Ծայրահեղ ազատականության արհավիրքը - Mediamax.am

Ծայրահեղ ազատականության արհավիրքը
2047 դիտում

Ծայրահեղ ազատականության արհավիրքը


Համոզմունքներով ես մեղմ պահպանողական եմ։ Ես հարգում եմ լիբերալ (ազատական) մտածողություն ունեցող մարդկանց, երբ նրանց մեջ տեսնում եմ լայնախոհություն եւ իրենց քայլերի համար լիակատար պատասխանատվության գիտակցում։ Սակայն ե՛ւ Հայաստանում, ե՛ւ աշխարհում, թափ է առել բոլշեւիզմի նոր տեսակ՝ ծայրահեղ ազատականություն, որը մերժում է կամ վերանայում է բոլոր հիմնարար արժեքները՝ ընտանիք, սեռ, ազգ, պետություն, դրանց փոխարեն ներկրելով ձեւական եւ անբովանդակ կեղծակերպումներ: Ճիշտ այնպես, ինչպես ժամանակին գործում էին բոլշևիկները։

Ծայրահեղ ազատականությունը բերում է պատերազմների, համատարած բռնության, պոպուլիզմի եւ դրա հետեւանքով՝ կործանման։ Ազատականությունը պնդում է, որ չկան կայուն բարոյական կանոններ, դրանք սրբագրվում են ըստ տնտեսական իրականության պահանջների եւ կարող են խմբային բնույթ կրել։ Իրենք հավատում են, որ հասարակության եւ անգամ գլոբալ մակարդակով ինչ-ինչ մեխանիզմներ են աշխատում, որոնցով անընդհատ հաստատվում են նոր եւ արդյունավետ վարքային կանոններ, եւ մարդիկ չգիտես ինչու դրանց պիտի հետեւեն։

Այս տեսակի պատկերացումների որեւէ գիտական ապացույց չկա, բայց լուսավորչությունը եւ գիտությունը իրենց համար դրոշ դարձրած ազատականները դա կարծես թե չեն նկատում։ Իրենք չեն ցանկանում բաց խոստովանել, որ այդ մեխանիզմը իրենց կողմից՝ բռնության եւ ճնշման միջոցով այդ նոր կանոնների հաստատումն է։ Ինչպես եւ «պուպուշիկ» կոմունիստները իրենց սկզբնական փուլում ամեն բան ներկայացնում էին որպես հասարակական օրինաչափություններով պայմանավորված «բնական եւ անխուսափելի ընթացք», ազատականները չեն ուզում խոստովանել, որ իրենց ազատականության կիրառման հիմնական գործիքը բռնությունն է։

Ծայրահեղ ազատականները մերժում են մարդկանց միավորող եւ համաձայնության գալու հիմք հանդիսացող միջմարդկային հարաբերությունների հիմնարար սկզբունքները, մերժում են դրանց՝ մարդկային էությունից բխելու հանգամանքը։ Իրենց համար դրանք կապանքներ են՝ իրենց պատկերացրած «ազատության» իրականացման հասնելու ճանապարհին՝ ըստ «ինչ ուզում եմ, անում եմ, դու ո՞վ ես, որ ինձ ասես թե ես ինչ պետք է անեմ» կոչականի։

Սակայն դա բերում է նրան, որ մարդիկ այլեւս ընդհանուր բարոյական հիմք չեն ունենում՝ ճիշտն ու սխալը զատելու համար, եւ ցանկացած սուր հարց բերում է առճակատման։ Այսօր կարելի է արդարացնել ցանկացած բան։ Ճիշտն ու սխալը որոշվում են ամեն մարդու կողմից՝ նեղ ընկալվող սեփական շահի հետ համադրությամբ։ Դրան գումարենք ստախոսության եւ ապատեղեկատվության զարհուրելի ծավալը (ինչը նաեւ այս ամենի հետեւանքն է), եւ հասկանալի է, թե որն է մարդկանց եւ հասարակությունների միջեւ գնալով աճող անջրպետների պատճառը։ Երբ չկա պայմանավորվելու հիմք, հաղթում է ուժը, իսկ ուժի կիրառումը բերում է պատերազմների։

Երբ չկա ճիշտ ու սխալ, չկա ընդհանուր բարոյական հիմք, մարդկանց հավանությունը ստանում են այն քաղաքական գործիչները, որոնք կարողանում են հաճոյանալ՝ ասել այն, ինչ մարդկանց դուր է գալիս։ Իրենք խոստանում են «ազատել», «ազատագրել», «հարստացնել», «թալանածը վերադարձնել»։ Մարդիկ հաճախ գիտակցում են, որ գործիչը ստում է, սակայն անգամ դա իրենց դուր է գալիս՝ քանի որ ստելը այլեւս «սխալ» չէ, ինչպես եւ սպանելը, թալանելը, ճնշելը եւ այլն։ Սա պոպուլիզմի՝ դարերով հայտնի գործիքներն են, որոնք պետություններ եւ քաղաքակրթություններ են ավիրել։  

Մինչեւ վերջերս այս ամենը խնդիր չէր՝ 20-րդ դարի ընթացքում Արեւմուտքի ազատական հասարակությունները ունեին ուժի առավելություն, այդ պատճառով ուժի միջոցով կանոնների հաստատման սկզբունքը իրենց համար ընդունելի էր, ավելին՝ ցանկալի։ Բարոյականությունը վաղուց արդեն դարձել էր ընդամենը գործողությունները արդարացնելու միջոց, բայց ոչ հիմք։ Սակայն իրավիճակը փոխվում է, աշխարհում առաջանում են ուժի նոր կենտրոններ, որոնք ազատական չեն իրենց բնույթով եւ պատրաստ չեն ընկալել ազատական մտածողությունը որպես որոշումների կայացման հիմք։ Մյուս կողմից, Արեւմուտքի հասարակությունները ներքուստ կազմալուծվում են ծայրահեղ ազատականության մոլուցքի հետեւանքով առաջացած սուր հակասությունների, գլուխ բարձրացնող պոպուլիզմի, քաղաքական եւ հասարակական անպատասխանատվության բարձր մակարդակի պատճառով։ Այս ամենը վտանգավոր միտումներ է առաջացրել, որոնց համար չկան պատրաստի լուծումներ։

Ո՞րոնք են ծայրահեղ ազատականության այս կործանարար ալիքի պատճառները։ Ինչպես ցանկացած ծանր ճգնաժամ, այն պայմանավորված է միաժամանակ բազմաթիվ գործոններով, որոնք՝ գումարվելով իրար, ստեղծել են այսօրվա իրավիճակը։ Թվեմ դրանցից երեքը։

Առաջինը՝ մարդկության առջեւ կանգնած ճակատագրական վտանգն է՝ պայմանավորված կլիմայի փոփոխությամբ։ Մոտ 30 տարի է, ինչ մարդկությունը գիտի սրա մասին, բայց փորձում է անտեսել։ Այսօր արդեն անտեսելը հնարավոր չէ, քանի որ մենք մեր մաշկի վրա ենք զգում հետեւանքները։ Այս պարագայում պատասխանատու դիրքորոշումը չի գրավում մարդկանց համակրանքը, քանի որ այն տագնապալի է։ Այն նաեւ դեմ է տնտեսվարողների շահերին, քանի որ ունի տնտեսական հետեւանքներ։ Հետեւաբար, ե՛ւ քաղաքական գործիչներին, ե՛ւ ֆինանսական օղակների համար պետք են ուշադրությունը շեղող հանգամանքներ, պետք է հանրային անպատասխանատվություն, որպեսզի այս օրհասական խնդրի լուծումը օրակարգում չլինի։ Վտանգին առերեսվելով՝ մարդկանց մեծամասնությունը հակված է մանկամտանալ, թմբիրի պահանջը աճում է։

Երկրորդը՝ զարգացած երկրներում երիտասարդ մարդկանց տոկոսային քանակի նվազումն է, դրա հետ մեկտեղ նրանց տնտեսական կարողությունների աննախադեպ աճը։ Նախկինում երիտասարդ սերունդը չուներ արագ ֆինանսական հաջողության ակնկալիքներ։ Ենթադրվում էր, որ պետք է տարիներ աշխատես, դրա հետ մեկտեղ ձեռք բերես փորձ եւ հեղինակություն, որպեսզի արժանանաս բարձր վարձատրության եւ ֆինանսական կարողություն կուտակես։ Այսօր՝ նոր տեխնոլոգիաների արագ ներդրման համար պահանջվում են երիտասարդներ, նրանց քանակը բավարար չէ, իսկ վարձատրության չափը կտրուկ աճել է։ Երիտասարդներին հատուկ է ծայրահեղականություն եւ ազատական գաղափարներին հարելու հակվածություն։ Իսկ արագ հաջողությունը եւ ֆինանսական անկախությունը իրենց էլ ավելի է համոզում, որ ծնողների կողմից դավանվող սկզբունքները եւ կյանքի մոդելները հնացել են՝ ընտանիքը, երեխաները, կայուն հարաբերությունները այլեւս չեն կարեւորվում, քանի որ ընկալվող հաջողությունները հնարավոր են առանց այդ ամենի։ Ավելին՝ այդ ամենը կարծես թե միայն բեռ է, որը խանգարում է հաջողություններին հասնելուն։

Երրորդը՝ սոցիալական ցանցերի զանգվածային տարածումն է։ Դրանցում թերությունները վերածվել են արժանիքների։ Ցուցամոլությունը, նարգիզականությունը, ստախոսությունը եւ մանիպուլյատիվ պահվածքը «լայքեր» եւ «սրտիկներ» հավաքելու հիմնական միջոցն են։ Չկա արժանիք եւ պատիվ՝ ամեն բան ոտնատակ է արվում։ Դրանք բամբասանքը դարձրել են կյանքի ոճ, աշխարհայացք, առորյա իրողություն, թմրադեղ։ Մարդկային թուլությունների հաշվին հարստանալը դարեր ի վեր եղել է հնարավոր, բայց միշտ պարսավելի գործունեություն։ Այսօր այն կոչվում է «բարձր տեխնոլոգիա» եւ մեծ համբավ է բերում ընկերություններին։

Այս ցանկը կարելի է շարունակել, սակայն մեկ հարց է առաջանում՝ արդյո՞ք մենք դատապարտված ենք։ Արդյո՞ք չկա հույս, որ այս արհավիրքը չի կործանի մարդկությունը։ Վախենամ, որ մեզ մեծ փորձություններ են սպասում։ Հասարակության ծանր հիվանդությունների դեղը, ցավոք՝ մարդկային արյունն է։ Մարդիկ դասեր են քաղում, եթե ընդհանրապես քաղում են՝ մեծ կորուստների գնով։ Մինչեւ ալիքը չգա եւ քեզ չհարվածի՝ չես գիտակցի, թե ինչ է գալիս։ Մեզանից շատ շատերին արդեն հարվածել է, սակայն մարդիկ դեռ կարծես այդ հարվածից չեն արթնացել։ Հավանաբար, համատարած թմբիրի ազդեցությունը դեռ ուժեղ է։

Սպասենք նոր հարվածներին՝ դրանք անխուսափելի են։ Սակայն դրան զուգահեռ պետք է խոսել, որպեսզի արթնացածները ճշմարտությունը ճանաչելու միջոց ունենան։

Արամ Փախչանյանը «Այբ» հիմնադրամի համահիմնադիրն է եւ Հոգաբարձուների խորհրդի նախագահը։

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին