2019-ի Մեդիամաքսի լավագույն 13 հարցազրույցները - Mediamax.am

exclusive
3654 դիտում

2019-ի Մեդիամաքսի լավագույն 13 հարցազրույցները


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` ԵԱՀԿ

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` ՌԴ ԱԳՆ

Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն


2019 թվականին Մեդիամաքսը տարբեր հարցազրույցներ է հրապարակել՝ քաղաքական գործիչների, արվեստագետների, գիտնականների հետ: Ընտրել ենք դրանցից 13-ը՝ առանձնացնելով որոշ հատվածներ:

 

2019թ. փետրվար 

 

Լենա Նազարյան. «Եթե կարող ես, ուրեմն պարտավոր ես»

- Ես ամեն օր ինչ-որ բան գտնում եմ ինձ քննադատելու համար։ Հանրության արդարացի  քննադատություններն էլ հաշվի եմ առնում։ Եթե քննադատությունը համոզիչ է, գոնե, ինքս իմ մեջ կարող եմ դա խոստովանել։ Խնդիր չունեմ նաեւ հանրային ձեւով դա խոստովանելու։ 

 

2019թ. փետրվար 

 

Հակոբ Արշակյան. Անձնական հաջողությունը շատ փոքր չափանիշ է

- Կարծում եմ՝ մարդը միշտ փոխվում է։ Այս կամ այն աշխատանքն ազդում է եւ՛ բնույթի, եւ՛ մտածողության վրա, սակայն հաճախ մենք լսում ենք ոչ թե աշխատանքից կախված մոտեցումների, այլ մարդու բարոյական կերպարի փոփոխության մասին։ Ես չեմ հավատում, որ մարդու բարոյական կերպարը կարող է փոխվել պայմանավորված պաշտոնով կամ դիրքով։ Նշանակում է` կամ այդ մարդուն լավ չեն ճանաչել, ինքը միշտ այդպիսին է եղել, բայց թաքցրել է իր տեսակը, կամ շրջապատի մարդիկ սխալվում են։ Այլ հարց է, որ փոխվում է աշխատաոճը, ժամանակի տրամադրման չափը, զանգերին պատասխանելու հաճախականությունը։ 

 

2019թ. մարտ

 

Զարուհի Բաթոյան. «Ընդունեցի ինձ այնպիսին, ինչպիսին կամ»

- Ժամանակ առ ժամանակ փորձում եմ շատ կարճ մի բան գրել։ Գրելը ենթադրում է էմոցիոնալ վիճակ։ Իմ ներկայիս աշխատանքի դեպքում ափսոսում եմ վերադառնալ էմոցիոնալ վիճակի, որը կարտահայտվի ստեղծագործության տեսքով։ Առաջնահերթությունների խնդիր է։ Ես հիմա այլ առաքելություն ունեմ, որը շատ ավելի է պետք մարդկանց, քան այն, ինչը կարող եմ տալ որպես ստեղծագործող։

 

2019թ. մարտ

 

Միրոսլավ Լայչակ. Կայուն խաղաղությունը մեկ օրում չի հաստատվում

- Մենք հավատում ենք Մինսկի գործընթացին եւ կապահովենք այն աջակցությունն, որն անհրաժեշտ է հաջողության հասնելու համար: Ես սերտ կապի մեջ եմ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահերի հետ եւ, մասնավորապես, դրական եմ գնահատում Փարիզում արտաքին գործերի նախարարների վերջին հանդիպումը: Նրանց ընկալումը, որ կոնկրետ միջոցներ են անհրաժեշտ ժողովուրդներին խաղաղության պատրաստելու համար, արժանի է մեր աջակցությանը:

 

2019թ. մարտ

 

Դավիթ Փախչանյան. «Երբ եկա, ինձ ասացին՝ ապացուցիր, որ հնարավոր է»

- Երբ փաստացի գտնվում ես պատերազմական վիճակում, շատ լավ հասկանում ես, թե քեզ ինչ է պետք պատերազմելու համար։ Բանակներ կան, որ տարիներով թանկ ռազմատեխնիկա են գնում, հստակ իմանալով, որ մոտակա 50 տարիներին այն չեն կիրառելու։ Մենք կոնկրետ արդյունք ենք ուզում ստանալ ու գրանցել։ Մեր բանակը շատ պահանջկոտ է։ Չես կարող ինչ-որ բան բերել ու տալ բանակին եւ ասել՝ տես, մի բան ենք սարքել, անպայման վերցրեք, կիրառեք։ Եթե իրենց պետք չէ, իրենք դա ոչ կվերցնեն, ոչ կկիրառեն։ Այստեղ գլխավոր խնդիրը արդյունավետությունն է։

 

2019թ. մարտ

 

Քլեր Հաթչինսոն. Գաղտնիքը էստրոգենի ու տեստոստերոնի լավ խառնուրդն է

- Պետք է ունենաք կին առաջնորդներ, որպեսզի կարողանանք այլ մարդկանց ցույց տալ, որ դա հնարավոր է: Կանայք, որպես առաջնորդներ, կարող են իդեալներ որոնող երիտասարդ աղջիկների համար օրինակ դառնալ, որպեսզի նրանք սկսեն մտածել՝ «իսկ ինչո՞ւ ոչ, ես նույնպես կարող եմ դա անել», «Ես կարող եմ լինել նախագահ», «Ես կարող եմ լինել տիեզերագնաց», «Ես կարող է լինել հրշեջ»:

 

2019թ. մարտ

 

Ելենա Վարտանովա. Լրագրությունը միշտ էլ իր ժողովրդի «արդյունքն է»

- Լրագրությունը եւս մեկ լուրջ խնդիր ունի՝ նախկինում գրեթե բոլորը լրագրությունը նույն կերպ էին ընկալում: Նախկինում կար զանգվածային լսարան, իսկ այսօր հասարակության զարգացմանը զուգընթաց լրագրությունը պետք է փոխվի, հարմարվի  իր թիրախային լսարանի շահերին, եւ, հետեւաբար, լրագրությունը երբեմն սկսում է անպետք թվալ։

 

Հետեւաբար, լրագրողը պետք է լինի շատ կրթված եւ շատ նուրբ հոգեբան, որպեսզի հասկանա, թե ինչ տեսակի բովանդակություն է ուզում տեսնել իր լսարանը։

 

2019թ. ապրիլ

 

Դավիթ Տոնոյան. Հաղթանակի կարեւորությունը պետք է արժեւորենք

- Խնդիր կա նաեւ այն առումով, որ մեր հասարակությունում ոմանք չեն գիտակցում, թե ինչ է կատարվել մինչեւ 1994 թվականը, երբ հաստատվեց զինադադարը: Մարդիկ հաճախ լավ չեն պատկերացնում, թե մենք որտեղ ենք գտնվում, ինչ խնդիր ենք լուծում, ինչ առաքելություն ունենք: Ինձ համար շատ վիրավորական է, երբ ծնողները, երբեմն, ասում են. «Ինչո՞ւ պետք է իմ որդին ծառայի Պաշտպանության բանակում» կամ ծառայությունն Արցախում ընկալում են որպես պատիժ կամ փորձանք: 

 

2019թ. ապրիլ

 

Վերա Կոբալիա. «Հայերը եզակի են իրենց միասնականությամբ»

- Կցանկանայի, որ հայ եւ վրացի երիտասարդներն ավելի շատ այցելեին միմյանց երկրներ: Վրացի երիտասարդների 70 տոկոսը չեն եղել Հայաստանում, եւ միգուցե նույն իրավիճակը նաեւ Հայաստանում է: Ես չեմ խոսում միայն տուրիզմի մասին, քանի որ տուրիզմը ճանապարհորդելու միայն մի մասն է:

 

2019թ. հունիս 

 

Միխայիլ Շվիդկոյ. Կենդանի շփումը կդառնա ամենաթանկ բանը

- Եվ քանի դեռ մարդը գոյություն ունի որպես կենսաբանական էակ, այլ ոչ դրա էլեկտրոնային կրկնօրինակը, արվեստը գոյություն ունի։ Եթե մենք կորցնենք մեզ որպես կենսաբանական էակ, արվեստը կմեռնի։ Ուշադրություն դարձրեք, միակ բանը, ինչ երեխաներին չեն սովորեցնում, խաղալն է։ Նրանց սովորեցնում են գդալից ուտել, կարդալ եւ այլն, բայց խաղալ չեն սովորեցնում։

 

2019թ. հոկտեմբեր 

 

Արմեն Օրուջյան. Մենք գիտենք, թե ինչ ենք անում

- Կարեւոր է հասկանալ, թե գլոբալ գիտական-նորարարական էկոհամակարգում որտեղ է գտնվում Հայաստանը, ո՞վ է այստեղ առաջատար, ո՞վ է առաջնորդը, ումի՞ց ենք ուզում ինչ-որ բան սովորել, ո՞ւմ կարող ենք սովորեցնել։ Ամեն ինչ փոխկապակցված է: Հաջողությունն այստեղ կախված է այն ամենից, ինչ տեղի է ունենում աշխարհում, եւ ոչ միայն Հայաստանի ներսում։

 

2019թ. նոյեմբեր

 

Սերգեյ Լավրով. Երեւանը պատասխանատու քաղաքականություն է վարում

- Մեր կարծիքով՝ Երեւանի վարած արտաքին քաղաքականությունը կրում է հավասարակշռված, պատասխանատու բնույթ: Նշում ենք հայ ընկերների՝ Ռուսաստանի հետ ռազմավարական գործընկերությունն ու դաշնակցային հարաբերությունները պահպանելու եւ ամրապնդելու, հետխորհրդային տարածքում տարբեր բազմակողմ միավորումներին եռանդուն մասնակցության հակվածությունը:

 

2019թ. դեկտեմբեր

 

Անջեյ Կասպշիկ. «Հուսով եմ, որ «խաղաղության տակառից» կոնյակ կխմեմ»

- Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպես կշարունակվի գործընթացը եւ ինչպես այն կավարտվի: Դիվանագետը պետք է հաշվի առնի ներգրավված կողմերի շահերը: Բայց երբ ամեն ինչ ավարտվի խաղաղությամբ, միգուցե մի օր կկարողանամ պատմել ձեզ բանակցությունների մի քանի սուր պահերի մասին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին