Պատմություն օրինակելի հայ դիվանագետի մասին - Mediamax.am

Պատմություն օրինակելի հայ դիվանագետի մասին
14617 դիտում

Պատմություն օրինակելի հայ դիվանագետի մասին


Վերջերս խմբով մեկնել էինք Բրյուսել` ՆԱՏՕ-ի կենտրոնակայանի հրավերով: Այցը հաջող անցավ, սակայն հետդարձի ճանապարհը լի էր արկածներով: Նախ` օդանավակայանում մեզ հայտնեցին, որ Բրյուսել-Հռոմ չվերթը հետաձգվում է 2 ժամով, այնուհետեւ տեղեկացրեցին, որ Հռոմ-Երեւան չվերթը եւս հետաձգվել է, իսկ երբ ժամանեցինք Հռոմ, պարզվեց, որ մեր օդանավը արդեն լքել էր Իտալիայի օդային տարածքը:

Իտալիայի Լեոնարդո դա Վինչիի միջազգային օդանավակայանում վթար էր տեղի ունեցել, թռիչքուղիներից մեկը փակել էին եւ անկանոն չվերթներ էին իրականացնում, որի պատճառով էլ մոտ 2000 ուղեւորներ ուշացել էին իրենց չվերթներից:

Սկզբում մեզ տարան «Ալիտալիա» ընկերության սպասարկման կետ, որտեղ էլ հանդիպեցինք առաջին խոչընդոտներին: Ավիաընկերությունը մեզ որեւիցե տեղեկություն չէր հաղորդում այն մասին, թե ինչպե՞ս կարող ենք շարունակել մեր ճանապարհորդությունը: Բազմաթիվ ուշացած ուղեւորների փորձում էին սպասարկել երեք-չորս աշխատակիցներով: Մի խոսքով՝ խառնաշփոթ էր տիրում օդանավակայանում:

Հասկանալով, որ իրավիճակը անելանելի է, որոշեցինք զանգել Հռոմում Հայաստանի Հանրապետության հյուպատոսին: Հեռախոսահամարը գտնելու գործում օգնության հասավ Ֆեյսբուկը: Գիշերը ժամը մեկին զանգեցինք Հայաստանի հյուպատոս Բորիս Սահակյանին եւ ներկայացրեցինք ստեղծված իրավիճակը: Նա ասաց, որ շուտով կգա օդանավակայան, որպեսզի փորձի տեղում օգնություն ցուցաբերել:

Քիչ հետո «Ալիտալիա»-ի աշխատողները մեզ ասացին, որ օդանավակայանի այդ մասը փակում են եւ մենք պետք է լքենք այդ տարածքը: Խոստացան օգնել «Ալիտալիա»-ի այլ սպասարկման կետում, սակայն այդտեղ էլ որեւէ բան չարեցին:

Արդեն հույսներս կտրել էինք, որ կկարողանանք շուտ լուծել մեր հարցերը եւ մեկնել Երեւան: Սակայն շուտով ժամանեց պարոն Սահակյանը եւ իրավիճակը փոխվեց: Հենց առաջին հայացքից նա դրական ու հուսադրող տպավորություն թողեց:
Մինչ օդանավակայան հասնելը Բորիս Սահակյանը հասցրել էր տեղեկանալ ստեղծված իրավիճակի մասին: Մեզնից էլ ավելի մանրամասն տեղեկատվություն ստանալուց հետո նա գնաց օդանավակայանի «Ալիտալիա»-ի գրասենյակ, որպեսզի փորձի լուծում տալ իրավիճակին: Որոշ ժամանակ հետո նա վերադարձավ սննդի վաուչերներով եւ հուսադրող տեղեկություններով: Ի դեպ, մինչ այդ մենք դիմել էինք «Ալիտալիա»-ի աշխատակիցներին եւ նրանք ասել էին, որ վաուչեր չեն տրամադրում: Մի խոսքով, նախաճաշեցինք պարոն Սահակյանի հետ, որից հետո նա կրկին գնաց, որպեսզի զբաղվի մեր տոմսերով: 

Շուտով նա վերադարձավ`ողջ խմբի համար կարողացել էր տոմսեր գտնել Հռոմ-Ֆրանկֆուրտ-Պրագա-Երեւան երթուղով: Բայց դրանով հյուպատոսի աջակցությունը չավարտվեց: Պարոն Սահակյանը օգնեց նաեւ գրանցվել չվերթի համար, որտեղ եւս մի քանի անգամ խնդիրներ առաջացան: Նրա դիվանագիտական հմտությունները օգնեցին բարեհաջող հաղթահարել «Ալիտալիա»-ի ստեղծած խոչընդոտները:

Մեր հյուպատոսը համբերատար սպասեց մինչեւ ավարտվի 14 քաղաքացիների գրանցումը եւ մոտ 13 ժամ օդանավակայանում անցկացնելուց հետո մեզ ճանապարհեց Երեւան:

Բորիս Սահակյանի վարքագիծը դիվանագետի օրինակելի դրսեւորում էր: Բացի մասնագիտական բարձր հմտություններից, նա նաեւ օրինակելի վարքագիծ էր դրսեւորում մարդկային հարաբերություններում: Միանշանակ է, որ Հայաստանի արտաքին քաղաքականության իրականացման գործում մենք Բորիս Սահակյանի նման ավելի շատ դիվանագետների կարիք ունենք, որպեսզի մեր քաղաքացիների շահերը այլ երկրներում ցանկացած իրավիճակում պաշտպանված լինեն:

Արմեն Գրիգորյանը քաղաքագիտության ու միջազգային հարաբերությունների մագիստրոս է:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին