Երեխայի կրթության պատասխանատուն ծնողն է - Mediamax.am

Երեխայի կրթության պատասխանատուն ծնողն է
13525 դիտում

Երեխայի կրթության պատասխանատուն ծնողն է


Ես այս միտքը հաճախ եմ կրկնում տարբեր ելույթներում եւ հաճախ լսում եմ նույն հակափաստարկը՝ որ Սահմանադրությամբ պետությունն է պարտավոր է ապահովել երեխաների կրթությունը։

Եկեք նախ անդրադառնանք Սահմանադրությանը, իսկ հետո խոսենք հարցի բովանդակային եւ բարոյական կողմերի մասին։

ՀՀ Սահմանադրության 36-րդ հոդվածը ասում է․

«Ծնողներն իրավունք ունեն և պարտավոր են հոգ տանել իրենց երեխաների դաստիարակության, կրթության, առողջության, լիարժեք ու ներդաշնակ զարգացման մասին»: Իսկ Սահմանադրության 38-֊րդ հոդվածի համաձայն, պետությունը պարտավոր է տարբեր միջոցներով ապահովել իր քաղաքացիների կրթության իրավունքը եւ ապահովել անվճար միջնակարգ կրթությամբ: Իսկ «Կրթության մասին» օրենքը սահմանում է, թե ինչպես է պետությունը իրականացնում այդ իրավունքը (մասնավորապես, պարտավորեցնելով ծնողներին երեխաներին ուղարկել դպրոց)։

Սակայն երեխաները համատարած վատ են սովորում, իսկ շատ ծնողներ դրանում մեղադրում են դպրոցին եւ ուսուցիչներին, կարծես իրենք երեխաների կրթական արդյունքների համար որեւէ պատասխանատվություն չեն կրում։ Սակայն տրամաբանությունը հուշում է, որ եթե նույն դասարանում կան գոնե մի քանի աշակերտներ, ովքեր լավ կրթական արդյունքներ ունեն, ուրեմն՝ երեխաները այդ դասարանում կարող են լավ սովորել։ Եվ ծնողները պետք է ոչ թե դպրոցին եւ ուսուցչին մեղադրեն, այլ մտածեն, թե իրենք որտե՞ղ են թերացել իրենց սահմանադրական պարտականությունը կատարելիս։

Երեխայի կրթությունը փաստացի պետության պատասխանատվության հանձնելը վաղեմի պատմություն ունի։ Այդ գործընթացը սկսվել է դեռ երեք դար առաջ Պրուսիայում, որը պատերազմում կրած պարտությունից հետո գիտակցեց, որ դրա հիմնական պատճառը բնակչության տարաբնույթ կրթական մակարդակն էր եւ վերակառուցեց դպրոցական կրթությունը՝ փաստացի կտրելով երեխաներին ընտանիքներից եւ պարտադրելով խիստ կարգապահություն պարտադրող կրթական համակարգ՝ բանակի նմանությամբ։

Ինդուստրիալ հեղափոխության շնորհիվ այդ համակարգը շարունակականություն ձեռք բերեց, քանի որ զանգվածային արտադրությունը նույնպես միջին կրթական մակարդակ ունեցող մեծաքանակ մարդկանց կարիք ուներ։ Սակայն կրթության նկատմամբ մեր վերաբերմունքի հիմքերը ամրապնդվեցին խորհրդային պետության օրոք, որի նպատակը «կոմունիզմի մարդ» ձեւավորելն էր։ Կոմունիստների տրամաբանությամբ քաղքենի եւ սեփական շահերի ետեւից ընկած ծնողները չէին կարող դաստիարակել անձնական սեփականությունը արհամարհող եւ սոսկ հանրության նպատակներին ծառայող կոմունիստական սերունդ։ Ծնողը վտարված էր դպրոցից, իսկ երեխաների արժեհամակարգի կորիզը պետք է ձեւավորվեր մանկական եւ պատանեկան կազմակերպությունների կողմից։ Հորը դավաճանած Պավլիկ Մորոզովը պետք է դառնար նոր սերնդի կուռքը։

Այդ համակարգը տապալվեց մեր աչքերի առջեւ, տապալվեց նաեւ խորհրդային պետությունը, սակայն մենք դրանից դասեր չքաղեցինք եւ շարունակում ենք կուրորեն վստահել մեր երեխաների կրթությունը պետությանը։ Ավելի ճիշտ՝ չենք ուզում  ստանձնել այդ բարդ, բայց չափազանց կարեւոր պատասխանատվությունը։

Եկեք զատենք կրթության որակի եւ երեխաների ուսման հարցերը, քանի որ դրանք՝ ինչ-որ չափով փոխկապակցված լինելով, շատ տարբեր են։ Այո, մեր հանրակրթությունը, ցավոք, արդիական չէ, եւ կրթական մոտեցումները, մանկավարժությունը եւ ծրագրերի բովանդակությունը մեծամասամբ չեն համապատասխանում օրվա պահանջներին։ Սակայն եթե երեխան լավ սովորի, իր կրթությունը, միեւնույն է, բավականին լավը կլինի, եւ բավարար կլինի կյանքում հաջողության հասնելու համար։ Եվ եթե 20 տարի առաջ ծնողը կարող էր գանգատվել, որ կրթական համակարգի թերությունները անհաղթահարելի պատնեշ են ստեղծում իր երեխայի զարգացման համար, ապա այսօր՝ համացանցի դարում, ծնողը շատ ավելի մեծ հնարավորություններ ունի իր երեխաների կրթությունը լրացնելու եւ հարստացնելու համար։ Ուղղակի պետք է գիտակցես, որ եթե միայն օրվա հոգսերով առաջնորդվես եւ երեխայի կրթությունը անտեսես, ապա վաղը արդեն ուշ է լինելու։ Մանկությունը սրընթաց է, եւ ամեն կորցրած տարին, ամիսը, օրը անդառնալի են։

Իհարկե, ամեն ծնող ի վիճակի է գործել իր հնարավորությունների սահմանում։ Սակայն հետազոտությունները ցույց են տալիս, որ երեխաների կրթական հաջողությունների վրա ծնողների ազդեցության հիմնական միջոցը ներգրավված լինելն է, եւ դա կախված չէ ընտանիքի սոցիալական կարգավիճակից։ Ներգրավված լինել նշանակում է բովանդակային կերպով հետաքրքրվել երեխայի հաջողություններով եւ խնդիրներով, այլ ոչ թե միայն գնահատականներով։ Նշանակում է՝ տարված լինել երեխայի հետաքրքրություններով, կիսել իր հաջողությունների բերկրանքը եւ կողքը լինել անհաջողությունների պահին։ Նշանակում է՝ ներել սխալները եւ ողջունել ինքնուրույնության դրսեւորումները։ Մի խոսքով, երեխայի կրթական գործը դիտարկել ինչպես քո սեփականը։ Դա է երեխային կրթական հաջողության գլխավոր գրավականը։

Ես կոչ եմ անում ծնողներին՝ վերագնահատեք երեխաների կրթության մեջ ձեր մասնակցության կարեւորությունը եւ ստանձնեք նրանց կրթության ամբողջական պատասխանատվությունը։ Դա անխուսափելիորեն կբերի նաեւ կրթական համակարգի զարգացմանը, մեր դպրոցները կփոխվեն ներքուստ եւ արտաքնապես, եւ մենք հնարավորություն կունենանք դառնալ 21-րդ դարի պետություն, գիտելիքների վրա հիմնված տնտեսությամբ եւ զարգացած հասարակությամբ։
 
Արամ Փախչանյանը ABBYY ընկերության փոխնախագահն է:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին