Հեռակա զրույց Արարատ Միրզոյանի հետ - Mediamax.am

Հեռակա զրույց Արարատ Միրզոյանի հետ
2818 դիտում

Հեռակա զրույց Արարատ Միրզոյանի հետ


Մի քանի օր առաջ Ազգային Ժողովի նախագահի օգնականին նամակ էի ուղարկել՝ առաջարկելով «Կարմիր թել» շարքի համար հարցազրույց անցկացնել Արարատ Միրզոյանի հետ: Որեւէ պատասխան չստացա, իսկ երեկ հրապարակվեց Արարատ Միրզոյանի «Ճեղքել հուսահատությունը. Ճանապարհ դեպի ապագա» հոդվածը:

Քանի որ հարցազրույց վերցնելու հնարավորություն չունեմ, կփորձեմ հեռակա զրույց վարել ԱԺ նախագահի հետ՝ անդրադառնալով նրա հոդվածի որոշ հատվածներին: Քանի որ պարոն Միրզոյանին ճանաչում եմ անձամբ, ինձ թույլ կտամ իրեն դու-ով դիմել:

Արարա՛տ, հոդվածդ սկսում ես այսպես.

«Վերջին յոթ ամիսների հարաբերական լռությունս պայմանավորված է եղել երկու հիմնական հանգամանքով: Նախ՝ բոլոր էական հարցերի մասին ճշմարտություններն առանց ինձ էլ բարձրաձայնվել են եւ ոչ մեկ անգամ: Այդ ճշմարտությունները, ցավոք, արագորեն տարրալուծվել են կեղծիքի ու ստի ամենօրյա հորձանուտում եւ ջանասիրաբար բարձրացվող քաոսային աղմուկի մեջ, սակայն վստահաբար իրենց արմատներն են գտել մեր ժողովրդի ամենատես ու իմաստուն մտքում եւ անխուսափելիորեն տալու են իրենց պտուղները»:

Ինչո՞ւ այդ «ճշմարտություններից» որեւէ մեկը չներկայացնելով՝ գրում ես դրանց «տարրալուծման» մասին: Պատմաբան լինելով, հաստատ գիտես, որ պատմությունը հստակ օրինակներ է սիրում եւ հոդվածիդ ընթերցողին պետք է հնարավորություն տայիր ծանոթանալ գոնե մի քանիսի հետ:

Գրում ես, որ այս յոթ ամիսները փորձել ես օգտագործել «ինքնահայեցողության, առկա քաղաքական ժամանակն ու տարածությունը, ինչպես նաեւ մեր երկրում եւ նրա շուրջ վերջին տասնամյակներին հյուսված իրադարձություններն ավելի լավ հասկանալու համար»:

Նախ, կարծում եմ, որ դու եւ ձեր քաղաքական թիմը վերջին տասնամյակների իրադարձությունները պետք է հասկանայիք եւ վերլուծեիք մինչեւ իշխանության գալը կամ առնվազն՝ գալուց անմիջապես հետո:

Ինչ վերաբերում է «ինքնահայեցողությանը», ապա, իմ կարծիքով, ծանրագույն պարտություն կրած պետության թիվ երկրորդ պաշտոնյան պետք է իր ժամանակը այլ կերպ տնօրիներ: «Ինքնահայեցողությանդ» բնավ դեմ չեմ, բայց միգուցե կարելի էր չբարձրաձայնել այդ մասին:

Ընդհանուր առմամբ, տպավորություն ստացա, որ հոդվածիդ գլխավոր նպատակներից մեկը մամուլում ժամանակ առ ժամանակ հայտնվող՝ քո եւ ձեր քաղաքական թիմի առաջնորդի իրական կամ մտացածին տարաձայնությունների մասին լուրերը հերքելն էր: Այլապես դժվար է հասկանալ, թե ինչու ես քո հեղինակային հոդվածը առատորեն համեմում Փաշինյանի կողմից բազմիցս հնչեցված թեզերով: Մասնավորապես, գրում ես.

«Բազմաթիվ դրվագներով հերոսական, բայց միաժամանակ ծանր ընթացքով ու գերցավալի կորուստներով պատերազմի ու նաեւ պատերազմից հետո մեր պետության նկատմամբ շարունակական սադրանքների հետեւանքով առաջացած անձնային, հասարակական եւ պետական-ինստիտուցիոնալ տրավման շատերին գրեթե մղել են հուսահատության: Խնդիրը հատկապես սրվում է, երբ ներքին եւ արտաքին ուժերի առնվազն առերեւույթ համակարգված գործողությունների հետեւանքով հասարակությունը պարբերաբար ենթարկվում է նոր հոգեբանական տեռորի, ունենում է անվտանգային նոր մտահոգություններ եւ պահանջում արագ լուծումներ, որոնք ոչ միայն միշտ չէ, որ կարող են լավագույնը լինել, այլեւ ճիշտ հակառակը՝ ամենայն հավանականությամբ կարող են հանգեցնել նոր անկանխատեսելի հետեւանքների»:

Եթե կան ներքին կամ արտաքին ուժերի համակարգված գործողությունների ապացույցներ, ներկայացրու դրանք հանրությանը: Եթե չկան, ապա ակնարկները («առնվազն առերեւույթ») տեղին չեն: Ինչ վերաբերում է «հոգեբանական տեռորին», ապա դրանով հատկապես վերջին օրերին զբաղված է ձեր քաղաքական ուժի առաջնորդը՝ պետության ղեկավարին անհարիր բառապաշարով եւ ընդդիմախոսներին ուղղված անթաքույց սպառնալիքներով:

Նկարագրում ես «արագ լուծումների» վտանգները, բայց չես խոսում այն մասին, որ դուք ոչ մի տեսակ լուծումներ չեք ապահովում: Մոտ երկու շաբաթ է անցել, ինչ ձեր քաղաքական ուժի ղեկավարը հանդես եկավ սահմանային լարվածության լիցքաթափման «պլանով», որին առ այսօր ոչ ոք չի արձագանքել՝ ոչ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները, ոչ էլ Ադրբեջանը:

Հոդվածիդ «Վերագործարկում» բաժնում գրում ես.

«Խորապես բարեփոխել ու նոր իրողություններին համապատասխանեցնել Զինված ուժերը: Վերագործարկել անվտանգային ճարտարապետությունն առհասարակ: Մեր ռազմավարական դաշնակցի, նաեւ ԵԱՀԿ ՄԽ մյուս համանախագահների եւ տարածաշրջանի կայունության մեջ հետաքրքրված մյուս գործընկերների հետ համատեղ ապահովել հրադադարի ռեժիմի պաշտպանությունը եւ Հայաստանի Հանրապետության պետական սահմանների ողջ երկայնքով եւ Արցախում Ադրբեջանի կողմից նոր սադրանքների բացառումը»:

«Վերագործարկել անվտանգային ճարտարապետությունն առհասարակ»` ի՞նչ է սա նշանակում, Արարա՛տ: Միթե՞ վերջին պատերազմը ձեզ չսովորեցրեց, որ չի կարելի հանրային տիրույթում նման սիրողական եւ մակերեսային հայտարարություններ անել, որոնք երբեք անհետեւանք չեն մնում: Երբ այդպես վստահ գրում ես հրադադարի ռեժիմի «համատեղ» ապահովման մասին, ինչո՞ւ չես մատնանշում, թե դա ինչպես պետք է տեղի ունենա գործնականում: Չեմ հավատում, որ միջազգային անցուդարձին չես հետեւում եւ տեղյակ չես, թե ինչ ցածր կետում են գտնվում մեր ռազմավարական դաշնակցի եւ «հավաքական Արեւմուտքի» հարաբերությունները:

Սկսելով կարդալ հոդվածդ, հույս ունեի, որ փորձելու ես անկեղծ լինել: Ցավոք, հոդվածդ հիմնականում այն մասին է, թե ինչքան վատն են նախկինները, ինչպես են ամեն քայլափոխի փորձում «տորպեդահարել» ձեր բարի նպատակները: Ցավոք, հոդվածդ ընդամենը բարի ցանկությունների հավաքածու է՝ որեւէ ուղղությամբ կոնկրետ քայլեր չես մատնանշել:

Միգուցե կհամակերպվեի վերը թվարկածի հետ, եթե քո հոդվածում «ներողություն եմ խնդրում» արտահայտություն լիներ: Ընդ որում` ներողություն ոչ թե ձեր քաղաքական ուժի վարած քաղաքականության համար, որի հետեւանքով հայտնվեցինք համազգային աղետի առջեւ: Ներողություն էի ակնկալում քո այս գրառման համար, որը արել էիր 2020 թվականի սեպտեմբերի 29-ին.

«Այս պատերազմն ավարտվելու է Ադրբեջանի բանակի կամ առնվազն դրա ողջ հարվածային պոտենցիալի լիակատար ոչնչացմամբ, և վերականգնվելու համար այդ երկրին մի քանի տասնյակ տարի է հարկավոր լինելու։ Եվ սա քարոզչական ու ոգևորիչ նշանակության գրառում չի»։

Իմ պատկերացմամբ, նման գրառման հեղինակը նոյեմբերի 10-ից հետո պետք է ոչ միայն թողներ Ազգային Ժողովի նախագահի պաշտոնը, այլեւ ընդմիշտ հեռանար քաղաքականությունից: Բայց դու անգամ ներողություն չխնդրեցիր: Ցավում եմ, որ յոթ ամիս տեւած «ինքնահայեցողության» ընթացքում չզգացիր դրա կարեւորությունը:

Արա Թադեւոսյանը Մեդիամաքսի տնօրենն է։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին