«Ձրի առար, ձրի էլ տուր». «Մշակութամետ» կյանքը՝ սահմանապահ գյուղերում - Mediamax.am

exclusive
2868 դիտում

«Ձրի առար, ձրի էլ տուր». «Մշակութամետ» կյանքը՝ սահմանապահ գյուղերում


Լուսանկարը` «Մշակութամետ»

Լուսանկարը` «Մշակութամետ»

Լուսանկարը` «Մշակութամետ»

Լուսանկարը` «Մշակութամետ»

Լուսանկարը` «Մշակութամետ»

Լուսանկարը` «Մշակութամետ»

Լուսանկարը` «Մշակութամետ»

Լուսանկարը` «Մշակութամետ»

Լուսանկարը` «Մշակութամետ»

Լուսանկարը` «Մշակութամետ»

Լուսանկարը` «Մշակութամետ»

Լուսանկարը` «Մշակութամետ»

Լուսանկարը` «Մշակութամետ»

Լուսանկարը` «Մշակութամետ»

Լուսանկարը` «Մշակութամետ»

Լուսանկարը` «Մշակութամետ»

Լուսանկարը` «Մշակութամետ»

Լուսանկարը` «Մշակութամետ»

Լուսանկարը` «Մշակութամետ»

Լուսանկարը` «Մշակութամետ»

Լուսանկարը` «Մշակութամետ»

Լուսանկարը` «Մշակութամետ»

Լուսանկարը` «Մշակութամետ»


Պատերազմից հետո, երբ մարդիկ փորձում էին հասկանալ պարտության պատճառներն ու ելքեր փնտրում, մի խումբ երիտասարդներ «Հայամետ» ֆեյսբուքյան խումբ ստեղծեցին, որ քննարկեն՝ ով ինչ կարող է անել։ Տարբեր ոլորտների մասնագետներ տնտեսությունը զարգացնելու ծրագրեր առաջարկեցին։ Հանդիպումից հետո միայն մշակույթի գործիչներն էին, որ չէին կողմնորոշվում՝ այս իրավիճակում ինչպես օգտակար լինել։

 

Նորից հանդիպեցին, մտքեր փոխանակեցին. որպեսզի Հայաստանն այլ ճանապարհով գնա, այլ կերպ մտածող, այլ արժեքներ կրող սերունդ է պետք։ Իրենք, օրինակ, նոր սերնդին կարող են մշակութային, ազգային կրթություն տալ։ Ու որոշեցին գնալ սահմանամերձ գյուղեր, երեխաներին ու պատանիներին նվիրել իրենց ունեցած ամենակարեւորը՝ գիտելիքը, ժամանակը, սերը։

Լուսանկարը` «Մշակութամետ»

Կամավորների փոքր խմբին միացավ պատերազմի ընթացքում Կամբոջայից Հայաստան տեղափոխված ալտահար Միրաբ Բաբայանը, որը նպատակ ուներ մարզերի երեխաներից կազմված նվագախումբ ստեղծել։ «Մշակութամետ» կյանքը որոշեցին սկսել Միրաբի գյուղից՝ Տավուշի մարզի Այգեձոր համայնքից։

Լուսանկարը` «Մշակութամետ»

«Գյուղում կա մշակույթի տուն, բայց չկա մշակութային կյանք ու չի եղել նաեւ երկու սերունդ առաջ։ Առաջին օրը երեխաներին ու ծնողներին հավաքեցինք դպրոցի դահլիճում, երաժշտական գործիքներին էինք ծանոթացնում։ Հարցնում ենք՝ փողային ի՞նչ գործիքներ գիտեք, ասում են՝ սինթեզ, կլառնետ, դհոլ։ Ասում ենք՝ ինչի՞ են փողային համարվում, ասում են՝ հարսանիքին կնվագենք, փող կբերի։ Ջութակը ցույց ենք տալիս, ասում են՝ կիթառ է, թավջութակն ենք ցույց տալիս, ասում են՝ մեծ կիթառ է»,- պատմում է «Մշակութամետ» նախաձեռնության համահիմնադիր, թավջութակահար Ջեմմա Մանուկյանը։

 

Այգեձորին միացավ նաեւ հարեւան Չինարի գյուղը, ու հունվարից ամեն շաբաթ կամավորների խումբը, մոտ 6 ժամ ճանապարհ անցնելով, հասնում է Տավուշի սահման՝ հանգստյան օրերին երեխաներին մշակութային կրթություն տալու։

Լուսանկարը` «Մշակութամետ»

Առաջին կիսամյակը 22 շաբաթ էր՝ հունվարից հունիս։ Մոտ 20 առարկա են դասավանդել՝ վոկալ, ջութակ, թավջութակ, կիթառ, ֆլեյտա եւ այլ գործիքներ, ազգային երգ ու պար, նկարչություն, կարպետագործություն, ասեղնագործություն, արվեստի պատմություն, դերասանական արվեստ։ Ինչ խմբակ հաճախել՝ որոշում են երեխաները, բայց երկու առարկա պարտադիր է. սոլֆեջիոն, որն անհրաժեշտ է որեւէ գործիք նվագելու համար, ու ազգային պարը՝ որպես ազգային դաստիարակություն։ Խմբակներին Չինարիից ու Այգեձորից 272 երեխա է մասնակցել։

Լուսանկարը` «Մշակութամետ»

«Առաջին շաբաթներին, լավ իմաստով, շատ ագահ էին։ Մարդիկ կային՝ միանգամից 5-6 խմբակ էին հաճախում, մի դասից մյուսին էին վազում, ամեն ինչ ուզում էին փորձել։ Անշուշտ, երկու ամիս հետո կողմնորոշվեցին, եւ մենք էլ օգնեցինք, որ հասկանան, թե ինչ են ուզում։ Բայց հաճելին այն է, որ ամեն տեղ ձեռք են գցում, մեզ մաքսիմալ «քամում» են»,-ասում է Ասատուր Բալջյանը։

 

Ասատուրն օպերայի երգիչ է, սարկավագ։ Աշխատում է Հայաստանի պետական ֆիլհարմոնիայում, շաբաթ-կիրակի ծառայում է եկեղեցում։ Երբ իմացավ «Մշակութամետ»-ի մասին, որոշեց Աստծուն այլ կերպ ծառայել։

Լուսանկարը` «Մշակութամետ»

«Սա իսկապես ուխտ է՝ տալ քո ամենաթանկը՝ ժամանակը, գիտելիքները։ Աստվածաշնչում հետաքրքիր խոսք կա՝ ձրի առար, ձրի էլ տուր։ Սա շատ շնորհակալ գործ է, եւ ամեն առումով միայն բարի պտուղներ ենք քաղում։ Հոգիս ուղղակի բժշկվում է»։

 

Ասատուրը դասական վոկալ է դասավանդում։ Ասում է՝ գյուղերում զարմանալի տաղանդավոր երեխաներ կան։ Երկու տարի կանոնավոր պարապելուց հետո՝ մեծ հաջողություններ կունենան։

Լուսանկարը` «Մշակութամետ»

««Մշակութամետ»-ն անում է մի գործ, որ ժամանակին արել է կոնսերվատորիան։ Գնում էին, գյուղերից ուսանողներ էին բերում։ Հավատացեք, վաղվա կոնսերվատորիայի եւ գեղարվեստի ակադեմիայի ուսանողներն են պատրաստվում այսօր։ Էնքան գեղեցիկ ու բնական ձայներ ունեն, էնքան ընկալունակ էրեխեք են, իրենց միտքը զբաղված չէ շատ բաներով, ինչպես քաղաքի երեխաներինը։ Շատ մարդամոտ են, հոգիները շատ բաց է, ինչ ասում ես, միանգամից վերցնում են։ Դրա համար ինֆորմացիա փոխանցելիս շատ զգույշ ենք։

 

Երկար մտածում էի երեխաներին օպերային ծանոթացնելու մասին, բայց երկմտում էի՝ ի՞նչ ցուցադրեմ, բա որ չհավանե՞ն։ Եկավ 8 հոգի։ Ապշած էի, թե ինչ ուշադրությամբ էին նայում «Մոխրոտը» կամ Հոֆմանի հեքիաթները, հիացած էին, ու սկսեցին հետաքրքրվել օպերայով։ Հասկացա, որ պիտի տաս, վերցնողը վերցնում է»։

Լուսանկարը` «Մշակութամետ»

Չինարիին ու Այգեձորին երաժշտական գործիքներ են նվիրել, որպեսզի երեխաները շաբաթվա ընթացքում կարողանան պարապել։ Ուրախությամբ նշում են, որ մարդիկ սկսել են իրենց երեխաների համար գործիքներ գնել։

 

«Չինարիի մեր աշակերտներից մեկը, որ ձեռքի շնորհք ունի, լավ ասեղնագործում է, նպատակ ունի իր աշխատանքները վաճառել ու ջութակ գնել»,- ոգեւորված պատմում է Արուսյակը։

Լուսանկարը` «Մշակութամետ»

Երբ «Մշակութամետ»-ը սկսեց իր գործունեությունը, Արուսյակն ավարտական կուրսում էր, շատ զբաղված։ Ասում է՝ ամեն գնով աշխատում էր հասցնել, շաբաթ-կիրակի Տավուշ գնալ, որովհետեւ առաջին այցից հետո հասկացել էր, որ երեխաներն իրենց շատ են սպասում, չգնալ չի կարող։

Լուսանկարը` «Մշակութամետ»

«Մեր նպատակն առաջին հերթին երեխաների տաղանդը բացահայտելն է։ Նաեւ՝ կրթելը, որ մշակութային կյանքով ապրեն, ուրիշ արժեքներով մեծանան։ Հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ ենք լսում, վինիլային սկավառակներով Կոմիտաս ենք լսում՝ հենց Կոմիտասի ձայնով, ազգային երգ ու պարն է պարտադիր՝ միասնության գաղափարի, ակունքներին վերադառնալու համար։ Ուզում ենք, որ մշակութային կյանքը վերադառնա գյուղեր։ Հիասքանչ մշակույթի տներ կան, որ չեն գործում։ Ուզում ենք ուսուցիչներ պատրաստել, որ մեզնից հետո դասավանդեն, շղթան չընդհատվի»։

Լուսանկարը` «Մշակութամետ»

«Մշակութամետ»-ի կամավորներն ասում են, որ սահմանամերձ գյուղերի երեխաներից շատ բան են սովորել։ Այլ կյանքով են ապրում՝ մշտական վտանգի մեջ, բայց առանց վախի, ուրախ ու շնորհակալ են ամեն ինչի համար։ Չնայած մշակութային կյանքը գյուղերում ակտիվ չէ, բայց, ասում են, տաղանդավոր երեխաները շատ են։

Լուսանկարը` «Մշակութամետ»

«Էրեխեքից մեկին ասել էի՝ շատ երգեր լսի, որ մեկն ընտրես, փոխադրենք ֆլեյտայի համար։ Ես էլ էի տարբեր բաներ առաջարկել։ Բայց նույնիսկ չէի պատկերացնի, որ կընտրի իմ ուղարկածի շրջանակից դուրս մի բան։ Եկավ, ասում է՝ ընտրել եմ Պրոկոֆեւի «Պետյան ու գայլը» սիմֆոնիկ սյուիտից ծիտիկի հատվածը՝ ֆլեյտայի համար։ Միանգամից մտածեցի, որ նույնիսկ ես առիթ չեմ ունեցել դա նվագելու։ Ապշել էի այդ հակադրությունից. ո՞նց կարող է էդքան ռաբիս երգեր լսելուց հետո երեխան ընտրի Պրոկոֆեւ։ Բայց ինքն ուներ երաժշտի լավ հոտառություն, ինքնակարգավորվող լավ ճաշակ, որը կզարգանա, եթե աշխատենք իր հետ»,- պատմում է ֆլեյտահար Լիլիթ Բաղդասարյանը։

Լուսանկարը` «Մշակութամետ»

5 ամսվա դասերից հետո՝ հունիսի վերջին, Չինարիում տեղի ունեցավ «Մշակութամետ»-ի առաջին համերգը։ Դահլիճը լեցուն էր հյուրերով։ Երեխաներից հետո ելույթ ունեցան ուսուցիչները։

Լուսանկարը` «Մշակութամետ»

«Մշակութամետ»-ի կամավորները կայացած, իրենց ոլորտում հաջողության հասած մասնագետներ են։ Չնայած դժվար է աշխատանքային շաբաթից հետո հանգստյան օրերը ճանապարհներին անցկացնել, բայց, ասում են, որ երեխաների հետ շփումն իրենց լիցքավորվում, ոգեւորվում է։ Եթե կամավորներից մեկը չի կարողանում գնալ, նրան փոխարինող են գտնում։

Լուսանկարը` «Մշակութամետ»

«Ոչ բոլորն իրենց թույլ կտան հնգօրյա աշխատանքային շաբաթից հետո առավոտ շուտ  արթնանալ, 5-6 ժամ գնալ սահման, 7 ժամ դաս տալ, ամբողջ գիշեր խոսել հայրենիքի փրկությունից ու մշակույթի դերից, առավոտյան 9-ին նորից գնալ երեխեքին դաս տալու, հետո վերադառնալ Երեւան ու երկուշաբթի գնալ աշխատանքի։ Ծանր բան է, բայց անձամբ իմ ու շատ կամավորների համար փրկություն է, երբ գնում, երեխեքի հետ շփվում, մոտիվացվում ենք։

Լուսանկարը` «Մշակութամետ»

Եթե կամավորներին հարցնեք, թե ինչու են միացել ծրագրին, մեծ մասը կպատասխանի, որ պատերազմից հետո սկսել են կարեւորել կրթությունն ու ցանկանում են նպաստել, որ նոր սերունդն իրենցից լավը լինի։ Մեր արածը բարեգործություն չէ, մենք ներդրում ենք անում մեր ապագայի մեջ»,-ասում է «Մշակութամետ»-ի համահիմնադիր Աննա Դանիելյանը։

 

Սկզբում կամավորները քիչ էին, բայց սեպտեմբերին 40-ից ավելի մարդ է դիմել, հիմա հարցազրույցներ են անում, ընտրում նոր մասնակիցների։ Երկրորդ փուլը սկսել ենք հոկտեմբերի վերջին։ Չինարիից ու Այգեձորից բացի Տավուշի սահմանամերձ Արծվաբերդ գյուղ են գնալու, նաեւ՝ Երասխ, բայց մեկ օրով։

Լուսանկարը` «Մշակութամետ»

Տավուշի, Գեղարքունիքի եւ Սյունիքի մի քանի համայնքների համար այլ ձեւաչափ են մտածել։ Եթե հարեւան գյուղում կամ քաղաքում կա արվեստի դպրոց, լուծում են տրանսպորտի հարցը, որ մոտական գյուղերի երեխաները կարողանան այդ դպրոց հաճախել։

 

Ծրագիրն ընդլայնելու համար կամավորների, փոխադրամիջոցի, ֆինանսական աջակցության կարիք կա, նաեւ՝ նախաձեռնող անհատների։

 

«Օրինակ, կա մեկը, որն ուզում է իր գյուղում ասեղնագործության խմբակ բացել, բայց դազգահների գումար չունի։ Մենք փորձում ենք օգնել նրան։ Եթե դուք ցանկանում եք ձեր գյուղում մշակութային փոփոխություն մտցնել, մենք ամեն կերպ կփորձենք ձեզ օգնել։ Կապվեք մեզ հետ»,- ասում է Աննան։

 

«Մշակութամետ»-ի ֆեյսբուքյան էջն է. https://www.facebook.com/whenartmeetschildren

 

«Մշակութամետ»-ին աջակցել ցանկացողները կորող են փոխանցումներ անել հետեւյալ հաշվեհամարներին.

 

Ինեկոբանկ ՓԲԸ

 

2052822220461001 AMD, «ՄՇԱԿՈՒԹԱՄԵՏ» ՍՊԸ

 

2052822220461041 RUB, MSHKUTAMET LLC

 

2052822220461040 EUR, MSHKUTAMET LLC

 

2052822220461020 USD, MSHKUTAMET LLC

 

Լուսինե Ղարիբյան

Լուսանկարները՝ «Մշակութամետ»-ի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին