Եվրոպան պետք է պատրաստվի Թրամփի նախագահությանը - Mediamax.am

exclusive
1453 դիտում

Եվրոպան պետք է պատրաստվի Թրամփի նախագահությանը


Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` REUTERS


Ներկայացնում ենք Արտաքին հարաբերությունների եվրոպական խորհրդի տնօրեն Մարկ Լեոնարդի հոդվածը՝ գրված Project Syndicate-ի համար:

Մարկ Լեոնարդ

Սպասել, որ ԱՄՆ Կոնգրեսը կընդունի Ուկրաինային օգնության փաթեթը, նման է Գոդոյին սպասելուն: Վերջերս Վաշինգտոն կատարած այցի ժամանակ հանդիպեցի նախագահ Ջո Բայդենի վարչակազմի պաշտոնյաներին, հանրապետական սենատորներին, Ներկայացուցիչների պալատի անդամներին եւ տարբեր վերլուծական կենտրոնների փորձագետներին: Բոլորն ինձ վստահեցնում էին, որ Կոնգրեսի կողմից հավելյալ ֆինանսավորման օրինագծի հաստատումը ընդամենը ժամանակի հարց էր: Ոմանք ենթադրում էին, որ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Մայք Ջոնսոնը կբաժանի 95 մլրդ դոլար արժողությամբ օգնության փաթեթը Ուկրաինայի եւ Իսրայելի միջեւ, իսկ մյուսներն ակնկալում էին, որ այն կընդունվի մեկ փաթեթով, եւ մեծ մասը կանխատեսում էր, որ դա տեղի կունենա է ապրիլին կամ մայիսին:

Այս հավաստիացումներն ավելի ծանրակշիռ կլինեին, եթե նմանատիպ խոստումներ չտրվեին նոյեմբերին, դեկտեմբերին, հունվարին եւ փետրվարին: Անորոշությունն ավելանում է նրանով, որ հանրապետական կոնգրեսական Մարջորի Թեյլոր Գրինը խոսնակի աթոռը ազատելու եւս մեկ միջնորդություն է ներկայացրել, ինչը կարող է հանգեցնել Ջոնսոնի պաշտոնանկությանը իր նախորդի՝ Քեւին Մաքքարթիի հեռանալուց ընդամենը վեց ամիս անց:

Հանրապետականների ներքին կռիվը կարող է կաթվածահար անել ԱՄՆ քաղաքական համակարգը, որն արդեն հաշմանդամացել է կուսակցական պառակտումների պատճառով:

Լուսանկարը` REUTERS


Եվ այս ամենը տեղի է ունենում ինտերնացիոնալիստ նախագահի օրոք, որը ցանկանում է աջակցել Ուկրաինային: Կարելի է միայն պատկերացնել, թե ինչ կլինի, եթե ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հաղթի նոյեմբերի նախագահական ընտրություններում։ Թրամփի վերջին ելույթները, ներառյալ Պահպանողական քաղաքական գործողությունների փետրվարյան համաժողովի 90-րոպեանոց ելույթը, ընդգծում են նրա ցանկությունը վրեժ լուծել անհատներից, երկրներից եւ հաստատություններից, որոնք իր կարծիքով անարդար են վարվել իր հետ: ՆԱՏՕ-ի եվրոպական անդամները այս ցուցակի առաջին տեղում են, ինչը լավ բան չի նշանակում Եվրոպայի անվտանգության համար:

Թրամփի ցանկությունը՝ հետ կանչել ԱՄՆ-ի աջակցությունն Ուկրաինային, ավելին է, քան նրա հակակրանքը երկարատեւ ռազմական հակամարտությունների հանդեպ: Թրամփը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին անձամբ պատասխանատու է համարում իր առաջին իմպիչմենտի համար եւ համարում է, որ Ռուսաստանի հարցերով ամենահայտնի ամերիկյան փորձագետներից շատերը (նույնիսկ իր հետ աշխատածները) մեղսակից են այս ձախողմանը: Թրամփի վերաբերմունքը ՆԱՏՕ-ի նկատմամբ նույնպես անձնական է, ինչի մասին վկայում է նրա սպառնալիքը՝ թույլ տալ Ռուսաստանին «անել ինչ սիրտը ուզի» «օրինազանց» անդամ երկրների հետ:

Լուսանկարը` REUTERS


Վերջին երեք տարիների ընթացքում, նախապատրաստվելով Թրամփի երկրորդ նախագահությանը, բարդ գաղափարական էկոհամակարգը փորձում է նրա անձնական դժգոհությունները վերածել գործող քաղաքականության: Դրա վառ օրինակ է ԱՄՆ-ի նորացման կենտրոնի (Center for Renewing America) «քնած ՆԱՏՕ» հայեցակարգը, ըստ որի ԱՄՆ-ը կպահի միջուկային հովանոցը Եվրոպայի վրա, բայց դուրս կբերի ցամաքային ուժերը:

Անշուշտ, Թրամփը առաջին ԱՄՆ նախագահը չէ, որ եվրոպացի դաշնակիցներին քննադատում է դաշինքում բավականաչափ ներդրում չունենալու համար: Սակայն «քնած ՆԱՏՕ» առաջարկը զուտ «բեռի բաշխումից» անցել է «բեռը տեղափոխելու» նոր քաղաքականության եւ կոչ է անում պատասխանատվությունը ԱՄՆ-ից փոխանցել իր եվրոպական դաշնակիցներին: Այս ծրագրի համաձայն, եվրոպացի մի գեներալ դառնում է Եվրոպայի դաշնակիցների գերագույն հրամանատարը (SACEUR), ԱՄՆ-ը պարտավորվում է դադարեցնել ՆԱՏՕ-ի ընդլայնումը, իսկ ԱՄՆ զինված ուժերն իրենց ուշադրությունը Եվրոպայից տեղափոխում են Չինաստան:

Լուսանկարը` REUTERS


Չնայած Թրամփի հաղթանակի իրական հնարավորությանը, եվրոպական կառավարությունները հապաղում են ընդունել այս օրակարգի չարագուշակ հետեւանքները: Մինչ Ուկրաինան պայքարում է իրեն պաշտպանելու համար, Կոնգրեսի միջոցով լրացուցիչ ֆինանսավորում ստանալու դժվարությունները ստիպել են ԱՄՆ քաղաքականություն մշակողներին առերեսվել իրականության հետ: Վաշինգտոնում շատերը հիասթափված են ուկրաինացիներից, մասնավորապես այն բանից, որ Զելենսկին չի կարողանում հարձակողականից անցնել պաշտպանական մարտավարության եւ չի ցանկանում զորակոչել 27 տարեկանից ցածր տղամարդկանց:

Ամերիկացի քաղաքական գործիչներին շփոթեցնում են նաեւ Եվրոպայի ներքին պառակտումները: Անցյալ ամիս Եվրոպական խորհրդի գագաթնաժողովն ընդգծեց Եվրամիության հակասական մոտեցումը։ Եվրոպական կառավարությունները վերջապես լուրջ են վերաբերվում պաշտպանությանը եւ այն ֆինանսավորելուն, բայց շարունակվում են եսապաշտական վեճերը (հատկապես Ֆրանսիայի եւ Գերմանիայի միջեւ), իսկ ղեկավարները ապշելու աստիճան չեն զգում հարցի հրատապությունը:

Լուսանկարը` REUTERS


Առաջիկա վեց ամսվա ընթացքում եվրոպական երկրները պետք է պարզեն, թե ինչպես ձեռք բերել կենսական զինամթերք եւ մեծացնել իրենց պաշտպանական ֆինանսավորումը: Նրանք պետք է նաեւ ծրագիր մշակեն Ուկրաինայի դիրքերն ամրապնդելու համար, քանի որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դժվար թե բանակցի, եթե համարի, որ Ուկրաինան պարտության եզրին է, իսկ նրա արեւմտյան աջակիցները կորցնում են վճռականությունը: Եվրոպացիները, որոնք այժմ հրադադար են պահանջում, փաստացի կրակում են սեփական ոտքին:

Այս ֆոնին շատերը մտավախություն ունեն, որ հունիսին կայանալիք եվրոպական ընտրությունները կարող են խթանել գլոբալ տեղաշարժը դեպի ծայրահեղ աջ: Բայց Արտաքին հարաբերությունների եվրոպական խորհրդի վերջին զեկույցը ասում է, որ թեեւ հարցումներում ծայրահեղ աջ կուսակցությունները աճում են ողջ Եվրոպայում, այս միտումը չի ազդարարում, որ սկսվել է համաշխարհային թրամփյան շարժում: Նույնիսկ Հունգարիայում հարցվածների ընդամենը 28%-ն է ասել, որ կողջունի Թրամփի երկրորդ ժամկետը:

Առավել համոզիչ փաստարկը, որն ընտրություններին ընդառաջ կարող են ներկայացնել հիմնական եվրոպական կուսակցությունները, աշխարհաքաղաքական կողմնորոշում ունեցող ԵՄ-ի հրատապ անհրաժեշտությունն է: Անկախ ԱՄՆ օգնության փաթեթի ճակատագրից, եվրոպացիների ապագան պետք է որոշվի իրենց իսկ ընտրական եւ քաղաքական գործընթացներով, այլ ոչ թե ամերիկյան քաղաքական դինամիկայով։ Միայն այս կերպ կարելի է կանխել Եվրոպայի քաղաքական աբսուրդի թատրոնի վերածումը բացահայտ ողբերգության:

Թարգմանությունը՝ Մարիա Սադոյանի

Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:

Copyright: Project Syndicate, 2024.
www.project-syndicate.org




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին