Ժուռնալիստիկան հոբբի չէ - Mediamax.am

Ժուռնալիստիկան հոբբի չէ
3587 դիտում

Ժուռնալիստիկան հոբբի չէ


ԵՊՀ Բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժնում սովորել եմ 1991-96 թվականներին։ Այդ տարիներին կար միայն Հայաստանի պետական հեռուստատեսությունը եւ 2-րդ ալիքը` «Նորք»-ը։ Ռադիոն մեկն էր` Հայաստանի պետական ռադիոն։ Լույս էին տեսնում հայալեզու ու ռուսալեզու թերթեր, ամսագրեր։ Այն ժամանակ ինտերնետ չկար, հետեւաբար՝ չկար նաեւ էլեկտրոնային հարթակ։ Ինձնից շատ առաջ եւ հետո ժուռնալիստիկայի բաժնում սովորողների եւ արդեն ավարտածների համար մասնագիտությամբ աշխատանք գտնելը հեշտ չէր, իսկ եթե բախտ էր վիճակվում, այնուամենայնիվ, մասնագիտությամբ աշխատել, դա մեծագույն պատիվ ու պատասխանատվություն էր։

Հենց այդ տարիներին ինձ աշխատանքն օդ ու ջրի պես պետք էր։ Հորս մահից հետո, մորս ու ինձնից 15 տարի փոքր քրոջս ես էի պահում։ Առաջին աշխատավայրս եղավ «Ավանգարդ» թերթի խմբագրությունը, որտեղ ինձ գիտեին դեռ դպրոցական տարիներից. թղթակցում էի «Ավանգարդին», անգամ հոնորար էի ստանում։ 1-ին կուրսում դարձա թերթի հաստիքային աշխատող։ Բայց շատ քիչ էի վաստակում։ Իմացա, որ կողքի տպարանում տառշարի աշխատանք կա, բայց` գիշերային հերթափոխ էր։ «Ավանգարդին» զուգահեռ, սկսեցի այդ գործն էլ անել։

Ժամանակները դժվար էին, սոված չմնալը հերոսության էր հավասար։ Հաղորդման նախագիծ գրեցի եւ ներկայացրեցի Պետական ռադիոյի երիտասարդական հաղորդումների խմբագրություն։ Նախագիծս ընդունվեց եւ ինձ՝ որպես արտահաստիքային թղթակից եթեր տրամադրվեց։ Սա իմ` զուգահեռ 3-րդ աշխատանքն էր։ Մի նախագիծ էլ համակուրսեցիներով գրեցինք Պետական հեռուստատեսության համար։ Կպատկերացնե՞ք, որ սա էլ ընդունվեց։ Իմիջիայլոց, հենց այդ նախագիծը, որ կոչվում էր «Հայելի», դարձավ իմ հեռուստաեթերի առաջին փորձն ու քայլը։

1991-ի այդ օրերին հայկական մեդիա դաշտում մեծ իրադարձություն տեղի ունեցավ. բացվեց առաջին այլընտրանքային հեռուստաընկերությունը` Ա1-ը։ Ես չէի կարող Ա1 չգնալ։ Ու գնացի։ Ու սկսեցի այստեղ էլ աշխատել։ Ա1-ը ինձ համար դարձավ լրջագույն հեռուստատեսային դպրոցը։ Հիմնադիր Մեսրոպ Լեւոնիչի՝ հայտնի Մելսի շուրջը բացառիկ պրոֆեսիոնալներ էին հավաքվել։ Ես նրանցից հեռուստատեսություն էի սովորում ամեն վայրկյան, իսկ Նունե Սարգսյանը դարձավ այն մարդը, ով ինձ իսկապես սովորեցրեց ինֆորմացիայի այբուբենը։

Ես ոտքով ու գլխով մտել էի ժուռնալիստիկայի մեջ ու դա հրաշալի էր։ Միաժամանակ աշխատում էի 5 տեղ եւ սովորում էի համալսարանում։ Ես հիմա դժվարանում եմ հիշել` ինչպես էի հասցնում, բայց մշտական չքնածությունս, որովհետեւ տպարանում գիշերային հերթափոխում էի աշխատում, երբեք չեմ մոռանում։ Ցավոք, համալսարանի դասերից հաճախ էի բացակայում, բայց, միեւնույն ժամանակ, լավ էի սովորում։ 24 ժամվա մեջ տանը 3-4 ժամ էի լինում, բայց այնքան հպարտ էի, որ լրագրող եմ, աշխատում եմ, ընտանիքս կարողանում եմ պահել։ Չէի էլ պատրաստվում այդ 5 աշխատանքից որեւէ մեկից հրաժարվել, նույնիսկ տառշարի գիշերային գործը տպարանում հետաքրքիր էր։ Ինձ սկսել էին փողոցում ճանաչել, որովհետեւ Ա1-ով ու Պետական հեռուստատեսությամբ գրեթե ամեն օր եթերում էի։

Հենց այդ շրջանում էր, որ ստացա առաջին աշխատանքային հրավերը, ոչ ավել, ոչ պակաս` Պետական հեռուստատեսության «Լրաբեր» ծրագիր, պատշաճ աշխատավարձով։ Ւսկ ես ընդամենը 18 տարեկան էի։ «Լրաբերում» իմ տարիքին ոչ ոք չկար։ Ես վայելում էի մասնագիտությունս ու այնքան շնորհակալ էի Աստծուն, որ մասնագիտության ընտրության հարցում, վերջին պահին ինձ այնքան խելք տվեց, որ հրաժարվեցի բժշկական գնալու մտքից։ Ւսկապես, շատ դժվար եմ հասել իմ այս օրվան։ Այն ժամանակ, կարիքից դրդված, իմ այդքան աշխատելը, ինձ դարձրեց այն, ինչ կամ այսօր։

Երբ նոր էի սկսում ամեն ինչ, ոչ մի վայրկյան չէի մտածում եթեր մտնելու մասին, չէի մտածում, որ ինձ մոտ ոչինչ չի ստացվի, որովհետեւ պապա ու թիկունք չունեմ, չէի մտածում` մասնագիտությունս «փողաբե՞ր» է, թե՞ ամբողջ կյանքում ապրելու եմ չափավոր աշխատավարձով։ Ինձ հետաքրքիր էր ժուռնալիստիկան ու պատվով էի քայլում այդ ճանապարհով։ Հավատացեք, ինձ Բարձրյալը բացառիկ ունակություններով, տաղանդով ու տվյալներով չի օժտել, ես պարզապես շատ եմ աշխատել ու ընտրածս մասնագիտությանը հավատարիմ եմ եղել։

Ի՞նչ եմ ուզում ասել. թող ինքնանպատակ չլինի այս հրաշք մասնագիտության ընտրությունը, եթեր մտնելը, կամ անունը նյութերի վերեւում տեսնելը թող վերջնական արդյունք ու «երազանք» չդառնա, ժուռնալիստիկան որպես հետաքրքիր զբաղմունք ու հայտնի դառնալու կարճ ճանապարհ չդիտվի։ Ինձ համար ժուռնալւստիկան պատասխանատվություն է, պատիվ է, մշակույթ է, հոգեբանություն է, արժանապատվություն է։ Ի տարբերություն իմ սերնդակից լրագրողների, հիմա այս հրաշք մասնագիտությամբ աշխատելը ավելի դյուրին է` հեռուստատեսությունները շատ են, ռադիոկայանները` նույնպես, իսկ օնլայն հարթակը` անծայրածիր։ ԲԱՅՑ. Ժուռնալիստիկան հոբբի չէ, սենսացիան ու հայհոյանքը դեռ ժուռնալիստիկա չէ, լավ համակարգչով նյութեր գրողը դեռ ժուռնալիստ չէ, փողոցում ճանաչվելը դեռ մասնագիտական հարգանքի նշան չէ։ Այս ամենը պետք է արժանապատվորեն վաստակել, իսկ հետո` հպարտորեն վայելել։

Գայանե Փայտյանը լրագրող եւ հեռուստահաղորդավար է։

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին