Պատերազմից հասունացած սերունդը, որ ապրեցնում է Արցախը - Mediamax.am

3601 դիտում

Պատերազմից հասունացած սերունդը, որ ապրեցնում է Արցախը


Լուսանկարը` Մեդիամաքս

Մարիա Հակոբյանը
Մարիա Հակոբյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Ալիսա Թավադյանը
Ալիսա Թավադյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Արփինե Բալույանը
Արփինե Բալույանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Արման Մուսաելյանը
Արման Մուսաելյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Մելինե Գրիգորյանը
Մելինե Գրիգորյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Բագրատ Սրբազանը
Բագրատ Սրբազանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Բագրատ Սրբազանը
Բագրատ Սրբազանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Մեկ շաբաթ Արցախի 8 սահմանապահ գյուղերից պատանիներ Լոռու մարզում էին՝ «Հայորդի» ճամբարում։ Այստեղ նրանք սովորում էին ազգային երգ ու պար, այցելում վանքեր ու պատմամշակութային վայրեր, կրակային պատրաստության, առաջին բուժօգնության եւ այլ դասեր անցնում։

 

Նախաձեռնության գաղափարը Վաչե Վարդանյանինն ու նրա ընկերներինն է։ Ճամբարն իրականություն է դարձել բարերարների նվիրատվությունների շնորհիվ։

Մեդիամաքսը ճամբարի անցկացման օրերին եղել է այնտեղ ու զրուցել պատանիների հետ Արցախում ապրելու եւ հայրենիքի հանդեպ պատասխանատվության մասին։

 

«Պիտի շատ սիրենք»

 

Մարիա Հակոբյան, 17 տարեկան, գյուղ Սոս

 

Մեր գյուղը սարի վրա է, սարին եթե ուշադիր նայեք, կարծես առյուծ լինի։ Շատ մոտ է Ամարասի վանքը, հաճախ եմ գնում այնտեղ։

 

Պատերազմը երբ սկսվեց, երկար ժամանակ գյուղը լքել չէինք ուզում, բայց պապան ստիպեց, որ գնանք։ Նա գիշերն արդեն դիրքեր էր գնացել, ես իրեն չհասցրի տեսնել։

Լուսանկարը` Մեդիամաքս

Հետո շուտ վերադարձանք ու Նոր տարին գյուղում անցկացրինք։ Պատերազմից հետո ամեն ինչ կարծես գլխիվայր է շրջվել, լրիվ այլ կերպ ենք մտածում։ Ապրում ենք այսօրվա օրով, չգիտենք, թե վաղն ինչ կլինի, դրա համար ամեն օրվա ամեն պահը գնահատում ենք։

 

Եթե հետ չգնայինք, մնացած ժողովուրդն էլ կթուլանար, կմտածեր, որ նույնը սկսվելու է։ Որ եկանք, ավելի ուժեղ դարձան, իմացան, որ ամբողջ գյուղով միասնական ենք։ Ամեն ընտանիքի գալուն շատ էին սպասում։

 

Պիտի սովորենք շնորհակալ լինել, որ առավոտյան արթնացանք, շնչում ենք, ապրում ենք։ Շատ սիրենք մեր հայրենիքը, այն, ինչ շրջապատում է մեզ, ավելի շատ սիրենք սահմանը պահող զինվորներին։

Մարիա Հակոբյանը Մարիա Հակոբյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Ես ուր գնում եմ, առաջին խոսքս այն է, որ մարդիկ հարգեն ու վստահեն իրար ու իրենք իրենց, հավատան, որ կարող են հաղթահարել այն, ինչի միջով անցնում են։ Եթե մարդուն տրվում է այդ փորձությունը, ուրեմն Աստված տեսնում է, որ ինքը կարող է հաղթահարել։

 

«Մտածենք՝ ի՞նչ ենք արել հայրենիքի համար»

 

Ալիսա Թավադյան, 14 տարեկան, գյուղ Թաղավարդ

 

Ընտանիքս միշտ Թաղավարդում է ապրել, բայց ես ստիպված էի 6 տարով բացակայել հայրենի գյուղից։ Հայրս մեզ հետ չի ապրում, մայրիկս էլ առողջական խնդիրներ ունի, դրա համար ժամանակին միջոց չուներ մեզ պահելու ու 6 տարի Բերձորի գիշերօթիկ դպրոցում էինք եղբորս հետ։ Շատ դժվար տարիներ էին, բայց հաղթահարել եմ։ Մամայի զանգերն ու այցերն էին օգնում, իր գնալուց լացելով էիք ճանապարհում։ Եղբայրս էր շատ օգնում, եթե մենակ լինեի, ավելի դժվար կլիներ։ Մաման այդ տարիները հիշելիս տխրում է, իսկ ես ասում եմ, որ պետք է հպարտ լինես, որ անցել ես այդ ամենի միջով ու հաղթահարել։

 

Գյուղիս հետ ծանոթացել եմ գիշերօթիկից գալուց հետո՝ 11 տարեկանում։ Հենց ճանաչեցի, շատ սիրեցի Թաղավարդը։ Շատ գեղեցիկ է՝ անտառներով ու սարերով շրջապատված։ Գյուղից Տնջրի Սուրբ ծառն է մոտիկ, մեկ էլ մի փոքր մատուռ ունենք, Սորբ ենք ասում։ Հին մատուռ է, կռվից հետո շատ է ավերվել։

 

Մարդիկ էլ են շատ լավը, շատ հոգատար են։ Երբ մայրիկս մի քանի օր հիվանդանոցում է լինում ու տանն անչափահասներով մենակ ենք լինում, մեզ ամեն հարցով օգնում են։

Ալիսա Թավադյանը Ալիսա Թավադյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Պատերազմի ժամանակ երբ գյուղից հեռացա, մտածում էի 2-3 օր եմ հեռու լինելու տանից։ Չէի մտածում, ոչ այսքան բանի միջով ենք անցնելու։ Պատերազմին չէի հավատում, անսպասելի էր։

 

Ես այդքան չէի վախենում, ավագ եղբայրս էր օգնում, որ դիրքերից ասում էր՝ ամեն ինչ լավ է լինելու։ Գիտեի, որ մեր սահմանը պահող կա, դրանով նոր ուժ էի գտնում։ Ես մտածում եմ, որ մենք ունեինք ուժեղ բանակ... չէ՛,  էդպես էլ կա, մենք ունենք ուժեղ բանակ:

 

Եղբայրս վերջերս է զորացրվել։ Շատ ուրախ էի այդ օրը, մամայիս ուրախությանն էլ չափ չկար։ Պատերազմի ընթացքում չէի մտածում, որ կարող է զոհվել, հավատում էի, որ առողջ գալու է։

 

Հիմա վախը շատ քիչ է։ Լինում են կրակոցներ, բայց  ուշադրություն չեմ դարձնում, որովհետեւ գիտեմ՝ ցանկանում են վախեցնել մեզ, խուճապի մատնել, դրա համար փորձում եմ ճիշտ դատել։

 

Ընկեր Վաչեն որ եկավ Կարմիր Շուկայի դպրոց ու ելույթ ունեցավ, ինձ վրա մեծ ազդեցություն թողեց։ Պատմում էր իր ծրագրերի մասին ու ասում, որ մեզ հարց տանք՝ ի՞նչ ենք արել մենք մեր գյուղի, մեր հայրենիքի համար, ի՞նչ գաղափարներ ունենք։

 

Հիմա անընդհատ մտածում եմ՝ ի՞նչ կարող եմ անել հայրենիքիս համար։ Առաջինը, որ կուզենայի իրագործել, մեր Սորբը վերանորոգել է, չպետք է թույլ տանք, որ սրբատեղին ավերվի։

 

Պետք է սկսենք գնահատել այն, ինչ ունենք, մինչ այս չենք գնահատել։ Տարածքներ են եղել, որ մարդիկ ուղղակի չէին խնամում, չէին օգտագործում։ Պիտի գնահատենք ու զարգացնենք եղածը, որ զարգանա մեր երկիրը։

 

Գնացողներն էլ չպետք է գնան, այլ հասկանան, որ սա մեր երկիրն է։ Եթե մենք չմնանք, ոչ ոք այն չի պահի:

 

«Պիտի ապրեմ իմ հողում»

 

Արփինե Բալույան, 18 տարեկան, գյուղ Ակնաղբյուր, Ասկերանի շրջան

 

Մեր գյուղը Քիրսի ստորոտին միջին չափի գյուղ էր՝ մոտ 600 բնակչով։ Գյուղում մի աղբյուր կա, որ նախկինում աչքի տեսք ուներ, աղբյուրի անունով էլ գյուղը կոչվել է Ակնաղբյուր։

 

Հատկապես սիրում եմ այն տեսարանը, երբ տանից դուրս էի գալիս ու դիմացս Քիրսն էր, շատ գեղեցիկ է։ Գյուղի վերեւում էլ մի մեծ ընկուզենի կար, ընկերներով այնտեղ շատ ենք հավաքվել։

 

Սեպտեմբերի 30-ին տեղափոխվեցինք Սիսիան, իսկ ավելի ուշ՝ Երեւան։ Այդ ժամանակ դեռ պայթյունների ձայներն էին միայն լսելի, բայց որոշ ժամանակ անց, երբ գյուղում դեռ շատ մարդիկ կային, ուժեղ ռմբակոծություն էր։ Վերջինը գյուղից հայրս է դուրս եկել։ Պատմել է, որ ուզում էր հետ գնար՝ ծանոթի մեքենան վերցնելու, բայց ռմբակոծության ուժգնության պատճառով դա անհնար էր։ Հայրս մնացել էր գյուղում զինվորներին սնունդ մատակարարելու, դիրքերը պահելու համար։

 

Դեկտեմբերի 16-ին ընտանիքով կրկին տեղափոխվել ենք Արցախ, Ստեփանակերտում ենք բնակվում։ Պատերազմից հետո ամեն ինչ փոխվել է, աշխարհընկալումդ էլ այլ կերպ է։ Առաջ ուղղակի ապրում էի, կյանքի իմաստը չէի ընկալում, ու երբեք չէի մտածի, որ կարող է իմ հարազատ տնից դուրս գամ (չի կարողանում զսպել արցունքները՝ հեղ.)։

Արփինե Բալույանը Արփինե Բալույանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Մարդկանց գիտեմ, որոնց ընդհանրապես ոչինչ չի հետաքրքրում։ Կարեւորը իրենք հանգիստ ապրեն, կապ չունի Հայաստանում, թե Հայաստանից դուրս։ Ոչ բոլորը կարողացան դասը քաղել, փոխվել։

 

Հիմա մտածում եմ միայն հայրենիքի ապագայի մասին։ Պիտի ապրեմ իմ հողում, շենացնեմ, որ շարունակվի այն ինչ եղել է, ոչ թե նրանց պես, որ ասում են՝ դե հա, կգնանք Ռուսաստան, կամ կապրենք թուրքի հետ։ Այդպես չի կարելի։  

 

Հատկապես երիտասարդները պետք է իմանան՝ որն է հայկականը, որ շարունակեն պահպանել մեր մշակույթը։ Դրա համար էլ ճամբարում անցկացրած ժամանակը շատ եմ կարեւորում։ Ճամբարի շրջանակում նաեւ տարբեր վանքեր, հուշահամալիրներ ենք այցելել, որի շնորհիվ եւս ճանաչում ենք մերը։

 

Հիմա անվճար ընդունվել եմ ԵՊՀ աշխարհագրական ֆակուլտետ։ Հետագայում կմասնագիտանամ երկրաբանության ուղղությամբ, որովհետեւ կարծում եմ շատ կարեւոր գիտություն է հատկապես զինվորների համար։

 

«Եթե այստեղ չապրենք, կդավաճանենք մեր հերոսներին»

 

Արման Մուսաելյան, 15 տարեկան, գյուղ Կարմիր Շուկա, անհետ կորած զինծառայողի եղբայր

 

Կռվից առաջ գյուղում միշտ ֆուտբոլ էինք խաղում, իմ ամենասիրելի վայրն էր մեր դաշտը։ Հիմա էլ համարյա չենք խաղում, արդեն էդքան մարդ չկա, որ խաղանք։ Մի մասը գնացել են, մի մասն էլ կռվում զոհվել։

 

Առաջ ուզում էի ֆուտբոլիստ դառնալ, բայց գիտեմ, որ Արցախում չկա դրա հնարավորությունը։ Հիմա ընտրել եմ զինվորականի մասնագիտությունը։

 

Պատերազմից հետո ամբողջ ընտանիքով վերադարձանք գյուղ։ Էդքան տղերք մեզ համար են զոհվել, որ մենք գանք ու ապրենք էստեղ։ Եթե չապրեք, կդավաճանենք մեր հերոսներին։ Չենք կարող մեղադրել չվերադարձողներին, բայց նա, ով հասկանում է՝ սա ինչ է, վերադառնում է։

 

Մինչեւ կռիվը հայրենիքի գինը չէի հասկանում։ Մինչեւ ախպորս բանակ գնալը չէի հասկանում՝ ինչ է հայրենիքը, ինչու ենք ապրում ստեղ։ Հենց գնաց բանակ, հասկացա, որ հայրենիքն ամենաթանկ բանն ա, ու եթե պահանջվի կյանքս տալ, մի րոպե անգամ չեմ մտածի։

Արման Մուսաելյանը Արման Մուսաելյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Կյանքում միշտ առաջնորդվում եմ եղբորս խոսքերով, իր շնորհիվ եմ հայրենասեր դարձել։ Կռվի ժամանակ ինքը հնարավորություն ուներ կռվի դաշտից դուրս գալու, բայց իր վիրավոր ընկերոջը չի թողել։ Սա ինձ ուժ է տալիս, որ իր նման դառնամ։ Թեկուզ մենք պարտվել ենք, միեւնույն է մենք մեր գլուխը չենք կախի, միշտ բարձր կպահենք:

 

Առաջ էլ էի ուզում Արցախում մնալ, էս կռվից հետո հաստատ եմ որոշել։ Հիմա գիտեմ, որ գնացողների փոխարեն էլ պիտի մնամ:

 

Ճիշտ է, գյուղին թշնամին շատ մոտ է, բայց չեմ վախենում։ Ամեն անգամ երբ մտածում եմ էդ վախի մասին, պատկերացնում եմ, թե մեր տղերքը ոնց են երգելով-պարելով գնացել կռիվ, ու վախը միանգամից անցնում ա։

 

Եթե մենք համախմբվենք ու մեր հայրենիքը չլքենք, դա կլինի առաջին հարվածը թշնամուն։ Իր ուզածը հենց դա է, որ լքենք Արցախը։ Թող համայն հայությունը գա Հայաստան, Արցախ, դա կլինի ամենաճիշտ որոշումը։  

 

«Ցավոտ է, երբ Արցախի մասին այնպես են խոսում, ասես մերը չէ»

 

Մելինե Գրիգորյան, 15 տարեկան, գյուղ Ակնաղբյուր, Հադրութի շրջան

 

Ակնաղբյուրում ապրում էինք պապերիցս սերնդեսերունդ ժառանգած տանը։

 

Պատերազմի սկսելուց 2 օր անց եկանք Երեւան։ Չէինք կարողանում մնալ այստեղ, պատերազմից հետո որոշեցինք հետ գնալ՝ թեկուզ էլ տուն չունեինք։ Իմացանք, որ Թաղավարդում ազատ տուն կա, գնացինք այնտեղ։ Ճիշտ է, թշնամին շատ մոտ է, բայց մեր զինվորներն այնտեղ են, չպետք է վախենանք, բոլորը պետք է հետ գան։ Եթե այստեղ չապրենք, Արցախից մնացած այս փոքր մասն էլ կկորցնենք։

Մելինե Գրիգորյանը Մելինե Գրիգորյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Մինչեւ պատերազմը չէի գիտակցում, թե ինչ է հայրենիքը։ Հիմա, երբ էլ մեր տուն գնալ չենք կարող, գիտեմ՝ ինչ է հայրենիքն ու հայրենիքից հեռու գտնվելը։ Այս ամենը տեսնելով՝ մեծացա, սկսեցի ամեն ինչին ավելի լուրջ մոտենալ։

 

Մարդիկ բնավորության շատ գծեր պետք է փոխեն իրենց մեջ։ Իրար շատ են քննադատում, կռվում իրար հետ, հայաստանցի-արցախցի բաժանում դնում։ Մարդիկ իրար չեն լսում, չեն փորձում հասկանալ մեկմեկու։ Չպետք է մեղադրենք իրար, այլ իրար օգնելով հասկանանք՝ ինչպես իրավիճակին լուծում տանք։

 

Պատերազմի ժամանակ տարանջատումների ինքս հանդիպել եմ։ Դպրոցում է եղել, ու բաժանումն անողներն ուսուցիչներն էին։ Ասում էին՝ դուրս չգայիք տներից, էդքան զոհ չէինք ունենա, մեր տղաները չէին զոհվի ձեր պատճառով։ Ես չէի նեղվում, հասկանում էի, որ ես այնպիսին չեմ, ինչի մասին իրենք են խոսում, ու փորձում էի բացատրել: Շատ ցավոտ է, երբ Արցախի մասին այնպես են խոսում, ասես մերը չէ։

Շատ եմ կարոտում Հադրութը։ Հույսս չեմ կորցնում, որ մի օր անպայման վերադառնալու ենք։ Երբ խորն ես մտածում, տեսնում ես, որ մի քիչ անհնարին բան է, բայց միեւնույն է հավատում ենք, որ թեկուզ մի քիչ ուշ, բայց վերադառնալու ենք։

 

Այսօրվանից պիտի մտածենք մեր քայլերի ու միահամուռ լինելու մասին, որ հասկանանք՝ ինչպես հաղթել թշնամուն։ Դա միայն պատերազմի դաշտում չէ, այլ ամենուրեք՝ սկսած դպրոցներից։

 

«Պիտի մտածենք՝ ինչ ենք անելու եւ ինչ չենք անելու»

 

Ճամբարում պատանիներին այցելեց նաեւ Բագրատ Սրբազանն ու զրուցեց նրանց հետ։

Բագրատ Սրբազանը Բագրատ Սրբազանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Մենք մեր հայրենիքն այնքան ենք սահմանափակել, փոքրացրել, որ գտնվում են մարդիկ, մարդիկ են կամ ինչ են, որ ասում են Արցախը մեր հայրենիքն էլ չէ, բեռ է մեզ համար: Սատանայի որդիների շրթունքներից հնչած խոսքեր են։

 

Յուրաքանչյուրս մեզ համար պետք է որոշենք՝ ինչ անել եւ ինչ չանել։ Ինչ չանելու մասին շատ պետք է մտածեք, դա էլ է անել։ Մտածեք՝ ինչ չեմ անելու ես, օրինակ՝ Արցախից դուրս եմ գալու՞, թե՞ չէ, ավելի շա՞տ եմ գալու Արցախ, թե՞ չէ, եւ այսպես շարունակ։

Բագրատ Սրբազանը Բագրատ Սրբազանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Հատկապես կարեւոր է որոշել՝ հարաբերությունների մեջ ստելու՞ եմ, թե՞ ոչ, ինքնաարդարանալու՞ եմ, թե՞ ոչ, հավատարմություն ունենալու՞ եմ, թե՞ ոչ, հավատարմությունս լինելու է պայմանավորված իրավիճակով, դեպքերով, իրադարձություններով, թե՞ ես սկզբունքային ու բացարձակ եմ հավատարիմ լինելու Աստծուն, մարդուն եւ իմ հայրենիքին։ Երբ Արցախը հզոր էր, մեծ ու ուժեղ հավատարիմ էի, հիմա, երբ խոցված է, թող ուրիշները մտածեն։ Չի՛ լինում այդպես։

 

Պետք է չարիքի տիրույթը վերացնել։ Երբ մենք հաղթենք հոգեւոր պատերազմը, ես ձեզ վտահեցնում եմ, մեր մարմնավոր պատերազմում պարտության նշույլ անգամ չի լինի։ Մեր սիրելի եղբայրները, հայրերն այդ հոգեւոր գիտակցության բարձագույն աստիճանի վրա են, իրենք հաղթանակած են գնացել։ Երբ տղաների հուղարկավորություն էր լինում, ես միշտ ասում էի՝ ես չգիտեմ, գուցե մենք ենք մեռած, իրենք են ապրում։

 

Գայանե Ենոքյան

Լուսանկարները՝ հեղինակի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին