Ռուսաստանը պետք է վճարի իր ռազմակայանի համար - Mediamax.am

Ռուսաստանը պետք է վճարի իր ռազմակայանի համար
14526 դիտում

Ռուսաստանը պետք է վճարի իր ռազմակայանի համար


Գազի գնի բարձրացման հետ կապված հայ-ռուսական հարաբերություններին առնչվող նոր հարցեր են առաջանում: Նախ` Ռուսաստանը որպես «դաշնակից» երկիր շարունակում է Հայաստանի շահերին հակասող քաղաքականություն վարել:

Չնայած «դաշնակցային» հարաբերությունների առկայությանը՝ վերջերս Ռուսաստանը Ս-300 զենիթահրթիռային համալիր է վաճառել Ադրբեջանին: Սա  «դաշնակցային» հարաբերությունների կոպիտ խախտում է:

Երրորդ երկրների հետ հարաբերություններում սկզբունքների խախտումից բացի Ռուսաստանը վերջերս բարձրացրել է գազի սակագինը Հայաստանում: «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն եւ նրան պատկանող «Տրանսգազ» ՍՊԸ-ն դիմում են ներկայացրել Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով` վերանայելու գազի սակագինը: Նրանք առաջարկել են գազի սակագինը բարձրացնել ավելի քան 60 տոկոսով: Ըստ ամենայնի, գազի սակագինը կբարձրանա 48 տոկոսով, որից 30 տոկոսը սուբսիդավորելու է կառավարությունը, մյուս 18 տոկոսը վճարելու են քաղաքացիները:

Ռուսաստանի նման վարքագծի պայմաններում Հայաստանը պետք է վերանայի հայ-ռուսական հարաբերությունները: Այդ հարաբերություններում կարեւոր գործոն է հանդիսանում ռուսական ռազմակայանի առկայությունը Հայաստանում: Խնդիրն այն է, որ Ռուսաստանը այդ ռազմակայանի համար Հայաստանին չի վճարում: Եվ գլխավոր փաստարկն այն է, որ ռազմակայանը ավելի շատ Հայաստանին է անհրաժեշտ, քանի որ անվտանգության երաշխիք է հանդիսանում հայ-թուրքական չկարգավորված հարաբերությունների պարագայում:

Այդ փաստարկը իրականությունից շատ հեռու է: Նախ՝ Թուրքիան Ռուսաստանի հետ հաշվի չի նստում իր շահերի հետապնդման հարցերում: Դրա մասին է խոսում Թուրքիայում վերջերս ռուսական ինքնաթիռի իջեցման փաստը, երբ Թուրքիան առգրավվեց Սիրիա տեղափոխվող ռուսական զինամթերքը: Իսկ Ռուսաստանը այս հարցում հակադարձող քայլ չկարողացավ կատարել:

Եթե նման հարցում Թուրքիան հաշվի չի նստում Ռուսաստանի հետ եւ հետապնդում է իր սեփական շահերը, ապա այլ հարցերում եւս Թուրքիան նույնը կանի եւ Ռուսաստանը ստիպված կլինի համակերպվել ստեղծված իրավիճակի հետ:

Հաջորդը՝ տարածաշրջանում կայունությունը պահպանվում է ոչ թե ռուսական ռազմակայանի հաշվին, այլ տարածաշրջանում ուժերի բալանսի առկայության պատճառով: Իրենց շահերը տարածաշրջանում հետապնդելով` Իրանը, ԱՄՆ-ը, Եվրամիությունը պահպանում են ուժերի բալանսը, եւ հենց նրանց շահերից է բխում, որ Թուրքիային թույլ չտան խախտելու այդ բալանսը տարածաշրջանում: Այս տեսանկյունից ռուսական ռազմաբազան որեւէ գործառույթ չի կատարում եւ վերջինս պարզապես ռուսական շահերը սպասարկող սուբյեկտ է Հայաստանում:
Ռուսական շահերը սպասարկող ցանկացած սուբյեկտի համար պետք է վճարի Ռուսաստանի քաղաքացին, այլ ոչ թե՝ Հայաստանի: Ռուսաստանը պետք է վճարի Հայաստանում գտնվող ռազմակայանի համար, եւ այդ գումարը պետք է ուղղվի գազի գնի սուբսիդավորմանը: Նման պայմաններում Ռուսաստանը նաեւ կհասկանա, որ գազի թանկացումը կարող է ռուսական ռազմակայանը Հայաստանից դուրս բերելու խնդիր առաջացնել: Այդ դեպքում ամեն թանկացումից առաջ հաստատ հաշվի կնստի այդ հանգամանքի հետ:

Վերջին շրջանում Ռուսաստանի վարքագիծը Հայաստանի նկատմամբ մեզ հուշում է, որ անհրաժեշտ է վերանայել հայ-ռուսական հարաբերությունների ձեւաչափը: Հստակ է, որ տարածաշրջանում Ռուսաստանը Հայաստանի կարիքը ավելի շատ ունի, քան Հայաստանը՝ Ռուսաստանի: Եվ այս հանգամանքը պետք է ծառայի Հայաստանի շահերին, այլ ոչ թե՝ Ռուսաստանի:

Արմեն Գրիգորյանը քաղաքագիտության ու միջազգային հարաբերությունների մագիստրոս է:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին