Երեւան տեղափոխված ռուսաստանցիների «Ազատ դպրոցը» - Mediamax.am

exclusive
10973 դիտում

Երեւան տեղափոխված ռուսաստանցիների «Ազատ դպրոցը»


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Ելենա Չեգոդաեւան
Ելենա Չեգոդաեւան

Լուսանկարը` Մեդիամաքս

Ելենա Չեգոդաեւան
Ելենա Չեգոդաեւան

Լուսանկարը` Մեդիամաքս


Երեւանի կենտրոնում գտնվող շենքերից մեկի երկրորդ հարկում՝ գրասենյակ հիշեցնող տարածքում, հատակին լցված են տարբեր գույնի ու չափսի ուսապարկեր: Ներսում լուռ է, բայց լռությունը երկար չի տեւում:

Լուսանկարը` Մեդիամաքս

Քիչ անց տարբեր սենյակներից դուրս են վազում երեխաներ, եւս 15 րոպե անց՝ երեխաների մեկ այլ խումբ վերադառնում է զբոսանքից: Նրանց մի մասը սկսում է հեռախոսով խաղեր խաղալ, մյուսները զրուցում են հատակին նստած, երրորդներն էլ, տեղավորվելով սեղանի տակ, սկսում են անել տնային աշխատանքը: Մենք «Ազատ դպրոցում» ենք, որը ստեղծել են Երեւան տեղափոխված ռուս երիտասարդները ռուս երեխաների համար:  

Լուսանկարը` Մեդիամաքս

Քիչ անց դպրոց է գալիս տնօրենը՝ Ելենա Չեգոդաեւան: Նա 24 տարեկան է, Երեւան է տեղափոխվել Մոսկվայից՝ Ուկրաինայում սկսված պատերազմից հետո: Դպրոցում դասերի մեկնարկից հետո Ելենան ամբողջ օրը տրամադրում է վարչական հարցերին, իրավաբանների օգնությամբ պաշտոնապես գրանցում է «Ազատ դպրոցը»:

 

Երեւանում ապրելու 1,5 ամսվա ընթացքում Ելենան կենտրոնական, զբոսաշրջային փողոցներից բացի, արդեն հասցրել է լինել քաղաքի տարբեր ծայրամասերում եւ նույնիսկ՝ Արգավանդում, որտեղ հնարավոր է գնել քիչ թե շատ մատչելի կահույք. դպրոցին աթոռներ ու սեղաններ էին պետք:

 

Այստեղ միանգամից տան զգացողություն ունեցա

 

Անունս Լենա է, ես Մոսկվայից եմ: Ռուսաստանում 4 տարի աշխատել եմ մասնավոր դպրոցում, սովորել Իրավաբանական ֆակուլտետում: Ունեմ հայկական արմատներ, պապս՝ մայրիկիս հայրը, հայ է: Մինչեւ այս իրադարձությունները շատ էի մտածում Հայաստան գալու, այն տեսնելու մասին: Իսկ հիմա ստացվեց այնպես, որ տեղափոխվեցինք մեկ օրում:

Ելենա Չեգոդաեւան Ելենա Չեգոդաեւան

Լուսանկարը` Մեդիամաքս

Չնայած բարդ շրջան է՝ այստեղ միանգամից տան զգացում ունեցա, գուցե, ի սկզբանե այդպես եմ տրամադրվել: Երեւան եմ տեղափոխվել ընկերոջս ու նրա ընտանիքի հետ, մեզ հետ եկել է նաեւ եղբայրներիցս մեկը: Մայրս ու մյուս եղբայրս մնացել են Մոսկվայում: Նրանք բժիշկներ են ու հրաժարվեցին հեռանալ: «Եթե մեզ զորակոչեն, կօգնենք երկու կողմերին էլ», - ասացին:

 

Ինչու որոշեցինք հեռանալ

 

Լվովում ինձ շատ հարազատ մարդիկ են ապրում, ես դուրս էի գալիս հանրահավաքների: Հասկանում էի՝ չեմ կարող ու չեմ պատրաստվում լռել: Հաշվի առնելով՝ ինչ դաժանությամբ են Ռուսաստանում այսօր վարվում մարդկանց հետ, որոնք դեմ են այս պատերազմին ու ինչ-որ կերպ արտահայտվում են, գիտեի՝ վաղ թե ուշ կա՛մ բանտ կգնամ, կա՛մ մեծ տուգանք կվճարեմ:

 

Ինձ հասցրեցին բերման ենթարկել հանրահավաքի մասնակցելու համար՝ հիմնվելով տեսագրության վրա, որում ես չէի: Մեր ընտանիքում պատմում էին՝ ինչպես են պապիս հորը տասնյակ տարիներ առաջ բերման ենթարկել տնից եւ ուղարկել ուրանի հանքավայրեր: Նույն կերպ էլ ինձ երեք ոստիկաններ առավոտյան ժամը 6-ին տարան տնից: Որոշ ժամանակ հետո ինձ բաց թողեցին, ես տուգանք վճարեցի, իսկ նախապապս, ցավոք, այդպես էլ չվերադարձավ, մահացավ այնտեղ: Հուսով եմ՝ սա ժամանակի հարց չէ, ու մենք չենք հասնի նաեւ այս կետին: Տպավորություն է, որ պատմությունը կրկնվում է: Սա ծանր է:

 

Առաջին զգացողություններն օտար երկրում

 

Հայաստան տեղափոխվելուց հետո առաջին երկու օրը թեթեւության ու հանգստության զգացում կար: Տպավորություն, որ պետք է պարզապես մի քիչ սպասել: Հետո ինձ մոտ շատ ծանր շրջան սկսվեց: Երբ մի քանի բնակարան փոխելուց հետո ի վերջո հաստատվեցինք այն տանը, որտեղ հիմա ենք ապրում, ես մոտ մեկ շաբաթ ընդհանրապես դուրս չէի գալիս: Ծանր էր գիտակցել, որ մենք հեռացել ենք, որ պատուհանից այն կողմ այլ քաղաք է: Եվ սա այն դեպքում, որ Երեւանում շատ հաճելի է, հանդարտ, մարդիկ շատ բարի են ու ամեն ինչ լավ է: Զգացողությունը, որ չես կարող ցանկացած պահի վերադառնալ քո տուն, գրկել մորդ, զբոսնել շանդ հետ, շատ ծանր էր:

 

Մեզ «Ազատ դպրոց» կոչեցինք

 

Մորս լավագույն ընկերուհին ԱՄՆ-ում է բնակվում ու շատ է ցավում տեղի ունեցողի համար: Նա ցանկանում էր օգնել: Գրում էր ինձ, առաջարկում ֆինանսական օգնություն, որ ինչ-որ բան կազմակերպեմ տեղափոխվածների համար: Գրում էր նաեւ դպրոցի մասին, չէ՞ որ երեխաները կիսատ են թողել ուսումն ու պետք էր ինչ-որ կերպ լուծել այս հարցը: Մոսկվայից հեռանալուց մի քանի օր առաջ ես թողել էի աշխատանքս մասնավոր դպրոցում ու սկսել էի աշխատել որպես պրոդյուսերի օգնական: Ցանկանում էի փոխել ոլորտս, ու այդ պատճառով դպրոց բացելու միտքը սկզբում ինձ այնքան էլ չհետաքրքրեց: Հետո ընկերս, որն այժմ մեզ մոտ պատմություն է դասավանդում, իմանալով, որքան շատ եմ սիրում ամեն ինչ կազմակերպել, ասաց՝ իսկ չե՞ս ուզում դպրոց ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼ (ծիծաղում է – հեղ.): Այս բառն ու գիտակցումը, որ տեղափոխված երեխաները պետք է անպայման շարունակեն կրթությունը, ինձ ստիպեցին մտածել՝ ինչո՞ւ ոչ, պետք է անել: Այս ուղղությամբ աշխատանքն ինձ օգնեց դուրս գալ ապատիկ վիճակից:

Լուսանկարը` Մեդիամաքս

Անյայի հետ, որը մեր խմբակների պատասխանատուն է, հարցաթերթիկ կազմեցինք՝ պարզելու՝ կա՞ նման դպրոցի պահանջարկ: Պարզվեց՝ ոչ միայն կա, այլեւ բավականին մեծ է: Մեր հարցաթերթիկին արձագանքեց 66 ընտանիք, գրեթե յուրաքանչյուրում՝ երկուական երեխա: Առավել շատ էին առաջին դասարանցիները:

 

Տեղափոխվածների Telegram-չաթերի միջոցով սկսեցինք փնտրել ուսուցիչների: Շատ պարզ հարցաթերթիկ էինք կազմել՝ ով եք, որտեղ եք սովորել ու դասավանդել, ինչպես կարող ենք կապվել ձեզ հետ: Այս դեպքում եւս բազմաթիվ արձագանքներ ստացանք ու որոշեցինք ծնողների եւ ուսուցիչների հանդիպում կազմակերպել: Հավաքվեցինք Երեւանի Սիրահարների այգում՝ փոքրիկ ամֆիթատրոնում: Միջավայրը շատ կոլորիտային էր: Հանդիպմանն ուսուցիչները պատմում էին իրենց մասին: Ես եւս հետաքրքրությամբ լսում ու ծանոթանում էի նրանց հետ, քանի որ մինչ այդ հասցրել էինք միայն տեսակապի միջոցով կարճ զրույց ունենալ: Հետո գրեթե մեկ օրում գտանք այս տարածքը, վարձակալեցինք այն ու հաջորդ օրվանից դպրոցը սկսեց գործել:

 

Սկզբում չունեինք ո՛չ աթոռներ, ո՛չ սեղաններ, երեխաները ծնկների վրա էին գրում:

 

Մենք մեզ «Ազատ դպրոց» կոչեցինք:

 

Գիտելիք, որը պետք կգա կյանքում

 

Այսօր մոտ 20 ուսուցիչ ունենք, դասավանդում ենք գրեթե բոլոր հիմնական առարկաները: Ցածր դասարաններում՝ մաթեմատիկա, ռուսերեն, անգլերեն, գրականություն, շրջակա աշխարհ: Ավագների մոտ՝ մաթեմատիկա, ռուսերեն, անգլերեն, գրականություն, կենսաբանություն, ֆիզիկա, աշխարհագրություն եւ պատմություն: Ունենք առաջինից ութերորդ դասարններ: Ավելի բարձր դասարանների համար դեռեւս ոչ ոք չի դիմել:

Լուսանկարը` Մեդիամաքս

Ստեղծելով այս դպրոցը, ցանկանում էինք աջակցել ուսուցիչներին, որոնք հեռացել են ու կորցրել աշխատանքը, եւ աշակերտներին, որոնք այսպիսով հնարավորություն են ստանում շարունակել կրթությունը:

 

Մենք փորձում ենք համապատասխանեցնել դասավանդման ծրագիրը Ռուսաստանի հանրակրթական ծրագրին, բայց ունենք ուսուցիչներ, որոնք դասը վարում են սեփական, մի քանի աղբյուրից կազմված ծրագրով:

 

Նախատեսում ենք հայերենի դասընթաց սկսել

 

«Ազատ դպրոցը» մի քանի գործառույթ ունի՝ դասեր, երկարօրյա ծառայություններ ու տարատեսակ խմբակներ: Երկարօրյայի ժամանակ երեխանեը սկզբում զբոսնում են, հետո տնային աշխատանք անում ու սեղանի խաղեր խաղում: Հետագայում նախատեսում ենք նաեւ էքսկուրսիաներ կազմակերպել: Ցանկանում ենք երեխաներին ցույց տալ Երեւանն ու դրա մերձակայքը, թանգարաններն ու տեսարժան վայրերը: «Ազատ դպրոցն» ավելի շատ կրթական կենտրոն է, քան դպրոց դասական իմաստով:

Ելենա Չեգոդաեւան Ելենա Չեգոդաեւան

Լուսանկարը` Մեդիամաքս

Ունենք բազմաթիվ խմբակներ՝ սկսած դերասանի վարպետությունից մինչեւ ծրագրավորում: Ունենալու ենք գեղանկարչության ստուդիա, երաժշտության պատմության խմբակ, կինոակումբներ: Այս խմբակներ կարող են հաճախել նաեւ տեղացիները՝ թե՛ երեխաները, թե՛ մեծերը: Երբ ուսուցիչներ էինք փնտրում, մեզ գրեց նաեւ հայ ուսուցչուհի՝ առաջարկելով իրավունքի հիմունքներ դասավանդել: Հավանաբար, կսկսենք այս դասընթացը. Հայաստանում ենք ապրում ու պետք է իմանանք այստեղի օրենքներն ու մեր իրավունքները: Նախատեսում ենք նաեւ հայերենի դասընթաց ունենալ, քանի որ շատ ընտանիքներ պատրաստվում են երկար մնալ այստեղ:

 

Երեխաները կսովորեն մեզ մոտ, նույնիսկ եթե ընտանիքը չի կարող վճարել

 

Դպրոցը պաշտոնապես կձեւակերպենք որպես ոչ առեւտրային կազմակերպություն, որպեսզի բոլոր ցանկացողները կարողանան գումար փոխանցել՝ օգնելով մեզ վճարել ուսուցիչների աշխատավարձն ու վարձակալության գումարը:

Լուսանկարը` Մեդիամաքս

Դպրոցում սովորելու ամսական վճարը 70 հազար դրամ է, բայց այս գումարը պայմանական է: Եթե անկեղծ՝ այս վարձը սահմանել ենք տեղական գներից բացարձակ անտեղյակ: Որքանով հիմա եմ հասկանում, սա բավականին թանկ է:

 

Միաժամանակ, մենք նշել ենք՝ եթե որեւէ ընտանիք պատրաստ է ավելի շատ վճարել, կօգնի դպրոցին, իսկ եթե ընտանիքը չի կարող իրեն թույլ տալ վարձի այս չափը, միեւնույն է՝ կընդունենք երեխաներին: Շատ լավ հասկանում ենք, որ տեղափոխված ոչ բոլոր ընտանիքները խնայողություններ ունեն: Խմբակներն արժեն 4000 դրամ՝ մեկ դասի համար, իսկ ուսուցիչներին պատրաստվում ենք վճարել մոսկովյան աշխատավարձ՝ մոտավորապես 8000 դրամ՝ դասաժամի համար:

 

Երեխաները ցանկանում են այստեղ ընկերներ գտնել

 

Երեխաների հետ շփումից հասկանում եմ՝ շատերին իսկապես դժվար է: Նրանք թողել են հարազատ միջավայրը, ընկերներին: Այս դպրոցն ինչ-որ չափով օգնում է ապրել այնպես, կարծես, ամեն ինչ կարգին է: 

Լուսանկարը` Մեդիամաքս

Երեխաների մեծ մասը տեղափոխվելուց հետո ամբողջ մարտ ամիսը նստել է տանը՝ ծնողների հետ, ու նոր մարդիկ, շփումն այլ երեխաների հետ դրական է ազդում նրանց վրա: Ունեինք դեպք, երբ մի տղա մեզ մոտ միայն երկարօրյայի էր գալիս ու չէր ցանկանում տուն գնալ, քանի որ ընկերացել էր մյուս երեխաների հետ: Հիմա նրանք սկսել են շփվել ընտանիքներով, իրար հյուր գնալ: Փոքրիկներին ավելի հեշտ է, նրանք մեկ օրով են ապրում, հեշտ են ծանոթանում ու ընկերանում: Տարիքով մեծ երեխաների համար ավելի դժվար է: Օրինակ՝ ութերորդ դասարանում միայն մեկ աշակերտ ունենք, մի օր ասացի նրան՝ «կներես, մի քիչ դիմացի, քեզ դասընկեր կգտնենք» ու նա ոգեւորված պատասխանեց՝ «պետք չէ, ինձ այսպես էլ շատ լավ է, ամբողջ ուշադրությունը ես եմ ստանում»: Հասկացել եմ, որ երեխաների մի մասի համար կարեւոր է ոչ այնքան կրթությունը, դասերը, այլ ընկեր գտնելն այստեղ:

 

Ազատ դպրոցի կայքն է. http://free.school.tilda.ws/

 

Յանա Շախրամանյան

 

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին