Ֆասթ ֆուդն ու կիթառի երեկոն Carnegie Hall-ում - Mediamax.am

Ֆասթ ֆուդն ու կիթառի երեկոն Carnegie Hall-ում
1939 դիտում

Ֆասթ ֆուդն ու կիթառի երեկոն Carnegie Hall-ում


2006-ի աշնանը հայաստանցի լրագրողների մի խումբ ուղեւորվեց ԱՄՆ` վերապատրաստման։ Հ2-ից խմբում այդ անգամ ես էի ընդգրկված։

Ծավալուն ու կարեւոր դասեր էին, որ անցկացվում էին ամերիկյան մի շարք պետական կառույցներում եւ առաջատար լրատվամիջոցներում։ Իսկ դասերից հետո անսահման ազատ ժամանակ կար։ Անսահման, որովհետեւ իրական կյանքն ու զվարճանքը Ամերիկայում գիշերն է սկսվում։ Որ նահանգ էլ որ ժամանում էինք, աշխատում էինք լինել հայտնի վայրերում, թանգարաններում, ցուցասրահներում ու համերգասրահներում։

Ուսումնական ծրագրով մեր այցի առաջին վայրը մայրաքաղաք Վաշինգտոնն էր, եղանք նաեւ Մինեսոտայի, Տեխասի նահանգներում։ Ւսկ վերջին շաբաթվա դասերն արդեն Նյու Յորքում էին։ Այ հենց այստեղ, դասն ավարտվում էր թե չէ, գնում էինք Նյու Յորքը վայելելու։ Որտեղ քիչ թե շատ հնարավոր էր` եղանք, չէինք մոռանում էկզոտիկ սննդի կետերը` եթովպական, մեքսիկական, պերուական ռեստորանները։ Բայց փոխարենը ստիպված եղանք վերջին մի քանի օրը բավարարվել մեկ դոլարանոց ֆասթ ֆուդերով, որովհետեւ էլ փող չունեինք։

Հենց այդ օրերին հասկացանք, որ ամերիկյան ամենակարեւոր համերգասրահում` Carnegie Hall-ում չենք եղել։ Բրոդվեյից ու «Մամա միա» մյուզիքլից հետո Կարնեգի հոլլ գնալը պարտադիր էր։ Միացրեցինք իրար ով որքան գումար ուներ, գնեցինք Կարնեգի Հոլլի բավական թանկ տոմսեր։ Այդ օրը կիթառի երեկո էր։ Հետաքրքիրն այն էր, որ համերգը սկսվում էր երեկոյան ժամը 22։00-ին։ Ամբողջ օրը քաղաքը չափչփելուց, վերջում էժանագին ու վնասակար ֆասթ ֆուդ ուտելուց հետո ժամը 21։30 հասանք հայտնի համերգասրահ։ Բոլորս էլ հազիվ էինք ոտքի վրա մնում, բայց կարեւորը՝ Կարնեգի Հոլլում էինք, կիթառի երեկո էինք վայելելու։ Ու դա հրաշալի էր։

Աշխատակիցը մեզ ուղեկցեց դեպի մեր տեղեր։ Չորս գործընկերներ էինք ու նստած էինք կողք կողքի։ Լույսերը հանգան, կիթառի առաջին հնչյունները մոգական էին։ Այս դահլիճն աշխարհում հայտնի է իր բացառիկ ակուստիկայով։ Չեք պատկերացնի` ինչ աստվածային հանգստություն ու անդորր տիրեց դահլիճում... Հիշո՞ւմ եք, չէ՞, որ հոգնածությունից ոտքի վրա չէինք կարողանում մնալ... Իսկ միջավայրն այնքա՛ն տրամադրող էր։ Ու, անկախ մեզանից, քնեցինք` մանկան անբասիր քնով...

Արթնացանք բուռն ծափերից ու սկսեցինք ամենաբարձրը մենք ծափահարել... հոտընկայս... գոռում էինք ԲՌԱՎՈՈՈ... Հիմա՝ 15 տարի անց, չորսիցս ոչ ոք, ցավոք, կիթառի այդ երեկոն չի հիշում, բայց հո՞ Carnegie hall-ում ենք եղել...

Գայանե Փայտյանը լրագրող եւ հեռուստահաղորդավար է։

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին