Լեգենդը պիտի ողջ մնար, բայց մենք դա չարեցինք - Mediamax.am

Լեգենդը պիտի ողջ մնար, բայց մենք դա չարեցինք
10179 դիտում

Լեգենդը պիտի ողջ մնար, բայց մենք դա չարեցինք


Կյանքից հեռացել է «Ղարաբաղ» կոմիտեի անդամ, 1991-ից 1998 թվականներին Հայաստանի Գերագույն Խորհրդի, ապա՝ Ազգային Ժողովի նախագահ Բաբկեն Արարքցյանը:

«Ղարաբաղ» կոմիտեի 11-հոգանոց երկրորդ կազմից, որը ոմանք «դասական» են անվանում, այսօր ողջ են մնում 4-ը՝ Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, Հայաստանի առաջին վարչապետ Վազգեն Մանուկյանը, առաջին նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Աշոտ Մանուչարյանը եւ Քաշաթաղի (Լաչինի) շրջանի երկարամյա ղեկավար Ալեքսան Հակոբյանը:

Կյանքից հեռացել են Համբարձում Գալստյանը, Սամվել Գեւորգյանը, Ռաֆայել Ղազարյանը, Վանո Սիրադեղյանը, Դավիթ Վարդանյանը, Սամսոն Ղազարյանը եւ Բաբկեն Արարքցյանը:

Առիթներ ունեցել եմ գրելու, որ 2013 թվականին «Շարժում 1988/25» հատուկ նախագծի վրա աշխատելը հոգեբանական առումով լրագրողական աշխատանքիս ամենածանր դրվագներից մեկն էր: Միգուցե, 10 տարի առաջ ավելի ռոմանտիկ էի ու ոչ մի կերպ չէի կարողանում համակերպվել այն մտքի հետ, որ երբեմնի ընկերները կարող էին ոչ միայն քաղաքական հակառակորդներ դառնալ, այլեւ մեղադրել միմյանց ամենածանր հանցագործությունների համար եւ ջանքեր չգործադրել հաշտվելու համար:

Այսօր, երբ կյանքը, ցավոք, ստիպում է վերաիմաստավորել որոշ ընկերների հետ հարաբերությունները, ավելի լավ եմ հասկանում, որ այն ինչ ես ու, երեւի, շատերը, ակնկալում էինք «Ղարաբաղ» կոմիտեի անդամներից, չէր կարող ստացվել: Իսկ ցանկությունն այնքան մեծ էր:

Ուզեք, թե չուզեք, բայց «Ղարաբաղ» կոմիտեի անդամները Երրորդ հանրապետության հիմնադիր հայրերն են՝ իրենց բոլոր թերություններով եւ առավելություններով հանդերձ: Այսօր կյանքից հեռացած Բաբկեն Արարքցյանը 1988 թվականին 44 տարեկան էր: Այսօր ես 47 տարեկան եմ եւ չունեմ շատ հարցերի պատասխաններ այն դեպքում՝ երբ ունեմ անկախ Հայաստանի 33 տարիների պարգեւած փորձառությունը: 1988-ին նման փորձառություն չունեցողներից սպասում էինք կատարյալ որոշումներ, անբասիր պահվածք եւ անսասան ընկերական հարաբերություններ:

«Ղարաբաղ» կոմիտեի անդամներից ոչ ոք հուշեր չի գրել: Համենայնդեպս, հակառակն ապացուցող փաստեր չկան: Դա նշանակում է, որ երբ կյանքից հեռանան (թող Աստված նրանց երկար տարիների կյանք տա) կոմիտեի մնացած 4 անդամները, նրանց հետ հեռանալու է մի կարեւոր ժամանակաշրջան, որը մենք չենք կարողանալու ամբողջությամբ վերծանել:

Կարելի է երկար վիճել՝ արդյո՞ք հիմնադիր հայրերը ապրեցին ու ապրում են այնպես, որ մենք վերաբերվենք նրանց որպես հիմնադիր հայրերի: Բայց նման վեճերն ազնիվ չեն՝ հիմնադիր հայրերից գրեթե բոլորը իրենց կյանքում կայացրել են որոշումեր, որոնք ճակատագրական են եղել Հայաստանի լինել-չլինելու համար: Կրկնվեմ՝ այդ որոշումները կայացրել են՝ չունենալով փորձառության այն պաշարը, որից ելնելով մենք այսօր հեշտությամբ ճիշտ եւ սխալ ենք որակում նրանց արածները կամ վերլուծում չարածների հետեւանքները:

Երբ 1996 թվականի աղմկահարույց ընտրություններից հետո փոքրիկ հրաշք տեղի ունեցավ եւ Լեւոն Տեր-Պետրոսյանը համաձայնեց հարցազրույց տալ «Մոսկովսկիե Նովոստի» թերթի եւ «Взгляд» հեռուստահաղորդման թիմին (որի կազմում նաեւ ես էի), նրանից լսեցի խոսքեր, որոնք դաժան էին թվում.

- Պառակտումը մեր միջեւ վերջնական բնույթ է կրում, մենք նույն արտի ցորենն ենք: Մենք բոլորս շատ կայացած մարդիկ ենք: Մի՞թե Լանդսբերգիսը կարող է հավաքել ամբողջ իր ազգային ճակատը: Մի՞թե Գամսախուրդիան կարող էր համախմբել բոլոր իր կողմնակիցներին: Կամ Ելցինն այսօր կարո՞ղ է հավաքել միջտարածաշրջանային խումբը: Նշանակում է՝ կա ինչ-որ օրինաչափություն:

Այսօր, իհարկե, հասկանում եմ, որ այն ժամանակ ընդամենը 43-ամյա Տեր-Պետրոսյանը ճիշտ էր: Բայց հիշում եմ նաեւ իր խոսքերը Վազգեն Մանուկյանի՝ այն ժամանակվա իր հիմնական քաղաքական ախոյանի մասին.

- Վազգենը որպես մարդ շատ ազնիվ է: Նա ամուր բարոյական սկզբունքներ ունի ընտանիքում, կենցաղում, ընկերների հետ հարաբերություններում: Նա շատ մաքուր  մարդ է, բացարձակ անշահախնդիր: Դա կարող եմ գլխովս երաշխավորել:

Արդյո՞ք այսօրվա Հայաստանում քաղաքական հակառակորդներն ունակ են նման բան ասել միմյանց հասցեին: Միանշանակ՝ ոչ: Բոլորս ժամանակին կարող էինք եւ պետք է այնպես անեինք, որ «Ղարաբաղ» կոմիտեի լեգենդը ողջ մնար: Մենք դա չարեցինք:

Արա Թադեւոսյանը Մեդիամաքսի տնօրենն է։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին