Ինչպես հանդիպեցի …Չարենցին - Mediamax.am

Ինչպես հանդիպեցի …Չարենցին
1926 դիտում

Ինչպես հանդիպեցի …Չարենցին


Անցյալ դարում էր: Նույնիսկ հազարամյակում: Սովորական օր էր, արթնացա ու զգացի, որ պիտի գրեմ: Գրում էի ինձ համար անծանոթ բառեր, գրում էի արագ ու չգիտեի՝ հաջորդ բառը ինչ է լինելու: Միայն գրելուց հետո հասկացա, որ... բանաստեղծություն եմ գրել: Դե ոչ առաջինն էր, ոչ էլ վերջինը, բայց իմը չէր: Ու հիշեցի՝ ամենայն մանրամասներով, նույնիսկ բույրերով: Հիշեցի երազս: Դռան զանգը հնչեց արտասովոր երկար, առանց նայելու՝ ով է, բացեցի, ու մեր տանը հայտնվեց Եղիշե Չարենցը:

-Ի՞նչ ես շվարել, ներս կանչիր:

-Համեցեք, բարև Ձեզ:

-Ոչ մի Ձեզ, ծարավ եմ, ջուր կտա՞ս:

-Իհարկե, նստեք, հիմա բերեմ:

-Հետն էլ սուրճ բեր, բայց դառը, լավ դառը ու լավ թունդ:

Ես գնացի խոհանոց, ու նա եկավ ինձ հետ, նստեց մեր խոհանոցի բազմոցին, հենվեց սեղանին ու սկսեց արտասանել: ժամից ավելի, ես գամվել էի տեղումս ու վախենում էի անգամ շարժվել, անգամ շնչել: Բացարձակապես անծանոթ բանաստեղծություններ: Բայց՝ բացարձակապես՝ Չարենց: Ամեն տողից, անգամ դադարից զգացվում էր՝ Չարենց: Ես մտածում էի՝ ինչպե՞ս եմ հիշելու:

-Չես հիշելու, գալս ես հիշելու, մեկ էլ՝ մի քանի տող, մնացածը մոռանալու ես, բայց քիմքիդ մնալու է մաքուր պոեզիայի անանց համը: Չէ, չխնդրես, չեմ գրելու, ոչ էլ կրկնելու եմ:

Աչքերը կկոցած՝ նա սուրճ էր խմում, նայում էր բաց պատուհանից դուրս ու ասում էր բառեր, բառեր, բառեր, որ անհետանում էին կապույտ երկնքում՝ երբևէ երկիր վերադառնալու խոստումով:

Հետո ես տվեցի ամենահիմար հարցը, որ հնարավոր էր հնարել.

-Ինչու՞ եք եկել:

-Չգիտեմ: Գուցե այն պատճառով, որ այդքան հավատով քանդում էիր հողը, որ իմ ոսկորները գտնես, գուցե այն պատճառով, որ գրում էիր իմ մասին՝ հավատով, որ հասկանում ես ինձ, իսկ գուցե հենց այնպես:

-Էլի կգա՞ք:

-Երբ կանչես:

Նա չգնաց, ուղղակի անհետացավ, եթե սեղանին չլիներ սուրճի մինչև մրուր դատարկված բաժակը, ես չէի հավատալու ինձ...

Իսկ առավոտյան ձեռքիս էր բանաստեղծությունը, որի հեղինակը ես չէի.

Ու գնաց, գնաց, դեմ առավ պատին,
Ու պատը ինքն էր ու իր մեջ փակված հոգին
Ելք չէր ուզում, ուզածը ափն էր կղզու,
Ուր կարմիր ավազի տակ արևն էր քնում:
Պատը ինքն էր, ու արյունով անցնող
Ուղին բիլ խելագարության մորմոքը չէր,
Հավատը չէր հիմար, հույսը չէր խարդախ,
Ինքն էր պատը ու գնաց, գնաց, դեմ առավ պատին:
Աչքերի կսկիծը արցունք չէր մռայլ ու մթին,
Արյուն էր կաթում խաչելությունից,
Ինքը խաչողն էր, խաչվածն էր ինքը,
Որ խելագար, անօգնական ծեփվել էր պատին:

Ու պատն արդեն ապրում էր իր փոխարեն,
Հացը՝ որոմ, գինին ջուր էր արդեն,
Անփայլ լուսին էր արևը բարկ ու հեռու,
Ու քար էր շպրտում Հիսուսն իր վրա:
 
...Մի քանի օրից բանաստեղծությունը տվեցի Այդին Մորիկյանին ու պատմեցի երազս, նախապես խնդրելով, որ չմտածի՝ գժվել եմ: Կարդաց ու պահեց իր մոտ: Ես բանաստեղծությունը անգիր էի հիշում: Օրեր անց ասաց, որ մի քանի գրականագետի է ցույց տվել, այդ թվում Հրաչյա Թամրազյանին, ու բոլորը ասել են՝ Չարենց է, բայց իրենց անծանոթ, հարցրել են՝ անտիպների՞ց է:

Հ.Գ. Մենք իսկապես Դալմայի այգիներում փորձել էինք մի քանի նշանների համադրումով գտնել Չարենցի գերեզմանը, մի քանի տեղում մեծ փոսեր էինք փորել ու նույնիսկ ինչ-որ ոսկորներ գտել և կշարունակեինք փորփրել, եթե չգար հողամասի տերը, մեզ դուրս չհրավիրեր ու ոսկորների մասին էլ չասեր, որ մարդու չեն... Բայց մենք՝ Աշխեն Բաբայանը, Դավիթ Գասպարյանը, Միքայել Մարտիրոսյանը, Ատոմ Վարդումյանը, որոշել էինք, որ վերադառնալու ենք՝ անհրաժեշտ թույլտվությամբ: Չգիտեմ ինչու՝ էլ չգնացինք:

Երևի պարզապես հույս չունեինք: Իսկ ինձ մնաց բանաստեղծությունը, որ Չարենց է ու Չարենց չէ... Չգիտեմ: Բայց գիտեմ, որ իսկապես հանդիպել եմ նրան: Գուցե երկրի վրա ոչ վերջին անգամ…
   
Անահիտ Ադամյանը բանասիրական գիտությունների թեկնածու է, պետական դասի խորհրդական 2-րդ աստիճանի:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին