Ընտրություններին չգնալով՝ նոր քայլ կանեք դեպի անդունդը - Mediamax.am

Ընտրություններին չգնալով՝ նոր քայլ կանեք դեպի անդունդը
4157 դիտում

Ընտրություններին չգնալով՝ նոր քայլ կանեք դեպի անդունդը


Քանիցս հանդիպել եմ մարդկանց, ովքեր ասում են՝ «չեմ գնա ընտրություններին, քանի որ չեմ վստահում կուսակցություններից եւ ոչ մեկին»։

Եկեք բացեք փակագծերը եւ հասկանանք, թե իրականում դա ինչ է նշանակում։

Եթե մենք մեր որոշման համար վստահելի հիմքեր չունենք, սակայն պետք է որոշում կայացնենք, ապա դա դժվար որոշում է։ Սա ահերքելի է։ Ղեկավարելու փորձ ունեցողները գիտեն, որ ամենադժվար որոշումները կայացվում են անորոշության իրավիճակում՝ շատ հեշտ է կայացնել որոշում, երբ ամեն բան պարզ է եւ տրամաբանական։ Սակայն կյանքը, այն էլ մեր օրերի անկանխատեսելի կյանքը, նման շքեղություն հազվագյուտ է պարգեւում։ Ցանկացած ղեկավար գիտի, թե ինչպես է կոչվում դժվար որոշումներից խուսափելու միտումը։ Այն կոչվում է «անպատասխանատվություն»։ Անպատասխանատվությունը ունի տարբեր դրսեւորումներ՝ մանկամտություն, անտարբերություն, անգործություն, ծուլություն։ Սակայն դրանց հիմքում ընկած է անտարբերությունը եւ, շատ հաճախ, խիզախության եւ կամքի պակասը, որը անպատասխանատվության մտերիմ հարազատն է։

Ընտրություններին մասնակցելուց հրաժարվելով, դուք ցուցաբերում ենք անպատասխանատվություն ձեր երկրի նկատամբ։ Երեւի ցանկանում եք, որ ձեզ ապագայում չմեղադրեն սխալ որոշման համար։ Կարող եմ ենթադրել, որ շատերդ ինքներդ ձեզ մեղադրում եք ձեր նախկին սխալ ընտրության համար։ Այս անգամ ցանկանում եք որդեգրել «բա ես ասում էի» շատ հարմար դիրքորոշումը, դիտորդի դերը՝ անկախ ապագա զարգացումներից։ Բայց հիշեք, որ պատասխանատու որոշումներից եւ քայլերից խուսափելն է, որ բերել է մեզ այս հանգրվանին։ Եվ ձեր քայլը հերթական քայլն է դեպի անդունդը։

Երկու խոսք չվստահելու երեւույթի շուրջ։ Հայաստանը փոխադարձ վստահության վարկանիշով աշխարհի «առաջատարներից» է։ Մենք ի սկզբանե չենք վստահում միմյանց, առավել չենք վստահում ճգնաժամների պահերին։ Ցավոք, այսօր սա պետք է ընդունել որպես փաստ եւ գործել՝ ելնելով այդ փաստի առկայությունից։ Այն, որ դուք չեք վստահում որեւէ կուսակցության, օբյեկտիվ պատճառներ ունի, որոնց առյուծի բաժինը համատարած վստահության պակասն է, սակայն դա ձեզ որեւէ կերպ չի արդարացնում։ Դա նույնն է, ինչ սառույցի վրա հայտնվելով՝ թողնեք մեքենայի ղեկը ։    

Ի պատասխան կարող եք ասել՝ «ինձ հանգիստ թողեք, իմ ձայնը ոչինչ չի որոշում»։ Ընդամենը մեկ ձայն է միլիոնից, կաթիլ օվկիանոսում։ Թող որոշեն նրանք, ովքեր գիտեն, թե ում են քվե տալու եւ ինչու։ Սակայն սա ինքնախաբեություն է։ Մենք առանձին անհատներ չենք։ Դեռ նախաֆեյսբուքյան 2000-երի սկզբում անցկացված հետազոտությունները, որոնք բերված են Նիկոլաս Քրիստակիսի եւ Ջեյմս Ֆաուլերի «Փոխկապակցվածները» գրքում, փաստում են, որ մենք մեր վարքագծով եւ մեր գաղափարներով ազդեցություն ունենք ընդհուպ մեզանից հինգ մարդկանցով միջնորդվածների վրա։ Իսկ հիմա հաշվեք, թե ինչ քանակի մարդկանց եք դուք այս կամ այն կերպ «տանում ձեր ետեւից» դեպի անպատասխանատվություն եւ անմասնակցություն։ Եվ մտորեք, թե արդյո՞ք պատրաստ եք այդպիսի բարոյական բեռ վերցնել ձեր վրա։

Ցուցաբերեք հասունություն եւ պատասխանատվություն, անգամ երբ դա դժվար է։ Գնացեք եւ ընտրեք։ Այսօր Հայաստանը դրա կարիքը ունի ավելին, քան երբեւէ։ Մեծ վտանգի առջեւ կանգնած՝ չի կարելի լինել անտարբեր, հանցավոր անտարբեր։

Արամ Փախչանյանը ABBYY ընկերության փոխնախագահն է:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին