Ադրբեջանի գազը եւ Եվրոպան - Mediamax.am

Ադրբեջանի գազը եւ Եվրոպան
2759 դիտում

Ադրբեջանի գազը եւ Եվրոպան


Առաջին հայացքից `Ադրբեջանում գազի նոր հանքավայրի հայտնաբերումը մեծացնում է ԵՄ կողմից անվերապահ քաղաքական աջակցություն վայելող “Հարավային միջանցք” էներգետիկ ծրագրի իրագործման հնարավորությունը: Նախկինում հայտնաբերված գազի աղբյուրներից ամենանշանակալիցն էր Շահ Դենիզը` իր մոտ 1.2տրլն խմ ծավալով, եւ փաստորեն դրան այժմ գումարվում է մոտ 300մլրդ խմ Ապշերոն հանքավայրից : Ծավալները, ինչ խոսք, զգալի են, բայց դա դեռ պետք է արտահանել, ընդ որում` Ռուսաստանին շրջանցելով, որպեսզի հիմնական սպառողը եւ ֆինանսավորողը` Եվրոպան, հետաքրքրված լինի այդ պաշարներով: Հենց այստեղ էլ առաջանում են խնդիրները:

Եվրոպան ակտիվորեն սատարում է Նաբուկկո եւ Թուրքիա-Հունաստան-Իտալիա միակցիչի կառուցման ծրագրերը, որոնց ընդհանուր ծավալը հասնում է 42.8մլրդ խմ տարեկան` համապատասխանաբար 31մլրդ եւ 11.8մլրդ խմ, իսկ ամենալավատեսական կանխատեսումներով 2020թ. Ադրբեջանը կունենա հավելյալ 10-12մլրդ խմ գազի արտահանման հնարավորություն, պայմանով, որ ներքին սպառումը չի գերազանցի 10մլրդ խմ: Հիշեցնեմ, որ տարեկան 8մլրդ խմ պայմանագրված է Բաքու-Էրզրում գազամուղի համար, որը, ի դեպ, նաև ծրագրվում է հզորացնել եւ հասցնել 20մլրդ խմ, որից հավելյալ 6 մլրդ խմ պահանջում է Թուրքիան: Այսինքն, մի կողմ թողնելով նոր գազամուղերի կառուցման ֆինանսական մարտահրավերները, զուտ պաշարների առումով Ադրբեջանը 2020թ. լավագույն դեպքում կապահովի Եվրոպական գազի սպառման 1.56%-ը` Շահ Դենիզ-2-ի ու Ապշերոնի նոր հանքերի ամբողջական շահագործման պարագայում:

Նաբուկկո կոնսորցիումի վերլուծության համաձայն, 2030թ. ԵՄ-27 ունենալու է 637մլրդ խմ գազի պահանջարկ, որի միայն 9%-ն է ապահովվելու ներեվրոպական աղբյուրներից: Տեսականորեն, միայն բոլոր այլ ծրագրերից հրաժարվելու պայմանով Ադրբեջանը կարող է շահագործման սկզբնական շրջանում` 2017-18թթ. Նաբուկկոյին մատակարարել տարեկան մինչեւ 12-13մլրդ խմ ծավալով բնական գազ, ինչը առանց այլ երկրների (Իրաք, Իրան, Թուրքմենստան) մասնակցության իրական հեռանկարի` տնտեսապես հիմնավորված չէ:

“Հարավային միջանցք”-ի իրական արդյունավետությունը կարող էր ապահովվել միայն Իրանի, Իրաքի եւ միջինասիական երկրների` առաջին հերթին Թուրքմենստանի մասնակցության դեպքում, սակայն Իրանը այժմ սուր միջազգային սանկցիաների տակ է, Հյուսիսային Իրաքը մասնատված է եւ վտանգավոր, իսկ Թուրքմենստանը իր ամբողջ արտահանումը աստիճանաբար կենտրոնացնում է չինական շուկայի վրա:

Ադրբեջանական գազի արտահանման իրական պոտենցիալը սահմանափակում է նաեւ ռազմավարական գործընկեր Թուրքիան, որը մինչ այժմ տարանցման կոշտ պայմաններ է առաջադրում, ինչի հետ վաղ թե ուշ պետք է համակերպվի Ադրբեջանի իշխանությունը` այլընտրանքի բացակայությամբ:

Ինչպես եւ Բաքու-Էրզրում գազամուղի կառուցման ժամանակ, Ադրբեջանից գազի արտահանման նոր, Ռուսաստանը շրջանցող ճանապարհների աջակցությունը ունի ոչ թե իրական ռեսուրսային հիմք, այլ ընդգծված քաղաքական նշանակություն եւ պատահական չէ այդ երկրում ԱՄՆ դեսպան Մ.Բրայզայի հապճեպ արձագանքը` ֆրանսիական Total ընկերության հաջողությանը: Այնպես որ գազի արտահանման նոր երթուղիների շահագործման դեպքում Ռուսաստանը, թերեւս, կարող է դիմել ավելի կտրուկ տնտեսական միջոցառումների` Ադրբեջանի ցանկությունները սահմանափակելու ուղղությամբ:

Մյուս կողմից` Եվրոպայից (բայց ոչ Թուրքիայից) հրաժարվելու եւ ամբողջովին դեպի Ռուսաստանը շրջվելու դեպքում, Ադրբեջանի իշխող վարչակազմը կհայտնվի մարդու իրավունքների եւ ժողովրդավարության վերաբերյալ քննադատության եւ քարոզի կիզակետում, ինչը, դատելով այլ երկրների օրինակից, կարող է ճակատագրական լինել ոչ ժողովրդավարական ռեժիմի համար:

Հովհաննես Նիկողոսյանը Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի Քաղաքական գործընթացների եւ տեխնոլոգիաների ամբիոնի վարիչն է:


Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին