Երեւան: Մեդիամաքս: Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այսօր քաղաքաշինական խնդիրներին նվիրված խորհրդակցություն է հրավիրել, որին մասնակցել են Երեւանի գլխավոր ճարտարապետը, «Երեւաննախագիծ» ինստիտուտի տնօրենը, պատասխանատու այլ պաշտոնյաներ:
«Այս օրերին մամուլում կարդում եմ քաջ եւ նվիրված մեր երիտասարդների մեկնաբանությունները Երեւանի հին շենքերի պահպանման մասով եւ մեծ հույսով եմ լցվում, ուրախանում, որ անտարբեր չեն: Ուրախանում եմ, որ ոչ միայն սոցցանցերում նստած մեկնաբանություն են գրում, այլեւ պայքարում են ամեն մի քարի պահպանման համար: Բայց իրար մեղադրելով հարցեր չեն լուծվում, ու որպես միջնորդ, այս դեպքում, պետք է գործի քաղաքապետարանը: Իսկ ի՞նչ եք անում դուք այս օրերին. մեր մասնագետների կցկտուր եւ խուսափողական պատասխաններն ավելի շատ անորոշություն են մտցնում»,- նշել է Տարոն Մարգարյանը:
Նա սրտացավ վերաբերմունք է պահանջել ոլորտի պատասխանատուներից, որոնք պարտավոր են կառուցապատողներից պահանջել բացառել Երեւանի արտաքին տեսքն աղավաղող կառույցների նախագծեր պատվիրելը:
«Երբեմն ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ դուք պատվիրատուի ներկայացուցիչն եք քաղաքապետարանում, այլ ոչ թե քաղաքի շահերը ներկայացնողը: Ճարտարապետն այն մարդն է, ով պետք է հետք թողնի պատմության մեջ: Այսպիսի՞ հետք եք ուզում թողնել ձեզանից հետո: Մեկընդմիշտ հիշեք, որ քաղաքաշինական լուծումները չպետք է լինեն Երեւանի հաշվին: Եվ հետո, Երեւանի քաղաքապետարանը նախագծային գրասենյակ չէ ձեզ համար, որ թղթաբանությունն ավարտեք ու տուն գնաք: Փոխե՛ք ձեր մոտեցումները: Եղե՛ք պահանջկոտ ու սկզբունքային պատվիրատուների հետ»,- ասել է քաղաքապետը:
Տարոն Մարգարյանի խոսքով՝ Երեւանի քաղաքապետարանը չի խուսափում պատասխանատվությունից, սակայն քաղաքաշինական խնդրահարույց մի շարք որոշումներ կայացվել են դեռ մի քանի տասնամյակ առաջ:
Նա ընդգծել է, որ իրավական տեսանկյունից այսօր շատ դեպքերում Երեւանի քաղաքապետարանը հնարավորություն չունի վիճարկել այդ որոշումները: Նա կոչ է արել ապահովել քաղաքաշինական որոշումների հրապարակայնություն՝ կազմակերպել հանրային քննարկումներ, առցանց ֆորում, համապատասխան շենքերի ցանկերի հրապարակում:
«Երեւանցին պե՛տք է մասնակցի իրեն հուզող հարցերի քննարկմանը»,- ամփոփել է քաղաքապետը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: