2019-ի Մեդիամաքսի լավագույն հրապարակումները` մարդկանց մասին - Mediamax.am

exclusive
4872 դիտում

2019-ի Մեդիամաքսի լավագույն հրապարակումները` մարդկանց մասին



2019 թվականին Մեդիամաքսը շարունակեց ուշադրության կենտրոնում պահել մարդուն եւ պատմություններ ներկայացնել ամենատարբեր մարդկանց մասին:

 

Ներկայացնում ենք այն հրապարակումները, որոնք Մեդիամաքսի խմբագրական խորհրդի կարծիքով, լավագույնն էին ավարտվող տարում:

 

Ֆիլիպինցի Ադալիաների ընտանիքը, Ջիվանն ու նրանց Հայաստանը

Ադալիա ընտանիքի փոքրիկ որդու անունը Ջիվան է. երբ ընտանիքն արդեն տեղափոխվել էր Հայաստան, մի քանի անգամ տղային անունով կանչելիս, շատ զարմացել էր, որ նրա անունն այդքան հայտնի է այստեղ: Շրջապատողները սկսել էին անգամ հարցնել, թե արդյո՞ք զույգը տղային հատուկ չէ հայերի՝ կենդանի լեգենդ Ջիվան Գասպարյանի անունով կոչել: Փոքրիկ Ջիվանին շատ է դուր գալիս, որ նա Հայաստանում հայտնի է, ամուսիններն էլ ասում են՝ ուրախ են, որ նրա անվան շնորհիվ նման ամուր կապ է ստեղծվում Հայաստանի հետ:

 

Գերմանիայից Լիլիթն ու Անին, հեղափոխությունը եւ Մածուն շունը

Անին ու Լիլիթը տանը գերմաներեն են շփվում, Լիլիթը հայերեն լավ խոսում է, Անին հայերեն չգիտի. նրա հայրը Հայաստանում երբեւէ չի ապրել, Իրանում է ծնվել, հետո հաստատվել Գերմանիայում: Երկուսից բացի տանն ապրում է նաեւ Մածունը, որը ոչ միայն չի հաչում, այլեւ ամաչում է հյուրասենյակ գալ. նկարվելու համար նրան գրկած են բերում:

 

«Մեկ մարզ, մեկ երգ».Ալինի երաժշտական կամուրջները՝ Հայաստանից Արցախ

Իմ նպատակն է՝ ոչ միայն հայկական, այլ ժամանակակից երաժշտություն ցույց տալ: Սփյուռքում հիմնականում ավանդական ու հայրենասիրական թեմաներին ենք ծանոթ, չգիտենք, թե այս պահին Հայաստանում ինչ է կատարվում: Հայաստանի եւ Սփյուռքի միջեւ իրական կապ չկա, այդ պատճառով էի ես ուզում ծանոթանալ Հայաստանի այսօրվա իրականությանն ու այն փոխանցել Սփյուռքում ապրողներին: Ուզում եմ՝ «Մեկ մարզ, մեկ երգ»-ը կամուրջ դառնա Հայաստանի եւ Սփյուռքի միջեւ:

 

Պատմություն Հուսիկի ու Էլենի մասին, որոնք չեն ուզում տարբերվել

Հուսիկի դպրոցական կյանքի 9-րդ տարին ամենածանրաբեռնվածն ու պատասխանատուն էր։ Բոլոր քննությունները հաջողությամբ հանձնել է։ Դասերն ավարտվել են նաեւ արվեստի դպրոցում ու «Թումո» կենտրոնում։ Նշանակում է՝ հիմա ավելի հաճախ կկարողանա գնալ իրենց քաղաքամերձ տուն՝ կատվի ձագերին խնամելու։

 

«Մի հատ մեծ կատու ունենք՝ Մինոն,  2 հատ էլ ձագ՝ եղբայր ու քույր։ Մեկը վագրի է նման։ Մինոն ոնց որ ուզում է վնասի ձագերին, երեւի մտածում է՝ էս մեր տունն է, ինչի՞ եք եկել»։

 

Չեմպիոն, վարսավիր, մատուցող ու «արեւի լույս» Տիգրանը

Տիգրանի մայրը մոտ երկու երկու ամիս առաջ է մահացել, հայրը՝ շատ ավելի վաղուց, ինքը դեռ փոքր էր։ Հիմա նա պապիկի ու մորաքրոջ հետ է ապրում, նրանց ուրախությունն է։

 

«Ես կուզենայի, որ եթե երեխան ունենա հիվանդություն, ծնողները չհրաժարվեն նրանից, ապրեն իրենց երեխաների հետ, չգցեն մանկատուն կամ օժանդակ դպրոց, պահեն իրենց կողքին։ Ես կուզենամ մանկատներն ու ծերանոցները փակվեն»։

 

Մինչ նյութը պատրաստում էինք հրապարակման, Տիգրանի մորաքույրն է զանգում. «Նորություն ունենք, Տիգրանը որոշել է մատուցող դառնալ, փորձաշրջան է անցնում»։

 

Հայկական միայնակ ծերության 3 երանգները

Շատ տարիներ հետո, տիկին Սվետան Լաուրա տատիկի տան հյուրասենյակում կհիշի, որ 13 տարի առաջ Լենինգրադում՝ վիրահատական սեղանին պառկած, վերջին նախադասությունը, որ լսեց, հետեւյալն էր․

 

- Անիմաստ է։ Ուշացրել եք, շատ եք ուշացրել, քաղցկեղն արդեն իր գործն արել է։

 

Հետո Սվետան կփակի աչքերն ու կիսաձայն մի կերպ կարտաբերի․

 

- Գիտեմ։ Բայց տատիկներն աղոթում են ինձ համար։ Ամեն դեպքում, փորձեք։

 

Երեք գաղթական հայի պատմություն «մարդակեր» Ամերիկայից

Դալարը պատմեց, որ Աբգարիկի սենյակի չորս պատին ամբողջությամբ հայ հերոսների, ֆիդայիների ու ազատամարտիկների նկարներ են փակցված: Բոլորին էլ շատ է սիրում Աբգարիկը, բայց Մոնթեն ու Նժդեհն ուրիշ նշանակություն ունեն իր համար: Հետո դարձավ ամուսնուն եւ ասաց, որ նա է մեղավոր տղայի՝ հայկական բանակում ծառայելու որոշման համար, որովհետեւ դեռ փոքր տարիքից իրենց տղային հայոց պատմության եւ հայ հերոսների մասին է պատմել:

 

 - Դուն ալ քո մեղքի բաժինն ունիս,- վրա բերեց ամուսինը,- դուն ալ օրնիբուն հայրենասիրական երգեր կերգեիր:

 

12 «առաքյալ» բալիկները, Մարտունու «Ոսկեփորիկը» եւ արվեստի դռները

Սուրենն ու Մարին նույն դպրոցում են սովորում, պատահել է՝ հանդիպել են միջանցքներում, բայց երբեք չեն շփվել։ Որ Մարին կարող է ունենալ իր օգնության կարիքը, Սուրենն առաջին անգամ հասկացել է խորհրդավոր անվանմամբ միջոցառման՝ հրեշտակակերտության ժամանակ։

 

Պապիե-մաշեից պատրաստված հրեշտակներն ինտեգրման խորհրդանիշ են դարձել։ Հաշմանդամություն ունեցող երեխաները գունավորում են դրանք հասակակիցների օգնությամբ։ Սիրո ու հոգատարության այս դրսեւորումը երկար ամիսների աշխատանքի արդյունք է։

 

Աննա Նաղդալյան. Մարտարվեստ պարապած ԱԳՆ խոսնակը

Ճապոնիա մեկնելը պատահական էր։ Առաջարկել են գնալ այնտեղ ու սովորել ճապոներեն։ Առաջարկն ընդունել է որպես մարտահրավեր։ Մեկնելուց մի քանի օր առաջ դարձել է դիվանագետ ու կանգնել «մեկնել, թե՞ ոչ» հարցի առջեւ։

 

Արդեն Ճապոնիայում է հասկացել, որ այդ երկիրը բոլորովին ուրիշ է ներսից եւ դրսից։ Ճապոնիայում ապրել է 9 ամիս. առաջին երեք ամիսը փորձել է հասկանալ այդ երկիրը, եւս երեք ամիս՝ ընդունել։ Հասկացել է, որ ճապոնացիներն օտարներին դժվարությամբ են ընդունում: Ճապոնացիների բոլոր փորձերն իրեն համոզելու, որ խոսելիս պետք է վերահսկել դիմախաղը, արդյունք չեն տվել: Այսօր էլ այդպես է՝ Աննան ինչ զգում է ու մտածում, միանգամից դեմքին է հայտնվում։

 

Չեռնոբիլ. հայ զինվորը, անտեսանելի ռադիացիան եւ անվերջ 11 ամիսը

Մի օր հրաման եկավ, որ մայորի հետ պետք է գործուղման մեկնեմ։ Հարցրեցի՝ ո՞ւր, ասացին՝ Մոսկվա։ Դե պարզ է՝ չէին ասում կոնկրետ։ Գնացի մայորի հետ հանդիպման, այնտեղ ականջիս հասավ, որ արտասովոր տեղ են ուղարկում։ Մայորն  էլ կոնկրետ չասաց, թե ուր ենք գնում։ Գնացքով հասանք Ուկրաինա՝ «Տետերեւ» կայարան, դուրս եկանք, մարդաշատ մեծ հավաքատեղի էր։ Մայորը դիմեց, փաստաթղթերը լրացրեց, ավտոբուս նստեցինք եւ երբ հասանք անցակետի մոտ, այդ ժամանակ միայն նկատեցի, որ մարդիկ դիմակներ դրեցին։ Մայորն ասաց՝ ամեն բան նորմալ է, մի անհանգստացիր։ Արդեն փշալարերի մոտ տեսա «դոզիմետրիկներին»՝ քիմիական հագուստներով, մեքենաներն էին լվանում։ Քանի որ արդեն լսել էի, որ Չերնոբիլի ատոմակայանում վթար է եղել, հասկացա՝ ուր ենք գնում։ Բայց որեւէ մեկը մանրամասներին տեղյակ չէր, չգիտեինք՝ ինչ վտանգի մասին է խոսքը եւ ինչ հետեւանքներ կարող է ունենալ։

 

«Սաղսարա» ընտանիքը փրկում է գյուղական երգերը

Երեք-չորս օր ապրում ենք գյուղացու տանը: Երբ գյուղ ես գնում, արդեն պատկերացնում ես, որ պարզություն ու մաքուր օդ ես գտնելու, բայց հաճախ ստանում ենք մեր ակնկալածից ավելին: Պատկերացրեք՝ սկսում ես բնության հետ ապրել, գյուղացու ռիթմով շարժվել, նրա հետ հավասար զարթնում ես առավոտյան 06:30, իր առօրյա գործերին ես մասնակցում ու նկարահանում ընթացքը:

 

Երբ վերադառնում ենք Երեւան, այնքան դրական փոփոխություններ ենք զգում մեր մեջ, այնքան էներգիա ենք ստանում, որ մինչեւ մյուս ամիս հերիքում է: Ասես, քաղաքի կեղտից ենք մաքրվում, քաղաքային աղմուկներից ու բացասականից ենք կտրվում: Գյուղական մաքրությունն ու էներգետիկ դաշտը վարակիչ է, ուզում ենք անընդհատ վերադառնալ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին