Պակիստանի վարչապետը իսլամական երկրներին կոչ է արել հանդես գալ «միասնական ճակատով» - Mediamax.am

2744 դիտում

Պակիստանի վարչապետը իսլամական երկրներին կոչ է արել հանդես գալ «միասնական ճակատով»


Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: Պակիստանի վարչապետ Իմրան Խանն այսօր իսլամական աշխարհին կոչ է արել «հանդես գալ միասնական ճակատով, քանի որ հակառակ դեպքում աշխարհում մուսուլմանների վրա ճնշումը կուժեղանա»:

Ելույթ ունենալով Իսլամաբադում Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) ԱԳ նախարարների 48-րդ հանդիպման բացմանը, նա ասել է, որ արեւմտյան երկրները լուրջ չեն վերաբերվում ԻՀԿ-ի նման կազմակերպություններին, ինչի պատճառը իսլամական պետությունների համախմբվածության բացակայությունն է։

 

Պակիստանի կառավարության ղեկավարը հիշեցրել է աշխարհում իսլամաֆոբիայի դրսեւորումների մասին։

 

«Բանն նրան է հասել, որ մուսուլմաններին ասոցիացնում են ահաբեկիչների հետ, մինչդեռ իսլամական աշխարհը ոչ մի ջանք չի գործադրում այս վտանգավոր միտումը կանխելու համար: Իսլամական արժեքները վտանգի տակ են»,- ասել է Իմրան Խանը։

 

Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն, ելույթ ունենալով նիստին, ասել է, որ «Ուկրաինայի պատերազմը եւս մեկ անգամ ցույց է տվել աշխարհում երկակի ստանդարտների առկայությունը։

 

«Գտնվեցին այնպիսիք, ովքեր ասում էին, որ Ուկրաինան Մերձավոր Արեւելք կամ Աֆղանստան չէ։ Սակայն մեզ համար ոչ մի տարբերություն չկա, թե մարդիկ զոհվում են Խարկովում, թե Հալեպում»,- ասել է Չավուշօղլուն։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին