Աննան եւ Արտակը. «Որ ամենակարեւորը չկորի պատերազմում» - Mediamax.am

exclusive
4198 դիտում

Աննան եւ Արտակը. «Որ ամենակարեւորը չկորի պատերազմում»


Լուսանկարը` Մեդիամաքս

Աննա եւ Արտակ Սարգսյանները
Աննա եւ Արտակ Սարգսյանները

Լուսանկարը` անձնական արխիվից

Աննա եւ Արտակ Սարգսյանները
Աննա եւ Արտակ Սարգսյանները

Լուսանկարը` անձնական արխիվից

Աննա Սարգսյանը
Աննա Սարգսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Աննա Սարգսյանը
Աննա Սարգսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Աննա Սարգսյանը
Աննա Սարգսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Արտակ Սարգսյանը
Արտակ Սարգսյանը

Լուսանկարը` անձնական արխիվից

Արտակ Սարգսյանը
Արտակ Սարգսյանը

Լուսանկարը` անձնական արխիվից

Լուսանկարը` Մեդիամաքս

«որ չկորչի պատերազմում» գրքի շապիկը
«որ չկորչի պատերազմում» գրքի շապիկը

Լուսանկարը` Մեդիամաքս


Աննան 20 տարեկան է։ Ծանոթանում ենք պատահաբար՝ Հայաստանում Ֆրանսիական համալսարանի միջոցառումներից մեկի ժամանակ:   

 

-Կազմակերպիչների՞ց եք, - հարցնում եմ Աննային, որ ճշտեմ որոշ մանրամասներ:

 

-Չէ, Արտակ Սարգսյանի քույրն եմ, - պատասխանում է ու հայացքով ցույց տալիս պատից մեզ ժպտացող կապուտաչյա երիտասարդին:

 

Աննան 44-օրյա պատերազմում զոհված եղբոր մասին գիրք է գրել, սա իր կռիվն է մոռացության դեմ: Նա ուզում է, որ Արտակին հիշեն երազանքներով, հետաքրքրություններով, կյանքով ու ոչ մենակ պատերազմով: Աննան ուզում է «որ Արտակը չկորի պատերազմում»:

 

Ֆրանսիական համալսարանում՝ պատերազմում զոհված ուսանողների նկարների պատի մոտից, ինձ է նայում երկու իդենտիկ ժպիտ՝ Աննայինն ու Արտակինը:

Աննա եւ Արտակ Սարգսյանները Աննա եւ Արտակ Սարգսյանները

Լուսանկարը` անձնական արխիվից

Հասկանում եմ, որ Արտակին պետք է ճանաչել հենց Աննայի աչքերով: Առաջարկում եմ հանդիպել ու զրուցել:

 

«Իմ ավագ եղբայրը»

 

Կարող է թվալ՝ ուղղակի համընկնումներ են, բայց Արտակի հետ կապված ամեն ինչում հետաքրքիր սիմվոլիզմ կա: Երկուսս էլ Ռուսաստանում ենք ծնվել՝ նա 2001թ. փետրվարին, ես՝ 2003թ.: Արտակի ծննդյան օրը փետրվարի 23-ն է, իսկ

Ռուսաստանում սա Հայրենիքի պաշտպանի օրն է: Նրա ծնունդից առաջ մայրիկս հայրիկիս նվիրելու համար մի պատկեր է ասեղնագործում՝ կապուտաչյա, գանգուր մազերով հրեշտակ, մի քանի օրից ծնվում է Արտակը՝ ճիշտ այդպիսին:

Արտակ Սարգսյանը Արտակ Սարգսյանը

Լուսանկարը` անձնական արխիվից

Երբ փոքր էինք, չգիտեմ ինչու, միշտ ուզում էի կրճատել մեր միջեւ եղած տարիքային տարբերությունը, մի տեսակ ուզում էի էլ ավելի մոտ լինել նրան: Իմ ծննդյան օրը փետրվարի սկզբում է ու ծնունդիցս հետո միշտ վազում էի մոտն ու ասում՝ «տես, հիմա մեր միջեւ տարբերությունն ընդամենը մեկ տարի է»: Այս տարի նկատեցի, որ հիմա փաստացի անցել եմ իր տարիքից, մեկ տարով «մեծ եմ»: Տարօրինակ զգացում է, որովհետեւ Արտակը միշտ մնալու է իմ ավագ եղբայրը:

 

«Աննա – չեմպիոն»

 

Ինչպես իրենց հարգող բոլոր քույր-եղբայրները, մենք էլ էինք շատ վիճում (ժպտում է – հեղ.), ավելի ճիշտ՝ Արտակը գալիս էր, ինձ մի թեթեւ «սադրում», ես բռնկվում էի ու վեճը պատրաստ էր: Հաշտվելը նույնքան արագ էր ստացվում: Եթե հանկարծ ծնողներս ինչ-որ պատճառով զայրանային ինձ վրա, առաջինը «դեպքի վայր» էր վազում Արտակը, կանգնում դիմացս, պաշտպանում ինձ իրենով ու ասում՝ «Աննայիս բան չասե՛ք»:  

Աննա եւ Արտակ Սարգսյանները Աննա եւ Արտակ Սարգսյանները

Լուսանկարը` անձնական արխիվից

Ծնված օրվանից իմացել եմ, որ ունեմ մայր, հայր ու Արտակ: Թվում էր՝ աշխարհն էլ քանդվի, ինքը միշտ լինելու է: Նա հայկական իրականության մեջ տարածված «հարց լուծող» եղբայր չէր, բայց ես գիտեի՝ ցանկացած իրավիճակում առաջինն է կողքիս լինելու: Հետը կիսվելը, զրուցելը, խորհուրդ հարցնելը շատ հեշտ էր: Իր մասին գրեթե չէր խոսում, բայց քեզ պատրաստ էր ժամերով լսել:

 

Փոքր տարիքից բազմաթիվ մրցույթների էինք մասնակցում, իրեն հիմնականում ծնողներս էին համոզում, որովհետեւ գիտեին՝ կարող է, ինձ համոզում էր ինքը: Ընթերցանության, շախմատի մրցույթների համար ես երկար պարապում էի, ինքը գրեթե ոչինչ չէր անում ու հետո ինձանից բարձր տեղ գրավում (ժպտում է – հեղ.):

 

Արտակն ինձ քաջալերողն էր, մոտիվացնողը, նույնիսկ ամենափոքր հաջողությունն իր հետ շատ մեծ էր դառնում: Հիշում եմ՝ կարգ ստանալու համար շախմատի մրցույթի էինք մասնակցում: Ինքն, առանց երկար-բարակ մտածելու, խաղաց ու միանգամից երկրորդ կարգ ստացավ, ես, որ բավականին պատրաստվել էի, երկար կշռադատում էի ամեն քայլս, ստացա չորրորդ կարգ: Արտակը տուն եկավ ու մամային ասեց՝ «տորթ թխի, սենյակը զարդարի ու «Աննա-չեմպիոն» գրություններ կախի, Աննան մրցույթից կգա ու կուրախանա»:

 

«Գիշերը ձայներ եմ լսել, եկեք ստուգենք՝ որտեղից»

 

Հասկանում եմ, որ բոլորն էլ իրենց եղբոր մասին նույնը կասեին, բայց Արտակն իսկապես շատ յուրահատուկ մարդ էր, շատ հետաքրքրասեր ու բազմակողմանի: Լավ խոսում էր ռուսերեն ու անգլերեն, սովորել էր ինքնուրույն՝ գրքերից, ֆիլմերից ու խաղերից: Համակարգչային խաղեր էր շատ սիրում, բայց ոչ թե շատ տարածվածներն, այլ նրանք, որ բառապաշար, տրամաբանություն, մտածողություն են զարգացնում:

 

Ինձ էլ էր հաճախ ասում, որ մարդիկ խաղերին անլուրջ են վերաբերվում, բայց դրանք նոր հմտություններ զարգացնելու լավ գործիք են: Բանակ գնալուց առաջ մի կայքում էր գրանցվել, որտեղ ամեն շաբաթ անվճար խաղ ներբեռնելու հնարավորություն կար: Գաղտնաբառն ինձ էր թողել ու ես պահում էի բոլոր խաղերը, որ զորացրվելուց հետո խաղա:  

 

Գրքերում ու ֆիլմերում սիրած ժանրը դետեկտիվն էր: 12 տարեկանում տետր ուներ, որտեղ ինքն էլ պատմություններ էր գրում: «Գիշերը ձայներ եմ լսել, եկեք ստուգենք՝ որտեղից...», այսպես էր սկսվում պատմություններից մեկը: Քանի որ շատ քաղցրակեր էր, մաման ինչ-որ փուլում սկսել էր թաքցնել կոնֆետները, որ ատամների հետ խնդիրներ չունենա, բայց Արտակը դետեկտիվի հոտառությամբ միշտ գտնում էր դրանք, մի բան էլ՝ ինձ հյուրասիրում (ժպտում է – հեղ.):

 

Սիրում էր պատմություն, կարող էր ժամերով վերլուծել պատմական ինչ-որ իրադարձություն: Հետաքրքրվում էր աստղագիտությամբ. եթե իր հետ գիշերով դուրս գայիր ու ցույց տայիր երկնքի որեւէ կետ, մանրամասն կպատմեր՝ ինչ աստղ է, ինչ համաստեղություն:

 

Երբ մասնագիտության ընտրության ժամանակն էր, հաղթեց դետեկտիվ դառնալու մանկական երազանքը: Ինքնուրույն գտավ Հայաստանում ֆրանսիական համալսարանն ու ընդունվեց այստեղի իրավաբանության ֆակուլտետ: Հուլիսին մեկնեց բանակ՝ այդպես էլ չհասցնելով սովորել:

Աննա Սարգսյանը Աննա Սարգսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Աննայի հետ զրուցում ենք Երեւանի Հաղթանակի զբոսայգում՝ Մայր Հայաստանի արձանի տակ՝ Մայրության ու գեղեցկության օրը: Հատուկ չպլանավորված այս համընկնումներն էլ ավելի հետաքրքիր են դառնում, երբ սկսված հորդառատ անձրեւի պատճառով երկուսով վազում ենք մոտակա միակ հարմար վայրը՝ ռազմական պատմության թանգարան: Աշխատակիցը խորհուրդ է տալիս անձրեւից պաշտպանվելու ժամանակահատվածն արդյունավետ օգտագործել, ծանոթանալ ցուցանմուշներին ու նվիրում է «Հայ զինվոր»-ի վերջին համարը: Ես ու Աննան քայլում ենք թանգարանում՝ Պետոյի, Կարոտի, Ապրիլյանի տղաների ու մյուսների լուսանկարների տակ: «Այսպես կազմավորվեց հայոց բանակը» գրության տակ շարունակում ենք զրույցը:

 

Մարտակերտն ու հողի գույնի կապուտաչյան

 

Արտակը զորակոչվեց 2019թ. հուլիսի 21-ին, ծառայում էր Արցախում՝ Մարտակերտում: Բանակ գնալուց մի քանի օր առաջ հերթական, «դասական» վեճն էր: Հոգուս հետ այնքան խաղաց, որ լցված աչքերով ասեցի՝ «դե հերիք է»: Մոտեցավ, ասեց՝ «լա՜վ, մի ջղայնացի, կգնամ բանակ, կռիվ կլինի, կմահանամ, հետո փոշմանելու ես»: Խնդրեցի, որ նման բան չասի, ժպտացող աչքերով պատասխանեց՝ «դե կտեսնես»: Մեր այս կատակ-զրույցը շատ եմ հիշում ու հա, շատ եմ փոշմանում հիմա:

 

Ծառայության սկիզբը դժվար էր, քանի որ հեռու էր մեզնից ու իր հետաքրքրություններից: Շատերի համար ապրելը կարող է «օր մեռցնել» լինել, բայց Արտակի համար ամեն օրը նոր բան սովորելու, կարդալու, լսելու հնարավորություն էր: Իր հետ շատ գրքեր էր տարել, հիմնականում՝ Ագաթա Քրիստի, մենք էլ էինք պարբերաբար ուղարկում: Երբ վերջին անգամ՝ 2020թ. հունվարին արձակուրդ եկավ, անընդհատ լսում էր իր սիրելի երաժշտությունը՝ Pink Floyd, Twenty One Pilots, Imagine Dragons: Սիրում էր միացնել ինչ-որ բան ու հետը երգել: Շատ երգեր կան, որոնք հիմա միայն Արտակի «cover»-ով եմ հիշում (ժպտում է – հեղ.):

Արտակ Սարգսյանը Արտակ Սարգսյանը

Լուսանկարը` անձնական արխիվից

Զորակոչվելուց հետո առաջին անգամ նրան տեսնելու գնացինք օգոստոսի սկզբին: Սպիտակ մաշկը շատ էր մգացել, դարձել հողի գույն, իսկ դեմքին՝ նույն կապույտ աչքերը:

 

Թիկունքի հարսանիքը

 

2020թ.-ի սեպտեմբերի 27-ի մասին պետք է սկսեմ պատմել սեպտեմբերի 26-ից: Այս օրն էլ խորհրդանշական էր թե՛ իմ, թե ՛ Արտակի համար: Եթե չեմ սխալվում՝ շաբաթ էր: Ընկերուհուս հետ որոշեցինք եկեղեցի գնալ ու, չգիտես ինչու, ընտրեցինք մեր տնից բավականին հեռու գտնվողը: Աշտարակ քաղաքի Սուրբ Մարիանե եկեղեցում հարսանիք էր: Ամուսնացող զույգը միանգամից գրավեց մեզ, շատ սիրուն էին, շատ երջանիկ: Մոտեցանք, շնորհավորեցինք, իրենց հետ ուրախացանք ու մտածեցինք՝ լավ նշան է: Հաջորդ օրը պատերազմ սկսվեց:

 

Հոկտեմբերի կեսերին համացանցում՝ զոհված տղաների նկարների մեջ, մի շատ ծանոթ դեմք նկատեցի: Փորձեցի հիշել ու հասկացա՝ երիտասարդն է, որն ամուսնանում էր սեպտեմբերի 26-ին՝ Լեւոն Ավետիսյանը: Գրքում գրել եմ այս դրվագի մասին ու անվանել՝ «Հարսանիք թիկունքում». բոլորս խաղաղ ու երջանիկ էինք, չգիտեինք, որ արդեն պատերազմի թիկունքն ենք:

 

Արտակի մասին էլ հետագայում ընկերն է պատմել: Սեպտեմբերի 26-ը սովորական բանակային օր էր, երկուսով նստած կոշիկներն էին փայլեցնում ու քննարկում շնորհակալագրերը, որ պիտի ստանային լավ ծառայության համար: Հնարավոր է՝     նաեւ կարճ արձակուրդ ունենային: Երբ ընկերը հռետորական հարց է տվել՝ «լավ, ի՞նչ կարա լինի, որ մեզ արձակուրդ չուղարկեն», Արտակը ծիծաղով պատասխանել է՝ «դե շատ-շատ՝ պատերազմ»:

 

Հավատալ Արտակին

 

Ճիշտ են ասում, որ տրավմատիկ դրվագները միշտ դաջվում են մարդու հիշողության մեջ: Ես հիմա էլ մանրամասն հիշում եմ՝ ինչպես արթնացա սեպտեմբերի 27-ին, ինչ դիրքով էի պառկած, ինչ լույս էր սենյակում: Պատերազմի մասին իմացա համացանցից ու միանգամից գնացի մայրիկիս մոտ: Որոշ ժամանակ հետո Արտակը կապվեց մեզ հետ ու կրկնեց այն, ինչ լսել ենք պատերազմին մասնակից շատերից՝ «ստեղ պատերազմ չկա, ընդհանրապես տեղյակ չեմ՝ ինչ են գրում, ես երկրորդ գծում եմ»: Նա ճանաչածս ամենաազնիվ մարդն էր ու, երեւի, սա էր, որ ստիպում էր հավատալ ոչ թե լուրերին, այլ՝ Արտակին: Հիմա մտածում եմ՝ ուղղակի ուզում էինք հավատալ, որ իսկապես անվտանգ ու ապահով է:

Աննա Սարգսյանը Աննա Սարգսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

2020թ. սեպտեմբերը մեր ընտանիքի համար մի տեսակ խաղաղ փուլ էր. ես համալսարան էի ընդունվել, ինչի համար Արտակը շատ ուրախ էր, իր ծառայությանը մեկ տարի էր մնացել, մտածում էինք՝ մի քիչ էլ ու էլի բոլորով միասին կլինենք:  

 

«Ճանճի չափ բեկորը սպանեց Արտակին»

 

Արտակը զոհվեց հոկտեմբերի 29-ի առավոտյան: Պատերազմի ամբողջ ընթացքում երկու-երեք օրը մեկ պարտադիր զանգում էր: Եթե լռությունը մի քիչ երկարում էր, դիմում էինք Մարտակերտում մեր ծանոթ բժշկին ու խնդրում ստուգել վիրավորների ցուցակները:

 

Պատերազմի ընթացքում հեռախոսազրույցները հիմնականում շատ հանդարտ էին, ավելի շատ մեզանից, իմ դասերից էր հարցնում: Նոյեմբերից պետք է սկսվեին միջանկյալ քննություններս ու ես, չնայած տրամադրություն չունեի, շատ լավ պարապում էի, որ ամեն հաջորդ զանգին Արտակին պատմելու, իմ հաջողությամբ ուրախացնելու բան ունենամ: Միայն թե, ամեն զանգի վերջում հարցնում էր՝ «ի՞նչ են ասում, ե՞րբ ա վերջանալու պատերազմը»:

 

Վերջին անգամ խոսեցինք հոկտեմբերի 27-ին, տրամադրությունը շատ էր տարբերվում: Հետո իմացանք, որ այդ պահին Ճարտարում էին՝ պատերազմի թեժ կետերից մեկում: Այս զրույցի ընթացքում շատ էր լռում, ձայնը տխուր էր: Մամայից հետո ես խոսեցի, փորձեցի մի քիչ փոխեմ իրավիճակը: Պատմեցի, որ մի խաղ եմ խաղում, թվարկեցի բոլոր այն խաղերը, որ ներբեռնել եմ իր համար, քննություններ, համալսարան... Ոչինչ այդպես էլ չկարողացավ փոխել այդ զրույցի տրամադրությունը: Վերջում մաման ասեց՝ «քեզ շատ ենք սիրում»:

 

«Բա ես ձեզ ինչքա՜ն», - պատասխանեց Արտակն ու ավարտեց զրույցը։

Լուսանկարը` Մեդիամաքս

Նոյեմբերի մեկին մամայի հետ եկեղեցի գնացինք: Արտակից մի քանի օր լուր չունեինք, բայց բժշկի ցուցակում նրա անունը չկար: Պատարագի ընթացքում զանգեց հայրիկս: Ես զրույցը չէի լսում, մամայի դեմքից հասկացա՝ եղել է սարսափելին:

Արտակը զոհվեց Ճարտարում՝ շտապօգնության մեքենայում՝ անօդաչուի հարվածից: Զոհվելուց հետո նրան տեսավ պապան: Որոշ ժամանակ հետո միայն ասաց՝ «ճանճի չափ բեկորը սպանեց մեր Արտակին»:

 

«որ չկորչեն պատերազմում»

 

Փոքր տարիքից շատ էի գրում ու Արտակի մասին որոշեցի գրել զոհվելու լուրը ստանալու օրերին, բայց ոչինչ չկարողացա անել մինչեւ 2022թ.: Չէի գտնում նրա մասին պատմելու ճիշտ ձեւը: Արդյունքում որոշեցի խոսել նրան ճանաչած բազմաթիվ մարդկանց հետ՝ ընկերներ, ծառայակիցներ, ուսուցիչներ, ոչ թե պատմել միայն իմ Արտակի մասին:

«որ չկորչի պատերազմում» գրքի շապիկը «որ չկորչի պատերազմում» գրքի շապիկը

Լուսանկարը` Մեդիամաքս

Երբ մտածում էի վերնագրի շուրջ, օգնեց նրա ընկերներից մեկը: Ասաց՝ «բացատրի՝ ինչու ես գրել այս գիրքը»: Ասացի՝ «ուզում եմ մոռացությունը չտանի ամեն ինչ, ուզում եմ լինի մի տեղ, որտեղ կմնա կյանքով լի Արտակն ու պատերազմը չտանի նրան»: Ասաց, որ հենց այդպես էլ վերնագրեմ՝ «որ չկորչի պատերազմում»: Գրելու, նրան ճանաչած մարդկանց հետ շփվելու ընթացքում ինքս էլ բազմաթիվ նոր Արտակներ ճանաչեցի:  

 

«Ցավն էլ իրենից, բուժումն էլ իրենով»

 

Հետաքրքիր է, որ Արտակի հետ կապված ամեն ինչ՝ նույնիսկ նման ցավն, էլի Արտակով է հարթվում: Միշտ մտածում եմ՝ ինքն ինչպես կաներ, ինչ խորհուրդ կտար: Ցավն էլ է իրենցից, բուժումն էլ է իրենով: Իհարկե, ցավի հարցում մեղավոր չէ, վստահ եմ՝ ամեն ինչ արել է, որ ողջ մնա ու դրա հետ մեկտեղ, որ փրկվեն նաեւ ընկերները:

 

Պատերազմն ինձ, ինչպես շատերին, փոխել է: Ես մինչեւ վերջ կորցրել եմ հավատս ամեն ինչի հանդեպ, բացի՝ Արտակից: Ծնողներս ինձ անընդհատ ասում են՝ «դու դեռ կյանք ունես ապրելու», պատասխանում եմ՝ «դուք էլ»: Հասկանում եմ, որ քանի դեռ ինքս չապրեմ ու չփորձեմ ապրեցնել իրենց, սրանք ուղղակի խոսքեր կմնան: Չեմ սիրում, երբ սիրտ տալու համար ասում են՝ «եղբայրդ նայում է քեզ երկնքից», ես Արտակին երկինքներում չեմ փնտրում, ինքը շարունակում է մնալ ինձ հետ միշտ՝ իմ սրտում, մտքում, ապրած օրում: Պատերազմից հետո կյանքն, այո՛, շարունակվում է, բայց կարեւոր է՝ ինչպես: Հիմա ես ամեն օր փորձում եմ թեկուզ աննշան դրական բան գտնել, որ տուն գնամ ու մերոնց պատմելու բան ունենամ, ինչպես կպատմեի Արտակին: Մեր շուրջը շատ բաներ կան, որոնք կարող են ապրեցնել: Ես այդ ամենն ուզում եմ կիսել ծնողներիս հետ, պատմել լավ հանձնած քննության մասին, ասել, որ կանչել եք ինձ հարցազրույցի կամ, որ այսինչ, մարդուն հետաքրքրել է Արտակի մասին գիրքը: Շատ հաճախ եմ ունենում հանձնվելու ցանկություն, բայց դրա մասին իմանում եմ միայն ես: Տնից միշտ ժպիտով եմ դուրս գալիս, ուզում եմ մարդիկ ինձ այդպես տեսնեն, որովհետեւ ինձ տեսնում՝ Արտակին են հիշում, իսկ իրեն հնարավոր է հիշել միայն ժպիտով:

Աննա Սարգսյանը Աննա Սարգսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Երեւի, գրքիս ամբողջ իմաստն էլ սա էր՝ ապրել այնպես, որ պատերազմը ֆիզիկապես տանելուց հետո, ամբողջությամբ չտանի նրանց մեզանից: Մենք ամեն ապրած օրով պետք է խեղճացնենք պատերազմը, թույլ չտանք, որ մեզանից ուժեղ լինի ու տանի ամենակարեւորը՝ մեր հարազատ մարդկանց, նրանց սերը, խորհուրդները, երազանքներն ու ժպիտները: Սա ամեն օր շարունակվող պատերազմ է ու այն չպետք է հաղթի մեզ:  

 

Յանա Շախրամանյան

 

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին