«Զակո»՝ VR անիմացիոն ֆիլմ կամ հաջողված «ավանտյուրա» - Mediamax.am

exclusive
1867 դիտում

«Զակո»՝ VR անիմացիոն ֆիլմ կամ հաջողված «ավանտյուրա»


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Գոռ Ենգոյանը
Գոռ Ենգոյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Տիգրան Առաքելյանը
Տիգրան Առաքելյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Տիգրան Մանգասարյանը
Տիգրան Մանգասարյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Նկարիչ Գոռ Ենգոյանը երկար փորձում է բացատրել, թե ինչպես է ձեռքի երկու վահանակով ու VR ակնոցով վիրտուալ տիրույթում ստեղծում իր անիմացիոն կերպարներն ու նրանց միջավայրը։ Հետո ակնոցն ու վահանակը հանձնում է ինձ։ Հաջորդ պահին ես արդեն էկրանի ներսում եմ: Անվարժ շարժումներով փորձում եմ բռնել գլխավոր հերոսի զոլավոր վերնաշապիկի թեւից, կանգնել կողքին։ Վիրտուալ իրականությանը դիմանում եմ հազիվ 1-2 րոպե, գլուխս պտտվում է, հանում եմ ակնոցը։ 

Լուսանկարը` Մեդիամաքս

«Սա տարածական նկարչության վիրտուալ ծրագիր է, եռաչափ նկարչություն։ Պատկերը միշտ ենթադրում է մակերես. նկարը, թվում է, ունի խորություն, բայց իրականում չունի, դու ես ստեղծում։ Նույնը էկրանի դեպքում է, քեզ թվում է՝ խորություն կա, բայց էկրանն ինքնին մակերես է։ Իսկ այս դեպքում դու առաջին անգամ անցնում ես մակերեսն ու հայտնվում այն տարածության մեջ, որտեղ նկարն է։

 

Կամ, օրինակ, քանդակը, նյութ է։ Այս պարագայում դու հայտնվում ես նյութից այն կողմ։ Սա նկարչության ու քանդակագործության միջեւ ընկած ծրագիր է, բայց` վիրտուալ տարածության մեջ։ Սա որակական, էսթետիկ առումով լրիվ այլ մոտեցում է։ Դուք ֆիլմը VR ակնոցով չեք նայում, բայց եթե այն պատրաստված է VR տեխնոլոգիայով, էսթետիկան փոխվում է»,- ասում է «On/Off» անիմացիոն ստուդիայի նկարչական թիմի ղեկավար Գոռ Ենգոյանը։

Գոռ Ենգոյանը Գոռ Ենգոյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

VR-ը (virtual reality) նոր ու զարգացող ոլորտ է։ Անիմացիոն գործիքները վերջին տարիներին են ներմուծվել։ Դրանցով հիմնականում հոլովակներ, կարճամետրաժ ֆիլմեր են նկարում։ Ինչպես կիրառել նորաստեղծ գործիքները, «On/Off» ստուդիայում սովորել են ինքնուրույն, փորձելով։ Իսկ այն, ինչ անում են հիմա, մեկ բառով են բնորոշում՝ «ավանտյուրա»։ Նկարիչ Տիգրան Մանգասարյանի «Զակո. խակ պտուղ» գրաֆիկական նովելի հիման վրա VR ծրագրով լիամետրաժ ֆիլմ են նկարում՝ 90 րոպե տեւողությամբ։

Լուսանկարը` Մեդիամաքս

«Սկզբում դա շատ խելառ էր հնչում, որովհետեւ այդ ժամանակ դեռ մի քանի ամիս էր, ինչ VR-ով անիմացիա անելու հնարավորություն էր ստեղծվել, լիամետրաժ ֆիլմի համար ընդհանրապես չէր կիրառվել։ Կապ հաստատեցի Կանադայում գործող մի ընկերություն հետ, որը VR-ի դասեր էր անում, գաղափարիս մասին պատմեցի, ասացին՝ հնարավոր չէ այդ նկարչությունը տեղափոխել VR»,- պատմում է «On/Off» ստուդիայի տնօրեն ու ֆիլմի ռեժիսոր Տիգրան Առաքելյանը։

Տիգրան Առաքելյանը Տիգրան Առաքելյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Չհանձնվեցին։ Փոքր փորձով ու մոտավոր պատկերացնելով քայլերի հաջորդականությունը՝ սկսեցին լիամետրաժ ֆիլմի առաջին կադրերը նկարել։

 

«Զակո»-ն Տիգրան Մանգասարյանի հոր՝ նկարիչ Սարգիս Մանգասարյանի կյանքի իրական պատմությունն է՝ Երկրորդ համաշխարհային պատերազմ, գերություն, համակենտրոնացման ճամբար։ Հոր օրագիրը Տիգրան Մանգասարյանը ներկայացրել է պատկերապատման ձեւով։ Ասում է՝ երբ Տիգրան Առաքելյանն իրեն առաջարկեց «Զակո»-ն դարձնել լիամետրաժ անիմացիոն ֆիլմ՝ օգտագործելով VR տեխնոլոգիան, սկզբում կասկածեց՝ կստացվի՞։

Լուսանկարը` Մեդիամաքս

«Բայց Տիգրանը մի հետաքրքիր բան ասաց՝ սա ապագայի խոսքն է, ամեն ինչ այս ուղղությամբ է գնալու, դրա համար լավ է՝ մենք VR տեխնոլոգիայով անենք»։

 

Տիգրան Առաքելյանը «Զակո»-ն տեսել ու տպավորվել էր տարիներ առաջ՝ գրքի ստեղծման դեռ աշխատանքային փուլում։ Ասում է՝ պատմությունը հետաքրքիր է, որովհետեւ հայկական լինելով՝ այն համամարդկային խնդիրներ է բարձրացնում ու Երկրորդ համաշխարհային պատերազմը ներկայացնում այլ տեսանկյունից։ Տիգրանը պատմում է, որ երբ որոշեց գրաֆիկական նովելը լիամետրաժ ֆիլմ դարձնել, հասկացավ, որ պատմությունն իմաստային եւ էսթետիկ առումով վերափոխել է պետք։

Լուսանկարը` Մեդիամաքս

«VR տեխնոլոգիան հնարավորություն է տալիս մտնել ստեղծագործության մեջ, հարաբերվել կերպարի հետ, շարժվել կամ նկարել նրա միջավայրում։ Զգացական իմաստով դա փոխում է աշխատելու պրոցեսը, ու էմոցիոնալ ավելի հետաքրքիր ազդեցություն է թողնում վերջնական արդյունքի վրա։ Բացի այդ, այստեղ հետաքրքիր էր տեխնոլոգիայի հակադրությունը պատմության կերպարի հետ։ Զակոն նկարիչ էր, որը փորձել է միշտ ազատ լինել, ազատ նկարել, բայց ապրելով Խորհրդային միությունում, հայտնվելով համակենտրոնացման ճամբարում՝ իր կյանքը փրկելու համար ստիպված է եղել նկարել այն, ինչ իրենից ուզել են եւ այդ սահմաններից դուրս չգալ։ Իսկ VR նկարչությունն ինքնին անսահմանություն է, որը լրիվ նոր ձեւամտածողություն է բերում։ Եվ այդ կոնտեքստում ինձ շատ հետաքրքիր է տեսնել պատմությունը նաեւ VR-ով»,-ասում է ռեժիսորը։

Լուսանկարը` Մեդիամաքս

Տիգրան Մանգասարյանն ասում է՝ սխալ պատկերացում կա, որ անիմացիոն ֆիլմերը, ինչպես եւ պատկերապատումները, երեխաների համար են։ Հիմա շատ լուրջ թեմաներ են դառնում անիմացիոն ֆիլմի նյութ, ինչպես Ցեղասպանության մասին պատմող «Ավրորայի լուսաբացը»։

 

«Զակո»-ի համար նա նոր պատկերաշար է ստեղծում։

 

«Անիմացիայում ուրիշ բան է պետք, անհրաժեշտ է նկարել բոլոր հերոսներին՝ իրենց հատուկ շարժումներով՝ ոնց են նստում, ոնց են քայլում, մարդ կա՝ սիրում է ձեռքերը մեջքին խաչել, մարդ կա՝ սիրում է նստելիս դունչը դեմ տալ ձեռքին։ Ես պիտի բոլոր հերոսների կոնցեպտը տամ, իսկ այդ հերոսները 30-ից ավելի են, ամեն մեկն ունի իր բնավորությունը, ինչպես կինոյում է լինելում։ Ես պիտի առանձին-առանձին շատ մեծ քանակի նկարեմ բոլորի շարժումները, որն ընկնելու է ֆիլմի հիմքում։ Հետո այդ ամբողջ նյութը նկարիչը գործողության մեջ կդնի անիմացիայի միջոցով»։ 

Տիգրան Մանգասարյանը Տիգրան Մանգասարյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Ֆիլմի թիզերն արդեն պատրաստ է։ Հեղինակները «Զակո»-ի հետ շրջում են երկրներով, այն ներկայացնում հեղինակավոր հարթակներում։ Այս տարի «Զակո»-ն մասնակցել է երկու կարեւոր միջոցառման՝ Մադրիդում Next Lab Generation եւ  Բորդոյում Cartoon movie անիմացիոն ֆիլմերի ֆորումներին։

 

«Սրանք այն հարթակներն են, որտեղ սկսվում են համագործակցությունները, ֆիլմի մասին խոսակցությունները։ Շատ կարեւոր է, որ ֆիլմը սկսի իր ճանապարհը նախքան պատրաստ լինելը։ Կարծում եմ՝ սա հայկական կինոյի բացերից մեկն է. ֆիլմը փակ՝ մեզ համար նկարում ենք, հետո ուղարկում ինչ-որ փառատոն ու ասում ենք՝ չեն վերցնում։ Իսկ շատ հայտնի ընկերություններ իրենց ֆիլմերը ներկայացնում են այսպիսի հարթակներում, որտեղ հավաքվում են դիստրիբյուտորներ, հեռուստաընկերությունների ներկայացուցիչներ, փառատոնների տնօրեններ, ովքեր հետո պիտի այդ ֆիլմը գնեն, ցուցադրեն, կամ մրցանակ տան։ Նրանք արդեն ինչ-որ ձեւով սկսում են ճանաչել այդ ֆիլմը։ Մենք փորձում ենք «Զակո»-ն տարբեր փառատոններում ներկայացնել, պատմել, խոսել, ցույց տալ։ Դա օգնում է համարտադրողներ գտնելու, ֆինանսավորման համար եվրոպական ֆոնդերի դիմելու,  հետագայում ֆիլմն ավելի լայն տարածելու հարցում»,-ասում է Տիգրան Առաքելյանը։

Լուսանկարը` Մեդիամաքս

«Զակո»-ի հեղինակները համարտադրողներ են փնտրում։ Ֆրանսիացի մի պրոդյուսերի հետ համագործակցության նախնական պայմանավորվածություն ունեն։ Մինչեւ կայուն ֆինանսավորում կգտնեն, աշխատանքն առաջ են տանում սեփական փոքր ներդրումներով։ Բայց հիմա արդեն ավելի վստահ են. նրանց «խելագար» նախագծի հաջողությանը հավատացողներ կան։

Լուսանկարը` Մեդիամաքս

«Մադրիդում հանդիպեցի այն տղաներից մեկին, որը սկզբում ասում էր՝ դա անհնար է։ Իսկ մեր վերջին հանդիպմանն ասաց՝ եթե այն ժամանակ ինձ ցույց տված չլինեիք, հիմա չէի հավատա։ Մեր աշխատանքը տեսնելուց հետո իրենց վերաբերմունքը փոխվել է։ Իրենք գնահատել են մեր արկածախնդրությունն ու պատրաստ են մեզ հետ մտնել այդ խելագարության ճանապարհը»։

 

Լուսինե Ղարիբյան

 

Լուսանկարները՝ Ագապե Գրիգորյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին