2019 թվական՝ կյանք, մարդիկ, փաստեր - Mediamax.am

exclusive
7439 դիտում

2019 թվական՝ կյանք, մարդիկ, փաստեր


Ռոբերտ Քոչարյանը՝ դատարանի դահլիճում
Ռոբերտ Քոչարյանը՝ դատարանի դահլիճում

Լուսանկարը` Ֆոտոլուր

Լուիզ Մանուկյան-Սիմոնը
Լուիզ Մանուկյան-Սիմոնը

Լուսանկարը` Ֆոտոլուր

Միքայել Մինասյանը
Միքայել Մինասյանը
Նիկոլ Փաշինյանը եւ Աննա Հակոբյանը
Նիկոլ Փաշինյանը եւ Աննա Հակոբյանը
Նիկոլ Փաշինյանը եւ Վալերիյ Օսիպյանը
Նիկոլ Փաշինյանը եւ Վալերիյ Օսիպյանը

Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն

Ստեփանակերտի Սուրբ Աստվածածին եկեղեցին
Ստեփանակերտի Սուրբ Աստվածածին եկեղեցին
FAST հիմնադրամի գրասենյակում
FAST հիմնադրամի գրասենյակում

Լուսանկարը` Մեդիամաքս

Արմեն Սարգսյանը Գյումրիում
Արմեն Սարգսյանը Գյումրիում

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն

Իէն Գիլանը, Թոնի Այոմին եւ Արմեն Սարգսյանը Լուսանկարը՝
Իէն Գիլանը, Թոնի Այոմին եւ Արմեն Սարգսյանը Լուսանկարը՝

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն

Հայկական առաքելության անդամները
Հայկական առաքելության անդամները

Լուսանկարը` ՀՀ ՊՆ

Դավիթ Տոնոյանը
Դավիթ Տոնոյանը

Լուսանկարը` ՀՀ ՊՆ

Արթուր Վանեցյանը
Արթուր Վանեցյանը

Լուսանկարը` Ֆոտոլուր

Հայաստանի, Հունաստանի եւ Կիպրոսի ԱԳ նախարարները
Հայաստանի, Հունաստանի եւ Կիպրոսի ԱԳ նախարարները

Լուսանկարը` ՀՀ ԱԳՆ

Լեոնիդ Ազգալդյանը
Լեոնիդ Ազգալդյանը

2019 թվականը դժվարին եւ «տուրբուլենտ» տարի էր: Երեւի բնական է առաջին հետհեղափոխական տարվա համար: Հավակնություն չունենք մեկ հոդվածում ամփոփել այն ամենը, ինչը տեղի է ունեցել տարվա ընթացքում, սակայն փորձել ենք առանձնացնել այն կետերը, որոնք, կարծում ենք, իսկապես կարեւոր են:

 

Տարվա վտանգը՝ ընտանեկան կառավարում

 

2019 թվականի ընթացքում ականատեսը դարձանք մի երեւույթի, որը որոշակի վերապահումներով կարելի է ընտանեկան կառավարում անվանել:

 

Վարչապետի տիկնոջ ակտիվությունը 2019-ին, իմ կարծիքով, դուրս եկավ այն սահմաններից, որոնք սովորաբար գծված են պետության ղեկավարի տիկնոջ համար: Բնական է, վարչապետի տիկինը կարող է լինել նրա թիվ մեկ թիմակիցը, սակայն պարտադիր չէ այդ դերակատարությունը ինստիտուցիոնալ հիմքերի վրա դնել եւ այդպիսով լեգիտիմացնել:

Նիկոլ Փաշինյանը եւ Աննա Հակոբյանը Նիկոլ Փաշինյանը եւ Աննա Հակոբյանը

 

Խոսքն վարչապետի տիկնոջ գլխավորած բարեգործական հիմնադրամների մասին չէ, որոնք իսկապես կարեւոր աշխատանքներ են կատարում: Խոսքն այն մասին է, որ հասարակական կյանքում մշտապես զգում ենք վարչապետի տիկնոջ ներկայությունը, որը, իմ կարծիքով, միշտ չէ, որ օգտակար է:

 

Տարվա կալանավորը՝ Ռոբերտ Քոչարյան

 

2019 թվականի մեծ մասը Հայաստանի նախկին նախագահը անցկացրեց անազատության մեջ: Ռոբերտ Քոչարյանը պնդում է, որ իր «գործը ջուր է», իսկ մեղադրող կողմը եւ իշխանությունները վստահեցնում են, որ գործը լի է սենսացիոն դրվագներով: 

 

Որքան էլ իշխանությունը պնդի, որ որեւէ ազդեցություն չունի դատավորների վրա, դժվար է հավատալ, որ Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելու որոշումը քաղաքական չէ: 

Ռոբերտ Քոչարյանը՝ դատարանի դահլիճում Ռոբերտ Քոչարյանը՝ դատարանի դահլիճում

Լուսանկարը` Ֆոտոլուր

Զավեշտալին, սակայն, այն է, որ Ռոբերտ Քոչարյանի դեմոնիզացիան սկսվեց ոչ թե հեղափոխությունից առաջ, այլ պարբերաբար տեղի էր ունենում այն 10 տարիների ընթացքում, երբ երկիրը ղեկավարում էր Սերժ Սարգսյանը: Այսօր Քոչարյանին պաշտպանող ՀՀԿ կարկառուն ներկայացուցիչները «մոռանում» են դրա մասին: 

 

Իսկ եթե հարցին փիլիսոփայորեն նայենք, ապա կարելի է ասել, որ անազատության մեջ գտնվելով՝ Ռոբերտ Քոչարյանը վճարում է 2008 թվականին Սերժ Սարգսյանին իշխանության բերելու գինը:

 

Տարվա հանրայնացումը՝ Միքայել Մինասյան

 

Միքայել Մինասյանը՝ Սերժ Սարգսյանի փեսան եւ Վատիկանում Հայաստանի նախկին դեսպանը, երկար տարիներ «գորշ կարդինալի» համբավ ուներ եւ հանրային տիրույթում հանդես չէր գալիս: 

 

2019 թվականին Միքայել Մինասյանը փաստացի մուտք գործեց հանրային քաղաքական դաշտ: Ապրիլին նա հոդված հրապարակեց «Նեզավիսիմայա գազետա» թերթում՝ պնդելով, որ հայ-ռուսական հարաբերությունները «նոր ճարտարապետության» կարիք ունեն:

Միքայել Մինասյանը Միքայել Մինասյանը

 

Այնուհետեւ Միքայել Մինասյանը սկսեց հոդվածներ հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որոնցում ավելի ու ավելի կոշտ քննադատության էր ենթարկում վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Տպավորություն կա, որ Միքայել Մինասյանը սեփական քաղաքական հավակնություններն ունի՝ անջատ Սերժ Սարգսյանից եւ վերջինիս ղեկավարած ՀՀԿ-ից:

 

Տարվա հրաժարականները՝ Արթուր Վանեցյան եւ Վալերիյ Օսիպյան

 

Դժվար է ասել, թե ինչ «սեւ կատու անցավ» Նիկոլ Փաշինյանի եւ Արթուր Վանեցյանի միջեւ: Կարեւորը դա չէ: Էականն այն է, որ Արթուր Վանեցյանի անսպասելի վերելքն ու անսպասելի վայրէջքը վկայում են մեր հասարակության մեջ տարօրինակ ընկալումների առկայության մասին: Նախ` ազգային անվտանգության սպան, որը երկար տարիներ աշխատել էր Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի գլխավորած համակարգերում՝ փաստացի դրանց անբաժան մասը լինելով, դարձավ հեղափոխության հիմնական սիմվոլներից մեկը: 

Արթուր Վանեցյանը Արթուր Վանեցյանը

Լուսանկարը` Ֆոտոլուր

Նրա թեթեւ ձեռքով ԱԱԾ-ն հանրային ընկալման մեջ որոշակի գլամուրային երանգներ ստացավ, ինչը, մեղմ ասած, տարօրինակ էր: Հետո Արթուր Վանեցյանը հրաժարական տվեց (կամ էլ` պաշտոնանկ արվեց) ու հասարակության մի մասի համար դարձավ «հերոս», մյուս մասի համար՝ «դավաճան»: Արդյունքում, կարծում եմ, տուժեց ԱԱԾ-ի՝ որպես ինստիտուտի համբավը, քանի որ սա այն կառույցն է, որը պետք է հնարավորինս հեռու լինի բոլոր տեսակի քաղաքական աղմուկներից:

Նիկոլ Փաշինյանը եւ Վալերիյ Օսիպյանը Նիկոլ Փաշինյանը եւ Վալերիյ Օսիպյանը

Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն

Ինչ վերաբերում է Վալերիյ Օսիպյանին, ապա նրա հրաժարականը նման դրամատիզմով լի չէր: Հրաժարականից հետո նա նշանակվեց վարչապետի գլխավոր խորհրդական, անմիջապես մեկնեց արձակուրդ, որից վերադառնալուց հետո ազատվեց նաեւ խորհրդականի պաշտոնից: Առ այսօր Օսիպյանը որեւէ մեկնաբանություն չի արել:

 

Տարվա կորուստը՝ Լուիզ Մանուկյան-Սիմոն

 

Փետրվարին 18-ին 85 տարեկանում մահացավ բարերար Լուիզ Մանուկյան-Սիմոնը:

 

Լուիզ Մանուկյան-Սիմոնը 1989-2002 թվականներին եղել էր Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) նախագահը: Նրա հայրը՝ Հայաստանի Ազգային հերոս Ալեք Մանուկյանը, ՀԲԸՄ 5-րդ նախագահն էր։

Լուիզ Մանուկյան-Սիմոնը Լուիզ Մանուկյան-Սիմոնը

Լուսանկարը` Ֆոտոլուր

Լուիզ Մանուկյան-Սիմոնի ղեկավարությամբ ՀԲԸՄ-ն բազմաթիվ ծրագրեր է իրականացրել Հայաստանում եւ Արցախում: Լուիզ Մանուկյան-Սիմոնի նախաձեռնությամբ է Հայաստանում հիմնվել Ամերիկյան համալսարանը:

 

Լուիզ Մանուկյան-Սիմոնը Հայ առաքելական եկեղեցու խոշորագույն բարերարներից էր։ 2001 թվականին նա ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով պարգեւատրվել էր Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով:

 

Տարվա գործուղումը՝ հայկական առաքելությունը Սիրիայում

 

Փետրվարին հումանիտար ականազերծողներից, բժիշկներից եւ նրանց անմիջական անվտանգությունն ապահովող հայ մասնագետներից բաղկացած խումբը փետրվարին ժամանեց Սիրիա:

 

Կրկնեմ այն, ինչ գրել էի «Համաշխարհային ազգի» մանր բարդույթները սյունակում.

Հայկական առաքելության անդամները Հայկական առաքելության անդամները

Լուսանկարը` ՀՀ ՊՆ

«Երբ կա հնարավորություն պաշտպանել մեր ազգային շահը՝ դուրս գալով Հայաստանի սահմաններից դուրս, դա պետք է անել: Հենց այսպես են «համաշխարհային ազգ» դառնում: Քայլ առ քայլ: Միգուցե այդ քայլերը տասնամյակներ կպահանջեն: Բայց այդ քայլերն են, որոնք նվազեցնում են նորից Դեր Զորում նահատակի կարգավիճակով  հայտնվելու հավանականությունը»:

 

Տարվա մեջբերումը՝ «Կարող ենք քաոս ստեղծել հակառակորդի թիկունքում»

 

Ապրիլին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին խնդրեցինք մեկնաբանել իր հայտարարությունն այն մասին, որ ավելացվելու է գրոհային ստորաբաժանումների քանակը, որոնք կարող են մարտական գործողություններ վարել հակառակորդի տարածքում. 

Դավիթ Տոնոյանը Դավիթ Տոնոյանը

Լուսանկարը` ՀՀ ՊՆ

«Դրանք հատուկ գործողություններ իրականացնող ստորաբաժանումներն են, որոնք անհրաժեշտության դեպքում մեզ հնարավորություն կտան գործողությունները տեղափոխել հակառակորդի տարածք: Սադրանքի դեպքում հակառակորդի հետ առերեսվելու ենք իր տարածքում: Սանձելու ենք հակառակորդին, որպեսզի հաջորդ անգամ նման քայլերի չդիմի: Խոսքը ոչ ստանդարտ քայլերի մասին է: Անհրաժեշտության դեպքում մեր գրոհային խմբերը կարող են քաոս ստեղծել հակառակորդի թիկունքում»,- ասել է նախարարը:

 

Տարվա կոչումները՝ «Արցախի հերոսներ» Լեոնիդ Ազգալդյան եւ Վլադիմիր Բալայան 

 

Օգոստոսին Արցախի նախագահի նստավայրում տեղի ունեցավ պարգեւատրման արարողություն՝ նվիրված Արցախի Հանրապետության հռչակման 28-րդ տարեդարձին:

Լեոնիդ Ազգալդյանը Լեոնիդ Ազգալդյանը

 

Պաշտպանության կազմակերպման գործում Արցախի Հանրապետությանը մատուցած բացառիկ ծառայությունների, ցուցաբերած քաջության ու անձնական արիության համար լեգենդար հրամանատարներ Լեոնիդ Ազգալդյանին եւ Վլադիմիր Բալայանին հետմահու շնորհվեց «Արցախի հերոս» բարձրագույն կոչում:

 

Տարվա քաղաքը՝ Գյումրի

 

Տարվա ընթացքում Գյումրին գտնվում էր իշխանությունների, մասնավորապես՝ նախագահ Արմեն Սարգսյանի եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուշադրության կենտրոնում: 

Արմեն Սարգսյանը Գյումրիում Արմեն Սարգսյանը Գյումրիում

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն

Հայաստանի անկախության տոնակատարությունների անցկացումը Գյումրիում շատերի համար քաղաքը «վերաբացահայտելու» լավ առիթ դարձավ: Շատ գյումրեցիներ խոստովանում են, որ 2019 թվականին քաղաքը նոր շունչ ու եռանդ ստացավ:

 

Տարվա շահարկումը՝ «Ստամբուլյան» կոնվենցիան

 

Փաստաթղթի պաշտոնական անվանումն է «Կանանց եւ ընտանեկան բռնության կանխարգելման եւ դրա դեմ պայքարի եվրոպական կոնվենցիա», սակայն ընդդիմախոսները հասկանալի պատճառներով շեշտադրում են հենց «Ստամբուլյան» ոչ պաշտոնական անվանումը:

 

Բնականաբար, կարելի է բանավիճել կոնվենցիայի այս կամ այն դրույթի շուրջ, բայց ցավալին այն է, որ կոնվենցիայի դեմ են հանդես գալիս այն անհատները եւ ուժերը, որոնք համոզված են, որ երբ ամուսինը ձեռք է բարձրացնում իր կնոջ վրա, նա դրա «իրավունքն» ունի, եւ որեւէ մեկը չպետք է փորձի իրեն կանգնեցնել:

 

Տարվա տագնապը՝ Սեւանա լիճը

 

Կապտականաչ ջրիմուռների բուռն աճով պայմանավորված ամռանը Սեւան լճի զգալի հատվածներ կանաչել էին: Մասնագետները պնդում են, որ ջրիմուռների աճը մի քանի գործոնի հանրագումար է. բնակլիմայական պատճառներ, կեղտաջրեր, ոչ պատշաճ մաքրված տարածքներից հոսքեր, անասնապահություն լճի անմիջական հարեւանությամբ:

 

Սեւանն աստիճանաբար ինքնամաքրվեց, սակայն ակնհայտ է, որ խնդիրը չի լուծվել եւ կլուծվի միայն համալիր միջոցառումների շնորհիվ, որոնք պահանջում են քաղաքական կամք եւ հսկայական ներդրումներ: 

 

Տարվա օծումը՝ Ստեփանակերտի Սուրբ Աստվածածին եկեղեցին

 

Ապրիլի 7-ին` Սուրբ Աստվածածնի ավետման տոնին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ, կատարվեց Ստեփանակերտի Սուրբ Աստվածածին առաջնորդանիստ եկեղեցու օծման արարողությունը:

 

Խորհրդային տարիներին Ստեփանակերտում եկեղեցի չէր եղել, իսկ Սուրբ Աստվածածին եկեղեցու հիմնարկեքը կատարվել էր դեռեւս 2006 թվականին, սակայն շինարարությունը ոչ մի կերպ ավարտին չէր հասցվում:

Ստեփանակերտի Սուրբ Աստվածածին եկեղեցին Ստեփանակերտի Սուրբ Աստվածածին եկեղեցին

 

Եկեղեցու կառուցման հիմնական բարերարներ հանդես եկան Միքայել եւ Կարեն Վարդանյանները, որոնք արժանացան Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» պատվո բարձրագույն շքանշանին: 

 

Տարվա արտաքին քաղաքական որոշումը՝ Իսրայելում դեսպանություն կբացվի

 

2019թ. սեպտեմբերին կառավարությունը որոշում կայացրեց Իսրայելում դեսպանություն բացելու մասին:

 

«Իսրայելում ՀՀ դեսպանություն ստեղծելը եւ այդպիսով երկկողմ հարաբերություններին նոր զարկ տալն ուղղված է տարածաշրջանում Հայաստանի շահերն առավել արդյունավետ պաշտպանելուն»,- ասված էր որոշման հիմնավորման մեջ: Նախատեսվում է Թել Ավիվում դեսպանությունը բացել 2020թ. սկզբին։

 

Տարվա եռակողմ ձեւաչափը՝ Հայաստան-Հունաստան-Կիպրոս

 

2019թ. հունիսի 4-ին Նիկոսիայում կայացավ Հայաստան-Հունաստան-Կիպրոս ձեւաչափով առաջին եռակողմ հանդիպումը՝ արտաքին գործերի նախարարների մակարդակով:

 

Արտգործնախարարները համաձայնության եկան Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ գործընկերության հաստատման շուրջ, որի նպատակն ընդլայնված քաղաքական երկխոսության եւ գործակցության միջոցով երեք երկրի միջեւ խաղաղության, կայունության եւ բարգավաճման խթանումն էր։

Հայաստանի, Հունաստանի եւ Կիպրոսի ԱԳ նախարարները Հայաստանի, Հունաստանի եւ Կիպրոսի ԱԳ նախարարները

Լուսանկարը` ՀՀ ԱԳՆ

Հանդիպմանը որոշում կայացվեց Հայաստանի, Հունաստանի եւ Կիպրոսի ղեկավարների եռակողմ ձեւաչափով առաջին հանդիպումն անցկացնել Հայաստանում 2020 թվականին:

 

Հայաստանի, Հունաստանի եւ Կիպրոսի արտաքին գործերի նախարարների եւս մեկ հանդիպում տեղի ունեցավ Նյու Յորքում, 2019-ի սեպտեմբերին:

 

Տարվա երախտագիտությունը՝ Rock Aid Armenia-ի 30-ամյակը

 

1989 թվականի ամռանը Լոնդոնի Metropolis Studios ստուդիայում ձայնագրվեց Deep Purple խմբի Smoke on the water հիթի «աստղային» տարբերակը՝ 1988 թվականի Սպիտակի երկրաշարժից տուժած Հայաստանին օգնելու նպատակով: 

 

2019 թվականի հունիսի 5-ին Երեւանում տեղի ունեցավ հանդիսավոր երեկո` նվիրված Rock Aid Armenia-ի 30-ամյակին

Իէն Գիլանը, Թոնի Այոմին եւ Արմեն Սարգսյանը Լուսանկարը՝ Իէն Գիլանը, Թոնի Այոմին եւ Արմեն Սարգսյանը Լուսանկարը՝

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն

Երեկոյին մասնակցելու նպատակով Երեւան էին ժամանել ռոքի լեգենդները՝ Deep Purple-ի վոկալիստ Իէն Գիլանը եւ Black Sabbath-ի կիթառահար Թոնի Այոմին, ինչպես նաեւ Rock Aid Armenia նախագծի հեղինակ Ջոն Դին: Այցի եւ տոնակատարության կազմակերպիչներն էին Մեդիամաքս մեդիա ընկերությունը եւ DoSomething կազմակերպությունը (Ավստրալիա): Rock Aid Armenia ծրագրի 30-ամյակի եւ ռոք աստղերի այցի գլխավոր հովանավորը IDBank-ն էր: Միջոցառման գործընկերը Koor գինին էր:

 

Տարվա սարսափը՝ նորածին երեխաների ապօրինի որդեգրման գործը

 

2019թ. դեկտեմբերին Քննչական կոմիտեն հայտնեց, որ օտարերկրացիների կողմից երեխաների ապօրինի որդեգրման դեպքերի առթիվ քննվող քրեական գործի շրջանակում ձերբակալվել են «Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ» ՓԲ ընկերության տնօրեն Ռազմիկ Աբրահամյանը, փոխտնօրեն Արշակ Ջերջերյանը, «Երեւանի մանկան տուն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լիանա Կարապետյանը:

 

Տարիներ շարունակ հասարակության մեջ շշուկներ կային այն մասին, որ Ռազմիկ Աբրահամյանը նորածիններին տարբեր պատրվակներով բաժանում է ծնողներից եւ այնուհետեւ վաճառում: Հուսանք, որ 2020 թվականին կտեսնենք քննության արդյունքները եւ եթե նշված անձանց մեղքը ապացուցվի, նրանք կկրեն ամենախիստ պատիժը:

 

Տարվա նախագիծը՝ «1991»

 

Հայաստանի գիտության եւ տեխնոլոգիաների հիմնադրամը (FAST), Պաշտպանության նախարարությունն ու «Հայ Տեք» կիբեռանվտանգության կենտրոնը հայտարարեցին «1991 ստորաբաժանում»  ծրագրի մեկնարկի մասին։ 

 

«1991 ստորաբաժանում» ծրագրով զինծառայողները ձեռք կբերեն գործնական գիտելիքներ ու հմտություններ, որոնց շնորհիվ զորացրվելուց հետո հնարավորություն կունենան աշխատել ՀՀ ՊՆ համապատասխան ստորաբաժանումներում, առաջատար բարձր տեխնոլոգիական ընկերություններում, գիտահետազոտական լաբորատորիաներում։

FAST հիմնադրամի գրասենյակում FAST հիմնադրամի գրասենյակում

Լուսանկարը` Մեդիամաքս

Ծրագրով ՀՀ զինված ուժերի կազմում կստեղծվի նոր հատուկ միավոր, որի գործունեության արդյունքում հնարավոր կլինի իրականացնել ինչպես ամենօրյա, այնպես էլ միջնաժամկետ եւ երկարաժամկետ խնդիրների լուծմանն ուղղված գիտահետազոտական նախագծեր եւ վերլուծություններ:

 

Փոխըմբռնման հուշագրով FAST-ը կսկսի նախազորակոչային տարիքում գտնվող անձանց տվյալագիտության եւ արհեստական բանականության բնագավառների նախապատրաստական դասընթացներ, ինչի արդյունքում զորակոչիկներն առավել պատրաստված կլինեն «1991 ստորաբաժանում»-ում ծառայություն անցնելու համար: 

 

Դասընթացները կմեկնարկեն 2020 թվականի հունվարին:

 

Արա Թադեւոսյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին