Ինչպես Ստեփան Կարպիչն «օգնեց» ինձ կոտրել ձեռքս - Mediamax.am

Ինչպես Ստեփան Կարպիչն «օգնեց» ինձ կոտրել ձեռքս
1932 դիտում

Ինչպես Ստեփան Կարպիչն «օգնեց» ինձ կոտրել ձեռքս


Լուսահոգի Ստեփան Կարպիչին գրեթե բոլորը գիտեն։ Հայաստանի հեռուստռադիոպետկոմի նախկին նախագահն էր, «Արմենպրեսի» նախկին տնօրենը, ՀԿԿ ԿԿ նախկին առաջին քարտուղարը։ Ֆանտաստիկ պրոֆեսոնալ ղեկավար էր։ Ավագ սերնդի գործընկերներս նրան միշտ բարի խոսքերով են հիշում ու չեն թաքցնում, որ իր ղեկավարման տարիներին հայկական հեռուստաեթերը բացառիկ հագեցած ու հետաքրքիր է եղել։

Տարիքի բերումով, իր ղեկավարման օրոք ես պետական հեռուստատեսությունում չեմ աշխատել, բայց դեռեւս առաջին մասնագիտական քայլերս անելիս իր մասին այնքան էի լսել, թվում էր՝ տեսնեմ թե չէ, անմիջապես կճանաչեմ։

Ա1-ում էի աշխատում, եւ «Թափանցիկ դռներ» հաղորդաշարիս շրջանակներում ինձ բախտ վիճակվեց հյուրընկալել նաեւ Ստեփան Պողոսյանին։ Վերջապես շփվեցի ու ճանաչեցի հայտնի Ստեփան Կարպիչին։ Հարցազրույցից հետո հաճախ էինք տարբեր հարցերով հեռախոսազրույցներ ունենում, մեկ-երկու անգամ էլ գործի բերումով հանդիպեցինք։ Որպես երիտասարդ, սկսնակ լրագրողի, Ստեփան Կարպիչն ինձ ընդունում էր։ Ու դա ինձ համար, որպես ապագա լրագրողի, երջանկություն էր։

1993 թվականի ձմեռն էր, գնում էի «Ավանգարդ» թերթի խմբագրություն։ Դեռ անհիշելի ժամանակներից առաջին ձյունից հետո հրատարակչության շենք տանող ողջ ճանապարհը մինչեւ գարուն պատված էր լինում սառույցի հաստ շերտով։ Այդ շենքի բոլոր աշխատողները կարողանում էին գեղասահորդի հմտությամբ անցուդարձ անել այդ հատվածով։ Ես դեռ նոր էի սովորում։ Այս գործում էլ էի սկսնակ։

Կրկեսի կանգառում տրոլեյբուսից իջա ու փորձում էի քայլերս միլիմետրի ճշգրտությամբ կազմակերպել. այլ կերպ այդ հատվածով անցնել չէի կարողանում։ Աջ կողմից շատ հաստատուն ու արագ քայլերով Ստեփան Կարպիչն էր գալիս։ Սառույցի վրայով առանց ընկնելու քայլելու հարցում էլ էր փաստորեն պրոֆեսիոնալ։ Եկավ, հավասարվեց տանջվող խեղճիս ու ծիծաղելով ասաց.

«Արի՛, արի՛, Գայանե ջան, թեւս մտի. կընկնես, ոտքդ ու ձեռքդ կկոտրես, եթեր չես կարողանա մտնել»։

Փրկությունը գտած խեղդվողի պես անմիջապես թեւանցուկ արեցի Ստեփան Կարպիչին։ Ուղիղ երկու քայլ անելուց հետո Ստեփան Կարպիչը սայթաքեց ու ընկավ։ Բնականաբար, ինձ էլ հետը գցեց։ Իրեն ոչինչ չեղավ, իսկ իմ ձեռքը կոտրվեց, ոտնաթաթս էլ՝ ճաքեց։ Երկու ամիս աշխատանքի չգնացի, եթեր չմտա... Ամբողջ այդ ընթացքում պարոն Պողոսյանը մեր տուն էր զանգում, հետաքրքրվում էր ձեռքիս ու ոտքիս վիճակով, իրեն մի տեսակ մեղավոր էր զգում, իսկ վերջում, երբ գիպսից ձերբազատվեցի, ծիծաղելով ասաց. «Լսի, բայց եթե թեւս մտած չլինեիր ու «ինքնուրույն» ընկնեիր, կարողա ավելի վատ լիներ»...

Ես ու բոլոր նրան ճանաչողները միշտ բարի հուշերով ենք հիշում Ստեփան Կարպիչին։ Լուսավոր հիշատակ, բարի պապիկ...

Գայանե Փայտյանը լրագրող եւ հեռուստահաղորդավար է։

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին