«Սատանան ժողովրդավարությունում». ազատությունը զիջում է դիրքերը - Mediamax.am

2726 դիտում

«Սատանան ժողովրդավարությունում». ազատությունը զիջում է դիրքերը


Լուսանկարը` Ռոման Զասլոնովի «9 դերձակները» նկարը

Լուսանկարը` Anne Woyand

Լուսանկարը` Ֆրանցիսկո Կարիլո Կրուզի «Ալբերտոն հանգստանում է» նկարը

Լուսանկարը` Ռոբերտո Ֆերիի «Tears of Ivory» նկարը


Լեհ փիլիսոփա Ռիշարդ Լեգուտկոն իր վերջին՝ «Սատանան ժողովրդավարության մեջ. Տոտալիտար գայթակղություններ ազատ հասարակությունների կենտրոնում» գրքում վերլուծում է լիբերալ ժողովրդավարության վերջին փոփոխությունները եւ գալիս է այն եզրակացության, որ այն շատ վախեցնող ընդհանրություններ ունի կոմունիզմի հետ: Atlantico թերթին տված հարցազրույցում նա պնդում է, որ ազատությունը զիջում է իր դիրքերը, քանի որ արեւմտյան աշխարհում բազմակարծությունը գոյություն ունի միայն տեսականորեն: Առաջարկում ենք հատվածներ Ռիշարդ Լեգուտկոյի հարցազրույցից:

 

Ամեն ինչ գաղափարախոսական է դարձել

 

Այսօր մնացել են շատ քիչ տարածություններ (եթե ընդհանրապես մնացել են), որոնք կարող են լինել ոչ լիբերալ եւ ոչ ժողովրդավարական: Սեռական հեղափոխությունից, ֆեմինիստական եւ միասեռական շարժումներից հետո վերացվեց

մասնավոր/ հանրային երկճյուղավորումը: Ամեն ինչ դարձավ քաղաքական եւ գաղափարախոսական. ընտանիքը, ամուսնությունը, սեքսը, նույնիսկ զուգարանները: Վայրերն, որտեղ հնարավոր է թաքնվել այդ ամենից, արագորեն անհետանում են:

 

«Քաղաքական կոռեկտություն» կոչվող ֆենոմենի առկայության փաստը եւ նրա գերարագ զարգացումը խոսում են քաղաքական եւ գաղափարախոսական մենաշնորհի մասին: Եթե չլիներ մենաշնորհ, չէր լինի նաեւ քաղաքական կոռեկտություն: Այս մենաշնորհը տարբերվում է կոմունիզմի ժամանակների մենաշնորհից: Ներկայիս մենաշնորհը ձեւավորվում է իշխող շարժման կողմից, որն ընդգրկում է «ձախ» եւ «աջ» կուսակցությունների մեծամասնությունը, չնայած օրակարգը սահմանում են բացառապես «ձախերը»: Եվրոպական «աջերը» հանձնվել են: Դա, հավանաբար, տեղի ունեցավ 1968-ի իրադարձություններից հետո, որոնք հանգեցրեցին եվրոպական քաղաքականության կտրուկ «ձախացմանը»: Եվրոպական քրիստոնեական ժողովրդավարությունից մնաց միայն անվանումը:

 

Մեծամասնության բռնակալությունը

 

Եվրամիությունը դարձել է մեծամասնության մենաշնորհի կամ նույնիսկ բռնակալության հիանալի օրինակ: Եթե դուք չեք պատկանում գերակշռող հոսքին, ապա դուք ոչ թե ընդդիմություն եք, այլ թշնամական ուժ:

 

Լեգիտիմ ընդդիմություն գոյություն չունի: Կան միայն «եվրոսկեպտիկներ», «պոպուլիստներ», «ֆաշիստներ», «ֆանատիկոսներ» եւ այլն: Գերակշռող հոսքից դուրս գտնվողների հասցեին նման մեղադրանքների ցուցակը կարելի է անվերջ շարունակել:

Լուսանկարը` Ֆրանցիսկո Կարիլո Կրուզի «Ալբերտոն հանգստանում է» նկարը

Ազատությունը զիջում է իր դիրքերը, քանի որ արեւմտյան աշխարհում գերակշռում է մեկ քաղաքական եւ գաղափարախոսական ուժ: Այս փաստը թաքցնում են մեզ պարտադրված լեզվի ետեւում, որն ավելի ու ավելի կեղծ է դառնում: «Բազմակարծություն», «հանդուրժողականություն», «անկեղծություն» եւ «բազմազանություն» հասկացությունները ստանում են իրենց սկզբնական իմաստին հակառակ իմաստ:

 

«Բազմակարծություն» եւ «գենդեր»

 

Իմ սիրած օրինակը «բազմակարծությունն» ու «գենդերն» են: Անհիշելի ժամանակներից հավատում էին, որ մարդկությունը բաժանվում է տղամարդկանց եւ կանանց: Այժմ այս ճշմարտությունը հերքվել է, եւ պնդում են, որ գոյություն ունեն ոչ թե երկու, այլ շատ գենդերներ:

 

Հարց է առաջանում. ո՞ր պնդումն է աշխարհում ավելի մեծ բազմակարծություն ապահովում: Սովորաբար պատասխանում են, որ երկրորդը. «շատ»-ը ավելին է, քան «երկուսը»: Իրականում դա այդպես չէ: Քանի որ ցանկացած մշակույթ կառուցված է երկու սեռի հասկացողության վրա, բազմաթիվ գենդերների ներածումը հավասարազոր է մասսայական սոցիալական ինժեներիայի, տարրական դպրոցից  սկսած գաղափարախոսական մշակման, գրաքննության, վախեցնելու, մարդկանց խոսելու, գրելու եւ մտածելու գաղափարախոսական վերահսկողության:

Լուսանկարը` Anne Woyand

Այս ամենը հիշեցնում է (իհարկե, որոշակի համամասնություններով) Ֆրանսիական հեղափոխությունը, երբ պետք է հաղթեր ազատությունը, բոլոր մարդիկ դառնային քաղաքացի, սակայն համընդհանուր քաղաքացիության համար պահանջվում էր վերացնել դասակարգումը, ազնվականությունից ազատվել եւ գլխատել թագավորին ու թագուհուն:

 

Որտեղի՞ց է թշնամիների այդքան երկար ցուցակը

 

Այսօր բազմակարծության կողմնակից լինելը նշանակում է ոչ թե այն, որ դուք ինքներդ եք ապրում եւ թողնում եք ապրել նաեւ ուրիշներին, այլ այն, որ ճիշտ գաղափարախոսության կողմնակից եք: Նույնը վերաբերում է բազմազանության, հանդուրժողականության, անկեղծությանն եւ այլն: Հարց է առաջանում. արդյո՞ք մենք իսկապես դարձել ենք այդքան բազմակարծող, հանդուրժող, անկեղծ եւ այլն: Այդ դեպքում որտեղի՞ց է թշնամիների եւ մտքի հանցագործությունների այդքան երկար ցուցակը, որը չունեին անգամ կոմունիստները:

 

Ոչինչ հավերժ չէ

 

Պատմության մեջ ոչինչ հավերժ չէ: Հռոմեական կայսրությունը փլուզվեց, վաղ թե ուշ կփլուզվի նաեւ ներկայիս մենաշնորհային համակարգը: Կոմունիզմը քանդվեց, սակայն ես հիշում եմ այն ժամանակները, երբ մեզ թվում էր, որ այն հավերժ է: Այժմ ստեղծվել է բարդ իրավիճակ, սակայն պետք չէ թեւաթափ լինել: Առկա իրավիճակը հասկանալու համար պետք է նախ գնահատել, թե ինչ է այն իրենից ներկայացնում:

 

Բազմակարծության, հանդուրժողականության, ժողովրդավարության եւ բազմազանության մասին բոլոր դատողությունները պարզապես ծխի ծածկ են, որոնց ետեւում ընկած է քաղաքական եւ գաղափարախոսական մենաշնորհը: Այս մասին պետք է խոսել հրապարակայնորեն, նորից ու նորից:

Լուսանկարը` Ռոբերտո Ֆերիի «Tears of Ivory» նկարը

Ռազմավարության առաջին կետը համակարգը դիմակազերծելն է: Երկրորդը` կազմակերպումն է: Պետք չէ հավատալ պատկառելի քաղաքական հոսքի գոյությանը, որում կան շատ արժանի մարդիկ եւ խմբեր, որոնց հետ չհամաձայնելը նշանակում է մեր սեփական լեգիտիմության խաթարումը:

 

Գերիշխող հոսքին պետք է քաղաքական մարտահրավեր նետվի: Շատ կարեւոր է ստեղծել հզոր քաղաքական ուժ, այդ թվում` եվրոպական մակարդակում: Քանի դեռ կենսունակ հակաշարժում չի առաջացել, գերիշխող հոսքը չի նահանջի եւ չի հրաժարվի իր ագրեսիվ քաղաքականությունից: Գործընթացն արդեն մեկնարկել է. կան խմբեր, կուսակցություններ եւ կազմակերպություններ, որոնք պաշտպանում են նույն գաղափարները, եւ ժամանակն է, որ նրանք ավելի սերտ համագործակցեն:

 

Այլընտրանքը պետք է բաց լինի եվրոպական ավանդույթների հարստության եւ իմաստության համար՝ որոնք գիտակցում են ազգային պետության, ընտանիքի, քրիստոնեական եւ դասական արմատների կարեւորությունը: Այլ կերպ ասած, ժամանակակից լիբերալ ժողովրդավարությունը փրկելու միակ միջոցը դրան իսկական բազմակարծություն հաղորդելն է: Հակառակ դեպքում՝ խնդիրները միայն կսրվեն:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին