Քրոջս վերարկուն՝ երազանք ու նպատակ - Mediamax.am

Քրոջս վերարկուն՝ երազանք ու նպատակ
5918 դիտում

Քրոջս վերարկուն՝ երազանք ու նպատակ


Երեւի բոլորն էլ ամբողջ կյանքում հիշում են այն առաջին, լուրջ ու սպասված գնումը, որ կատարել են առաջին աշխատավարձով։ Ես, սակայն, առաջին աշխատավայրիցս ստացած առաջին աշխատավարձս համարյա վազելով հասցրեցի տուն ու, չեք պատկերացնի՝ ինչ ուրախությամբ ու հպարտությամբ, տվեցի մորս։ Հաջորդ առավոտյան մայրս սնունդ գնելու համար խանութ գնաց...

Դա 1991 թվի նոյեմբեր ամիսն էր։ Ես ԵՊՀ առաջին կուրսում էի սովորում եւ արդեն հոկտեմբերից աշխատում էի։ Պատկերացրեցիք չէ՞, թե 1991 թվի նոյեմբերին որքան դժվար էր ապրելը։ Ոչ տաքանալու հնարավորություն կար, ոչ սնունդ, իսկ հագուստ ու կոշիկ գնելու մասին ոչ ոք չէր մտածում... Բացի ինձանից եւ այն մարդկանցից, ում տանը փոքր երեխա կար... Ես լուրջ խնդիր ունեի։ Քույրս այդ ժամանակ 3-4 տարեկան էր ու, օրինակ, նախորդ տարվա վերարկուն կամ կոշիկը հաջորդ տարի վրայով ու ոտքով չէին լինում։ Բայց դե հաջորդ տարի էլ մի կերպ հագցնում էինք, իսկ մյուսին մնում էր առանց տաք շորի ու կոշիկի։

Քրոջս տաք հագուստ ու կոշիկ ունենալն ինձ համար իսկապես մեծ խնդիր էր դարձել... Սնունդից առավել։ Մայրս շատ լավ կար ու ձեւ է անում, կարողանում էր իմ կամ իր շորերից քրոջս համար տարբեր բաներ ստանալ, բայց վերարկու ու սապոգ կարել չգիտեր։ Ու գիտե՞ք՝ ինչ ստացվեց. ինձ մոտ երազանք ու նպատակ ձեւավորվեց՝ քրոջս համար տաք վերարկու ու սապոգ գնել։ Իսկ գիտե՞ք՝ ինչ է նշանակում աշխատել ու գնալ դեպի նպատակ։ Այդ տարիներին ոչ մի վայրկյան չեմ մտածել, թե ես ինքս ինչի կարիք ունեմ։ Ասում են՝ այդպես լինում է այն մարդկանց հետ, ովքեր ընտանիք են պահում ու ընտանիքի ապրելու հարցն են հոգում...

Հայրս մեզ միշտ շատ լավ է պահել, որեւէ բանի պակաս չենք ունեցել, բայց իր մահից հետո տան ամբողջ բեռն ինձ վրա էր մնացել։ Տարիքիցս մի երեք անգամ ավել մեծացել էի։ Տարբեր առիթներով ասել եմ, որ սովորում էի եւ 4-5 տեղ աշխատում, բայց հազիվ էի հասցնում, ու Մարիաննայիս լավ վերարկուն ու սապոգը շարունակում էին նպատակ մնալ։ Ւսկ Մարիաննան արդեն դպրոցական էր... Մի օր աշխատանքի գնացի, ու ինձ ասացին, որ ինչ որ միջազգային կազմակերպությունից ինձ են փնտրում։ Մի քանի ժամից նորից զանգեցին խմբագրություն, ինձ հրավիրեցին իրենց գրասենյակ՝ զրուցելու։ Հաջորդ առավոտյան գնացի ու ֆիլմի պատվեր ստացա։ Հոնորարը այդ ժամանակվա համար բավականին կլորիկ էր՝ 100 դոլար։

Մի քանի օրից ֆիլմի նկարահանման աշխատանքները սկսվեցին. դեկտեմբերի սկիզբն էր։ Երկու շաբաթում ավարտեցինք նկարահանումները, մեկ շաբաթում էլ՝ մոնտաժը։ Ֆիլմը հանձնեցինք եւ դեկտեմբերի 26-ին ստացա հոնորարս։ Տանը ոչ ոք չգիտեր, որ ես համարյա մեկ ամիս կողքից հավելյալ աշխատանք եմ անում։ 27-ի առավոտյան, ինձ երեւակայելով մեծահարուստ ու վախենալու չափ ինքնավստահ, քրոջս ասացի. «Ման, արի գնանք տոնածառի խաղալիքներ առնենք»։

Մարիաննան հագավ իր 2 չափ փոքր կարմիր կուրտկան, գարնանային սապոգները եւ դուրս եկանք տնից։ Ես գնում էի դեպի իմ նպատակ։ Մետրոյով հասանք հայտնի կինո «Ռոսիայի» տոնավաճառ, անցանք տոնածառի խաղալիքների կողքով ու մտանք հագուստի ու կոշիկի շարքերը։ Ստիպում էի քրոջս հազար ձեւի վերարկու ու սապոգ փորձել։ Ամենատաքն ու սիրունն էի փնտրում։ Գրպանունս մի ամբողջ 100 դոլար կար։ Ու գտա... տաք ու սիրուն «դուբլյոնկա», հետո՝ մորթիով ձմեռային սապոգ, հետո՝ գլխարկ, «շարֆ», ձեռնոց... 100 դոլարից համարյա բան չմնաց, բայց ես երջանիկ էի՝ հասել էի նպատակիս, Մարիաննաս ոտքից գլուխ տաք ու սիրուն հագնված էր։ Ու հենց էդպես՝ լրիվ նոր հագուստով գնացինք տուն։ Մայրս դուռը բացեց ու... փլվեց։

Մնացած գումարը տոնածառի խաղալիքներին չհերիքեց, բայց հին խաղալիքներով տոնածառը դրվեց։ Ու երազանք պահեցի՝ հենց էլի շատ փող աշխատեմ, պապայիս 06-ից եմ առնելու՝ նույն գույնի ու 06-ի շարժիչով...

Գայանե Փայտյանը լրագրող եւ հեռուստահաղորդավար է։

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին