Երեք անմոռանալի գիշեր «հանգուցյալների» հետ - Mediamax.am

Երեք անմոռանալի գիշեր «հանգուցյալների» հետ
4154 դիտում

Երեք անմոռանալի գիշեր «հանգուցյալների» հետ


Ես 11 տարի աշխատել եմ ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությունում։ Աշխատանքը հիմնականում արարողակարգային էր՝ ԱԺ հերթական ու արտահերթ նիստեր, հանդիպումներ, օտարերկրյա պատվիրակությունների ժամանումներ, հայկական պատվիրակությունների պաշտոնական ու աշխատանքային այցեր։

2005-ի նոյեմբերին հայկական պառլամենտական պատվիրակությունը՝ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի գլխավորությամբ, աշխատանքային այցով մեկնեց Ալբանիա։ Արարողակարգի բոլոր նորմերով մերոնց դիմավորեցին Տիրանայի միջազգային օդանավակայանում եւ ուղեկցեցին հյուրանոց՝ Tirana International Hotel:

Թեպետ այս երկիրը Եվրոպայի հարավում է՝ Ադրիատիկ ծովի ափին, Բալկանյան թերակղզու արեւմտյան մասում, այդ ժամանակ գոնե ոչնչով Եվրոպա չէր հիշեցնում։ Բալկանյան ճգնաժամն իր հետքը թողել էր այստեղ, այնպես որ հյուրանոցը, ուր ժամանեցինք, քաղաքի միակ նոր ու ժամանակակից շինությունն էր։

Պատվիրակության բոլոր անդամներին, կարգի համաձայն, ալբանական կողմը տեղավորեց բավական հարմարավետ համարներում, մաղթեց բարի գիշեր ու հեռացավ։ Մենք Ալբանիա էինք ժամանել Ուկրաինա եռօրյա աշխատանքային այցից անմիջապես հետո, Կիեւ-Տիրանա չարտերային չվերթով, իսկ առավոտյան մեկնարկելու էր ՍԾՏՀ ԽՎ լիագումար նիստը, որտեղ նախագահությունը պետք է ռոտացիոն կարգով փոխանցվեր Հայաստանին։ Բոլորս շատ հոգնած էինք ու մի քանի ժամ ունեինք քնելու եւ պատշաճ ներկայանալու կարեւոր միջոցառմանը։

Սենյակի լոգարանում անընդհատ ձայներ էին լսվում։ Մտածեցի՝ հայկական տարբերակով, պանելային շինությունը ինձ է հասցնում հարեւան սենյակի անցուդարձը, իսկ պատկից սենյակում ապրում էր ԱԺ պատգամավոր Գուրգեն Արսենյանը։ Ձայները չդադարեցին ողջ գիշեր, քնել գրեթե չստացվեց։ Մտածում էի՝ հոգնածության, ողջ օրն օդանավակայաններում ու ինքնաթիռում անցկացնելու հետեւանք է։

Առավոտյան մեր պատվիրակության անդամները հազիվ էին ոտքի վրա մնում։ Ոչ ոք չէր կարողացել քնել։ Գերհոգնածությամբ հանդերձ, մերոնց առաջին օրվա աշխատանքը բավականին արդյունավետ էր։ Նիստի ու ընթրիքի ավարտից հետո տարբեր փոքրիկ խմբերով դուրս եկանք քաղաքում զբոսնելու։ Ու, քանի որ տեսարժան ոչինչ չկար, սկսեցինք խանութները չափչփել։ Դրանք առանց չափազանցնելու հիշեցնում էին մեր հայտնի ու բարի «ֆիրդուսնոցը»։ Քաղաքակրթությունը 2005-ին դեռ Տիրանա չէր մտել։

Օրն ավարտվեց ու նորից եկավ քնելու ժամը։ Աստված իմ, համարումս էլի ձայներ են լսվում, շխկոցներ, ոտնաձայներ, շշուկներ... Արդեն վախենում էի։ Գիշերն անցկացրեցի անկողնում նստած ու հեռուստացույցով ալբաներեն անհասկանալի հաղորդումներ դիտելով։ Միակ մխիթարանքս այն էր, որ կողքի համարում մերոնցից մարդ կա, եւ հենց մի բան պատահի, պարոն Արսենյանն օգնության կհասնի։

Առավոտյան հայկական պատվիրակության անդամներից շատերը տանջահար տեսք ունեին։ Ակնհայտ էր, որ գրեթե բոլորս գիշերն առանց քնելու ենք անցկացրել։ Բայց քանի որ յուրաքանչյուրն ինձ պես մտածում էր, որ ամոթ է գիշերային աննորմալ ու ցնորամիտ վախերը բարձրաձայնել, բոլորս լուռ էինք։

Հայերով չքնեցինք նաեւ երրորդ գիշերը, իսկ կեսօրին այցը, բարեբախտաբար, ավարտվեց։ Մի քանի ժամ անց մեր պատվիրակությանն արդեն ուղեկցում էին օդանավակայան։ Ավտոբուսում բոլորս լուռ էինք ու չքնած։ Լրագրողներից մեկը մեզ ուղեկցող անվտանգության ալբանացի աշխատակցին հարցրեց. «Իսկ մեր հյուրանոցի տեղում նախկինում ի՞նչ է եղել»։

Երիտասարդը շատ բարեհամբույր պատասխանեց. «Tirana International Hotel-ը երկու տարի առաջ են կառուցել, այնտեղ նախկինում լքված գերեզմաններ էին...»։

Մեր ավտոբուսը շարունակուն էր ընթացքը դեպի օդանավակայան։ Արդեն հասնում էինք, բայց դեպի Հայաստան բաղձալի թռիչքի մասին էլ ոչ ոք չէր մտածում. ամեն մեկը վերհիշում ու ամփոփում էր «ննջեցյալների հետ» անցկացրած երեք անմոռանալի գիշերները։ Փաստորեն, բոլորս էլ տարօրինակ ձայներ լսել էինք։ Չգիտեմ, իսկապե՞ս հոգնածություն էր դա, թե՞ երկու աշխարհների հանդիպում՝ Ադրիատիկ ծովի ափին։

Գայանե Փայտյանը լրագրող եւ հեռուստահաղորդավար է։

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին