Վերջին շրջանում ավելի ակտիվ են բնապահպանական հարցերով նախաձեռնությունները, եւ Թռչկանի հաղթանակը ու “Հրազդան SOS” նախաձեռնությունը ցույց են տալիս, որ շարժումը ծավալվում է եւ հետեւողական է լինելու:

Վերջերս ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը Եվրոպական ժողովրդական կուսակցության քաղաքական ասամբլեայի նիստի ելույթում նշել էր. «Ես եկել եմ եզրակացության, որ այն, ինչը մեզ կապում է Եվրամիության հետ, այն արժեքային համակարգն է, որը ձեւավորվել է մեր քրիստոնեական արմատներով եւ արդարության, հավասարության ու արդարացի հասարակության մեր ընդհանուր ընկալումներով»:

Իրականում, մենք Եվրամիության հետ որեւիցե ձեւով չենք կիսում հավասարության ու արդարացի հասարակության արժեքները: Նախ, հարստության բեւեռացումը թույլ չի տալիս հնարավորինս հավասար հնարավորություններ ապահովել հասարակության բոլոր անդամների համար, հետո` անհավասարությունների պայմաններում արդարության մասին խոսելն արդեն անհեթեթ է: Վերջերս կառավարությունը հարստության վերաբաշխման նպատակով պրոգրեսիվ հարկման մեխանիզմ է մտցրել, սակայն պարզ է, որ իշխանությունը հարկային վարչարարությունը պատշաճ չի կատարում եւ պրոգրեսիվ հարկը նոր փոփոխություն չի բերելու:

Դրա փոխարեն իշխանությունը կարող է վերացնել մոնոպոլիստական շուկաներ մուտքի սահմանափակումները, եւ հասարակության լայն շերտեր, մուտք գործելով այդ շուկաներ, իրենց համար եկամուտներ կապահովեն: Սա լավագույն տարբերակներից մեկն է հարստության վերաբաշխման համար:

Ընդհանրապես, հարստության բեւեռացումը տանում է ճգնաժամի, եւ ելքերը միշտ ծանր են լինում հարստության մեծ մասը իր ձեռքում կուտակած խավի համար: Համաշխարհային գործընթացները, ինչպես նաեւ Հայաստանի ներքաղաքական զարգացումները ցույց են տալիս, որ տնտեսության վերակազմակերպումը ու ռեսուրսների վերաբաշխումը օրակարգային են, ու դրանց չիրականացումը լի է պայթյունավտանգ հետեւանքներով:

Արմեն Գրիգորյանը “Ժողովրդավարություն հանուն զարգացման” ՀԿ-ի նախագահն է:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին