«Բուֆերային գոտի»` ակտիվ խմբերի համար - Mediamax.am

«Բուֆերային գոտի»` ակտիվ խմբերի համար
5102 դիտում

«Բուֆերային գոտի»` ակտիվ խմբերի համար


Հայաստանում վերջին ներքաղաքական զարգացումների ընթացքում քաղաքացիների մի ստվար մաս փորձում է որպես ապաքաղաքական ներկայացնել իր մասնակցությունը ներքաղաքական գործընթացներում: Այդ միտումը որեւէ կերպ հիմնավորված չէ,  քանի որ իրականում երկրում գոյություն ունեցող ռեսուրսների բաշխման կամ վերաբաշխման գործընթացը քաղաքական է եւ մասնակցությունը այդ գործընթացին եւս քաղաքական գործունեություն է: Երբ քաղաքացին պայքարում է 100 դրամ վճարելու համար, նա միանշանակ մասնակցում է քաղաքական գործընթացի:

Վերջին շրջանում նաեւ նկատվում է քաղաքացիական հասարակության կողմից քաղաքական ուժերի նկատմամբ բացասական վերաբերմունքի աճ: Անհրաժեշտ են որոշակի պարզաբանումներ քաղաքացիական հասարակության ու քաղաքական ուժերի կամ կուսակցությունների փոխհարաբերությունների մասին: Պետք է հաշվի առնել, որ քաղաքացիական հասարակությունը չի կարող կայուն լինել կամ զարգանալ,  եթե քաղաքական ուժեր կամ կուսակցություններ չլինեն:  Քաղաքական ուժերի կամ կուսակցությունների բացակայության դեպքում իշխանության հիմնական հարվածի թիրախ է դառնալու քաղաքացիական հասարակությունը, իսկ վերջինս այդքան կազմակերպված չէ, որպեսզի հարվածներին դիմանա:

2008թ.-ից սկսած երկար ժամանակ ՀԱԿ-ը հանդիսացել էր այն քաղաքական ուժը, որն իր վրա էր վերցրել իշխանության հիմնական հարվածները, իսկ դա առավել ակտիվ լինելու հնարավորություն էր տվել փոքր քաղաքացիական խմբերին: 

Իշխանությունը միշտ էլ փորձում է սահմանափակել ազատությունները եւ քաղաքական ուժերի առկայության դեպքում հիմնական ռեսուրսները ծախսում է կուսակցությունների ազատությունները սահմանափակելու կամ վերջիններիս թուլացնելու համար, ինչն էլ քաղաքացիական հասարակության ակտիվ խմբերի համար առավել ակտիվ գործելու դաշտ է բացում:

Քաղաքացիական հասարակության համար կարեւոր է բուֆերային ուժի առկայությունը, որպեսզի հարվածներն ամբողջությամբ իր վրա չվերցնի: 
Քաղաքացիական հասարակության շահերից է բխում, որ բուֆերային ուժերը հնարավորինս կայուն ու կազմակերպված լինեն, որպեսզի իշխանության ճնշումները քաղաքացիական հասարակության հանդեպ հնարավորինս քիչ լինեն:

Մյուս տարբերակն էլ այն է,  որ քաղաքացիական հասարակության ներկա խմբերը փորձեն դառնալ քաղաքական ուժ կամ կուսակցություն, որը Հայաստանի  զարգացման համար ավելի վատ սցենար է: Ավելին`այդ սցենարը մարտահրավեր է քաղաքացիական հասարակության կայուն զարգացմանը:
   
Արմեն Գրիգորյանը քաղաքագիտության ու միջազգային հարաբերությունների մագիստրոս է:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին