Կար ժամանակ, երբ ՆԱՏՕ-ն Ալիեւին չէր ներում սուտը - Mediamax.am

Կար ժամանակ, երբ ՆԱՏՕ-ն Ալիեւին չէր ներում սուտը
5786 դիտում

Կար ժամանակ, երբ ՆԱՏՕ-ն Ալիեւին չէր ներում սուտը


Հայաստանի նախագահը մեկնել է Բրյուսել, որտեղ հանդիպելու է նաեւ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ: Այս առիթով մի պատմություն հիշեցի այն ժամանակներից, երբ ՆԱՏՕ-ն ավելի սկզբունքային եւ խիզախ էր:

2003 թվականին Հայաստանն իր պատմության մեջ առաջին անգամ հյուրընկալեց ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակում Cooperative Best Effort զորավարժությունը: Վարժանքն անցավ մեծ հաջողությամբ: Դրան մասնակցեց ոչ միայն Թուրքիան, այլեւ Ռուսաստանը, եւ այդ փաստը հետագայում հատուկ նշում էր ՆԱՏՕ-ի Ռազմական կոմիտեի նախագահը:

2004 թվականին Cooperative Best Effort զորավարժությունը պետք է անցներ Ադրբեջանում, եւ Հայաստանը սկզբից հայտնել էր, որ մասնակցելու է դրան:

Ադրբեջանն ամեն կերպ փորձում էր խաթարել հայ զինվորականների մասնակցությունը. երբ հայ սպաները մեկնեցին Բաքու՝ առաջին նախապատրաստական կոնֆերանսին մասնակցելու, հյուրանոցը գրոհեցին «Ղարաբաղի ազատագրության կազմակերպության» ծայրահեղականները:

Երեւանը, սակայն, դիրքորոշումը փոխելու մտադրություն չուներ եւ պնդում էր իր մասնակցությունը զորավարժությանը: Սակայն Թբիլիսիում Ադրբեջանի դեսպանությունը հրաժարվեց մուտքի արտոնագրեր տրամադրել հայ հինգ սպային: Ի պատասխան՝ սեպտեմբերի 13-ին՝ զորավարժությունների մեկնարկի օրը, երբ բոլոր պատվիրակություններն ու զորախմբերն արդեն հավաքված էին Բաքվում, Եվրոպայում ՆԱՏՕ-ի միավորված զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար, ամերիկացի գեներալ Ջեյմս Ջոնսը չեղյալ հայտարարեց Cooperative Best Effort-2004 զորավարժությունը: Որոշման հիմնավորման մեջ ասված էր, որ Ադրբեջանը խախտել է «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում զորավարժությունների անցկացման հիմնարար սկզբունքը. դրանք պետք է բաց լինեն բոլոր-գործընկեր երկրների համար: Ի դեպ, 2004 թվականի գարնանը Երեւան այցելած Ջոնսի տեղակալ գեներալ Չարլզ Վոլդն ասել էր, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն իրեն անձամբ է հավաստիացրել, որ հայ զինծառայողները կկարողանան մասնակցել վարժանքին:

Այն ժամանակ ՆԱՏՕ-ն Ալիեւին չներեց ոչ սուտը, ոչ էլ «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի սկզբունքների խախտումը: Այսօր ՆԱՏՕ-ն աչք է փակում Ալիեւի սանձազերծած պատերազմի վրա՝ կրկնելով «մենք սատարում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբին» շուտասելուկը:

Արա Թադեւոսյանը Մեդիամաքսի տնօրենն է:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին