«Կտուտ». Կանաչ աստիճաններով դալանի արվեստանոցն ու «ազատ» գորգերը - Mediamax.am

exclusive
3295 դիտում

«Կտուտ». Կանաչ աստիճաններով դալանի արվեստանոցն ու «ազատ» գորգերը


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Նելլի Անանյանը
Նելլի Անանյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Նելլի Անանյանը
Նելլի Անանյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Ժամանակին չկար հայի տուն, որ դազգահ չունենար, կանայք կիսվում էին գորգագործության գաղտնիքներով, իրար թելադրում գորգերի քարտեզները, իսկ ձեռագործ գորգերն ու կարպետներն էլ մեծ պահանջարկ ու բարձր արժեք ունեին։ Հիմա դազգահ գտնելը հեշտ գործ չէ, իսկ դրանց վրա ստեղծված գորգերը կենցաղից դուրս են եկել։ Լավագույն օրինակները պահվում են աչքից հեռու կամ կախված են պատերից, որ ոտք չդիպչի։

Լուսանկարը` Մեդիամաքս

Գորգագործ Նելլի Անանյանը «Կտուտ» արվեստանոցում ստեղծում է հայկական գորգեր ու կարպետներ։ Արվեստանոցը Երեւանի Պուշկին 4 հասցեում՝ կանաչ աստիճաններով դալանում է։ Կտուտի հիմնադիր-տնօրեն Նելլին պատմել է «չար աչքից» պաշտպանող կաղապարից գորգերը ազատելու, արհեստով ապրելու, այն սահմանամերձ գյուղեր հասցնելու եւ «գորգագործ արքային» հիշելու մասին։

 

Սկաուտական շարժման դասերը

 

Փոքր տարիքից սիրում էի թելեր, դրանցով տիկնիկներ էի սարքում, հետո ՀԲԸՄ սկաուտական շարժման անդամ էի, այնտեղ պարտադիր էր մասնակցել արհեստի որեւէ դասընթացի։ Գորգագործության դասարան առաջին անգամ մտա 13 տարեկանում։

Նելլի Անանյանը Նելլի Անանյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

2016 թվականին, երբ արդեն 6 տարի զբաղվում էի կարպետագործությամբ ու գորգագործությամբ, հիմնեցի «Կտուտ»-ը, բայց ակտիվ գործունեություն սկսեցի 2019-ին, կարելի է ասել՝ համավարակի հետ միասին։ Մարտի 3-ին վերցրեցի «պետռեգիստրի» թուղթը, երեք օր անց սահմանափակումներ մտցվեցին։ Ստիպված եղա վերադարձնել վարձակալած տարածքը։ Գրեթե մեկ տարի առաջ կրկին վերսկսեցի աշխատանքներն ու տեղափոխվեցի այդ նույն տարածք։

Լուսանկարը` Մեդիամաքս

Երբ «Կտուտ»-ը նոր էր ստեղծվում, վախենում էի քայլ անել որպես մասնագետ, միայն վերջին երեք տարվա ընթացքում մի փոքր վստահ դարձա, բայց կրկին ինձ լիարժեք մասնագետ չեմ համարում, որովհետեւ ամեն օր մի նոր զարդանախշ եմ ուսումնասիրում, նոր գույն, նոր գորգ, ու բացահայտումները բերում են նոր գաղափարների։

 

Կենցաղը՝ գորգերում, գորգը՝ կենցաղից դուրս

 

«Կտուտ»-ի միջոցով ուզում եմ ամրացնել այն փաստը, որ գորգագործությունը մեր մշակույթի մի մասն է։ Ուզում եմ գա մի օր, երբ հայկական գորգերը կրկին կլինեն մեր կենցաղում։ Ժամանակին բոլոր տներում դազգահներ են եղել, հիմա Երեւանում դազգահ գտնելն այնքան էլ հեշտ չէ։ Իմ առաջին դազգահը դժվարությամբ գտա եւ չէին ուզում վաճառել, այդ կինը հույս ուներ, որ իր թոռները կսովորեն գործել, հետո զանգեց ու ասաց, որ «հույսը կտրել է» եւ կարող եմ վերցնել։

Լուսանկարը` Մեդիամաքս

Գորգագործական գործիքները՝ կտուտը, դազգահը պետք է միշտ լինեն աշխատանքի մեջ, այլապես, պատկերավոր ասած, «լարից կընկնեն»։ Հիմա էլ դազգահներ պատրաստվում են փայտից կամ երկաթից՝ հիմնականում մեծ արտադրամասների համար, բայց ինձ ավելի հոգեհարազատ են հին դազգահները։ Հներն ուրիշ են, դրանց մեջ կյանք կա եւ ես ուզում եմ նոր շունչ տալ այն գործիքին, որով ժամանակին ինչ-որ մեկն աշխատել է։

Լուսանկարը` Մեդիամաքս

Գորգերը հենց այնպես չեն ստեղծվում, մարդիկ գաղափար, կյանք են դնում դրանց մեջ։ Հայկական տարածաշրջանային գորգերը տարբեր են եղել, ամեն մեկն ունեցել է իր գորգը, որովհետեւ «գործել» են իրենց կենցաղը։ Մեր մարզերն իրարից տարբեր են առօրյայով ու կենսակերպով, ճարտարապետությամբ, գորգից կարելի է հասկանալ, թե որ տարածաշրջանին է պատկանում այն եւ որ կենցաղն է բնութագրում։

Լուսանկարը` Մեդիամաքս

Այսօրվա մեր կենցաղը դժվար է պատկերել գորգերի վրա, բայց ես փորձում եմ շեշտել նաեւ ժամանակակից զարդանախշերը, որովհետեւ որքան էլ գնահատում ենք հին հայկական զարդանախշերը, բայց դրանք պետք է զարգացում ապրեն, մենք չենք կարող անընդհատ մնալ 4-րդ, 5-րդ դարում, պետք է շարժվել ժամանակին համընթաց։ Հայկական գորգերը լավն են, գեղեցիկ, բայց ոչ բոլորին են հասկանալի, մեկին կարող է միագույն գորգ դուր գալ, մյուսին՝ որեւէ պատկերով, պետք է փորձել իրագործել մարդկանց ցանկությունները, բերելով մեծ պահանջարկի, որ պատրաստի գործերը տարիներ շարունակ չմնան անկյունում պահված։

Լուսանկարը` Մեդիամաքս

Մինչեւ գորգը գործելը մոտ 2-3 շաբաթ պետք է աշխատել էսքիզի վրա ու կարելի է ստանալ մի բան, որը կհետաքրքրի շուկային։ Հայկական զարդանախշերն առատ են ու որքան շատ ու բարդ են, այնքան գորգն ավելի թանկարժեք է դառնում, դրա համար է, որ մարդիկ չեն կարողանում իրենց թույլ տալ տանը գոնե մեկ ձեռագործ գորգ ունենալ։ Երբեմն, պետք է ընտրել հեշտ զարդանախշեր, ավելի արագ գործվող գորգեր, որոնք կլինեն ավելի մատչելի։

 

Օրգանական թելերից գորգեր

 

Հայկական գորգերն ու կարպետները, հիմնականում, գործվել են բրդյա թելերով։ Ես եւս չեմ խախտել այդ ավանդույթը։ Մարդիկ, երբեմն, ասում են, որ գորգին կպնելիս այն ծակծկում է, սրա պատճառը թելի մշակումն է, լավ մշակելու դեպքում այդպես չի լինի։ Ժամանակի ընթացքում բուրդը սկսել են ավելի լավ մշակել, դրա արդյունքում եւ գորգն է հաճելի լինում, եւ աշխատելիս ես էսթետիկ հաճույք զգում։

Լուսանկարը` Մեդիամաքս

«Կտուտ»-ում օգտագործվում են միայն օրգանական բրդյա թելեր, որոնք ներկված են բնական ներկանյութերով՝ «Որդան կարմիր», տորոնի արմատ, սոխի կեղեւ, ավելուկ, անթառամ, ընկույզի կեղեւ եւ այլն։ Բնական ներկված թելերի շնորհիվ գորգը լավ որակ է ունենում։ Խուսափում եմ արհեստական ներկած թելերից, համարում եմ, որ գնորդը պետք է ստանա իր վճարած գումարին արժանի գորգ ու որակ։

Լուսանկարը` Մեդիամաքս

Հայկական գորգերն ու կարպետները խնամելը դժվար չէ, պարզապես պետք է դրանք իջեցնել պատերից։ Երբեմն, հին ու արժեքավոր գորգերը կախում են պատերից, որ չփչանան, բայց պետք է իմանալ, որ այդպես դրանք ավելի մեծ խնամք են պահանջում, երկար տարիներ պատերից կախված լինելու պատճառով էլ «ցեցոտում» են։ Վնասված գորգը վերականգելն ավելի թանկ արժե, քան նորը գնելը, եւ վարպետի համար էլ ավելի հեշտ է նորը գործել, քան հինը վերականգնել։ Մեծ արտադրամասերում, անգամ, գորգերը հատակին են փռված եւ դրանց վրայով քայլելը չի արգելվում, վաճառքի դեպքում գորգերը պարզապես մաքրվում են։

 

Երազանքի հետեւից եկող աշակերտները

 

Արդեն մեկ տարի է, ինչ դասավանդում եմ, տարբեր մարդիկ են գալիս սովորելու, հիմնականում գալիս են իրենց «երազանքների հետեւից» կամ նրանք, ովքեր տեսել են, թե ինչպես են իրենց տատերը գործել։ Արվեստանոց հաճախող աշակերտներից ամենափոքրը 7 տարեկան է, ամենամեծը՝ 70։ Երկուսն էլ նույն ոգեւորությամբ են գալիս, նույն կետից են սկսել ու աշխատանքի ընթացքում օգնում են իրար։

Լուսանկարը` Մեդիամաքս

Գորգագործության նկատմամբ հետաքրքրության բացակայություն կա, ծնողները հաճախ մտահոգվում են, թե այն սովորելուց հետո իրենց երեխաներն ինչո՞վ են զբաղվելու, ինչպե՞ս են գումար վաստակելու։ Ես այս հարցի պատասխանը չունեմ, չեմ կարող կանխատեսել, թե երեխան ինչ ապագա կունենա։ Արհեստն ընտրելիս ցանկալի է չմտածել նյութականի մասին։ Իմ դեպքում համավարակի օրերին արվեստն ինձ օգնեց պարապ չմնալ, այդ ընթացքում տանը աշխատում էի, օնլայն դասեր անում, իսկ ոմանք ստիպված էին տանը մնալ ու ոչինչ չանել։

 

Պետք է հետաքրքրություն առաջացնել

 

Շատերն ասում են, որ գորգի առաջին հանգույցը Հայաստանում է հայտնաբերվել, բայց հիմա քիչ ենք ուսումնասիրում այս ուղղությունը։ Դա է պատճառը, որ մարդիկ ոչ թե գիտելիքի, այլ նյութականի մասին են մտածում։ Պետք է կոտրել կարծրատիպն ու հետաքրքրություն առաջացնել։ Ոմանք ուզում են գալ, սովորել, հետո մնալ ու աշխատել արվեստանոցում, բայց, ցավոք, այս պահին չեմ կարող աշխատանք առաջարկել, որեւէ մեկին ներգրավվելու համար ծավալներ են պետք, պատասխանատվություն։ Մյուս կողմից, անգամ, երբ ֆինանսական միջոցներս թույլ տան մի քանի դազգահ ունենալ, համոզված եմ՝ իմ առօրյան չի դառնա արտադրամասային։

Լուսանկարը` Մեդիամաքս

Այստեղ աշակերտների հետ, բացի արհեստից, նաեւ արվեստներ ենք ուսումնասիրում, սովորում ենք, թե ինչպես են գույներ ստանում, թելեր ներկում, երգում ենք միասին, հետաքրքիր ու մշակույթային օր ենք ունենում։ Դասընթացները թանկ չեն ու երբ հարցնում են, թե իմ օգուտը ո՞րն է, ես բացատրում եմ, որ սա իմ արվեստանոցն է, անկախ ամեն ինչից, օրվա ընթացքում այստեղ եմ լինում։ Մի կողմից, երբ աշակերտները գալիս են արվեստանոց, ես մենակ չեմ լինում, մյուս կողմից՝ կարողանում եմ մարդկանց մշակույթին ծանոթացնել, իմ ունեցած գիտելիքով, ուսումնասիրած նյութերով կիսվել։ Աշակերտներն այստեղ գալիս են ազատ գրաֆիկով, ոչ ոքի չեմ ստիպում գալ դասի, ուզում եմ, որ իրենց ցանկությամբ հաճախեն արվեստանոց։ Շատերն աշխատում են, ընտանիք ունեն, հոգսեր, եւ ես չեմ ուզում դրա վրա ծանրացնել, օրինակ, կարպետի դասը։

 

Շաբաթը մեկ անգամ արվեստանոցում փոփոխություններ են անում։ Ամեն անգամ նույնը տեսնելիս չես կարողանում նոր գաղափարների մասին մտածել։ Երբեմն, նաև թելերը դասավորում եմ ըստ երանգների․օրինակ՝ կարմիր գույնի թելեր շատ ունեմ, իրար կողք եմ դնում այնպես, որ աշակերտները տարբերակեն երանգները, հասկանան, թե դրանք մեկը մեկից որքան տարբեր կարմիրներ են։ Առօրյա կյանքում մենք կարող ենք չտարբերակել որեւէ գույնի երանգները, բայց գույների հետ աշխատող մարդը չի կարող սխալվել, դրա համար պետք է ուսումնասիրել։

Նելլի Անանյանը Նելլի Անանյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Աշակերտներ կան, որ իրենք են ընտրում, թե ինչ գույնով են գործելու գորգը կամ կարպետը, կան, որ ինձ հետ են համաձայնեցնում: Եթե աշակերտն ուզում է ինքն ընտրել գույները, ես չեմ միջամտում, թողնում եմ, որ հասկանա գույնի ընտրության պահը, նույնն էլ զարդանախշերի հարցում է։ Ես չեմ կարող 7 տարեկան երեխային ստիպել խոյ գործել, երեխան կարող է ուզել սրտիկ, տիկնիկ գործել։

 

Գորգագործի ու գորգի ազատությունը

 

Ես չեմ նյութականացնում այն ամենը, ինչ սիրում եմ։ Սովորել եմ Ռուսաստանի Տուրիզմի միջազգային ակադեմիայում։ Առաջին աշխատանքս եղել է Գորիսում, աշխատում էի հյուրանոցում եւ ստանում ցածր աշխատավարձ։ Այդ ժամանակ բոլորը զարմացել էին, հարցնում էին՝ «Երեւանում գործ չկա՞, որ եկել ես այստեղ»։ Ոչ թե գործ չկար, այլ ինձ դուր էր գալիս հենց այդ աշխատանքը, Գորիսը։ Ես դեռ օգտվում եմ այն ազատությունից, որ կարող եմ չնայել վաստակած գումարի չափին, անել այն, ինչ ինձ դուր է գալիս, աշխատել այնքան, որքան ուզում եմ, գուցե լինի ժամանակ, որ այլեւս նույն հնարավորությունը չունենամ։

Լուսանկարը` Մեդիամաքս

Իմ գորգերի մեջ էլ ազատություն կա։ Հաճախ իմ գործած զարդանախշերը քննադատության են արժանանում։ Հայկական կարպետներն ու գորգերը, հիմնականում, ունեցել են շրջանակներ, կանայք համարել են, որ որքան շրջանակները շատ են, այնքան գորգը կամ կարպետը պաշտպանված է չար աչքից։ Ես հրաժարվել եմ այս կարծրատիպից։ Իմ պատրաստի գործերից մեկը չունի շրջանակներ եւ նախշերը որոշ հատվածներում կտրվում են, դրա պատճառով ոմանք ասում են, թե այն հայկական չէ։ Իրականում, այդ գորգի վրա միայն հայկական զարդանախշեր են, բայցի այդ, եթե գորգը հայ մարդ է գործել, այն արդեն հայկական է։

 

Մշակույթը՝ սահմանամերձ գյուղերում

 

Վերջին շրջանում «ՄշակութաMET»-ի հետ մի ծրագրի եմ մասնակցում, որի կամավորները հանգստյան օրերին գնում են սահմանամերձ գյուղեր դասավանդելու եւ աջակցելու այն աշակերտներին, ովքեր ուզում են սովորել որեւէ արվեստ, բայց Երեւան գալու հնարավորություն չունեն։ Այժմ Տավուշի մարզի Չինարի, Արծվաբերդ եւ Այգեձոր գյուղերում երեխաներին սովորեցնում ենք կարպետ ու գորգ գործել, երգ պար, լուսանկարչություն, ասեղնագործություն։

Մշակույթով ապրող երեխաների առօրյան հետաքրքիր է, նրանք անընդհատ դրա մեջ են։ «ՄշակութաMET» ծրագրի երեխաներն անհամբեր սպասում են հանգստյան օրերին, երբ ուսուցիչները կգան Երեւանից ու իրենց հետ դաս կանեն։

 

Սահմանին ապրող երեխաների մեջ այնպիսի կյանք կա, որը չես տեսնի քաղաքներում ապրող երեխաների մոտ։ Գյուղերում պարզապես փոքրիկ կայծ է պետք, որ տասնյակ տարիներ չգործած մշակութային կենտրոնները կրկին սկսեն գործել, ուր երեխաները կարող են ժամանց անցկացնել։

 

«Գորգագործ արքայի» մասին

 

Եթե գյուղում կայծ է պետք, ապա քաղաքում ծնողները կարող են երեխային բերել առաջին անվճար դասին, կայծ առաջացնել, հետո ինչ-որ պատճառով այլեւս չբերել։ Երբեմն էլ՝ աղջիկներն իրենց եղբայրների հետ են գալիս ու եղբայրն ավելի հետաքրքրված է լինում, քան քույրիկը, բայց ծնողներն արգելում են, որովհետեւ կարծում են, որ տղան չպետք է հետաքրքրվի գորգագործությամբ։ Ու այդ ժամանակ ես հիշեցնում են «Անահիտ» հեքիաթի ու «գորգագործ արքայի» մասին, Վաչագան թագավորը գորգ էր գործում, որ ամուսնանար իր սիրելիի հետ։

Լուսանկարը` Մեդիամաքս

Գորգագործությունն արհեստ է ու ժամանակին տղամարդիկ եւս զբաղվել են դրանով, իհարկե, ոչ նույն չափով, ինչ կանայք։ Գորգ գործելը բավական դժվար գործ է, պահեր կան, երբ ձեռքն ամբողջությամբ պետք է աշխատի։ Ամեն շարքից հետո միջնաթել ենք անցկացնում եւ կտուտով հարվածում, որ թելն ավելի ամուր նստի։ Կտուտը բավական ծանր է ու հարվածները պետք է ուժեղ լինեն, իրենց ուժի շնորհիվ՝ տղաները կարող են ավելի լավ կտուտել գորգը։

Լուսանկարը` Մեդիամաքս

Ես բոլորին խորհուրդ եմ տալիս գոնե մեկ անգամ փորձել գորգ գործել, որովհետեւ ոմանք «Կտուտ» գալիս են մեծ հետաքրքրությամբ, բայց, ցավոք, հասկանում են, որ գորգագործությունն իրենց համար չէ, իսկ կան մարդիկ, որ պարզապես մեկ անգամ եկել են ու մնացել։ Առհասարակ, ամեն մարդ պետք է ինքն իրեն հնարավորություն տա գոնե մեկ անգամ արհեստի որեւէ տեսակ փորձելու։ Արհեստը ինչ-որ ժամանակ հետո գաղափարապես փոխում է մարդուն, նրա հայացքը, ընկալումները։

 

Անի Խչոյան

 

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին