5 հարց ու պատասխան Ստամբուլի կոնվենցիայի մասին - Mediamax.am

6462 դիտում

5 հարց ու պատասխան Ստամբուլի կոնվենցիայի մասին


Լուսանկարը` https://regnum.ru


Երեւան: Մեդիամաքս: Հայ հասարակական եւ քաղաքական շրջանակում շարունակվում են Կանանց եւ ընտանեկան բռնության կանխարգելման եւ դրա դեմ պայքարի եվրոպական կոնվենցիայի (Ստամբուլի կոնվենցիա) վերաբերյալ քննարկումները։

Հայաստանը 2018թ. հունվարին ստորագրել է Ստամբուլի կոնվենցիան, որը ներկայում վավերացման փուլում է։

 

Եվրոպայի խորհուրդն այսօր հանդես է եկել պարզաբանմամբ, որի հիման վրա ներկայացնում ենք, թե ինչ է իրենց ներկայացնում Ստամբուլի կոնվենցիան։

 

1. Որո՞նք են Ստամբուլի կոնվենցիայի նպատակները

 

Կոնվենցիայի յուրաքանչյուր դրույթ նախատեսված է բռնությունը կանխարգելելու, բռնության զոհերին օգնելու եւ երաշխավորելու, որ մեղավորները կկանգնեն արդարադատության առաջ։

 

Կոնվենցիայի ընդունմամբ կառավարությունները պարտավորվում են փոփոխել իրենց օրենքները, ներդնել գործնական միջոցներ եւ ռեսուրսներ՝ ընդունելու կանանց նկատմամբ բռնության եւ ընտանեկան բռնության նկատմամբ զրոյական հանդուրժողականության մոտեցումը։

 

Իրավական պարտավորություններից բացի, կոնվենցիան նաեւ կարեւոր քաղաքական ազդակ է հասարակությանը՝ կանանց նկատմամբ բռնության եւ ընտանեկան բռնության անընդունելիության վերաբերյալ։

 

2. Ստամբուլի կոնվենցիան վերաբերում է միայն կանա՞նց

 

Կոնվենցիան հիմնականում վերաբերում է կանանց, քանի որ ընդգրկում է բռնության այնպիսի ձեւեր, որոնց ենթարկվում են միայն կանայք կին լինելու պատճառով (հղիության հարկադրված ընդհատում, իգական սեռական օրգանների խեղում), կամ որոնց կանայք ավելի հաճախ են ենթարկվում, քան տղամարդիկ (սեռական բռնություն եւ բռնաբարություն, հալածանք, սեռական ոտնձգություն, ընտանեկան բռնություն, հարկադիր ամուսնություն, հարկադիր ամլացում)։

 

Միեւնույն  ժամանակ, կոնվենցիայի դրույթները կիրառում են բռնության բոլոր զոհերի, ներառյալ՝ տղամարդկանց, երեխաների եւ տարեցների նկատմամբ։

 

Պետությունները կարող են որոշել կիրառել, թե ոչ սույն կոնվենցիան ընտանեկան բռնության զոհերի նկատմամբ։

 

3. Ինչո՞ւ է Ստամբուլի կոնվենցիան ներառում «գենդեր» սահմանումը

 

Այս տերմինի նպատակը ո՛չ «սեռ»-ի կենսաբանական եւ ո՛չ էլ «կին» «տղամարդ» սահմանումների փոխարինումը չէ, այլ բազմաթիվ անհավասարությունների ու կարծրատիպերի ընդգծումն է, այն որ բռնությունը ոչ թե կենսաբանական տարբերությունների հետեւանք է, այլ սոցիալական մասնավորապես, հասարակության մեջ կանանց եւ տղամարդկանց նկատմամբ վերաբերմունքի եւ ընկալումների հետեւանք է:

 

4. Ինչպե՞ս է Ստամբուլի կոնվենցիան առնչվում սեռական կողմնորոշման հարցին

 

Կոնվենցիան գենդերային ինքնության եւ սեռական կողմնորոշման, այդ թվում միասեռ զույգերի օրինական ճանաչման վերաբերյալ նոր չափորոշիչներ չի սահմանում։

 

Ստամբուլի կոնվենցիայով արգելվում է խտրականությունը մի շարք հիմքերով, ներառյալ՝ գենդերային ինքնության եւ սեռական կողմնորոշման հիմքով։ Այն երաշխավորում է պաշտպանություն եւ աջակցություն բռնության բոլոր զոհերի համար՝ անկախ նրանց առանձնահատկություններից։

 

Կոնվենցիայի դրույթների կիրառումն առանց գենդերային ինքնության հիմքով որեւէ խտրականության նշանակում է, օրինակ, երաշխավորել, որ տրանսգենդեր անձանց գենդերային ինքնությունը չպետք է խոչընդոտի ընտանեկան բռնության, սեռական բռնության, բռնաբարության եւ հարկադիր ամուսնության հետ կապված նրանց աջակցության եւ պաշտպանության երաշխավորմանը։

 

Նույնը վերաբերում է նույնասեռական հարաբերություններ ունեցող կանանց, որպեսզի բոլոր կանանց, այդ թվում՝ լեսբուհի, բիսեքսուալ եւ տրանսգենդեր կանանց համար հասանելի լինեն, օրինակ, ընտանեկան բռնության զոհերի համար նախատեսված ապաստարանները եւ բռնությունից զերծ ապրելու իրավունքը։ Սա կարող է նաեւ ներառել նույնասեռական տղամարդկանց, որոնք ենթարկվում են ընտանեկան բռնության։

 

5. Ի՞նչ շահարկումներ եւ ապատեղեկատվություն կա կոնվենցիայի վերաբերյալ

 

Ստամբուլի կոնվենցիան չունի ենթատեքստ կամ «քողարկված ծրագիր»։ Այն երկարատեւ բանակցությունների արդյունք է, որը հանգեցրել է Եվրոպայի խորհրդի բոլոր անդամ պետությունների կողմից կոնսենսուսով ընդունմանը։

 

Այն հիմնված է ստուգված եւ փորձարկված քաղաքականությունների եւ օրենսդրությունների վրա, որոնք դրական արդյունքներ են արձանագրել անդամ պետությունների մակարդակով։

 

Ստամբուլի կոնվենցիան առաջ չի մղում ծրագիր, որը կարող է «վտանգել» հասարակությունների սոցիալական կառուցվածքը եւ արժեքները։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին