Քադդաֆիից հետո - Mediamax.am

Քադդաֆիից հետո
3891 դիտում

Քադդաֆիից հետո


Անշուշտ, աշխարհն ավելի անվտանգ եւ խաղաղ է ամեն հերթական բռնակալի գահազրկումից հետո: Բայց միջազգային ստատուս քվոյի հիմնասյուները նույնպես խարխլվում են եւ միգուցե սա քննարկման ավելի լուրջ առարկա է:

Արաբական աշխարհի զարթոնքը կամ "գարունը", որ սկսվեց Թունիսից եւ Եգիպտոսի Թահրիր հրապարակից, իսկ այսօր զարգանում է Լիբիայում, նոր հարցեր է առաջացնում միջազգային անվտանգության եւ կայունության տեսակետից: Երբ կմարեն գլոբալ ժողովրդավարության հաստատման կողմնակիցների, CNN-ի եւ Al Jazeera-ի կողմից հրահրվող ոգեւորությունն ու ինքնամոռացությունը, շատերը կարող են ընկալել, որ անբուժելի հարված է հասցված պետությունների ինքնիշխանության վերջին մնացորդին` ղեկավարների անձեռնմխելիությանը: Այս հարվածը կարելի է հիրավի համեմատել 1999-ին Հարավսլավիայի ռմբահարմամբ սկսված հայտնի իրադարձությունների շարանի հետ:

Ի դեպ, եթե ՄԱԿ Կանոնադրությունը ընդունենք, որպես միջազգային պայմանագիր, ապա դրա մեջ ներկայացված դրույթները պետք է գործեին բոլոր մասնակիցների շարունակական (!) համաձայնությամբ` ըստ կանխադրման: Բայց 1990-ից ի վեր ԱՄՆ, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի կամ Ռուսաստանի (2008-ին Վրաստանում) գործողությունները հստակ ցույց են տալիս, որ այդ առանցքային պետությունները նվազագույնը լռելյայն "հետ են վերցրել" իրենց համաձայնությունը Սան Ֆրանցիսկոյի համաձայնագրերի որոշ դրույթներից:

Ընդհանրական առումով կարելի է նշել, որ ՄԱԿ Կանոնադրությունը ճանաչում է արժեքների երկու հավասարազոր համակարգեր` մարդու իրավունքների եւ պետությունների ինքնիշխանության հարթությունները, որոնք, ըստ էության, բախվում են արաբական երկրներում այսօր: Դեռեւս 1992-ին ՄԱԿ Գլխավոր քարտուղար Բուտրոս-Ղալին իր հայտնի "Խաղաղության օրակարգ" զեկույցում փորձել էր գտնել մարդու իրավունքների եւ պետությունների ինքնիշխանության միջեւ առկա "ոսկե միջինը", սակայն դատելով հետագա զարգացումներից` անհաջող:

Շատ հեղինակներ մեր ժամանակներում ներկայացնում են պետական սուվերենությունը, որպես ոչ-բացարձակ արժեք, ինչը հարաճուն կախման մեջ է պետության կենտրոնական իշխանությունների կառավարման արդյունավետությունից եւ որակից, ինչպես նաեւ մարդու հիմնարար ազատությունների նկատմամբ նրանց քաղաքականությունից: Իհարկե, արաբական աշխարհը երբեւէ աչքի չի ընկել մարդու իրավունքների բարձր արժեւորմամբ, եւ եթե հիշենք Եգիպտոսում կամ Բահրեյնում տեղի ունեցող վերջին իրադարձությունները, վերը ներկայացված սուվերենության "պայմանականությունը" կարելի է նկատել գործնականում` ժողովրդական անհնազանդության այդ շարժումների նկատմամբ եվրոպական եւ շատ այլ երկրների  վերաբերմունքից եւ նույնիսկ կանխակալ աջակցությունից:

Նախօրեին աշխարհի առաջատար ԶԼՄ-ները լի էին նման գլխատառերով. Լիբիայի խռովարար ապստամբները "գրոհում են" մայրաքաղաք Տրիպոլիում Մ.Քադդաֆիի նստավայրը: Ավելին` դեռ հուլիսի կեսերին մոտ 30 պետություններ ճանաչել էին ապստամբների կառավարությունը, որպես Լիբիայի լեգիտիմ իշխանություն եւ, օրինակ, Միացյալ Նահանգները հավատարմագրել էին նրանց դեսպանորդին Վաշինգտոնում:

Վեստֆալյան համակարգում նման իրավիճակը անկասկած կբնութագրվեր, որպես պետության սուվերենության սպառնալիք, նման գործողությունը կգնահատվեր, որպես միջազգային բնույթի հանցագործություն, իսկ հանցագործները կդատապարտվեին միջազգային բնույթի պատասխանատվության: Սակայն այսօր հասունացող աշխարհակարգը չունի նման "բարդույթներ":

Նաեւ հարց է առաջանում. արդյոք այսօրվա Եգիպտոսը կամ վաղվա Լիբիան ավելի անվտանգ են լինելու իրենց քաղաքացիների համար, քան Մուբարաքի եւ Քադդաֆիի օրոք: Լիբիայի դեպքում, եթե ՄԱԿ ԱԽ 1970 եւ 1973 բանաձեւերով ՆԱՏՕ-ն ստացավ օդային հարվածների լեգիտիմացում, ապա ով պետք է Քադդաֆիի հեռացումից հետո զբաղվի նախկին կոմբատանտների դեմոբիլիզացիայով եւ ռեինտեգրացիայով, ով պետք է վերահսկի բնակչությունից զենքի առգրավումը, և վերջապես` ով կվերադարձնի լիբիացիներին խաղաղ կենսագործունեության… Ակնհայտ է, որ անցումային շրջանի կառավարությունը ի զորու չի լինելու իրականացնել այդ առաքելությունը, իսկ միջազգային որեւէ կազմակերպություն, ներառյալ ՄԱԿ-ը, չունի նման մանդատ` եւ դժվար էլ ունենա մոտ ապագայում:

Երբ 2006-ին Միջազգային Քրեական Դատարանը կալանավորեց եւ դատական գործընթաց սկսեց Լիբերայի այնժամ գործող նախագահ Չ.Թեյլորի դեմ` միջազգային հանրությունը վերջապես ականատես եղավ Հռոմի Ստատուտի լիարժեք կիրառմանը, երբ սուվերեն երկրի` նախկինում անձեռնմխելի ղեկավարը ենթարկվեց միջազգային քրեական պատասխանատվության` պաշտոնավարման ընթացքում թույլ տված հանցագործությունների համար: Ի դեպ, որպես նախադեպ հաճախ խոսում են Հարավսլավիայի նախկին ղեկավար Ս.Միլոշեւիչի դատավարության մասին, սակայն իրականում կալանավորման պահին վերջինս արդեն պարտվել էր ընտրություններում եւ այլեւս անձեռնմխելի չէր: Այս եւ այլ օրինակները հետզհետե ապացուցում են, որ մարդու իրավունքների մասսայական եւ կոպիտ խախտումները դուրս են ներպետական օրենսդրության սահմաններից եւ պետք է դառնան միջազգային քննության առարկա:

Իհարկե, հաշվի առնելով Ժնեւյան կոնվենցիաների լայնիմաստ ձեւակերպումները` "մարդու իրավունքների խախտում" որակումը ինքնին քաղաքական գնահատական է: Այս առումով միջազգային հարաբերություններում համակարգային խորը ճգնաժամ է սկսվում, ինչի ֆորմալ մարտահրավերը եղավ հարեւան Իրանից, երբ առաջարկվեց իրանցի խաղաղապահներ ուղարկել "…Լիվերպուլ եւ Բիրմինգեմ` մարդու իրավունքների պաշտպանությունը եւ [բրիտանական կառավարության կողմից] ուժի կիրառման բացառումը" ապահովելու համար: Ունենալով նաեւ համացանցում տեղադրված բազում ձայնագրությունները, կարելի է փաստել, որ բրիտանական ոստիկանությունը հաճախ նաեւ անհամադրելի ուժ է կիրառել խռովարարների դեմ` հայտնի անկարգությունների ժամանակ: Ոմանց համար ծիծաղի առիթ, բայց այս հայտարարությունը “երրորդ աշխարհի” երկրների ընդհանրական  մարտահրավերն էր ատլանտյան քաղաքականությանը:

Ատլանտյան քաղաքականության մշտական քննադատները, ոչ բոլորովին անհիմն, միգուցե մատնանշեն, որ Լիբիան ՕՊԵԿ-ի 8-րդ խոշոր նավթ արտադրող անդամ-երկիրն է, նրա տարածքի 75%-ի ընդերքում արտահանման պիտանի նավթամթերք կա, իսկ արտահանման 70%-ը մինչեւ ս.թ. փետրվարին սկսված խռովությունները բաժին էր ընկնում ԵՄ երկրներին` Իռլանդիա, Գերմանիա, Իսպանիա, Իտալիա, ինչը կազմում էր ԵՄ ներկրման մոտ 10%-ը: Մինչ քաղաքացիական պատերազմը Լիբիան արտահանում էր աշխարհում օգտագործվող նավթի 2%-ը` օրական 1.6մլն բարել, եւ ունակ էր պահելու այդ միտումը առաջիկա 80 (!) տարիների ընթացքում: Փակագծերում նշենք, որ Ադրբեջանը Բաքու-Ջեյհան նավթամուղով արտահանում է մոտ 1մլն բարել օրական, թեեւ պաշարները շատ ավելի քիչ են:

Պետության եւ նրա ընտրված կամ արդյունավետ գործող իշխանության սուվերենությունը ուղիղ հարվածի տակ դնող եվրո-ամերիկյան քաղաքականությունը առաջ է բերում միջազգային անվտանգության նոր տեսության մշակման մարտահրավեր: "Պաշտպանելու պատասխանատվության" դոկտրինը վերանայման հրատապ կարիք ունի:

Հովհաննես Նիկողոսյանը Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի Քաղաքական գործընթացների եւ տեխնոլոգիաների ամբիոնի վարիչն է:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին