Կարմիր Շուկայի «Խոխա» կենտրոնը՝ պատերազմին մոտ եւ հեռու - Mediamax.am

exclusive
1947 դիտում

Կարմիր Շուկայի «Խոխա» կենտրոնը՝ պատերազմին մոտ եւ հեռու


Լուսանկարը` Վաչե Վարդանյան

Լուսանկարը` Վաչե Վարդանյան

Լուսանկարը` Վաչե Վարդանյան

Լուսանկարը` Վաչե Վարդանյան

Լուսանկարը` Վաչե Վարդանյան

Լուսանկարը` Վաչե Վարդանյան

Լուսանկարը` Վաչե Վարդանյան

Լուսանկարը` Վաչե Վարդանյան

Լուսանկարը` Վաչե Վարդանյան

Լուսանկարը` Վաչե Վարդանյան

Լուսանկարը` Վաչե Վարդանյան

Լուսանկարը` Վաչե Վարդանյան

Լուսանկարը` Վաչե Վարդանյան

Լուսանկարը` Վաչե Վարդանյան

Լուսանկարը` Վաչե Վարդանյան

Լուսանկարը` Վաչե Վարդանյան

Լուսանկարը` Վաչե Վարդանյան

Լուսանկարը` Վաչե Վարդանյան

Լուսանկարը` Վաչե Վարդանյան

Լուսանկարը` Վաչե Վարդանյան

Լուսանկարը` Վաչե Վարդանյան

Լուսանկարը` Վաչե Վարդանյան

Լուսանկարը` Վաչե Վարդանյան

Աննա Իսրայելյանը
Աննա Իսրայելյանը

Լուսանկարը` Վաչե Վարդանյան

Վաչե Վարդանյանը
Վաչե Վարդանյանը

Լուսանկարը` Դավիթ Ղահրամանյան


Չնայած սահմանային լարվածությանն ու մի շարք հումանիտար խնդիրներին՝ Արցախը շարունակում է ապրել: Սահմանապահ փոքրիկների մանկությունն ավելի գունեղ դարձնելու ու պատերազմի շունչը կոտրելու համար Արցախի Մարտունու շրջանի Կարմիր Շուկա գյուղում սկսել է գործել «Խոխա» մանկական զարգացման կենտրոնը:

 

Մեդիամաքսը «Խոխայի» գործունեության եւ հետագա զարգացման մասին զրուցել է ծրագրի հիմնադրի եւ դրան աջակցող արցախցի երիտասարդների հետ:

 

«Խոխայի» ծնունդը

 

Վաչե Վարդանյան, գաղափարի հեղինակ եւ հիմնադիր. Արցախում ապրելուս շուրջ մեկ տարվա ընթացքում այնտեղի ակտիվ երիտասարդության հետ միասին տարբեր ծրագրեր էինք իրականացնում՝ հոգատար հանրության նվիրատվությունների շնորհիվ: Դրանք հիմնականում 7 տարեկանից բարձր երեխաների համար էին՝ ճամբարներ, ճանաչողական այցեր:

 

Պատերազմից հետո տարբեր անհատներ նաեւ սկսեցին խաղալիքներ նվիրել, որպեսզի փոխանցեմ Արցախի սահմանապահ գյուղերի երեխաներին: Մեր ծրագրերին հետեւող եւ մշտապես աջակցող մի անհատ շատ մեծ քանակով եւ բավականին թանկարժեք խաղալիքներ նվիրեց: Դրանք միայն մի քանի երեխայի նվիրելը նպատակային չէր լինի, դրա համար էլ գաղափար առաջացավ Արցախի սահմանապահ դարձած գյուղերից մեկում հիմնել մանկական զարգացման կենտրոն, որտեղ կհավաքեինք այդ բոլոր խաղալիքներն ու զարգացնող խաղերը:

Լուսանկարը` Վաչե Վարդանյան

Այդպես ծնվեց «Խոխա»-ն, որի նպատակը 3-6 տարեկան երեխաների համար կրթական եւ խաղաղ միջավայր ստեղծելն է՝ պատերազմի գոտում, բայց պատերազմական լարվածություններից ազատ:

 

«Կենտրոնը գործելու է՝ հակառակ սադրանքներին»

 

Երբ սոցիալական ցանցերում սկսեցինք խոսել ծրագրի մասին, շարունակեցինք աջակցություն ստանալ գույքի տեսքով: Որոշեցինք ընտրել Կարմիր Շուկա գյուղը, որը սահմանապահ է եւ մշտական լարվածություն ունի: Այդ ժամանակ թշնամու հետ ճանապարհը դեռեւս ընդհանուր էր, հիմա առավել հազվադեպ է թշնամական զորքն օգտվում այդ ճանապարհից: Գյուղը նաեւ մեծ ներուժ ունի ակտիվ երիտասարդության առումով:

Լուսանկարը` Վաչե Վարդանյան

Ծանոթանալով ծրագրին՝ Կարմիր Շուկայի համայնքապետ Նարեկ Աթայանն անմիջապես իր աջակցությունը հայտնեց, եւ մեզ տարածք տրամադրեց գյուղի Մշակույթի տանը: Թեեւ նոր վերանորոգված շենք էր, սակայն պատերազմից շատ էր վնասվել: Համայնքապետը արագ կազմակերպեց վերանորոգման աշխատանքները, եւ մեր կամավորների ջանքերով սենյակը կարճ ժամանակում հեքիաթային միջավայր դարձավ:

Լուսանկարը` Վաչե Վարդանյան

Թեեւ կենտրոնը 2021 թվականի աշնանն արդեն պատրաստ էր, մի շարք խնդիրների պատճառով բացումը հետաձգում էինք: Սկզբում սահմանային լարվածությունն էր հետ պահում, հետո համավարակային սահմանափակումները խստացան: Ձմռանը բախվեցինք տարածքի տաքացման խնդիրներին, քանի որ հատկապես Արցախի գյուղերում հոսանքի տատանումները մշտական երեւույթ են, իսկ սենյակի տաքացման համար ստիպված էինք լինելու մեծ լարում օգտագործել: Որոշեցինք խուսափել դրանից, եւ «Խոխան» փոքրիկներին հյուրընկալեց գարնանային տաք եղանակի հետ:

 

Հիմա սահմանային լարումն ակնհայտորեն ավել շատ է, բայցեւայնպես բացեցինք կենտրոնը: Հասկացանք, որ առաջիկայում իրավիճակը հազիվ թե դեպի լավը փոխվի, մինչդեռ երեխաները պատերազմական իրականությունից կտրվելու եւ մանկություն ապրելու կարիք ունեն:

Լուսանկարը` Վաչե Վարդանյան

Կենտրոնի բնականոն գործունեությանը խանգարող հանգամանքներ էլի կան: Գյուղերում կապը թշնամու կողմից խլացվում է, շարժական ինտերնետի խնդիր կա, հոսանքի մշտական տատանումներ: Բայց մենք եւ ծնողները շատ մարտական ենք տրամադրված, կենտրոնը գործելու է՝ հակառակ թշնամու սադրանքներին եւ Արցախի վրա խաչ քաշած մեր որոշ հայրենակիցների:

 

Շուրջ 40 սահմանապահ երեխա

 

«Խոխա»-ն աշխատում է շաբաթ եւ կիրակի օրերին, երբ գյուղի մանկապարտեզը փակ է: Շուրջ 40 երեխա է այցելում Կարմիր Շուկա եւ Թաղավարդ գյուղերից: Երեխաներն այստեղ երկուական ժամ են անցկացնում՝ երկու հերթափոխով: Երեխաների հետ աշխատում են 6 դաստիարակներ, որոնք Արցախի ակտիվ երիտասարդներից են, եւ բոլորն ունեն բարձրագույն կրթություն:

Լուսանկարը` Վաչե Վարդանյան

Կենտրոնում փորձում ենք երեխաներին հնարավորինս ազատություն տալ ու այդ ազատության մեջ ուղենշել որոշակի կանոններ: Վարվեցողության կանոններ ենք սովորեցնում, իրենք են հոգում միջավայրի կոկիկ լինելու մասին, միմյանց հետ քաղաքավարի եւ ջերմ են շփվում: Փորձում ենք զարգացնել շնորհակալ լինելու եւ ունեցածը գնահատելու մոտեցումները:

Լուսանկարը` Վաչե Վարդանյան

Սենյակը բաժանել ենք մի քանի թեմատիկ մասերի՝ մանկական խոհանոց, մանկական այգի, կենդանիներին խնամելու հատված եւ այլն: Յուրաքանչյուր հատվածում առկա խաղալիքներն օգնում են երեխաներին վարվեցողության կանոններ սովորեցնելու հարցում:

 

«Երեխաներին ազգայինին մոտեցնելը նպատակ է»

 

Աննա Իսրայելյան, «Խոխայի» դաստիարակ. Ես Ասկերանի շրջանի Սարուշեն գյուղից եմ, 23 տարեկան եմ։ Սովորել եմ Արցախի պետական համալսարանի մանկավարժություն եւ մեթոդիկա բաժնում: Հիմա աշխատում եմ գյուղի մանկապարտեզում՝ որպես դաստիարակ:

 

Երեխաների հետ մեծ հաճույքով ենք աշխատում, ձգտում ենք ինքներս երեխա դառնալ, որպեսզի կարողանանք իրենց լեզվով խոսել: Ծրագրում շատ ունենք ուսուցողական եւ զարգացնող խաղեր: Սովորեցնում ենք էթիկայի կանոնները, ինչի պակասը զգացվում է:

Աննա Իսրայելյանը Աննա Իսրայելյանը

Լուսանկարը` Վաչե Վարդանյան

Արցախի գյուղերում նկատելի է այն խնդիրը, որ երեխաները հեռու են մշակույթից, ազգային երգուպարից: Թեկուզ ինքներս դրա մասնագետները չենք, սակայն մեզ համար նպատակ է երեխաներին հնարավորինս մոտեցնել ազգայինին: Ազգային երգուպարի ուղղությամբ մասնագիտացված երիտասարդական խմբերի հետ պայմանավորվածություններ կան, առաջիկայում նրանց հետ վարպետության դասեր կունենանք:

Լուսանկարը` Վաչե Վարդանյան

Նման այլ զարգացման կենտրոնների առկայությունը շատ կարեւոր է հատկապես Արցախի գյուղերում, որտեղ երեխաները կտրված են ժամանակակից աշխարհից, կարիք ունեն զարգանալու, նորը սովորելու:

 

Անկասկած, Արցախի երեխաներն ամենաշատը խաղաղության կարիք ունեն: Ամանորին, երբ մանկապարտեզում հարցնում էի երեխաներին, թե ինչ են ուզում Ձմեռ Պապիկից, բոլորի պատասխանն այդ էր՝ խաղաղություն:

Լուսանկարը` Վաչե Վարդանյան

Վերջին շրջանում Երեւանից աշխատանքի հրավեր ստացա, բայց տեղափոխվելու մասին չեմ մտածում: Եթե ես, ինձ նման երիտասարդները մտածենք սեփական հարմարավետության, այլ ոչ թե հայրենիքի բարեկարգման ու զարգացման մասին, Արցախը կկոտրվի: Մենք պետք է մնանք այստեղ՝ ամուր կապ պահելով Հայաստանում ապրող մեր հասակակիցների հետ, եւ այդպես ծաղկեցնենք ու շենացնենք հող հայրենին: Ես ու ինձ հետ աշխատող երիտասարդները միանշանակ այս կարծիքին ենք եւ գերադասում ենք ապրել ու արարել Արցախում:

 

«Կյանքս Արցախից դուրս չեմ պատկերացնում»

 

Հասմիկ Հովհաննիսյան, «Խոխայի» դաստիարակ. Ծնվել եւ ապրում եմ Կարմիր Շուկա գյուղում, 22 տարեկան եմ: Ավարտել եմ Արցախի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի հայոց լեզու եւ գրականություն բաժինը:

 

Վաչեի հետ առաջին անգամ ծանոթացա անցյալ տարվա գարնանը, երբ եկավ մեր գյուղ ու գյուղապետարանում ժողով կազմակերպեց: Հարցնում էր՝ ինչո՞վ կարող է օգնել տեղացիներին, ի՞նչ ծրագրեր կարող է անել: Դրանից ավելի ուշ էլ պատմեց «Խոխայի» գաղափարի մասին: Այն ինձ եւս շատ ոգեւորեց, ցանկություն հայտնեցի աշխատելու կենտրոնում՝ որպես դաստիարակ: Երեխաների հետ շատ եմ սիրում աշխատել, բացի այդ, սա ինձ համար նաեւ լավ փորձառություն է:

Լուսանկարը` Վաչե Վարդանյան

Ուզում եմ, որ երեխաները այստեղ այցելելով իրենց ազատ եւ հարմարավետ զգան: Շատ հետաքրքիր խաղալիքներ կան թե´ լավ ժամանցի, թե´ կրթվելու ու զարգանալու համար: Թատերական խաղալիքներ էլ ունենք, որոնց միջոցով նախատեսում ենք ներկայացումներ բեմադրել: Երեխաները շատ էին սպասում այս կենտրոնի բացմանը, որովհետեւ խաղալիքներն իսկապես շատ գրավիչ են: Առաջին այցից էլ երեւաց, թե ինչքան են ուրախանում այստեղ, ծնողներն էլ շատ շնորհակալ ու երջանիկ են: Ես էլ ինձնից կախված ամեն ինչ կանեմ, որ երեխաները իրենց լավ զգան մեր կենտրոնում:

Լուսանկարը` Վաչե Վարդանյան

Կյանքս Արցախից դուրս չեմ պատկերացնում, իմ գյուղը, իմ Արցախն ուրիշ է: Կուզեմ, որ Արցախը դառնա ապրելու համար ամենալավ տեղը, կյանքն ավելի լավը դառնա, ավելի լավ, քան պատերազմից առաջ էր: Թեկուզ հիմա դժվարություններն էլ ավելի են շատացել, բայց ես վստահ եմ, որ Արցախն ապրեցնելու համար միայն ցանկություն է պետք, մնացածը կստացվի: Կուզենայի մեծ հնարավորությունների տեր լինել, ամեն ինչ կանեի Արցախի համար: Եթե ղեկավար լինեի, թույլ չէի տա, որ որեւէ մեկն իմ տուն բողոքով գար, ասեր՝ պատերազմից հետո տունս ջարդված է, կամ տանիքից կաթում է: Ցավոք, հիմա քանդված եւ այրված տներ շատ կան մեզ մոտ:

 

Դու կարող ես դառնալ «Խոխայի» դեսպան

 

Վաչե Վարդանյան. Մեզ մոտ աշխատող դաստիարակներին սիմվոլիկ վարձատրություն ենք տալիս, նրանց մի մասն Արցախում այլ աշխատանք չունի: «Խոխայի» պահպանման, ընթացիկ ծախսերի հաշվարկը կատարել ենք՝ յուրաքանչյուր երեխայի համար անհրաժեշտ է ամսական 5000 դրամ: Ֆինանսական հարցը լուծելու համար հետեւյալ ձեւաչափն ենք մտածել. ձեւավորել ենք անհատների խումբ, որոնք ամսական թեկուզ 1000 կամ ավելի դրամ կարող են փոխանցել կենտրոնին: Այդպիսով նրանք դառնում են «Խոխայի» դեսպան եւ իրենք իրենց առջեւ պարտավորվում ամեն ամիս մշտապես փոխանցում անել: «Խոխայի» դեսպան կարող է դառնալ յուրաքանչյուր անհատ՝ միանալով մեր տելեգրամյան ալիքին կամ կապ հաստատելով ինձ հետ ինստագրամում:

Վաչե Վարդանյանը Վաչե Վարդանյանը

Լուսանկարը` Դավիթ Ղահրամանյան

Մեր կենտրոնի դաստիարակներն իրենց վրա պատասխանատվություն են վերցրել ամեն շաբաթ իրենց հանգստյան օրերին 40 երեխայի օրը տոն դարձնելու: Մեր ծրագրերն Արցախում շարունակելու ենք, զարգացնելու ենք «Խոխայի» հայեցակարգը: Պետք է ձգտենք անել ամեն ինչ, որ երեխաները չզգան՝ պատերազմի մեջ են ապրում, սահմանին են: Պետք է ապահովենք նրանց մանկությունը, որ չկոտրվեն, շարունակեն երազել, հավատալ հրաշքների, եւ հասուն տարիքում դառնան հրաշքի ստեղծողն իրենց հայրենիքում:

 

Գայանե Ենոքյան

 

Լուսանկարները՝ Վաչե Վարդանյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին