Իսրայելացի պատմաբան, «Sapiens. մարդկության համառոտ պատմությունը», «Homo Deus. վաղվա օրվա համառոտ պատմությունը» եւ «21 դաս XXI դարի համար» գրքերի հեղինակ Յուվալ Նոյ Հարարին Financial Times-ում հրապարակել է «Աշխարհը կորոնավիրուսից հետո» հոդվածը, որի հիմնական հատվածները ներկայացնում ենք ձեր ուշադրությանը:
Այս փոթորիկը կանցնի, բայց որոշումները, որոնք մենք կայացնում ենք հիմա, կարող են փոխել մեր կյանքը գալիք տարիների համար:
Մարդկությունը հիմա կանգնած է գլոբալ ճգնաժամի առջեւ: Թերևս, սա մեր սերնդի ամենամեծ ճգնաժամն է: Որոշումները, որոնք մարդիկ եւ կառավարությունները կընդունեն առաջիկա մի քանի շաբաթում, հավանաբար կձեւավորեն աշխարհը գալիք տարիների համար: Նրանք կձեւավորեն ոչ միայն մեր առողջապահական համակարգերը, այլեւ մեր տնտեսությունը, քաղաքականությունը եւ մշակույթը: Մենք պետք է գործենք արագ եւ վճռական: Մենք պետք է նաեւ հաշվի առնենք մեր գործողությունների երկարաժամկետ հետեւանքները: Այլընտրանքների միջեւ ընտրություն կատարելիս մենք պետք է ոչ միայն հարցնենք մեզ, թե ինչպես հաղթահարել անմիջական սպառնալիքը, այլեւ ինչպիսի աշխարհում ենք ապրելու, երբ այս փոթորիկն անցնի: Այո՛, փոթորիկն անցնելու է, մարդկությունը փրկվելու է, մեզանից շատերը կենդանի են մնալու, բայց մենք ապրելու ենք այլ աշխարհում:
Լուսանկարը` World Economic Forum
Շատ կարճաժամկետ արտակարգ միջոցառումներ դառնալու են մեր կյանքի անբաժանելի մասը: Այդպիսին է արտակարգ իրավիճակների բնույթը: Դրանք արագացնում են պատմական գործընթացները: Որոշումները, որոնք սովորական ժամանակներում կարող են տարիների քննարկում պահանջել, ընդունվում են հաշված ժամերում: Ոչ հասուն եւ անգամ վտանգավոր տեխնոլոգիաները գործարկվում են, քանի որ ոչինչ չձեռնարկելու ռիսկերն ավելի մեծ են: Երկրները ծառայում են որպես ծովախոզուկներ մեծածավալ սոցիալական փորձարկումների համար: Ի՞նչ է տեղի ունենում, երբ բոլորն աշխատում են տանից ու հաղորդակցվում են միայն հեռավորության վրա: Ի՞նչ է տեղի ունենում, երբ դպրոցներն ու համալսարանները գործում են առցանց: Սովորական ժամանակներում կառավարությունները, բիզնեսները եւ կրթական խորհուրդները երբեք չէին համաձայնվի նման փորձարկումներ անցկացնել: Բայց հիմա սովորական ժամանակներ չեն:
Ճգնաժամի ժամանակ մենք կանգնած ենք հատկապես երկու կարեւոր ընտրության առջեւ: Առաջինը՝ ընտրություն տոտալիտար հսկողության եւ քաղաքացիական հզորացման միջեւ: Երկրորդ ընտրությունը՝ ազգայնական մեկուսացման եւ գլոբալ համերաշխության միջեւ:
Անդրմաշկային հսկողություն (Under-the-skin surveillance )
Համաճարակի տարածումը դադարեցնելու համար երկիր մոլորակի բնակչությունը պետք է հետեւի որոշակի ցուցումների: Դրան հասնելու երկու հիմնական ձեւ կա: Առաջին մեթոդն այն է, որ կառավարությունը վերահսկի մարդկանց, եւ պատժի նրանց, ովքեր խախտում են կանոնները: Այսօր, մարդկության պատմության ընթացքում առաջին անգամ տեխնոլոգիաները հնարավոր են դարձնում մշտապես վերահսկել յուրաքանչյուրին: 50 տարի առաջ, ՊԱԿ-ը չէր կարող օրը 24 ժամ հետեւել 240 միլիոն խորհրդային քաղաքացիներին, ոչ էլ կարող էր հույս ունենալ, որ ի վիճակի է արդյունավետ վերլուծել հավաքված բողջ տեղեկատվությունը: ՊԱԿ-ն ապավինում էր մարդկային գործակալներին ու վերլուծաբաններին, եւ չէր կարող գործակալին կցել՝ հետեւելու յուրաքանչյուր քաղաքացու: Բայց ներկայում կառավարությունները կարող են ապավինել համատարած սենսորներին եւ հզոր ալգորիթմներին:
Կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարում մի շարք երկրների կառավարություններ արդեն տեղակայել են նոր հսկողության գործիքներ: Ամենաուշագրավ օրինակը Չինաստանն է: Վերահսկելով մարդկանց սմարթֆոնները, օգտագործելով հարյուր միլիոնավոր դեմքեր ճանաչող տեսախցիկներ եւ պարտադրելով մարդկանց ստուգել եւ հաղորդել իրենց մարմնի ջերմաստիճանի եւ առողջական վիճակի մասին՝ Չինաստանի իշխանությունները կարող են ոչ միայն արագ հայտնաբերել հավանական կորոնավիրուս կրողին, այլեւ հետեւել նրա գործողություններին ու հայտնաբերել ցանկացած մեկին, ում հետ վարակ կրողը հաղորդակցվել է: Բջջային մի շարք հավելվածներ քաղաքացիներին նախազգուշացնում են, եթե վարակակիր հիվանդները գտնվում են իրենց հարեւանությամբ:
Լուսանկարը` Jose D
Այս տեսակի տեխնոլոգիայի կիրառումը չի սահմանափակվում միայն Արեւելյան Ասիայով: Վերջերս Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն թույլ տվեց Իսրայելի Անվտանգության գործակալությանը կորոնավիրուսով հիվանդներին հետեւելու համար կիրառել հսկողության տեխնոլոգիաներ, որոնք սովորաբար նախատեսված են ահաբեկիչների դեմ պայքարի համար: Երբ համապատասխան խորհրդարանական ենթահանձնաժողովը հրաժարվեց թույլտվություն տալ այդ միջոցի կիրառմանը, Նեթանյահուն հաստատեց դա «արտակարգ հրամանագրով»:
Դուք կարող եք պնդել, որ այս ամենի մեջ նոր բան չկա: Վերջին տարիներին եւ՛ կառավարությունները, եւ՛ կորպորացիաները օգտագործում են ավելի բարդ տեխնոլոգիաներ՝ մարդկանց հետեւելու, վերահսկելու եւ մանիպուլյացիայի ենթարկելու համար: Սակայն եթե ուշադիր չլինենք, համաճարակը, այնուամենայնիվ, կարող է կարեւոր ջրբաժան դառնալ մարդկանց հսկողության պատմության մեջ: Ոչ միայն այն պատճառով, որ դա կարող է թույլատրել զանգվածային հսկողության գործիքների տեղակայումն այն երկրներում, որոնք մինչ այժմ մերժել են դրանք, այլ ավելին՝ դա կնշանակի կտրուկ անցում «մաշկի վրայից» դեպի «մաշկի տակ» հսկողության:
Մինչ այժմ, երբ ձեր մատը դիպչում էր ձեր սմարթֆոնի էկրանին եւ «քլիք» էր անում, կառավարությունը ցանկանում էր իմանալ, թե կոնկրետ ինչի վրա եք սեղմում ձեր մատը: Բայց կորոնավիրուսով պայմանավորված, հետաքրքրությունների շրջանակը փոխվում է: Այժմ կառավարությունը ցանկանում է իմանալ ձեր մատի ջերմաստիճանը եւ նրա մաշկի տակ գտնվող արյան ճնշումը:
Արտակարգ պուդինգ
Մեր առջեւ կանգնած խնդիրներից մեկն այն է, որ մեզանից ոչ մեկը հստակ չգիտի, թե ինչպես են մեզ հսկում, եւ ինչ կարող է տեղի ունենալ առաջիկա տարիներին: Հսկողության տեխնոլոգիան զարգանում է բեկումնային արագությամբ, եւ այն, ինչ թվում էր գիտաֆանտաստիկա 10 տարի առաջ, այսօր հին նորություն է: Որպես մտացածին փորձարկում պատկերացրեք, որ կառավարությունը պահանջում է յուրաքանչյուր քաղաքացուց կրել կենսաչափական ձեռնաշղթա, որն օրվա ընթացքում 24 ժամ վերահսկում է մարմնի ջերմաստիճանը եւ սրտի կծկումների հաճախականությունը: Արդյունքում ստացված տվյալները հավաքվում եւ վերլուծվում են կառավարության ալգորիթմների կողմից: Ալգորիթմները կիմանան, որ դուք հիվանդ եք նույնիսկ նախքան Ձեր իմանալը, եւ նրանք կիմանան, թե որտեղ եք եղել եւ ում հետ եք հանդիպել: Վարակման շղթաները կարող էին կտրուկ կրճատվել, եւ նույնիսկ ընդհանրապես վերանալ: Նման համակարգը, ամենայն հավանականությամբ, կկարողանա մի քանի օրվա ընթացքում դադարեցնել համաճարակի տարածումը: Հիանալի է հնչում, այնպես չէ՞:
Թերությունն այն է, որ սա կօրինականացնի մարդկանց հսկողության նոր, սարսափելի համակարգի ներդնումը: Եթե, օրինակ, դուք գիտեք, որ ես սեղմել եմ Fox News- ի հղումը, այլ ոչ թե CNN հղումը, դա կարող է ձեզ ինչ-որ տեղեկատվություն տալ իմ քաղաքական հայացքների եւ անգամ իմ անձի մասին: Բայց եթե կարողանաք վերահսկել, թե ինչ է կատարվում իմ մարմնի ջերմաստիճանի, արյան ճնշման եւ սրտի զարկերի հաճախականության հետ, երբ ես դիտում եմ ինչ-որ տեսահոլովակ, դուք կարող եք իմանալ, թե ինչն է ինձ ծիծաղեցնում, ինչն է ինձ ստիպում լացել եւ ինչն է ինձ իրականում զայրացնում:
Կարեւոր է հիշել, որ զայրույթը, ուրախությունը, ձանձրույթը եւ սերը կենսաբանական երեւույթներ են՝ ինչպես ջերմությունն ու հազը: Նույն տեխնոլոգիան, որը հայտնաբերում է հազը, կարող է նաեւ բացահայտել ծիծաղը: Եթե կորպորացիաները եւ կառավարությունները սկսեն զանգվածաբար հավաքել մեր կենսաչափական տվյալները, նրանք կարող են մեզ ավելի լավ ճանաչել, քան մենք ինքներս մեզ ենք ճանաչում, եւ այդ դեպքում նրանք կարող են ոչ միայն կանխատեսել մեր զգացմունքները, այլեւ շահարկել մեր դրանք եւ վաճառել մեզ իրենց ուզածը `լինի դա արտադրանք, թե քաղաքական գործիչ: Cambridge Analytica-ի տվյալները կոտրելու մարտավարությունը կենսաչափական տվյալների մոնիտորինգի դիմաց կթվա Քարի դարից մնացած ինչ-որ մի բան:
Պատկերացրեք Հյուսիսային Կորեան 2030 թվականին, երբ յուրաքանչյուր քաղաքացի ստիպված է օրական 24 ժամ կրել կենսաչափական ձեռնաշղթա: Եթե դուք լսում եք Մեծ Առաջնորդի ելույթը, եւ ձեռնաշղթան հայտնաբերում է զայրույթի զգացողության նշանները, ապա ձեզ համար ամեն ինչ վերջացած է:
Լուսանկարը` Jose D
Դուք, իհարկե, կարող եք գործ հարուցել կենսաչափական հսկողության համար՝ որպես արտակարգ դրության ժամանակ ձեռնարկված ժամանակավոր միջոց: Գործը կկարճվի, երբ արտակարգ իրավիճակն ավարտվի: Բայց ժամանակավոր միջոցառումներն ունեն տհաճ սովորություն վերաճելու երկարատեւ, արտակարգ իրավիճակի, հատկապես որ միշտ կա նոր արտակարգ իրավիճակի հավանականություն: Օրինակ իմ հայրենիքում ՝ Իսրայելում, արտակարգ դրություն հայտարարվեց 1948 թվականի Անկախության պատերազմի ժամանակ, ինչն արդարացրեց մի շարք ժամանակավոր միջոցների կիրառումը ՝ մամուլի գրաքննությունից եւ հողի բռնագրավումից մինչեւ պուդինգ պատրաստելու հատուկ կանոնակարգեր (չեմ կատակում): Անկախության պատերազմը վաղուց է ավարտվել, բայց Իսրայելը երբեք չհայտարարեց, որ դադարեցնում է արտակարգ իրավիճակը, եւ չկարողացավ վերացնել 1948 թվականին ընդունված բազմաթիվ «ժամանակավոր» միջոցներ (արտակարգ պուդինգի հրամանագիրը վերացվեց 2011 թ.):
Նույնիսկ այն դեպքում, երբ կորոնավիրուսի վարակների թիվն իջնի զրոյի, տվյալների քաղց ունեցող որոշ կառավարություններ կարող են պնդել, թե իրենց անհրաժեշտ է պահել կենսաչափական հսկողության համակարգերը, քանի որ իրենք վախենում են կորոնավիրուսի երկրորդ ալիքից կամ Կենտրոնական Աֆրիկայում մոլեգնող նոր էբոլայից, կամ… դուք հասկացաք: Վերջին տարիներին մեծ պայքար է գնում մեր գաղտնիության համար: Կորոնավիրուսի ճգնաժամը կարող էր լինել այս ճակատամարտի հանգրվանային կետը: Երբ մարդիկ կանգնած են ընտրության առաջ՝ գաղտնիություն թե առողջություն, նրանք սովորաբար ընտրում են առողջությունը:
Օճառի ոստիկանություն
Խնդրել մարդկանց ընտրություն կատարել գաղտնիության եւ առողջության միջեւ. սա է խնդրի բուն էությունը: Սա կեղծ ընտրություն է: Մենք կարող ենք եւ պետք է ունենանք եւ՛ գաղտնիություն, եւ՛ առողջություն: Մենք կարող ենք ընտրել մեր առողջությունը եւ դադարեցնել կորոնավիրուսի համաճարակի տարածումը ոչ թե տոտալիտար հսկողության ռեժիմներ նախաձեռնելով, այլ քաղաքացիներին հզորացնելով: Վերջին շաբաթների ընթացքում կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարի ամենաարդյունավետ ջանքերը գործադրվել են Հարավային Կորեայի, Թայվանի եւ Սինգապուրի կողմից: Չնայած այս երկրներն օգտվել են մարդկանց հետեւելու ծրագրերից, սակայն նրանք ավելի շատ ապավինել են զանգվածային թեստերի կիրառմանը, ազնիվ տեղեկատվություն տրամադրելուն եւ իրազեկված հասարակության հետ պատրաստակամ համագործակցությանը:
Կենտրոնացված հսկողությունն ու կոշտ պատիժները միակ միջոցը չեն, որպեսզի մարդիկ հետեւեն օգտակար ուղեցույցներին: Երբ մարդկանց պատմում են գիտական փաստերի մասին, եւ երբ մարդիկ վստահում են պետական մարմիններին այդ փաստերը ներկայացնելու համար, քաղաքացիները կարող են ճիշտ գործել նույնիսկ առանց «Մեծ Եղբոր» վերահսկողության: Մոտիվացված եւ լավ իրազեկված բնակչությունը սովորաբար շատ ավելի հզոր եւ արդյունավետ է, քան ոստիկանական բնույթի, անտեղյակ բնակչությունը:
Դիտարկենք, օրինակ, ձեռքերը օճառով լվանալը: Սա մարդու հիգիենայի տեսանկյունից երբեւէ գրանցած ամենամեծ առաջընթացներից մեկն է: Այս պարզ գործողությունն ամեն տարի փրկում է միլիոնավոր կյանքեր: Թեեւ մենք այս երեւույթը ընդունում ենք որպես սովորական մի բան, գիտնականները միայն 19-րդ դարում բացահայտեցին ձեռքերը օճառով լվանալու կարեւորությունը: Նախկինում նույնիսկ բժիշկներն ու բուժքույրերն անցնում էին մեկ վիրահատությունից մյուսին՝ առանց ձեռքերը լվանալու: Այսօր միլիարդավոր մարդիկ ամեն օր ձեռքերը լվանում են ոչ թե այն պատճառով, որ վախենում են «օճառի ոստիկանությունից», այլ հենց այն պատճառով, որ նրանք հասկանում են փաստերը: Ձեռքերս լվանում եմ օճառով, քանի որ լսել եմ վիրուսների եւ բակտերիաների մասին, հասկանում եմ, որ այս փոքրիկ օրգանիզմները հիվանդություններ են առաջացնում, եւ ես գիտեմ, որ օճառը կարող է դրանք հեռացնել:
Լուսանկարը` Jose D
Բայց պատրաստակամության եւ համագործակցության այդպիսի մակարդակի հասնելու համար անհրաժեշտ է վստահություն: Մարդիկ պետք է վստահեն գիտությանը, վստահեն իշխանություններին եւ վստահեն լրատվամիջոցներին: Վերջին մի քանի տարիների ընթացքում անպատասխանատու քաղաքական գործիչները միտումնավոր խարխլեցին գիտության, պետական կառավարման մարմինների եւ լրատվամիջոցների հանդեպ վստահությունը: Հիմա այդ նույն անպատասխանատու քաղաքական գործիչները գուցե գայթակղվեն՝ բռնելու ավտորիտարիզմի ճանապարհը՝ պնդելով, որ պարզապես հնարավոր չէ վստահել, որ հասարակությունը ճիշտ կգործի:
Բնական է, որ տարիներ շարունակ քայքայված վստահությունը չի կարող վերականգնվել մի գիշերվա ընթացքում: Բայց հիմա սովորական ժամանակներ չեն: Ճգնաժամի ժամանակ մտքերը նույնպես կարող են արագ փոխվել: Դուք կարող եք տարիներ շարունակ դառը վիճաբանություններ ունենալ ձեր քույրերի եւ եղբայրների հետ, բայց երբ արտակարգ դեպքեր են պատահում, դուք հանկարծ հայտնաբերում եք վստահության եւ բարեկամության թաքնված պաշար եւ շտապում եք օգնել միմյանց:
Հսկողության համակարգ կառուցելու փոխարեն, դեռ ուշ չէ վերականգնել մարդկանց վստահությունը գիտության, պետական մարմինների եւ լրատվամիջոցների նկատմամբ: Մենք անպայման պետք է օգտագործենք նաեւ նոր տեխնոլոգիաներ, բայց այդ տեխնոլոգիաները պետք է հզորացնեն քաղաքացիներին: Ես ամբողջովին կողմնակից եմ իմ մարմնի ջերմաստիճանի եւ արյան ճնշման մոնիտորինգին, բայց այդ տվյալները չպետք է օգտագործվեն ամենակարող իշխանություն ձեւավորելու համար: Փոխարենը, այդ տվյալները պետք է ինձ հնարավորություն տան ավելի իրազեկ, անհատական ընտրություններ կատարել, ինչպես նաեւ կառավարությանը հաշվետու պահել իր որոշումների համար:
Եթե ես կարողանայի օգտվել եւ վերլուծել կորոնավիրուսի տարածման հուսալի վիճակագրությունը, ես կկարողանայի պարզել, արդյոք կառավարությունն ինձ ճշմարտությունն է ասում, եւ արդյո՞ք վարում է համաճարակի դեմ պայքարի ճիշտ քաղաքականություն: Երբ մարդիկ խոսում են հսկողության մասին, հիշեք, որ նույն հսկողության տեխնոլոգիան սովորաբար կարող է օգտագործվել ոչ միայն կառավարությունների կողմից անհատների վերահսկման համար, այլեւ անհատների կողմից ՝ կառավարություններին վերահսկելու համար:
Այսպիսով, կորոնավիրուսի համաճարակը քաղաքացիական վարքագծի լրջագույն փորձություն է: Առաջիկա օրերին մեզանից յուրաքանչյուրը պետք է ընտրի՝ վստահել գիտական տվյալներին եւ առողջապահության ոլորտի փորձագետներին, թե՞ դավադրության անհիմն տեսություններին եւ իրենց շահը սպասարկող քաղաքական գործիչներին: Եթե մենք չկարողանանք ճիշտ ընտրություն կատարել, գուցե կհայտնվենք մի իրավիճակում, երբ ինքներս կստորագրենք մեր ամենաթանկ ազատություններից հրաժարվելու տակ՝ կարծելով, թե դա է մեր առողջությունը պահպանելու միակ միջոցը:
Մեզ անհրաժեշտ է գլոբալ ծրագիր
Երկրորդ կարեւոր ընտրությունը, որի առջեւ մենք կանգնած ենք, դա ընտրությունն է ազգայնական մեկուսացման եւ գլոբալ համերաշխության միջեւ: Թե՛ համաճարակը, եւ թե դրա հետեւանքով սպասվող տնտեսական ճգնաժամը գլոբալ խնդիրներ են: Դրանք կարող են արդյունավետ լուծվել միայն գլոբալ համագործակցության միջոցով:
Վիրուսը հաղթահարելու համար մենք, նախ եւ առաջ, պետք է տեղեկատվություն փոխանակենք միմյանց միջեւ: Դա մարդկանց մեծ առավելությունն է վիրուսների նկատմամբ: Կորոնավիրուսը Չինաստանում եւ կորոնավիրուսը ԱՄՆ-ում չեն կարող խորհուրդներ փոխանակել մարդկանց վարակվելու մասին: Բայց Չինաստանը կարող է ԱՄՆ-ին տալ կարեւոր դասեր կորոնավիրուսի մասին եւ ինչպես վարվել դրա հետ: Այն, ինչ իտալացի բժիշկը հայտնաբերում է Միլանում վաղ առավոտյան, կարող է երեկոյան կյանքեր փրկել Թեհրանում: Երբ Մեծ Բրիտանիայի կառավարությունը տատանվում է մի քանի քաղաքականության միջեւ, այն կարող է խորհուրդներ ստանալ կորեացիներից, ովքեր մեկ ամիս առաջ արդեն կանգնել են նման երկընտրանքի առաջ: Բայց որպեսզի դա տեղի ունենա, մեզ անհրաժեշտ է գլոբալ համագործակցության եւ վստահության ոգի:
Երկրները պետք է պատրաստ լինեն բաց փոխանակել տեղեկատվությունը եւ համեստորեն խորհուրդ հարցնել ու կարողանալ վստահել իրենց ստացած տվյալներին: Մեզ անհրաժեշտ է նաեւ միավորել ջանքերը բժշկական սարքավորումներ, մասնավորապես՝ թեստեր ու շնչառական մեքենաներ արտադրելու եւ դրանք աշխարհով մեկ տարածելու համար: Համակարգված գլոբալ ջանքերը կարող են արագացնել դրանց արտադրությունը եւ ապահովել, որ կյանք փրկող սարքավորումները ավելի արդար են բաշխվում, քան եթե առանձին երկիր փորձի դա անել տեղական մակարդակով: Ճիշտ այնպես, ինչպես երկրները պատերազմի ժամանակ ազգայնացնում են արդյունաբերության հիմնական ճյուղերը, կորոնավիրուսի դեմ մարդկային պատերազմը կարող է պահանջել մարդկայնացնել արտադրության կարեւոր ուղղությունները: Կորոնավիրուսի մի քանի դեպք ունեցող հարուստ երկիրը պետք է պատրաստ լինի թանկ սարքավորումներ ուղարկել աղքատ երկրներ՝ վստահ լինելով, որ եթե եւ երբ ինքն օգնության կարիք ունենա, այլ երկրներ նրան օգնության կգան:
Լուսանկարը` Jose D
Բժշկական անձնակազմի համախմբումը կարող ենք համարել նման գլոբալ ջանքերից մեկը: Ներկայիս ավելի քիչ տուժած երկրները կարող են բուժանձնակազմ ուղարկել վիրուսից ամենաշատ տուժած երկրներ՝ թե՛ այդ երկրին կարիքի ժամանակ օգնելու եւ թե՛ արժեքավոր փորձ ձեռք բերելու համար: Եթե ավելի ուշ համաճարակը տարածվի այլ տեղեր, օգնությունը կարող է գալ հակառակ կողմից:
Գլոբալ համագործակցությունն անհրաժեշտ է նաեւ տնտեսական ճակատում: Հաշվի առնելով տնտեսության գլոբալ բնույթը եւ ապրանքների մատակարարման շղթաները, եթե յուրաքանչյուր կառավարություն իր գործն անի, լիովին անտեսելով մյուսներին, ապա արդյունքը կլինի քաոսը եւ խորացող ճգնաժամը: Մեզ պետք է գործողության գլոբալ ծրագիր, եւ դա մեզ պետք է շատ արագ: Մեկ այլ անհրաժեշտություն է գլոբալ համաձայնության գալ ճանապարհորդության մասով: Բոլոր միջազգային ճանապարհորդություններն ամիսներով դադարեցնելը հսկայական դժվարություններ կբերի եւ կխոչընդոտի պատերազմը կորոնավիրուսի դեմ: Երկրները պետք է համագործակցեն, որպեսզի գոնե հիմնական ճանապարհորդների մի մասը կարողանա հատել սահմանները՝ գիտնականները, բժիշկները, լրագրողները, քաղաքական գործիչները, գործարարները: Դա հնարավոր է անել ՝ ձեռք բերելով համաձայնություն, որ յուրաքանչյուր երկիր նախնական զննման կենթարկի իր երկրից ճանապարհորդողներին: Եթե գիտեք, որ միայն բուժզննում անցած մարդկանց է թույլատրվում նստել ինքնաթիռ, ապա ավելի պատրաստակամ կլինեք նրանց ընդունել:
Ցավոք, հիմա երկրները դժվար թե անեն նշված քայլերից որեւէ մեկը: Միջազգային հանրությանը հավաքական կաթվածի մեջ է: Սենյակում, կարծես, մեծահասակներ չկան: Ակնկալվում էր, որ արդեն շաբաթներ առաջ կտեսնեինք գլոբալ առաջնորդների արտակարգ հանդիպում, որը կառաջարկեր գործողությունների ընդհանուր ծրագիր: Մեծ Յոթնյակի երկրների առաջնորդներին հաջողվեց տեսակոնֆերանս կազմակերպել միայն այս շաբաթ, սակայն դա ոչ մի արդյունքի չբերեց:
Նախորդ գլոբալ ճգնաժամերում, ինչպիսիք էին 2008 թվականի ֆինանսական ճգնաժամը եւ 2014-ի էբոլայի համաճարակը, ԱՄՆ-ն ստանձնում էր գլոբալ առաջնորդի դերը: Բայց ԱՄՆ ներկայիս վարչակազմը հրաժարվեց առաջնորդի դերից: Այն շատ պարզ հասկացրեց, որ ավելի անհանգստանում է Ամերիկայի հզորոթյամբ, քան մարդկության ապագայով:
Այս վարչակազմը լքել է նույնիսկ իր ամենամոտ դաշնակիցներին: Երբ այն արգելեց ԵՄ երկրներից բոլոր թռիչքները, վարչակազմն անգամ չփորձեց ԵՄ-ին նախօրոք զգուշացնել սպասվող կտրուկ միջոցառման մասին: Այն սկանդալի ենթարկեց Գերմանիային ՝ իբր թե 1 միլիարդ դոլար առաջարկելով գերմանական դեղագործական ընկերությանը ՝ գնելու նոր «Կովիդ -19» դեմ պատվաստանյութի մենաշնորհային իրավունքները: Նույնիսկ եթե ներկայիս վարչակազմը, ի վերջո, փոխի գործելաոճը եւ հանդես գա գործողությունների գլոբալ ծրագրով, քչերն են հետեւելու այնպիսի առաջնորդի, որը երբեք պատասխանատվություն չի ստանձնում, ով երբեք չի ընդունում սխալները, եւ ով պարբերաբար իր վրա է վերցնում հաջողության փառքը՝ միաժամանակ մշտապես սխալների համար մեղադրելով ուրիշներին:
Եթե ԱՄՆ-ի թողած դատարկությունը չլրացվի այլ երկրների կողմից, դժվար կլինի ոչ միայն դադարեցնել ներկայիս համաճարակը, այլեւ նրա թողած ժառանգությունը կշարունակի թունավորել միջազգային հարաբերությունները հետագա տարիների ընթացքում: Սակայն, յուրաքանչյուր ճգնաժամ նաեւ հնարավորություն է: Մենք պետք է հուսանք, որ ներկայիս համաճարակը կօգնի մարդկությանը գիտակցել գլոբալ անհամաձայնության սուր վտանգը: Մարդկությունը պետք է ընտրություն կատարի: Արդյո՞ք մենք կընթանանք անհամաձայնության ճանապարհով, թե՞ կընդունենք գլոբալ համերաշխության ուղին: Եթե մենք ընտրենք անհամաձայնությունը, դա ոչ միայն կերկարաձգի ճգնաժամը, այլ, հավանաբար, հետագայում կհանգեցնի էլ ավելի վատ աղետների: Եթե մենք ընտրենք գլոբալ համերաշխությունը, ապա դա կլինի հաղթանակ ոչ միայն կորոնավիրուսի դեմ, այլեւ ապագա բոլոր համաճարակների եւ ճգնաժամերի դեմ, որոնք կարող են սպառնալ մարդկությանը 21-րդ դարում:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: