Ռոբերտ Քենեդի-կրտսերը կամա թե ակամա աջակցում է Թրամփին - Mediamax.am

exclusive
968 դիտում

Ռոբերտ Քենեդի-կրտսերը կամա թե ակամա աջակցում է Թրամփին


Ռոբերտ Քենեդի-կրտսերը
Ռոբերտ Քենեդի-կրտսերը

Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` REUTERS

Ռոբերտ Քենեդի-կրտսերը
Ռոբերտ Քենեդի-կրտսերը

Լուսանկարը` REUTERS


Ներկայացնում ենք Նյու Յորքի իրավաբանական դպրոցի իրավունքի պատվավոր պրոֆեսոր Ռիչարդ Ք. Շերվինի հոդվածը՝ գրված Project Syndicate-ի համար: Այն հատկապես հետաքրքիր կլինի այն ընթերցողների համար, որոնց ոգեւորում են Ռոբերտ Քենեդի-կրտսերի հայանպաստ հայտարարությունները:

Ռիչարդ Ք. Շերվին

Ռոբերտ Քենեդի-կրտսերը՝ Ամերիկայի ամենահայտնի քաղաքական ընտանիքներից մեկի ժառանգը, հավակնում է Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնին: Բայց ի տարբերություն իր հանգուցյալ հորեղբայրներին՝ նախագահ Ջոն Քենեդիին ու սենատոր Թեդ Քենեդիին (որն ապարդյուն առաջադրվել էր նախագահի պաշտոնում 1980 թվականին) կամ իր հանգուցյալ հորը՝ սենատոր Ռոբերտ Քենեդիին (որը սպանվեց նախագահական առաջադրման ժամանակ), Քենեդի-կրտսերը չի առաջադրվել որպես դեմոկրատ: Փոխարենը նա առաջադրվում է նորաստեղծ երրորդ կուսակցության՝ «Մենք՝ ժողովուրդը» ղեկավարի պաշտոնից: Այսպես սկսվում է ժամանակակից ամերիկյան քաղաքականության տարօրինակ եւ գնալով ավելի վտանգավոր ձեւախախտման նորագույն գլուխը:

Շատ քաղաքական մեկնաբաններ Քենեդիին մեղադրել են որպես «սփոյլեր» թեկնածու (թեկնածու, որը հաղթելու շանսեր չունի, բայց մյուսից խլում է ձայների մի մասը-խմբ) ընտրարշավ սկսելու համար, որը կարող է հիասթափված դեմոկրատներին հեռացնել նախագահ Ջո Բայդենից եւ Սպիտակ տունը հանձնել Դոնալդ Թրամփին: Սիենայի քոլեջի կողմից անցկացված ընտրողների հարցման համաձայն՝ վեց որոշիչ նահանգներում (Արիզոնա, Ջորջիա, Միչիգան, Նեւադա, Փենսիլվանիա եւ Վիսկոնսին) Քենեդիին հավանաբար կաջակցեն ավելի շատ դեմոկրատներ, քան հանրապետականներ (18% եւ 16%): Զարմանալի չէ, որ միլիարդատեր հանրապետական մեգա հովանավոր Թիմոթի Մելոնը ֆինանսավորում է Քենեդիի քաղաքական գործողությունների գերհանձնաժողովը (իբր անկախ կազմակերպություն, որը թեկնածուի անունից կարող է օրինականորեն հավաքել եւ ծախսել անսահմանափակ գումարներ):

Լուսանկարը` REUTERS


Այն փաստը, որ Քենեդին որպես փոխնախագահ ընտրել է 38-ամյա Նիկոլ Շանահանին՝ արտոնագրային հավատարմատարին եւ դեմոկրատական գործի եւ թեկնածուների նախկին աջակցին, լրացուցիչ ապացույցներ է տալիս, որ Քենեդին թիրախավորել է դեմոկրատ ընտրողներին: Տիկին Շանահանն իրեն անվանում է հիասթափված դեմոկրատ եւ իր համախոհներին հրապարակավ կոչ է արել անցնել Քենեդիի ճամբարը: Google-ի համահիմնադիր Սերգեյ Բրինի հետ 2023-ի ամուսնալուծության համաձայնագրի համաձայն՝ նա, ըստ տեղեկությունների, պահանջել է ավելի քան 1 մլրդ դոլար (Բրինի անձնական կապիտալի ընդամենը 1%-ը): Այդ գումարի շնորհիվ նա հազվագյուտ շահեկան դիրքից կօգնի ֆինանսավորել Քենեդիին՝ բոլոր 50 նահանգների քվեաթերթիկում ներգրավելու բարդ եւ ծախսատար գործը:

Չնայած Քենեդիի նախընտրական արշավի բոլոր անորոշություններին՝ մի բան պարզ է. երկու կուսակցություններում էլ՝ ձախից թե աջից, աճում է ամբոխահաճությունը: Ե՛վ Թրամփը, եւ՛ Քենեդին նույն դասական ամբոխահաճական թեմաներն են շոշափում, թեեւ մի քանի հետաքրքրաշարժ տարբերակներով: Օրինակ, համեմատենք Թրամփի 2017 թվականի երդմնակալության ուղերձը Քենեդիի վերջին «երկրում իրավիճակի» մասին ելույթի հետ: Նրանց կենտրոնական թեման նույնն է. Ամերիկայի հզորության կորուստն ու վերականգնումը:

Ամերիկայի անկման մասին Թրամփի տխուր պատումի մեջ կան «գերեզմանաքարերի պես ցրված ժանգոտ գործարաններ», «մաշված ու քայքայված» ենթակառուցվածքներ, «մեր միջին դասի հարստությունը... որը խլել են ընտանիքներից եւ սփռել աշխարհով մեկ», եւ «միլիոնավոր ու միլիոնավոր ամերիկացի աշխատողներ մնացել են անտեսված»: Մինչ Վաշինգտոնի վերնախավերը բարգավաճում են, «ժողովուրդն իր վրա է կրում ծախսերը»: Թրամփը խոստանում է դադարեցնել անկումը՝ «Ամերիկան առաջին տեղում» դնելով։

Լուսանկարը` REUTERS


Քենեդին նույնպես ամենուր աղետ է տեսնում: Բայց նրա պատումի մեջ կարեւոր է «քրոնիկական հիվանդությունը», «ընկճվածությունը», «հոգեկան հիվանդությունը» եւ «միայնությունը»։ Թրամփի պես՝ նա բողոքում է խարխուլ ենթակառուցվածքից եւ «դատարկված» միջին խավից: Թրամփի պես՝ նա մեղադրում է վերնախավը. «Վերջին սերնդի ողջ նոր հարստությունը հասել է միլիարդատերերին ու անդրազգային կորպորացիաներին»: Սակայն Քենեդիի տեսանկյունից ամենամեծ չարիքն այն է, որ Ամերիկան դարձել է «երկրագնդի ամենահիվանդ երկիրը»: Նա խոստանում է «առողջացնել Ամերիկան»։

Առողջության վրա Քենեդիի շեշտադրումը արտացոլում է նրա հասարակական գործունեությունը որպես բնապահպանման ոլորտի իրավաբան, իսկ վերջին տարիներին՝ պատվաստումներին դեմ հանդես եկող աներեր մարտիկ: Նրա աչքին երեւում է չարահույժ կորպորացիաների եւ պետական պաշտոնյաների մի հանցախումբ, որը դավադրություն է կազմակերպում թունավորելու շրջակա միջավայրը եւ քաղաքական հասարակությունը՝ մարմին առ մարմին: Համաճարակի ամենաթեժ պահին նա կեղծ պնդում էր, որ COVID-19-ի պատվաստանյութերը «ունեն ապացուցված բացասական արդյունավետություն, ինչը ստիպում է մարդկանց ավելի հակված լինել վարակի, քան եթե ընդհանրապես ոչինչ չանեին»: Ասում են՝ նա նույնիսկ պնդում էր, որ COVID-19-ը «էթնիկական թիրախ» ուներ եւ խնայում էր «աշքենազի հրեաներին եւ չինացիներին»:

Եթե համարում եք, որ Քենեդիի սեւեռվածությունը բուժման վրա հուշում է, որ նա անցել է դրա միջով, դա իրոք այդպես է: Հորը եւ հորեղբորը մարդասպանների գնդակներից կորցնելուց հետո Քենեդին պայքարեց հերոինից կախվածության դեմ եւ ի վերջո հաղթահարեց այն:

Քենեդիի պես՝ Շանահանը նույնպես խոսում է անձնական տառապանքից: Նա նկարագրում է անպտղության դեմ իր պայքարը, ինչպես նաեւ իր հինգ տարեկան դստեր՝ Էքոյի դաստիարակության հետ կապված դժվարությունները. աղջիկը աուտիզմ ունի, որի հետազոտության վրա, ասում է Շանահանը, նա ծախսում է իր ժամանակի 60%-ը: «Մեր երեխաները առողջ չեն»,- ասում է Շանահանը։ Նա հաստատապես համոզված է, որ, ի հակառակ բազմաթիվ գիտական ուսումնասիրությունների, որոնք հերքում են դա, երեխաների պատվաստումն առաջացրել է աուտիզմի դեպքերի կտրուկ աճ: Նա ցանկանում է, որ  դեղագործական կորպորացիաները դադարեն «աղտոտել» գիտությունը եւ «գրավել» կարգավորող գործակալությունները:
Ռոբերտ Քենեդի-կրտսերը Ռոբերտ Քենեդի-կրտսերը

Լուսանկարը` REUTERS


Ոչ ոք լրջորեն չի հավատում, որ Քենեդին կարող է հաղթել նախագահական ընտրություններում: Բայց լուրջ հիմքեր կան ենթադրելու, որ նա կարող է նժարը թեքել դեպի Թրամփը՝ հրապուրելով դեմոկրատներին (ներառյալ Շանահանի նման երիտասարդ ընտրողներին), որոշ անկախ ընտրողներնին, ազատականների եւ «նոր դարի» բուժման նվիրյալներին, ինչպես նաեւ ծերացած իդեալիստներին, որոնց դեռ ոգեշնչում են թեկնածուի հայրն ու հորեղբայրները:

Քրոնիկ հիվանդության, միայնության եւ դեպրեսիայի մեջ ընկղմվող Ամերիկայի մասին պարանոյիկ դավադրական տեսություններով զինված՝ Քենեդին անփութորեն ստեր է տարածում կյանքեր փրկող պատվաստանյութերի վտանգների մասին՝ միաժամանակ հնչեցնելով դիմադրողականության եւ բուժման մասին տափակություններ: Ըստ երեւույթին, իր խեղաթյուրված երեւակայության մեջ նա այն մեկն է, ով կիրականացնի հոր իդեալիստական երազանքները ավելի բարգավաճ Ամերիկայի մասին:

Ավելի հավանական արդյունքը հարթմնի մղձավանջ է. ոչ լիբերալ Ամերիկա, որը ղեկավարում է մեկը, որին Քենեդի-կրտսերի նախնիները կհամարեին երկրի ամենավտանգավոր ներքին թշնամին:

Թարգմանությունը՝ Մարիա Սադոյանի

Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:

Copyright: Project Syndicate, 2024.
www.project-syndicate.org




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին