«Ռելոկացիայից» մեկ տարի առաջ Երեւան տեղափոխված Իրինայի «նոր կյանքը» - Mediamax.am

exclusive
5303 դիտում

«Ռելոկացիայից» մեկ տարի առաջ Երեւան տեղափոխված Իրինայի «նոր կյանքը»


Իրինա Դանիլյանը
Իրինա Դանիլյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Իրինա Դանիլյանը
Իրինա Դանիլյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Իրինա Դանիլյանը
Իրինա Դանիլյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Իրինա Դանիլյանը
Իրինա Դանիլյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Իրինա Դանիլյանը
Իրինա Դանիլյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


«Ռելոկացիա» եզրույթի եւ Երեւանի փողոցներում մեծ թվով ռուսների հայտնվելուց մեկ տարի առաջ Սանկտ Պետերբուրգից Հայաստան է տեղափոխվել սննդաբան Իրինա Դանիլյանը։ Մեկ շաբաթով պլանավորված արձակուրդը ձգձգվել է, իսկ Երեւանը նրա համար դարձել է հարազատ քաղաք։ Նոր երկիր, նոր ընկերներ ու կյանքի նոր ռիթմ։ Իրինան ասում է՝ Հայաստանն իրեն օգնել է ամեն ինչ սկսել «մաքուր էջից»։

 

Ցուրտ Պիտերից՝ «ամենաարեւոտ քաղաք»

 

Չնայած հայկական ազգանվանը՝ Հայաստանի հետ Իրինային ոչինչ չէր կապում։

 

«Ես ռուս եմ, հայկական արմատներ չունեմ։ «Դանիլյան»-ը նախկին ամուսնուս ազգանունն է: Նա երբեք Հայաստանում չէր եղել: Բայց մտածում եմ՝ ոչինչ պատահական չի լինում՝ հիմա ապրում եմ Հայաստանում եւ հայկական ազգանուն ունեմ»։

 

«48 տարեկան եմ, կրթությամբ՝ մանկավարժ-հոգեբան։ Կյանքիս մեծ մասը բիզնեսով էի զբաղվում, մեծ ընկերություն ունեի։ Ինչ-որ պահի որոշեցի արմատապես փոխել կյանքս, կրթությունս լրացրեցի սննդաբանությամբ եւ սկսեցի աշխատել այդ ուղղությամբ: Հիմա սննդի առցանց դպրոց ունեմ, այնպես որ կարող եմ աշխատել աշխարհի ցանկացած կետից, սակայն Հայաստան տեղափոխվելու մասին երբեք չէի մտածել»:

 

2021 թվականի մայիսին Սանկտ Պետերբուրգում ցուրտ էր, ամպամած, ձյուն էր տեղում։ Մռայլ եղանակից ու լոքդաունից հոգնած Իրինան որոշեց արձակուրդ մեկնել:

Իրինա Դանիլյանը Իրինա Դանիլյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

«Մի օր արթնացա եւ հասկացա՝ շատ հոգնած եմ եւ մրսած, գարուն եմ ուզում, ինձ թարմանալ է պետք։ Ինտերնետում գրեցի՝«ամենաարեւոտ քաղաքը» եւ որոնման համակարգի առաջին պատասխանը Երեւանն էր։ Անմիջապես տոմս գնեցի եւ մայիսի 7-ին եկա Երեւան։ Ի սկզբանե պլանավորում էի մեկ շաբաթ մնալ: Հետո այն վերածվեց երկու, երեք շաբաթվա։ Արդյունքում մոտ երկու ամիս ապրեցի հյուրանոցում ու հասկացա՝ վերադառնալ չեմ ուզում։ Որոշման մասին հայտնեցի երեխաներիս։ Մեկ շաբաթով գնացի Սանկտ Պետերբուրգ, տեղափոխեցի գործերս, հիմնական իրերս հավաքեցի, Երեւանում բնակարան վարձեցի ու վերադարձա»։

 

Նոր մարդիկ

 

«Ես շատ էի ճանապարհորդում, բայց երբեք միայնակ ոչ մի տեղ չէի գնացել։ Հայաստանն առաջին երկիրն էր, ուր մենակ եկա։ Ինձ դուր էր գալիս, որ այստեղ ինձ ոչ ոք չի ճանաչում, բոլորովին նոր աշխարհ է, իսկ ես՝ մաքուր էջ։ Հասկացա, որ կարող եմ ամբողջությամբ վերափոխել իմ ներաշխարհը: Միեւնույն ժամանակ, գիտեի, եթե որոշում եմ այստեղ ապրել ինձ նաեւ շփում, նոր մարդիկ, նոր ընկերներ են պետք»:

 

Հայաստանում ընկերները հայտնվում էին շատ տարբեր իրավիճակներում։ Նրանք Իրինային ծանոթացնում էին իրենց ընտանիքների ու ընկերների հետ։

 

«Այն, ինչ ինձ հաճելիորեն զարմացրեց Հայաստանում, մարդիկ են։ Նրանք անկեղծորեն ցանկանում են, որ երկիրը ձեզ դուր գա եւ պատրաստ են դրա համար շատ ժամանակ տրամադրել: Ռուսաստանում նման բան չես տեսնի։ Հիշում եմ՝ մի անգամ տաքսիով ինչ-որ տեղ էի գնում, խոսակցություն բացվեց, տաքսու վարորդը հարցրեց՝ «հավանու՞մ եք երկիրը»։ Պատասխանեցի՝ այնքան եմ հավանել, որ որոշել եմ այստեղ ապրել։ Վարորդի ուրախությունն աննկարագրելի անկեղծ էր։ Հարցրեց՝ որտե՞ղ եմ արդեն եղել, տեսե՞լ եմ Էրեբունի ամրոցը։ Իմ բացասական պատասխանից հետո, ուղղակի ասաց՝ գնացինք։ Նա մոտ երեք ժամ ցույց տվեց ամրոցի ամբողջ տարածքը, որեւէ գումար չվերցրեց ու ասաց, որ պարզապես ցանկանում էր ավելի շատ բան իմանամ քաղաքի մասին, որում ապրում եմ:

Իրինա Դանիլյանը Իրինա Դանիլյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լինում են իրավիճակներ, երբ գալիս եմ ընկերներիս մոտ ինչ-որ հավաքույթի, եւ բոլոր ներկաները հայեր են։ Իմանալով, որ հայերեն չեմ հասկանում, նրանք սկսում են ռուսերեն խոսել։ Սա հարգանքի նշան է հյուրի հանդեպ։ Իհարկե, փորձում եմ լեզուն սովորել, արդեն որոշ բառեր գիտեմ, բայց խոսել դեռ ամաչում եմ»:

 

Ամեն ինչ կատարյալ չի լինում

 

Իրինան պատմում է՝ տեղափոխման առաջին օրերին եղել են նաեւ ոչ այնքան հաճելի դեպքեր, սակայն դրանք չեն կարող համեմատվել դրական փորձի հետ։

 

«Երբ գալիս էի այստեղ, ֆորումներում բազմաթիվ մեկնաբանություններ կարդացի, որ հայերը շատ հյուրընկալ են, եթե քեզ մոտենան ու օգնություն առաջարկեն, մի' վախեցիր, քեզ վատություն չեն անի, դու հյուր ես, եւ դա սրբություն է: Չափազանց բաց լինելն իմ միակ սխալն էր Երեւանում։ Հասկանալի է, որ տղամարդկանցից ավելի շատ ուշադրություն էի ստանում, Հայաստանում կանայք ավելի փակ են շփման եւ նոր ծանոթությունների առումով։ Վախենալով վիրավորել, սկզբում շատ բաց էի, ցանկացած առաջարկի արձագանքում էի, ծանոթանում էի, հետո հասկացա, որ ինձ համար շատ դժվար է ազատվել դրանից։ Անհարմար էի զգում, չէի ցանկանում կոպտել: Հիմա հասկանում եմ, թե ինչու են հայ կանայք ավելի խիստ։ Բայց այսքանով իմ բացասական փորձը Հայաստանում ավարտվում է»։

 

Հայկական խոհանոցը

 

Որպես սննդաբան՝ Իրինային հետաքրքրում է նաեւ տեղական սնունդը: Նա վստահեցնում է՝ հայկական խոհանոցը դիետիկ է, հարցը միայն սնվելու ռեժիմն է։

Իրինա Դանիլյանը Իրինա Դանիլյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

«Այո, դուք շատ միս եք օգտագործում, բայց օրգանիզմը դրա կարիքն ունի։ Հարցն այն է, թե օրվա որ ժամին եք այն ուտում։ Ինձ զարմացնում է, որ այստեղ բոլոր մթերքները բնական են, կա շատ կանաչեղեն, միրգ, բանջարեղեն։ Օրինակ՝ մենք չունենք կանաչեղեն օգտագործելու մշակույթ, այն հիմնականում օգտագործվում է ուտեստը զարդարելու համար։ Այստեղ սեղանին միշտ կանաչի կա։ Իսկ ինչ ջուր է հոսում ծորակից»։

 

Գեղարդի «ալիքները»

 

Հայաստանում ապրելու մեկ տարվա ընթացքում Իրինան շատ է ճանապարհորդել մարզերով։ Թեեւ նա իրեն խիստ կրոնասեր անձնավորություն չի համարում, նրան ցնցել են հայկական տաճարներն ու եկեղեցիները.

 

«Ռուսաստանում շատ հազվադեպ, միայն ինչ-որ տոնակատարությունների դեպքում էի եկեղեցի գնում, բայց Հայաստանն այնպիսի վայր է, որ ուր էլ գնաս՝ ամենուր տաճարներ ու եկեղեցիներ են։ Միայն այստեղ ես խաղաղվելու զգացողություն ունեցա եկեղեցում: Ինձ համար ամենանշանակալի վայրը դարձավ Գեղարդի վանքը։ Երբ առաջին անգամ գնացի այնտեղ, պարզապես նստեցի ներսում եւ կորցրեցի ժամանակի զգացողությունը: Ընկերներն ինձ ձայն տվեցին միայն այն ժամանակ, երբ պետք է վերադառնայինք Երեւան: Նրանք ասացին, որ արդեն 5 ժամ է անցել։ Գեղարդից հետո ես ասես նոր մարդ լինեի։ Շատ եմ ուզում այցելել նաեւ Արցախ, պատրաստվում եմ մեկնել ամռանը»։

 

Զուգահեռներ 1922 թվականի հետ

 

Իրինան հետեւում է ուկրաինական պատերազմի սկսվելուց հետո ռուսների էմիգրացիային։ Ծանոթները շատ են հարցնում իրեն Հայաստան տեղափոխվելու մասին։

Իրինա Դանիլյանը Իրինա Դանիլյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

«Կարող է ոչ հայրենասիրական թվալ, բայց խոստովանում եմ՝ բոլորին խորհուրդ եմ տալիս տեղափոխվել այստեղ: Հայաստանն աշխարհի ամենաանվտանգ երկրներից է։ Այստեղ ես հանգիստ եմ։ Ինչ վերաբերում է ռուսների այսօրվա էմիգրացիային, այն կարելի է համեմատել 100 տարի առաջ՝ 1922 թվականին տեղի ունեցածի հետ։ Այն ժամանակ էլ Ռուսաստանից հեռանում էին ամենախելացի մարդիկ, հեռանում էին, գրեթե նույն պատճառներով, ինչ հիմա։ Նրանք հետագա զարգացման հնարավորություն չէին տեսնում: Այսօր էլ Ռուսաստանը լքում են խելացի, աշխատող ու ձեռքբերումներ ունեցող մարդիկ»:

 

«Հայաստան տեղափոխվողներին խորհուրդ եմ տալիս չնստել միայն Երեւանում, անպայման մարզեր գնալ ու զգալ՝ ինչով է ապրում այս երկիրը: Իսկ մինչեւ գալը, ծանոթանալ երկրի ավանդույթներին եւ պարզել՝ ինչն է այստեղ ընդունված, ինչը՝ ոչ»։

 

Յանա Շախրամանյան

 

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին