“Անիմաստ” ֆաշիզմ - Mediamax.am

“Անիմաստ” ֆաշիզմ
6948 դիտում

“Անիմաստ” ֆաշիզմ


Օրերս ռուսաստանյան բլոգոսֆերայում ակտիվորեն քննարկվում էր մի պատմություն այն մասին, որ ՌԴ քաղաքացուն, ով պատրաստվում էր մեկնել Բաքու, թույլ չեն տվել դա անել միայն այն պատճառով, որ նրա ազգանունը համահունչ էր հայկականին եւ, հավանաբար, նրա նախնիներից մեկը հայ է եղել: Ավելին` թույլ չեն տվել մեկնել նաեւ ազգությամբ ռուս իր գործընկերոջը, միայն այն պատճառով, որ վերջինս փորձել է պաշտպանել նրան: Ռուսաստանում Ադրբեջանի նման քաղաքականության մասին քչերը գիտեն, այդ իսկ պատճառով պատմությունը լայն տարածում գտավ լրատվական հրապարակումներում:

Հետզետե հավելի եւ ավելի շատ մարդիկ են իմանում հայերի հետ ինչ-որ կապ ունեցող մարդկանց համար Ադրբեջան մուտք գործելու արգելքի մասին, եւ դա բավականին վատ է անդրադառնում այդ պետության հեղինակության վրա:

Ինչու՞ են հարկավոր նման վիշապային միջոցները: Սովորաբար բերվում է երկու փաստարկ: Փաստարկներից մեկը ցինիկ է` “մենք չենք կարող երաշխավորել հայերի ավնտանգությունն Ադրբեջանում”: Երկրորդը` ծիծաղելի. “բոլոր հայերը հավանական լրտեսներ են”: Ամենազարմանալին այն է, որ այս փաստարկները լուրջ են ընկալվում, չնայած ոչ մի արժեք չունեն: Եկեք հասկանանք դրանցից յուրաքանչյուրը:

Նախ` անվտանգության մասին: Հավանաբար, ենթադրություններ կան, որ ադրբեջանցիների մոտ հայերի նկատմամբ ատելությունն այնքան է արմատավորվել, որ նրանք պատրաստ են սպանել Բաքվի օդանավակայանից դուրս եկող ցանկացած հայի:

Սակայն Ռուսաստանում ապրում են ավելի քան 600 հազար ադրբեջանցիներ եւ 1 մլն-ից ավել հայեր: Մոսկվայի օդանավակայաններում Բաքվից եւ Երեւանից ժամանած ուղեւորները մշտապես հայտնվում են ժամանման նույն սրահում, եւ երբեմն երկու չվերթների ուղեբեռները դրվում են ուղեբեռը ստանալու նույն ժապավենի վրա: Այդ դեպքում, եթե հայի համար այդքան սարսափելի է հայտնվել Բաքվում ադրբեջանցիների մեջ, ինչո՞ւ ոչ ոք չի հոգում հայերի անվտանգությունը Ռուսաստանի ադրբեջանցիների շրջապատում:

Ճիշտ է, վերջին ժամանակներս Ռուսաստանում բախումներն ադրբեջանցիների եւ հայերի միջեւ հաճախակի են դարձել (զանգվածային հակահայկական քարոզչությունն Ադրբեջանում ամեն դեպքում տալիս է իր պտուղները), սակայն երկու համայնքների չափսերի համեմատ դրանք անհամադրելի են: Մոսկվայում ես մշտապես շփվում եմ  տարբեր խավերի ադրբեջանցիների հետ, սակայն երբեք չեմ նկատել մեծ ագրեսիա իմ նկատմամբ: Այսպիսով, չնայած հայերի նկատմամբ մասսայական ֆաշիզմի քարոզչությանը` ադրբեջանցիների մեջ հստակ գործողությունների պատրաստ իրական ֆաշիստների տոկոսը չնչին է, եւ ցանկության դեպքում Ադրբեջանի իշխանություններին բավական հեշտ կլինի չեզոքացնել նրանց: Սակայն դա տեղի չի ունենում: Հակառակը` իշխանությունները հսկայական միջոցներ են վատնում ֆաշիստական տրամադրություններ հրահրելու համար: Այն մասին, որ այդ ֆաշիզմը լավ կառավարվում է իշխանությունների կողմից, վկայում է այն փաստը, որ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի այցը Բաքու չի դիտարկվում որպես երեւույթ, չնայած ստույգ հայտնի է, որ Լավրովի հայրը հայ է:

Լրտեսների մասին փաստարկը փորձառուների մոտ կարող է միայն ծիծաղ առաջացնել: Լրտեսի աշխատանքի հիմնական ձեւը ագենտուրան է: Պետք է հավաքագրել տեղացիներին: Դժվար է պատկերացնել, ինչո՞ւ այդ նպատակով հայը պետք է Ադրբեջան մեկնի, որտեղ հավաքագրման աշխատանքն էլ ավելի կբարդանա տեղացի բնակչության անվստահությամբ, իշխանությունների կողմից իրականացվող լրտեսությամբ եւ կյանքի վտանգով, ինչը գրեթե անհնարին է դարձնում ողջ գործընթացը: Շատ ավելի հեշտ է ադրբեջանցիներ հավաքագրել Ռուսաստանում: Բացի այդ, շատ քիչ լրտեսներ են աշխատում իրենց իսկական անվան ներքո, եւ միայն վերջին ապուշը լրտեսության կգնար Ադրբեջան` պահելով հայկական ազգանունը: Ավելացնենք այն փաստը, որ ժամանակակից լրտեսությունն ավելի շատ հիմնվում էլեկտրոնային միջոցների վրա. այսօր կա Google Maps-ը, բազմաթիվ ընկերություններից կարելի է գնել ցանկացած տարածքի մանրամասն արբանյակային լուսանկարները, այնպես որ ֆիզիկական մուտքը որեւիցե վայր ոչ մի նոր տվյալներ չի կարող ավելացնել, եւ հասկանալի է դառնում, որ լրտեսության մասին բոլոր փաստարկները միամիտների համար առասպելներ են:

Այդ դեպքում ինչո՞ւ հայերին չեն թողնում Ադրբեջան: Վերոնշյալից պարզ է դառնում, որ  Բաքու ստիպված ժամանած հայերի անվտանգության ապահովման հատուկ միջոցառումները, եւ բոլոր խոսակցություններն այն մասին, որ հայերի համար անվտանգ չէ գտնվել Ադրբեջանում, լավ կազմակերպված շոու է: Շոու, որը, եթե լավ մտածենք, ունի մեկ նպատակ` ժամանակին Բաքվից վտարված հայերին զրկել այնտեղ վերադառնալու եւ իրենցից բռնագրավված ունեցվածքը հետ ստանալու հույսից: Ի հեճուկս Ադրբեջանի ներկայիս իշխանությունների, Բաքվից վտարված հայերն իրենց հիմնական մասով չդարձան աղքատ փախստականներ, ինչպես նրանք կարծում էին: Եթե նրանց հնարավորություն տրվի մուտք գործել Ադրբեջան, ապա նրանք կարող են տարբեր զարգացած երկրների իրավաբանական համակարգերի միջոցով ակտիվացնել փոխհատուցում ստանալու փորձերը, ինչպես դա անում են Կիպրոսի հույները թուրքերի նկատմամբ: Այս գործընթացը կարող է լուրջ վտանգ ներկայացնել  Ադրբեջանի համար: Եվ այդ վտանգն աստիճանաբար կավելանա` անկախ Ադրբեջանի իշխանությունների կողմից նախաձեռնած քայլերի:

Եթե այս շոուի հեղինակներն այսպիսով հույս ունեն աջակցություն ապահովել Հայաստանի դեմ ռազմական գործողություններում, ապա դա ծայրահեղ անհաջող գաղափար է: Քանի որ ատելությունն օգնում է ոչնչացնել անպաշտպաններին, բայց երբեք չի ամրացնում ոգին եւ, անշուշտ, չի կարող դրդել անձնազոհության: Իսկ առանց դրա չափազանց դժվար կլինի հաղթել պատերազմում:

Արամ Փախչանյանը “Այբ” կրթական հիմնադրամի հիմնադիրներից է եւ ABBYY ընկերության փոխնախագահը:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:


Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին