«AstraZeneca»-ով կպատվաստվեն 55 տարեկանից բարձր քաղաքացիները - Mediamax.am

2404 դիտում

«AstraZeneca»-ով կպատվաստվեն 55 տարեկանից բարձր քաղաքացիները


Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այսօր հայտնել է, որ Հայաստանում «AstraZeneca»-ով կպատվաստվեն 55 տարեկանից բարձր քաղաքացիները, իսկ «Sputnik V»-ով՝ 18-ից մինչեւ 55 տարեկանները:

Նա հայտնել է, որ «AstraZeneca»-ի պատվաստանյութի օգտագործման ցուցումներում որոշակի փոփոխություններ են կատարվել:

 

«Լրացուցիչ ապահովության եւ անվտանգության համար կիրառվել է տարիքային սահմանափակում: Մենք եւս որոշում կայացրեցինք, որ այս պատվաստանյութով կպատվաստվեն միայն 55 տարեկանից բարձր ռիսկային խմբում գտնվող քաղաքացիները: Ռիսկի խմբում են 55 տարեկանից բարձր բուժաշխատողները, խրոնիկ հիվանդները, սոցիալական խնամքի կենտրոնի բնակիչները եւ աշխատակիցները, ինչպես նաեւ՝ 65 տարեկան եւ բարձր քաղաքացիները»,- նշել է Անահիտ Ավանեսյանը:

 

Ինչ վերաբերում է «Sputnik V»-ին՝ նախարարն ասել է, որ սրա դեպքում տարիքային  սահմանափակումներ չկան, բայց քանի որ ստացած խմբաքանակը սահմանափակ է, կպատվաստվեն 18-54 տարեկան բուժաշխատողները, մինչեւ 54 տարեկան խրոնիկ հիվանդները, մինչեւ 55 տարեկան սոցիալական խնամքի կենտրոնի բնակիչները եւ աշխատակիցները:

 

««Sputnik V»-ի նոր խմբաքանակներ ստանալու դեպքում 55 տարեկան եւ բարձր քաղաքացիները եւս սրանով կպատվաստվեն», - ասել է նա:

 

Նախարարն ասել է, որ ապրիլի 13-ից պատվաստումները կսկսվեն մայրաքաղաքում, իսկ ապրիլի 14-ից՝ մարզերում:

Անահիտ Ավանեսյանը հայտնել է, որ ավարտական փուլին է մոտեցնում նաեւ ամերիկյան «Novavax» պատվաստանյութի ձեռքբերումը: Չինաստանի կառավարության հետ էլ ունեն նախնական համաձայնություն, եւ դոնորության շրջանակում Հայաստանին կտրամադրվի պատվաստանյութ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին